Եկեք լսենք Մարգարեին
Մարգարեի սերը
2008թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթից
Մի քանի տարի առաջ, Նախագահ Մոնսոնը եկավ Համբուրգ, Գերմանիա, տարածաշրջանային համաժողովին մասնակցելու, և ես պատիվ ունեի ընկերակցելու նրան:
Նախագահ Մոնսոնը հարցրեց ցցի նախկին նախագահ Եղբայր Մայքլ Պանիչի մասին, որը Գերմանիայում Եկեղեցու քաջարի պիոներներից մեկն էր: Ես ասացի նրան, որ Եղբայր Պանիչը ծանր հիվանդ է, անկողնուն գամված և չի կարող մեր ժողովներին մասնակցել:
Նախագահ Մոնսոնը հարցրեց՝ կարո՞ղ ենք այցելել նրան:
Ես գիտեի, որ Համբուրգ ճամփորդելուց ոչ շատ առաջ Նախագահ Մոնսոնը ոտքի վիրահատություն էր տարել, և քայլելիս այն դեռևս ցավում էր: Ես բացատրեցի, որ Եղբայր Պանիչն ապրում է շենքի հինգերորդ հարկում, որը վերելակ չունի: Նրան այցելելու համար մենք պետք է աստիճանները ոտքով բարձրանայինք:
Սակայն Նախագահ Մոնսոնը համառեց: Եվ մենք գնացինք:
Ես հիշում եմ, թե Նախագահ Մոնսոնի համար որքան դժվար էր այդ աստիճանները բարձրանալը: Մի քանի աստիճան բարձրանալուց հետո նա կանգ էր առնում և հանգստանում: Նա երբեք դժգոհության մի խոսք անգամ չարտաբերեց, և ետ չդարձավ: Այդ շենքը բարձր առաստաղներ ուներ և աստիճաններն ասես անվերջ էին, սակայն Նախագահ Մոնսոնը ուրախությամբ հաստատակամորեն շարունակեց, մինչև մենք հասանք հինգերորդ հարկում գտնվող Եղբայր Պանիչի բնակարան:
Դա հրաշալի այցելություն էր: Նախագահ Մոնսոնը շնորհակալություն հայտնեց նրա նվիրված ծառայությամբ կյանքի համար և իր ժպիտով քաջալերեց նրան: Հեռանալուց առաջ, նա քահանայական մի հրաշալի օրհնություն տվեց նրան:
Նախագահ Մոնսոնը կարող էր հանգստանալ մեր երկարատև ժողովների միջև: Նա կարող էր ցանկություն հայտնել տեսնելու Համբուրգի տեսարժան վայրերը: Ես հաճախ եմ մտածել, թե որքան հրաշալի էր, որ այդ քաղաքի բոլոր տեսարժան վայրերից նա ցանկացավ տեսնել Եկեղեցու տկար ու վատառողջ անդամին:
Նախագահ Մոնսոնը եկավ Համբուրգ ուսուցանելու և օրհնելու այդ երկրի մարդկանց: Սակայն միևնույն ժամանակ նա ուշադրությունը ուղղեց անհատի վրա:
Երբ Պետրոս Առաքյալը խոսեց Հիսուսի մասին, նա այս պարզ բնութագիրը տվեց. «Նա ման եկավ բարին անելով» (Գործք Ժ.38): Նույնը կարող ենք ասել այն մարդու մասին, որին այսօր մենք հաստատում ենք որպես Աստծո մարգարե: