Եկեք Աստծո հոտը
Աստծո հոտի ներսում մենք զգում ենք Բարի Հովիվի զգոն, սնուցող, հոգացող ձեռքը և օրհնվում ենք՝ զգալով Նրա քավիչ սերը:
Որպես երիտասարդ ծնողներ, եղբայր և քույր Սամադները սովորեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը իրենց պարզ, երկու սենյականոց տանը՝ Ինդոնեզիայի Սեմարանգ քաղաքում:1 Փոքրիկ սեղանի շուրջը նստած՝ աղոտ լույսի տակ, որը թվում էր, թե ավելի շատ մոծակներ էր ապահովում, քան լուսավորություն, երկու երիտասարդ միսիոներներ հավերժական ճշմարտություններ էին ուսուցանում նրանց: Անկեղծ աղոթքի և Սուրբ Հոգու առաջնորդության միջոցով նրանք հավատացին ուսուցանված նյութին և որոշեցին մկրտվել ու դառնալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Այդ որոշումը և դրանից հետո նրանց ապրելակերպը օրհնել է եղբայր և քույր Սամադներին ու նրանց ընտանիքին՝ իրենց կյանքի բոլոր բնագավառներում:2
Նրանք Ինդոնեզիայի վաղ շրջանի ռահվիրա Սրբերից են: Ավելի ուշ նրանք ստացան տաճարային արարողությունները, և եղբայր Սամադը ծառայեց որպես ճյուղի նախագահ, այնուհետև շրջանի նախագահ՝ շրջելով Կենտրոնական Ճավայով, որպեսզի կատարի իր պարտականությունները: Վերջին տասնամյակի ընթացքում նա ծառայել է որպես Սուրակարտա Ինդոնեզիա ցցի առաջին հայրապետ:
Ես, որ 49 տարի առաջ եղել եմ այդ խոնարհ, հավատքով լցված տան միսիոներներից մեկը, նրանց մեջ տեսել եմ այն, ինչ ուսուցանել է Բենիամին թագավորը Մորմոնի Գրքում. «Ես կցանկանայի, որ դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները։ Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր»:3 Օրհնությունները, որոնք հոսում են նրանց կյանք, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին, ովքեր նախընտրում են լինել Նրա աշակերտների շարքում, բազմաթիվ են, ուրախ և հավերժական։4
Աստծո հոտը
Ալմայի մկրտության ուխտի հրավերը Մորմոնի ջրերում հավաքվածներին սկսվում է այս խոսքերով. «Արդ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը»:5
Հոտը կամ փարախը մի մեծ ցանկապատ է, որը հաճախ կառուցված է քարե պատերով, որտեղ ոչխարները պաշտպանված են գիշերը: Այն ունի միայն մեկ բացվածք։ Օրվա վերջում հովիվը կանչում է ոչխարներին: Նրանք ճանաչում են նրա ձայնը, և դարպասի միջով մտնում են անվտանգ փարախը։
Ալմայի ժողովուրդը գիտեր, որ հովիվները կանգնում էին փարախի նեղ բացվածքի մոտ, որպեսզի, երբ ոչխարները ներս մտնեն, նրանց հաշվեն6 և նրանց վերքերն ու հիվանդությունները մեկ առ մեկ նկատեն ու խնամեն: Ոչխարների անվտանգությունն ու բարեկեցությունը կախված է հոտ մտնելու և փարախում մնալու նրանց պատրաստակամությունից։
Մեր մեջ կարող են լինել մարդիկ, որոնք զգում են, որ իրենք հոտի վերջում են, և գուցե մտածում են, որ իրենց կարիքն ավելի քիչ կա, քիչ են գնահատված կամ այդ հոտին չեն պատկանում։ Եվ ինչպես ոչխարների փարախում, այնպես էլ Աստծո հոտի մեջ, մենք երբեմն վիրավորում կամ բարկացնում ենք միմյանց, և կարիք ունենք ապաշխարելու կամ ներելու:
Բայց Բարի Հովիվը՝7 մեր իսկական հովիվը, միշտ էլ բարի է: Աստծո հոտի ներսում մենք զգում ենք Նրա զգոն, սնուցող, հոգացող ձեռքը և օրհնվում ենք՝ զգալով Նրա քավիչ սերը: Նա ասել է.«Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա. քո պարիսպները մշտապես իմ առջևում են»:8 Մեր Փրկիչը Իր ձեռքերի ափերի վրա փորագրել է մեր մեղքերը, ցավերն ու չարչարանքները,9 և այն ամենը, ինչն անարդար է կյանքում:10 Բոլորը հնարավորություն ունեն ստանալ այս օրհնությունները, երբ նրանք «փափագում են գալ»11 և որոշում են լինել հոտի մեջ: Ազատ կամքի պարգևը պարզապես ընտրության իրավունքը չէ. դա ճիշտը ընտրելու հնարավորությունն է։ Իսկ փարախի պատերը հարկադրանք չեն, այլ հոգևոր ապահովության աղբյուր:
Հիսուսն ուսուցանել է, որ «մի հօտ եւ մի հովիւ կ’լինին»։12 Նա ասել է.
«Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է: …
Եւ ոչխարները նորա ձայնը լսում են … ,
… եւ ոչխարները գնում են նորա ետեւից. Որովհետեւ նորա ձայնը ճանաչում են»:13
Այնուհետև Հիսուսը հաստատում է. «Ես եմ դուռը. Եթէ մէկն ինձանով ներս մտնէ, կ’ապրի»,14 հստակ ուսուցանելով, որ կա միայն մեկ ճանապարհ դեպի Աստծո հոտը և միայն մեկ ճանապարհ՝ փրկվելու: Այն կատարվում է Հիսուս Քրիստոսի կողմից և Նրա միջոցով:15
Օրհնությունները գալիս են նրանց, ովքեր Աստծո հոտում են
Մենք սովորում ենք, թե ինչպես գալ հոտը՝ լսելով Աստծո խոսքը, որը Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների կողմից ուսուցանված վարդապետությունն է:16 Երբ մենք հետևում ենք Քրիստոսի վարդապետությանը և գալիս ենք հոտը՝ առ Հիսուս Քրիստոս հավատքի, ապաշխարության, մկրտության և հաստատման ու շարունակական հավատարմության միջոցով, Ալման խոստացել է չորս հատուկ, անձնական օրհնություններ: Դուք կարող եք (1) «փրկագնվել Աստծո կողմից», (2) «համարվել նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը», (3) «հավերժական կյանք ունենալ», և (4) Տերը «իր Հոգին ավելի առատորեն դուրս թափի ձեր վրա»:18
Երբ Ալման ուսուցանեց այս օրհնությունների մասին, մարդիկ ուրախությունից ծափ տվեցին: Ահա թե ինչու.
Առաջին. Փրկվել նշանակում է՝ մարել պարտքը կամ պարտավորությունը կամ ազատվել այն ամենից, ինչն անհանգստացնում է կամ վնասում է:19 Մեր կողմից ոչ մի անձնական կատարելագործում չի կարող մաքրել մեզ մեր գործած մեղքերից կամ բժշկել մեր տառապանքի վերքերը՝ առանց Հիսուս Քրիստոսի Քավության: Նա մեր Քավիչն է:20
Երկրորդ. Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն:21 Երբ մեր հոգիները լքեն մեր մահկանացու մարմինները, մենք, անկասկած, անհամբեր կսպասենք, թե երբ կարող ենք կրկին հարություն առած մարմնով գրկել նրանց, ում սիրում ենք։ Մենք անհամբեր կսպասենք, որպեսզի լինենք նրանց թվում, ովքեր կլինեն Առաջին Հարության ժամանակ:
Երրորդ. Հավիտենական կյանք նշանակում է ապրել Աստծո հետ և ապրել՝ ինչպես Նա է ապրում: Դա «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»22 և կբերի լիակատար ուրախություն:23 Դա մեր կյանքի վերջնական խնդիրն ու նպատակն է:
Չորրորդ. Աստվածագլխի անդամի՝ Սուրբ Հոգու ընկերակցությունը ապահովում է այդքան անհրաժեշտ առաջնորդությունն ու մխիթարությունը այս մահկանացու կյանքում։24
Դիտարկենք դժբախտության որոշ պատճառներ. թշվառությունը գալիս է մեղքից,25 տխրությունն ու մենակությունը՝ սիրելի մարդու մահից, իսկ վախը՝ անորոշությունից, թե ինչ է տեղի ունենում, երբ մահանում ենք: Բայց, երբ մենք գալիս ենք Աստծո հոտը և պահում մեր ուխտերը Նրա հետ, մենք զգում ենք խաղաղություն՝ իմանալով և վստահելով, որ Քրիստոսը կփրկի մեզ մեր մեղքերից, որ մեր մարմնի և հոգու բաժանումն ավելի արագ կավարտվի, և մենք հավիտյան կապրենք Աստծո հետ՝ ամենափառավոր ձևով:
Վստահիր Քրիստոսին և գործիր հավատքով
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սուրբ գրությունները լցված են Փրկիչի վեհ զորության և Նրա կարեկցող ողորմության ու շնորհի օրինակներով: Երկրային ծառայության ընթացքում Նրա բժշկության օրհնությունները օգնեցին նրանց, ովքեր վստահում էին Նրան և գործում էին հավատքով: Օրինակ՝ Բեթհեզդայի ավազանի մոտ գտնվող հիվանդ մարդը քայլեց, երբ հավատքով հետևեց Փրկիչի պատվիրանին՝ «Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ»:26 Նրանք, ովքեր հիվանդ էին կամ ինչ-որ կերպ տառապում էին Լիառատ երկրում, բժշկվեցին, երբ նրանք «միախմբված»՝ «առաջ բերվեցին»։27
Նմանապես, Աստծո հոտը եկողներին խոստացված հրաշալի օրհնությունները ստանալու համար մեզանից պահանջվում է հենց դա անել՝ մենք պետք է որոշենք առաջ գալ: Ալմա Կրտսերը ուսուցանել է. «Եվ արդ, ես ասում եմ ձեզ, որ բարի հովիվը կանչում է ձեր ետևից, և եթե դուք ականջ դնեք նրա ձայնին, նա կբերի ձեզ իր փարախը»:28
Մի քանի տարի առաջ քաղցկեղից մահացավ մի սիրելի ընկեր։ Երբ նրա կինը՝ Շերոնը, առաջին անգամ գրեց նրա ախտորոշման մասին, ասաց. «Մենք ընտրում ենք հավատքը: Հավատք մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Հավատք մեր Երկնային Հոր ծրագրի հանդեպ և հավատք, որ Նա գիտի մեր կարիքները, և կատարում է Իր խոստումները»:29
Ես հանդիպել եմ շատ Վերջին Օրերի Սրբերի, ինչպիսին Շերոնն է, ովքեր զգում են Աստծո հոտում ապահով լինելու ներքին խաղաղությունը, հատկապես, երբ գալիս են գայթակղությունները, հակառակություններն ու դժբախտությունները:30 Նրանք ընտրել են հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ և հետևել Նրա մարգարեին: Մեր սիրելի մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ուսուցանել է. «Կյանքում ամեն լավ բան՝ հավերժական նշանակության յուրաքանչյուր հնարավոր օրհնություն, սկսվում է հավատքով»:31
Բոլորս գանք Աստծո հոտը
Իմ նախապապ Ջեյմս Սոյեր Հոլմանը եկավ Յուտա 1847 թվականին, բայց նրանց թվում չէր, ովքեր հուլիսին էին տեղ հասել Բրիգամ Յանգի հետ: Նա եկավ այդ տարվա վերջին և, ըստ ընտանիքեկան արձանագրությունների, պատասխանատու էր ոչխարները բերելու համար: Նա կարողացավ ապահով տեղ հասցնել ոչխարները միայն հոկտեմբերին՝ ժամանելով Սոլթ Լեյքի հովիտ:32
Պատկերավոր ասած՝ մեզանից ոմանք դեռ հարթավայրերում են։ Ոչ բոլորն են գալիս առաջին խմբի հետ: Իմ սիրելի՛ ընկերներ, խնդրում եմ՝ շարունակեք ճանապարհը և օգնեք ուրիշներին, որպեսզի բոլորը գան Աստծո հոտը: Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնություններն անչափելի են, քանի որ դրանք հավերժական են:
Ես խորապես երախտապարտ եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ: Ես վկայում եմ մեր Երկնային Հոր և մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի սիրո և խաղաղության մասին, որը գալիս է միայն Նրանցից, վկայում եմ ներքին խաղաղության և օրհնությունների մասին, որոնք կգտնենք Աստծո հոտում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։