Աստվածային սերը Հոր ծրագրում
Այս վերականգնված Եկեղեցու վարդապետության և քաղաքականության նպատակն է Աստծո զավակներին պատրաստել փրկության և վեհացման սելեստիալ արքայությունում՝ դրա ամենաբարձր աստիճանով:
Ավետարանի ծրագիրը ցույց է տալիս մեր Երկնային Հոր սերը Իր բոլոր զավակների հանդեպ: Սա հասկանալու համար մենք պետք է ձգտենք հասկանալ Նրա ծրագիրը և Նրա պատվիրանները: Նա այնքան է սիրում Իր զավակներին, որ տվեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ լինի մեր Փրկիչը և Քավիչը, որ տառապի ու մահանա մեզ համար: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի վերականգնված Եկեղեցում մենք առանձնահատուկ պատկերացում ունենք մեր Երկնային Հոր ծրագրի մասին: Դրա միջոցով մենք այլ կերպ ենք ընկալում մահկանացու կյանքի նպատակը, դրան հաջորդող աստվածային դատաստանը և Աստծո բոլոր զավակների վերջնական փառավոր ճակատագիրը:
Ես սիրում եմ ձեզ իմ եղբայրներ և քույրեր։ Ես սիրում եմ Աստծո բոլոր զավակներին: Երբ Հիսուսին հարցրին. «Ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը»: Նա ուսուցանեց, որ Աստծուն և մերձավորներին սիրելը Աստծո մեծ պատվիրաններից առաջինն է:1 Այդ պատվիրանները առաջինն են, քանի որ նրանք մեզ հրավիրում են հոգևորապես աճել՝ ձգտելով ընդօրինակել Աստծո սերը մեր հանդեպ։ Կցանկանայի, որ մենք բոլորս ավելի լավ հասկանայինք այն սիրառատ վարդապետությունն ու քաղաքականությունը, որ մեր Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը հաստատել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Այն, ինչ ես ասում եմ այստեղ, նպատակ ունի պարզաբանել, թե ինչպես է Աստծո սերը բացատրում այդ վարդապետությունը և Եկեղեցու ոգեշնչված քաղաքականությունը:
I.
Մահկանացու կյանքին հաջորդող դատաստանի ընդհանուր թյուրըմբռնումն այն է, որ լավ մարդիկ գնում են մի տեղ, որը կոչվում է դրախտ, իսկ վատ մարդիկ գնում են մի հավիտենական վայր, որը կոչվում է դժոխք: Միայն երկու վերջնական նպատակակետի այս սխալ ընկալումը ենթադրում է, որ նրանք, ովքեր չեն կարող պահել դրախտի համար պահանջվող բոլոր պատվիրանները, անպայման և ընդմիշտ նախատեսված կլինեն դժոխքի համար:
Սակայն սիրառատ Երկնային Հայրը ավելի լավ ծրագիր ունի Իր զավակների համար: Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու բացահայտված վարդապետությունը ուսուցանում է, որ Աստծո բոլոր զավակները, բացառություններով հանդերձ, որոնք չափազանց սահմանափակ են այստեղ քննարկելու համար, վերջապես կհայտնվեն փառքի արքայությունում:2 «Իմ Հոր տանը շատ ապարանքներ կան»,3 ուսուցանել է Հիսուսը: Ժամանակակից հայտնությունից մենք գիտենք, որ այդ ապարանքները գտնվում են փառքի երեք տարբեր թագավորություններում: Վերջին Դատաստանում մեզանից յուրաքանչյուրը կդատվի ըստ մեր գործերի և մեր սրտի ցանկությունների:4 Մինչ այդ մենք պետք է տառապենք մեր չապաշխարած մեղքերի համար: Սուրբ գրությունները պարզորոշ մեկնաբանում են դա:5 Այն ժամանակ մեր արդար Դատավորը մեզ բնակության իրավունք կշնորհի փառքի այդ թագավորություններից մեկում: Այսպիսով, ինչպես մենք գիտենք ժամանակակից հայտնությունից, բոլորը «կդատվեն …, և ամեն մարդ, իր իսկ գործերի համաձայն, իր տիրապետությունը կստանա ապարանքներում, որոնք պատրաստված են»:6
Տերը նախընտրել է համեմատաբար քիչ բան բացահայտել փառքի այս արքայություններից երկուսի մասին: Ի հակադրություն սրա, Տերը շատ բան է հայտնել փառքի բարձրագույն արքայության մասին, որը Աստվածաշունչը նկարագրում է որպես «արեգակի փառքը»:7
«Սելեստիալ» փառքի մեջ8 կա երեք երկինք կամ աստիճան:9 Դրանցից ամենաբարձրը վեհացումն է սելեստիալ արքայությունում, որտեղ մենք կարող ենք նմանվել մեր Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Որպեսզի օգնի մեզ զարգացնել աստվածային հատկանիշները և փոխել մեր բնույթը, որոնք անհրաժեշտ են մեր աստվածային ներուժը ձեռք բերելու համար, Տերը հայտնել է վարդապետություն և հաստատել պատվիրաններ՝ հիմնված հավերժական օրենքի վրա: Սա այն է, ինչ մենք ուսուցանում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, քանի որ այս վերականգնված Եկեղեցու վարդապետության և քաղաքականության նպատակն է պատրաստել Աստծո զավակներին սելեստիալ փառքի մեջ փրկության համար և, առավելապես, վեհացման համար՝ դրա ամենաբարձր աստիճանով:
Կնքված ուխտերը և Աստծո տաճարներում հավատարիմներին խոստացված օրհնությունները բանալին են: Սա բացատրում է ողջ աշխարհում տաճարների կառուցումը մեր կողմից, որի մասին երգչախումբն այնքան գեղեցիկ երգեց: Ոմանք տարակուսած են այս շեշտադրման վրա՝ չհասկանալով, որ տաճարի ուխտերն ու արարողությունները մեզ առաջնորդում են դեպի վեհացում: Սա կարելի է հասկանալ միայն փառքի երեք աստիճանի բացահայտված ճշմարտության համատեքստում: Իր բոլոր զավակների հանդեպ ունեցած մեծ սիրո շնորհիվ մեր Երկնային Հայրը տվել է փառքի այլ արքայություններ, ինչպես Երեց Քվենթին Լ․ Քուքը բացատրեց երեկ, որոնք բոլորն էլ ավելի հրաշալի են, քան մենք կարող ենք ըմբռնել։10
Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր է դարձնում այս ամենը։ Նա բացահայտել է, որ Ինքը «փառավորում է Հորը և փրկում է իր ձեռքի բոլոր գործերը»:11 Այդ փրկությունը շնորհվում է փառքի տարբեր արքայություններում: Ժամանակակից հայտնությունից մենք գիտենք, որ «բոլոր թագավորություններին տրված է օրենք»:12 Կարևոր են հետևյալ հատվածները.
«Քանզի նա, ով չի կարողանում մնալ սելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ սելեստիալ փառքում:
Եվ նա, ով չի կարողանում մնալ թերեստրիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ թերեստրիալ փառքում:
Եվ նա, ով չի կարողանում մնալ թելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ թելեստիալ փառքում»:13
Այլ կերպ ասած, փառքի արքայությունը, որը մենք ստանում ենք Վերջին Դատաստանում, որոշվում է մեր Երկնային Հոր սիրառատ ծրագրով: Այդ ծրագրի ներքո կան բազմաթիվ արքայություններ, որպեսզի Նրա բոլոր զավակները կարողանան նշանակվել մի արքայության, որտեղ նրանք կարող են «բնակվել»:
II.
Տիրոջ վերականգնված Եկեղեցու ուսմունքներն ու քաղաքականությունը կիրառում են այս հավերժական ճշմարտություններն այնպես, որ կարող են լիովին հասկացվել միայն Իր բոլոր զավակների համար մեր Երկնային Հոր սիրառատ ծրագրի համատեքստում:
Այսպիսով, մենք պատվում ենք անհատի ազատ կամքը։ Շատերը տեղյակ են ամբողջ աշխարհում կրոնական ազատության խթանման գործում այս Եկեղեցու կատարած մեծ ջանքերի մասին: Այս ջանքերն ուղղված են մեր Երկնային Հոր ծրագրի իրականացմանը: Մենք ձգտում ենք օգնել Նրա բոլոր զավակներին, ոչ միայն մեր անդամներին, վայելել ընտրության թանկարժեք ազատությունը:
Նմանապես, երբեմն մեզ հարցնում են, թե ինչու ենք միսիոներներ ուղարկում այդքան շատ երկրներ, նույնիսկ՝ քրիստոնեական բնակչության շրջաններ: Մեզ նաև հարցնում են, թե ինչու ենք մենք հսկայական մարդասիրական օգնություն տրամադրում այն մարդկանց, ովքեր մեր Եկեղեցու անդամ չեն, առանց դա կապելու մեր միսիոներական ջանքերի հետ: Մենք դա անում ենք, քանի որ Տերը սովորեցրել է մեզ հարգել Իր բոլոր զավակներին՝ որպես մեր եղբայրներ և քույրեր, և մենք ցանկանում ենք մեր հոգևոր և նյութական առատությունը կիսել բոլորի հետ:
Հավերժական վարդապետությունը նաև առանձնահատուկ հեռանկար ունի երեխաների համար։ Այս տեսանկյունից երեխաներ ունենալն ու դաստիարակելը մենք դիտարկում ենք որպես աստվածային ծրագրի մաս: Դա հաճելի և սրբազան պարտականություն է նրանց համար, ում տրված է դրան մասնակցելու զորությունը։ Հետևաբար, մեզ պատվիրված է ուսուցանել և պայքարել այն սկզբունքների և գործելակերպերի համար, որոնք լավագույն պայմաններն են ապահովում երեխաների զարգացման և երջանկության համար՝ Աստծո ծրագրի ներքո:
III.
Եվ վերջապես, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտնի է որպես ընտանիքակենտրոն Եկեղեցի։ Բայց լավ հասկանալի չէ այն իրականությունը, որ մեր ընտանիքակենտրոն մոտեցումը չի սահմանափակվում մահկանացու հարաբերություններով: Հավերժական հարաբերությունները նույնպես հիմնարար են մեր հավատքի համար: Վերականգնված Եկեղեցու առաքելությունն է օգնել Աստծո բոլոր զավակներին որակավորվել նրա համար, ինչ Աստված ցանկանում է՝ որպես նրանց վերջնական ճակատագիր: Քրիստոսի Քավության շնորհիվ տրված փրկագնման միջոցով բոլորը կարող են ձեռք բերել հավերժական կյանք (վեհացում սելեստիալ արքայությունում), ինչը Մայր Եվան հայտարարեց. «Աստված տալիս է բոլոր հնազանդներին»:14 Սա ավելին է, քան փրկությունը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիշեցրել է մեզ, որ «Աստծո հավերժական ծրագրում փրկությունը անհատական խնդիր է, [բայց] վեհացումը ընտանեկան խնդիր է»:15
Մեզ համար հիմնարար է Աստծո հայտնությունն այն մասին, որ վեհացումը կարող է ձեռք բերվել միայն տղամարդու և կնոջ միջև հավերժական ամուսնության ուխտերին հավատարմության միջոցով:16 Այդ աստվածային վարդապետության շնորհիվ մենք ուսուցանում ենք, որ «սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»:17
Ահա թե ինչու Տերը պահանջել է Իր վերականգնված Եկեղեցուց հակադրվել սոցիալական և իրավական ճնշումներին՝ նահանջելու տղամարդու և կնոջ միջև ամուսնության Իր վարդապետությունից և հակադրվելու այն փոփոխություններին, որոնք շփոթում կամ փոխում են սեռը կամ հավասարեցնում տղամարդկանց և կանանց տարբերությունները:
Վերականգնված Եկեղեցու դիրքորոշումները այս հիմունքների վերաբերյալ հաճախ ընդդիմություն են առաջացնում: Մենք դա հասկանում ենք: Մեր երկնային Հոր ծրագիրը թույլ է տալիս «հակադրություն բոլոր բաներում»,18 իսկ սատանայի ամենաուժեղ ընդդիմությունն ուղղված է այն ամենին, ինչը կարևոր է այդ ծրագրի համար: Հետևաբար, նա ձգտում է ընդդիմանալ առաջընթացին դեպի վեհացում՝ խեղաթյուրելով ամուսնությունը, չխրախուսելով երեխա ունենալը և շփոթելով սեռը: Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ երկարաժամկետ հեռանկարում մեր սիրառատ Երկնային Հոր աստվածային նպատակն ու ծրագիրը չեն փոխվի: Անձնական հանգամանքները կարող են փոխվել, և Աստծո ծրագիրը վստահեցնում է, որ երկարաժամկետ հեռանկարում հավատարիմները, ովքեր պահում են իրենց ուխտերը, հնարավորություն կունենան որակավորվելու յուրաքանչյուր խոստացված օրհնության համար։19
Մի եզակի արժեքավոր ուսմունք, որը կօգնի մեզ պատրաստվել հավերժական կյանքին, որը «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»,20 1995 թվականին ընդունված ընտանիքի մասին հռչակագիրն է:21 Դրա հայտարարությունները, իհարկե, տարբերվում են որոշ գործող օրենքներից, գործելակերպից և քարոզչությունից, ինչպիսիք են համատեղ բնակությունը և միասեռ ամուսնությունները: Նրանք, ովքեր լիովին չեն հասկանում Իր զավակների համար Հոր սիրառատ ծրագիրը, կարող են համարել այս ընտանեկան հռչակագիրը ոչ ավելի, քան քաղաքականության փոփոխական հայտարարություն: Ի հակադրություն սրա, մենք հաստատում ենք, որ ընտանիքի հռչակագիրը, որը հիմնված է անփոփոխ վարդապետության վրա, սահմանում է այնպիսի ընտանեկան հարաբերություններ, որտեղ կարող է տեղի ունենալ մեր հավերժական զարգացման ամենակարևոր մասը:
Դա է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Վերականգնված Եկեղեցու եզակի վարդապետության և քաղաքականության համատեքստը:
IV.
Մահկանացու կյանքի տարբեր հարաբերություններում և պայմաններում մենք պետք է շփվենք մարդկանց հետ, ովքեր տարբերվում են մեզանից: Որպես Քրիստոսի հետևորդներ, ովքեր պետք է սիրեն մերձավորներին, մենք պետք է խաղաղ ապրենք նրանց հետ, ովքեր չեն հավատում, ինչպես մենք: Մենք բոլորս սիրառատ Երկնային Հոր զավակներն ենք: Բոլորիս համար Նա նախատեսել է կյանք մահից հետո և, ի վերջո, փառքի արքայություն: Աստված ցանկանում է, որ մենք բոլորս ձգտենք Իր բարձրագույն հնարավոր օրհնություններին` պահելով Նրա բարձրագույն պատվիրանները, ուխտերը և արարողությունները, որոնք բոլորն էլ գագաթնակետին են հասնում Նրա սուրբ տաճարներում, որոնք կառուցվում են ողջ աշխարհում: Մենք պետք է ձգտենք ուրիշների հետ կիսվել հավերժության այս ճշմարտություններով: Բայց մեր բոլոր մերձավորների հանդեպ ունեցած սիրո շնորհիվ մենք միշտ ընդունում ենք նրանց որոշումները: Ինչպես ուսուցանել է Մորմոնի Գրքի մի մարգարե, մենք պետք է առաջ մղվենք` ունենալով «սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»:22
Ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց մեր վերջին համաժողովում. «Աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այնպիսի ժամանակ, երբ մեր Փրկիչի մասին գիտելիքն ավելի կենսական և արդիական լինի մարդկային բոլոր հոգիների համար: … Քրիստոսի մաքուր վարդապետությունը զորավոր է: Այդ վարդապետությունը փոխում է այն մարդու կյանքը, ով հասկանում և ձգտում է իրագործել այն իր կյանքում»:23
Թող որ մենք բոլորս կարողանանք կիրառել այդ սուրբ վարդապետությունը մեր կյանքում․ ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: