Գերագույն համաժողով
Հոգևոր լիցքի զորությունը
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


17:18

Հոգևոր լիցքի զորությունը

Ես կցանկանայի առաջարկել հինգ որոշակի գործողություն, որոնք կօգնեն մեզ դրական հոգևոր լիցք ունենալ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես սիրում եմ ձեզ: Սիրում եմ այսօր ձեզ հետ խոսելու հնարավորության համար։ Ես ամեն օր աղոթում եմ, որ դուք պաշտպանված լինեք հակառակորդի կատաղի հարձակումներից և ուժ ունենաք առաջ շարժվելու ձեր առջև ծառացած բոլոր մարտահրավերների միջով:

Որոշ փորձություններ խորը անձնական բեռ են, որոնք ոչ ոք չի կարող տեսնել: Մյուս փորձությունները ընթանում են աշխարհի բեմահարթակի վրա։ Արևելյան Եվրոպայում զինված հակամարտությունը դրանցից մեկն է: Ես բազմիցս եղել եմ Ուկրաինայում և Ռուսաստանում։ Ես սիրում եմ այդ երկրները, մարդկանց և նրանց լեզուները: Ես արտասվում և աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր տուժել են այս հակամարտությունից: Եկեղեցին և անդամները անում են ամեն ինչ, որպեսզի օգնեն նրանց, ովքեր տառապում և պայքարում են գոյատևման համար: Մենք բոլորին հրավիրում ենք շարունակել ծոմ պահել և աղոթել բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են այս աղետից: Պատերազմը զարհուրելի ձևով խախտում է այն ամենը, ինչ Տեր Հիսուս Քրիստոսն ուսուցանում և պաշտպանում է:

Մեզանից ոչ ոք չի կարող վերահսկել ազգերին, այլ մարդկանց կամ, նույնիսկ, մեր ընտանիքի անդամների գործողությունները: Բայց մենք կարող ենք վերահսկել ինքներս մեզ: Իմ այսօրվա կոչն է, սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, վերջ դնենք հակամարտություններին, որոնք մոլեգնում են ձեր սրտում, ձեր տանը և ձեր կյանքում: Թաղեք ուրիշներին վիրավորելու բոլոր տեսակի հակումները՝ լինի դա բնավորություն, սուր լեզու, թե վիրավորանք մեկի հանդեպ, ով ձեզ է վիրավորել: Փրկիչը պատվիրեց մեզ շրջել նաև մյուս երեսը,1 որ սիրենք մեր թշնամիներին և աղոթենք նրանց համար, ովքեր չարչարում են մեզ:2

Կարող է շատ դժվար լինել ազատվել զայրույթից, որն այդքան արդարացված է թվում: Կարող է թվալ, որ անհնարին է ներել նրանց, ում ավերիչ գործողությունները վիրավորում են անմեղներին: Եվ այնուամենայնիվ, Փրկիչը հորդորեց մեզ «ներել բոլոր մարդկանց»։3

Մենք Խաղաղության Իշխանի հետևորդներն ենք։ Այժմ, առավել քան երբևէ, մեզ պետք է այն խաղաղությունը, որը միայն Նա կարող է պարգևել: Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ աշխարհում խաղաղություն տիրի, երբ մենք անձամբ չենք ձգտում անձնական խաղաղության և ներդաշնակության: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես գիտեմ, որ այն, ինչ ես առաջարկում եմ, հեշտ չէ: Բայց Հիսուս Քրիստոսի հետևորդները պետք է օրինակ ծառայեն ողջ աշխարհին։ Ես խնդրում եմ ձեզ անել ամեն ինչ, որպեսզի վերջ դնեք անձնական հակամարտություններին, որոնք այժմ մոլեգնում են ձեր սրտում և ձեր կյանքում:

Թույլ տվեք այս կոչով ընդգծեմ գործելու անհրաժեշտությունը՝ քննարկելով մի գաղափար, որի մասին հիշեցի վերջերս՝ բասկետբոլի մի խաղ դիտելիս:

Այդ խաղի առաջին կեսում թիմերը հերթով մեկ միավոր զիջում էին իրար։ Այնուհետև, առաջին խաղակեսի վերջին հինգ վայրկյանների ընթացքում թիմերից մեկի պաշտպանը երեք միավորանոց գեղեցիկ հարված կատարեց: Մնացել էր ընդամենը մեկ վայրկյան, երբ նրա թիմակիցը չթողեց գնդակը մտնի իրենց զամբյուղը և խաղավարի սուլիչին զուգընթաց գնդակը նետեց հակառակորդի զամբյուղը։ Այսպիսով, այդ թիմը մտավ հանդերձարան չորս միավորով առաջ անցնելով մյուս թիմից և նկատելի լիցքով: Նրանք կարողացան այդպիսի լիցքով սկսել երկրորդ խաղակեսը և հաղթել խաղը:

Լիցքը զորավոր սկզբունք է։ Մենք բոլորս դա զգացել ենք այս կամ այն ձևով, օրինակ՝ արագությունը մեծացնող մեքենայի մեջ, կամ երբ անհամաձայնությունը հանկարծ վերածվել է վեճի:

Այսպիսով, ես հարցնում եմ. «Ինչի՞ց կարող է բռնկվել հոգևոր լիցք»: Մենք ականատես եղանք ինչպես դրական, այնպես էլ բացասական լիցքի օրինակների։ Մենք ճանաչում ենք Հիսուս Քրիստոսի հետևորդների, որոնք դարձի են եկել և աճել իրենց հավատքի մեջ: Բայց մենք նաև գիտենք երբեմնի նվիրված հավատացյալների մասին, ովքեր հեռացել են հավատքից: Լիցքը կարող է տատանվել երկու ուղղությամբ։

Մենք երբեք ավելի շատ դրական հոգևոր լիցքի կարիք չենք ունեցել, քան այժմ՝ հակազդելու չարիքի ու ժամանակի մութ նշանների ուժգնացող արագությանը։ Դրական հոգևոր լիցքը կօգնի մեզ առաջ շարժվել համավարակների, ցունամիների, հրաբխային ժայթքումների և զինված ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վախի և անորոշության պայմաններում: Հոգևոր լիցքը կօգնի մեզ դիմակայել հակառակորդի անողոք, չար հարձակումներին և խափանել մեր անձնական հոգևոր հիմքը քայքայելու նրա ջանքերը:

Շատ գործողություններ կարող են դրական հոգևոր լիցք առաջացնել: Հնազանդությունը, սերը, խոնարհությունը, ծառայությունը և երախտագիտությունը4 միայն մի քանիսն են:

Այսօր ես կցանկանայի առաջարկել հինգ որոշակի գործողություն, որոնք կօգնեն մեզ պահպանել դրական հոգևոր լիցքը:

Առաջին. Ոտք դրեք ուխտի ճանապարհի վրա և մնացեք այնտեղ:

Ոչ վաղ անցյալում ես տեսա մի վառ երազ, որտեղ հանդիպեցի մարդկանց մի մեծ խմբի։ Նրանք ինձ շատ հարցեր տվեցին, որոնցից ամենահաճախ տրված հարցն այն էր, թե որն է ուխտի ճանապարհը, և ինչո՞ւ է այն այդքան կարևոր:

Իմ երազում ես բացատրեցի, որ մենք մտնում ենք ուխտի ճանապարհը, երբ մկրտվում ենք և Աստծո հետ կապում ենք մեր առաջին ուխտը:5 Ամեն անգամ, երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, կրկին խոստանում ենք Փրկիչի անունը վերցնել մեզ վրա, հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները:6 Իր հերթին, Աստված վստահեցնում է մեզ, որ մենք կարող ենք միշտ ունենալ Տիրոջ Հոգին մեզ հետ:

Ավելի ուշ, մենք լրացուցիչ ուխտեր ենք կապում տաճարում, որտեղ ավելի մեծ խոստումներ ենք ստանում: Արարողությունները և ուխտերը մեզ համար հասանելի են դարձնում Աստծո զորությունը: Ուխտի ճանապարհը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի վեհացում և հավերժական կյանք:

Իմ երազում մի կին հարցրեց, թե այն մարդիկ, ովքեր դրժել են իրենց ուխտերը, ինչպես կարող են վերադառնալ այդ ուղու վրա: Նրան տված իմ պատասխանը հանգեցնում է իմ երկրորդ առաջարկին.

Բացահայտեք ամենօրյա ապաշխարության ուրախությունը:

Որքանո՞վ է կարևոր ապաշխարությունը: Ալման ուսուցանեց, որ մենք «չքարոզենք ոչինչ, բացի ապաշխարությունից և հավատքից առ Տերը»։7 Ապաշխարություն է պահանջվում յուրաքանչյուր հաշվետու մարդուց, որը հավերժական փառք է ցանկանում։8 Բացառություններ չկան։ Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը նախատեց Եկեղեցու վաղ օրերի ղեկավարներին իրենց երեխաներին ավետարանը չուսուցանելու համար:9 Ապաշխարությունը առաջընթացի բանալին է։ Մաքուր հավատքը մեզ ստիպում է առաջ ընթանալ ուխտի ճանապարհով:

Խնդրում եմ, մի վախեցեք և մի հետաձգեք ապաշխարությունը: Սատանան հրճվում է ձեր թշվառությունից: Ընդհատեք նրան։ Հեռացրեք նրա ազդեցությունը ձեր կյանքից: Այսօրվանից սկսեք զգալ բնական մարդուն հանելու ուրախությունը:10 Փրկիչը մեզ միշտ սիրում է, բայց հատկապես սիրում է, երբ մենք ապաշխարում ենք: Նա խոստացավ, որ թեև «լեռները կհեռանան և բլուրները կվերանան,․․․ իմ բարությունը չի հեռանա քեզանից»:11

Եթե դուք զգում եք, որ ուխտի ճանապարհից մոլորվել եք հեռուներում կամ մոլորվել եք երկար ժամանակ և չունեք հետդարձի ճանապարհ, դա պարզապես ճիշտ չէ:12 Խնդրում եմ, կապվեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ: Նա Տիրոջ գործակալն է և կօգնի ձեզ զգալ ապաշխարության ուրախությունն ու թեթևացումը:

Այժմ զգուշացում. ուխտի ճանապարհին վերադառնալը չի նշանակում, որ կյանքը հեշտ է լինելու: Այս ճանապարհը դժվար է և երբեմն զառիթափ վերելք եք բարձրանալու:13 Սակայն, այս վերելքը նախատեսված է մեզ փորձելու և ուսուցանելու համար, կատարելագործելու մեր էությունը և օգնելու մեզ դառնալ սրբեր: Դա միակ ճանապարհն է, որը տանում է դեպի վեհացում։ Մեր մարգարեն14 նկարագրել է «նրանց օրհնված և երջանիկ վիճակի վրա, ովքեր պահում են Աստծո պատվիրանները: Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր. և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում, [և] բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»։15

Քայլելով ուխտի ճանապարհով և ամեն օր ապաշխարելով՝ մենք ստանում ենք դրական հոգևոր լիցք։

Իմ երրորդ առաջարկը. Սովորեք Աստծո մասին, և թե ինչպես է Նա աշխատում:

Այսօրվա մեր ամենամեծ մարտահրավերներից մեկն Աստծո ճշմարտությունների և սատանայի կեղծիքների միջև տարբերակումն է: Ահա թե ինչու է Տերը նախազգուշացրել մեզ «միշտ աղոթել, որ [մենք] կարողանանք ․․․ հաղթել Սատանային և որ կարողանանք խույս տալ Սատանայի ծառաների ձեռքից, որոնք նեցուկ են նրա գործին»:16

Մովսեսը Աստծո և Սատանայի միջև տարբերակելու հիանալի օրինակ ցուցադրեց: Երբ Սատանան եկավ գայթակղելու Մովսեսին, նա բացահայտեց խաբեությունը, քանի որ նա հենց նոր, դեմ առ դեմ շփվել էր Աստծո հետ: Մովսեսը արագ հասկացավ, թե ով է Սատանան և հրամայեց նրան հեռանալ:17 Երբ Սատանան համառեց, Մովսեսը ավելի շատ օգնության համար դիմեց Աստծուն: Մովսեսը ստացավ աստվածային զորություն և նորից հանդիմանեց չարին՝ ասելով. «Հեռացի՛ր ինձանից, Սատանա՛, քանզի այս մեկ Աստծուն միայն պիտի երկրպագեմ»։18

Մենք պետք է հետևենք այդ օրինակին։ Հեռացրեք Սատանայի ազդեցությունը ձեր կյանքից: Խնդրում եմ, մի՛ հետևեք նրան մինչև իր «թշվառության ու անվերջ վայի անդունդը»։19

Վկայությունը, որն ամեն օր չի սնվում «Աստծո բարի խոսքով»,20 սահմռկեցուցիչ արագությամբ կարող է փլուզվել: Այսպիսով, Սատանայի ծրագրի դեմ հակաթույնը պարզ է. մեզ անհրաժեշտ են ամենօրյա փորձառություններ՝ Տիրոջը երկրպագելու և Նրա ավետարանն ուսումնասիրելու համար: Ես խնդրում եմ, որ թույլ տաք Աստծուն տնօրինել ձեր կյանքը։ Ձեր ժամանակի արդար բաժինը հատկացրեք Նրան։ Երբ անեք դա, կնկատեք, թե ինչ է տեղի ունենում ձեր դրական հոգևոր լիցքի հետ։

Առաջարկ համար 4. Փնտրեք և սպասեք հրաշքների:

Մորոնին վստահեցրեց մեզ, որ «Աստված չի դադարել հրաշքների Աստված լինել»:21 Սուրբ գրքերից յուրաքանչյուրը ցույց է տալիս, թե որքան պատրաստ է Տերը միջամտելու նրանց կյանքին, ովքեր հավատում են Իրեն:22 Նա կիսեց Կարմիր ծովը Մովսեսի համար, օգնեց Նեփիին վերցնել արույրե թիթեղները և վերականգնեց Իր Եկեղեցին մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այս հրաշքներից յուրաքանչյուրը ժամանակ էր պահանջում, և գուցե այն չէր, ինչ այդ մարդիկ ի սկզբանե խնդրեցին Տիրոջից:

Նույն կերպ, Տերը կօրհնի ձեզ հրաշքներով, եթե հավատաք Նրան՝ «ոչ մի բան չկասկածելով»:23 Հրաշքներ փնտրելու հոգևոր աշխատանք կատարեք: Աղոթքով խնդրեք, որ Աստված օգնի ձեզ այդպիսի հավատք գործադրել: Ես խոստանում եմ, որ դուք ինքներդ կարող եք զգալ, որ Հիսուս Քրիստոսն է «հոգնածին ուժ տվողը. և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում»։24 Քիչ բաներ կարող են ավելի շատ մեծացնել ձեր հոգևոր լիցքը, քան գիտակցելը, որ Տերն օգնում է ձեզ սարեր տեղաշարժել ձեր կյանքում:

Առաջարկ համար 5. Վերջ դրեք հակամարտությանը ձեր անձնական կյանքում։

Ես կրկնում եմ իմ կոչը՝ վերջ դրեք ձեր կյանքում առկա հակամարտություններին։ Գործադրեք խոնարհություն, քաջություն և ուժ, որոնք պահանջվում են՝ և՛ ներելու, և՛ ներում փնտրելու համար: Փրկիչը խոստացել է, որ «եթե [մենք] ներեք մարդկանց իրենց զանցանքները, [մեր] Երկնային Հայրն էլ մեզ կների»։25

Այսօրվանից երկու շաբաթ անց մենք նշում ենք Սուրբ Զատիկը։ Այս ընթացքում ես հրավիրում եմ ձեզ վերջ դնել անձնական հակամարտությանը, որը ծանրացել է ձեզ վրա: Կա արդյո՞ք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ երախտագիտության ավելի համապատասխան արարք։ Եթե ներկայումս ներումն անհնարին է թվում, խնդրեք, որ ուժ ստանաք Հիսուս Քրիստոսի քավիչ արյան միջոցով, որը ձեզ կօգնի: Եթե դուք անեք դա, ես խոստանում եմ, որ անձնական խաղաղություն և հոգևոր լիցքի մեծ բռնկում կզգաք:

Երբ Փրկիչը քավություն կատարեց ողջ մարդկության համար, Նա բացեց մի ճանապարհ, որով նրանք, ովքեր հետևում են Իրեն, կկարողանան ստանալ Իր բժշկող, զորացնող և փրկագնող զորությունը: Այս հոգևոր արտոնությունները հասանելի են բոլոր նրանց, ովքեր ձգտում են լսել Նրան և հետևել Նրան:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ամբողջ սրտով խնդրում և հորդորում եմ ձեզ գնալ ուխտի ճանապարհով և մնալ այնտեղ: Զգացեք ամեն օր ապաշխարելու ուրախությունը: Սովորեք Աստծո մասին, և թե ինչպես է Նա աշխատում: Փնտրեք և սպասեք հրաշքների: Ձգտեք վերջ դնել ձեր կյանքում առկա հակամարտությանը։

Երբ ձգտեք իրագործել այս նպատակները, ես ձեզ խոստանում եմ, որ դուք կկարողանաք մեծ լիցքով առաջ շարժվել ուխտի ճանապարհով՝ անկախ ձեր առջև ծառացած բոլոր խոչընդոտներից: Եվ ես խոստանում եմ ձեզ գայթակղությանը դիմակայելու ավելի մեծ ուժ, մտքի ավելի մեծ խաղաղություն, վախի բացակայություն և ավելի մեծ միասնություն ձեր ընտանիքներում:

Աստված ապրո՛ւմ է: Հիսուսը Քրիստո՛սն է: Նա ապրում է: Նա սիրում է մեզ և կօգնի մեզ: Այս ամենի մասին ես վկայում եմ մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես 3 Նեփի 12.39:

  2. Տես 3 Նեփի 12.44:

  3. Վարդապետություն և Ուխտեր 64․10, տես նաև հատված 9։

  4. Պողոս Առաքյալն ասել է․ «Ամեն բանի մէջ գոհացէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․18)։ Հիասթափության, հուսահատության և հոգևոր անտարբերության ամենահուսալի հակաթույններից մեկը երախտագիտությունն է: Որո՞նք են այն բաներ, որոնց համար մենք կարող ենք շնորհակալություն հայտնել Աստծուն: Շնորհակալ եղեք Նրան երկրի գեղեցկության, ավետարանի վերականգնման և այն անհամար եղանակների համար, որոնցով Նա և Իր Որդին Իրենց զորությունը հասանելի են դարձնում մեզ այստեղ՝ այս երկրի վրա: Շնորհակալություն հայտնեք Նրան սուրբ գրությունների, հրեշտակների համար, ովքեր արձագանքում են օգնության, հայտնության և հավերժական ընտանիքների համար Աստծուն ուղղված մեր խնդրանքներին: Եվ ամենից շատ, շնորհակալություն հայտնեք Աստծուն՝ Իր Որդու պարգևի և Հիսուս Քրիստոսի Քավության համար, որը մեզ հնարավորություն է տալիս իրականացնել այն առաքելությունները, որոնց համար մենք ուղարկվել ենք երկիր:

  5. Ուխտի ճանապարհը հասկանալու համար կարևոր է հասկանալ, որ ուխտը ներառում է Աստծո և Նրա զավակներից մեկի միջև երկկողմանի պարտավորություն: Ուխտ կապելիս Աստված սահմանում է պայմանները, և մենք համաձայնում ենք այդ պայմաններին: Փոխարենը՝ Աստված խոստումներ է տալիս մեզ։ Շատ ուխտեր ուղեկցվում են արտաքին նշաններով կամ սուրբ արարողություններով, որոնց մենք մասնակցում ենք ներկա վկաներով: Օրինակ, մկրտությունը նշան է Տիրոջը, որ մկրտվողը ուխտ է կապել Աստծո պատվիրանները պահելու համար:

  6. Տես Մորոնի 4․3, 5․2, Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79։

  7. Մոսիա 18.20։

  8. Տես Մովսես 6.50, 57:

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 93․40-48:

  10. Տես Մոսիա 3․19։

  11. Եսայիա 54․10, շեշտադրումն ավելացվել է, տես նաև 3 Նեփի 22․10։ Բարությունը թարգմանվել է եբրայերեն hesed եզրույթից, որը զորեղ բառ է խորը իմաստով, և ներառում է բարություն, ողորմություն, ուխտյալ սեր և այլն:

  12. Որոշ մեղքերի հատուցումը հնարավոր է, իսկ մյուսներինը՝ ոչ: Եթե մի անձ բռնություն է գործադրում կամ հարձակվում մյուսի վրա, կամ եթե մեկը խլում է մյուսի կյանքը, լիարժեք փոխհատուցում չի կարող կատարվել: Այդ դեպքերում մեղավորը կարող է միայն այդքան բան անել, իսկ մնացած հատուցումը կատարվում է։ Այդ պարտքի մնացորդը ներելու Տիրոջ պատրաստակամության շնորհիվ մենք կարող ենք մոտենալ Նրան՝ անկախ նրանից, թե որքան հեռու ենք մոլորվել: Երբ մենք անկեղծորեն ապաշխարենք, Նա կների մեզ: Պարտքի այն մնացորդը, որը առաջացել է մեր մեղքերի արդյունքում և որը հնարավոր չէ լիովին հատուցել, կարող է վճարվել միայն կիրառելով Հիսուս Քրիստոսի Քավությունը, որը կարող է ողորմության պարգև տալ: Մեր մեղքի մնացորդը ներելու Նրա պատրաստակամությունը անգին պարգև է։

  13. Տես 2 Նեփի 31․18-20։

  14. Նեփիացի մարգարե Բենիամին թագավորը

  15. Մոսիա 2.41:

  16. Վարդապետություն և Ուխտեր 10․5, շեշտադրումն ավելացված է։

  17. Տես Մովսես 1․16, տես նաև հատվածներ 1–20։

  18. Մովսես 1.20:

  19. Հելաման 5.12:

  20. Մորոնի 6.4։

  21. Մորմոն 9․15, տես նաև հատված 19։

  22. Հովհաննես Առաքյալը հայտարարեց, որ ինքը գրի է առել Փրկիչի հրաշքները, որպեսզի «[մենք] հավատանք, որ Հիսուսը Քրիստոսն է» (Հովհաննես 20.31):

  23. Մորմոն 9.21։

  24. Եսայիա 40․29։

  25. Մատթեոս 6․14: