Ծառայելու օրհնությունը
Հետևելով ուրիշներին ծառայելու Փրկչի օրինակին՝ Եկեղեցու անդամներն օրհնում են մարդկանց կյանքը և ամրացնում վկայությունները:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին քաջ հայտնի է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի օրինակելի ծառայությունը: Ավելի քան վեց տասնամյակ նա ձեռք է մեկնել նրանց, ովքեր կարիք ունեն՝ մխիթարություն և խաղաղություն պարգևելով անհամար թվով մարդկանց և անձամբ սպասավորելով շատ հիվանդների ու տառապյալների:1
«Այսօր կան սրտեր, որոնք պետք է ուրախացնել, գործեր, որ պետք է անել, նույնիսկ թանկագին հոգիներ, որ պետք է փրկել», - հայտարարել է Նախագահ Մոնսոնը: «Հիվանդներ, տանջահարներ, սովածներ, ցրտահարվածներ, վիրավորներ, միայնակներ, ծերեր, թափառականներ, - այս բոլոր մարդիկ սպասում են մեր օգնությանը»:2
Իր անձնական ծառայությամբ Նախագահ Մոնսոնը ցույց է տվել սպասավորելու և ծառայելու միջև եղած տարբերությունը: Եկեղեցու անդամները սպասավորում են ծրագրերը և արարողությունները, բայց ծառայում են անհատներին՝ սիրելով նրանց և օգնության հասնելով նրանց: Ուրիշներին ձեռք մեկնելիս Նախագահ Մոնսոնը հետևում է Փրկչին, որը «չեկավ, որ իրեն ծառայեն, այլ նա ծառայե» (Մարկոս Ժ.45):
Ինչպես ցույց են տալիս հետևյալ չորս պատմությունները, վերջին օրերի Սրբերը օրհնում են ուրիշների կյանքը, Եկեղեցին և իրենց, երբ հետևում են «Գնա, դու էլ այնպես արա» հորդորին (Ղուկաս Ժ.37):
Բլիթի կարագով Սամարացին
Ինձ մի փոքր վիրահատություն էին կատարել, որից հետո իմ ապաքինումը այնքան հեշտ չէր ընթանում, որքան սպասում էի: Սակայն, որպես Սփոփող Միության նախաահ ես մտածում էի, որ իմ գործն ուրիշներին օգնելն է, ոչ թե օգնություն խնդրելը: Վիրահատությունից երեք օր անց, երկուշաբթի առավոտյան, ես պետք է յոթ երեխա արթնացնեի և պատրաստեի դպրոց գնալու: Մտածում էի, որ միգուցե մեծ աղջկաս թողնեմ տանը, որպեսզի օգնի նորածնի հետ:
Այդպես տարբեր մտքեր էին անցնում գլխովս, երբ հնչեց դռան զանգը: Վիկի Վուդարդը՝ իմ առաջին խորհրդականը և լավ ընկերը, օգնության էր եկել: Նա հայտարարեց, որ եկել է բլիթներ պատրաստելու: Նա մի ափսե կարագ էր բերել և հարցրեց, թե որտեղ կարող է գտնել տապակելու թավան: Երեխաները հրճված էին:
Նախաճաշից հետո Վիկին տարավ երեխաներին դպրոց, տունը մաքրեց և նորածնին տարավ իրենց տուն մինչև ցերեկվա քնի ժամը: Ավելի ուշ, երբ ես հարցրեցի, թե ով է հոգում իր երեխաների մասին, նա ասաց, որ ամուսինը մի քանի ազատ ժամ էր խնդրել աշխատանքից, որ նա կարողանար օգնել ինձ:
Վիկիի և նրա ամուսնու ծառայությունն այդ օրն ինձ հնարավորություն տվեց վերականգնել իմ ուժերը և նպաստեց իմ ապաքինմանը:
Բեվերլի Աշքրովթ, Արիզոնա, ԱՄՆ
Այս փոքրերից մեկին
Մի օր, երբ ես տանը մենակ էի իմ կրտսեր որդու հետ, սայթակեցի և վայր ընկա: Արդյունքում ես ցավեր ունեի որովայնում, որոնք շարունակվեցին մի քանի օր, այնպես որ ես այցելեցի բժշկի:
Ես հղի էի այդ ժամանակ և ստուգումները ցույց տվեցին, որ իմ ընկերքը շերտավորվել է: Այս վիճակը կատարյալ հանգիստ էր պահանջում, այլապես ես կարող էի կորցնել երեխային:
Ես մտահոգված էի, որովհետև մենք երեք երեխա ունեինք և չէինք կարող վճարել օգնության համար: Ինչևէ, իմ ճյուղի քույրերը իմացան իմ վիճակի մասին և առանց խնդրելու օգնության եկան ինձ: Նրանք կազմեցին երեք խումբ, որոնք սկսեցին օգնել ինձ առավոտյան, ցերեկով և երեկոյան:
Նրանք գալիս էին լվացք անելու, արդուկելու, ճաշ պատրաստելու, տները հավաքելու և երեխաներին տնային աշխատանքներում օգնելու: Ռութ անունով մի քույր, որը մկրտվել էր Եկեղեցում մինչ ես գամված էի անկողնին, հայտնի հյուր դարձավ մեր տանը: Ռութը, որը քույր էր, օգնում էր գիշերները և անհրաժեշտ սրսկումներ էր անում ինձ:
Կարիք չէր առաջանում որևէ բան խնդրելու. քույրերը տեսնում էին իմ կարիքները և անում ամեն ինչ: Երբ օգնողները շատ էին լինում, քույրերից մեկը նստում և զրուցում էր ինձ հետ: Այսպես շարունակվեց երեք ամիս:
Այս քույրերն ինձ տվեցին ուժ, սեր և նվիրվածություն: Նրանք նվիրեցին իրենց ժամանակը և շնորհները: Նրանք զոհաբերություն արեցին, որ լինեին այնտեղ: Փոխարենը նրանք ոչինչ չխնդրեցին: Նրանք սիրեցին և ծառայեցին, հետևելով Տիրոջ օրինակին, որը մեզ ուսուցանել է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս ԻԵ.40):
Էնիլզե դո Ռոսիո Ֆերեյրա դա Սիլվա, Պարանա, Բրազիլիա
Միայն բեր նրանց հագուստները
Մինչ իմ ամուսինը՝ Բրենդնը, գործերով Օրլանդոյում էր՝ Ֆլորիդա նահանգ, մի գիշեր նա արթնացավ բարձր ջերմությունից և դժվար շնչառությունից: Նա շտապ օգնություն կանչեց, որ գնա հիվանդանոց, որտեղ իմացավ, որ թոքերի լուրջ բորբոքում է տանում:
Քանի որ ես և Բրենդնը հազիվ քայլող տղաներ ունենինք, ես չէի կարող Պենսիլվանիայից անմիջապես տեղափոխվել Ֆլորիդա: Ամեն օր ես զանգահարում էի Բրենդնին, հուսալով, որ նրա վիճակը կլավանա, և նա կկարողանա վերադառնալ մեզ մոտ:
Սակայն Բրենդնի վիճակը վատանում էր: Երբ հիվանդանոցի քույրը հորդորեց ինձ որքան հնարավոր է շուտ գալ հիվանդանոց, ես սկսեցի մտածել, թե ով կարող էր հոգալ մեր տղաների մասին:
Մայրս համաձայնվեց արձակուրդ վերցնել աշխատանքից և ասաց, որ կգա որքան հնարավոր է շուտ, սակայն ինձ անհրաժեշտ չվերթը մեկնում էր մինչև նրա գալը: Ես զանգահարեցի ընկերներիցս մի քանիսին, տեսնելու, թե արդյոք կարող են նրանք նայել երեխաներին մինչև մայրիկի գալը: Սփոփող Միության ընկերուհիներիցս մեկը՝ Ջեկի Օլդսը, ասաց, որ ուրախ կլինի նայելու նրանց:
«Միայն բեր նրանց հագուստները և տակդիրները, - ասաց նա, - և ես կպահեմ նրանց քանի օր էլ դու բացակայես»:
Ես սկսեցի մերժել, որովհետև այս քույրը, ինքը երեք երեխա ունենալով, զբաղված կյանք ուներ, սակայն նա պնդեց, որ օգնի: Երբ քիչ անց, ես թողեցի տղաներիս նրա մոտ, նա մխիթարեց ինձ, ասելով. «Մի անհանգստացիր նրանց մասին: Միայն մտածիր Բրենդնին լավացնելու և տուն բերելու մասին: Ես մանուկներ խնամելու փորձ ունեմ»:
Այդ ժամանակ ես զգացի, որ տղաներս ապահով ու ուրախ կլինեն և նրանց մասին լավ հոգ կտանեն, ինչն այդպես էլ եղավ: Ես կարողացա լինել ամուսնուս հետ, որի վիճակը լուրջ էր մինչ ես հասա հիվանդանոց: Սակայն մի քանի օրից նա այնքան լավ էր, որ մենք կարողացանք վերադառնալ տուն:
Ես երախտապարտ եմ լավ ընկերուհու համար, որն օգնության հասավ, շատ ավելի մեծ բան անելով, քան ես խնդրեցի նրան, և ծառայեց մեզ կարիքի ժամանակ:
Կելլի Պարկս, Պենսիլվանիա, ԱՄՆ
Ծառայություն անկողնու մոտ
Եղբայր Անդերսոնը՝ ծխի Երիտասարդ Տղամարդկանց 35-ամյա նախագահը, երիտասարդների այնպիսի ղեկավար էր, որ բոլորը հմայվում էին. վերադարձած միսիոներ, հինգ երեխայի հայր, ձեռնարկատեր և սրտով երիտասարդ: Բայց նա հիվանդացավ սպիտակարյունությամբ: Իմանալով այդ նորությունը եպիսկոպոսից՝ Ռայն Հիլը՝ քահանաների քվորումի առաջին օգնականը, արագ գործի անցավ՝ զանգահարելով իր քվորումի ակտիվ և ոչ ակտիվ բոլոր անդամներին:
«Մենք գնում ենք հիվանդանոց՝ եղբայր Անդերսոնին այցելելու: Բոլորի կարիքն ունենք: Կարո՞ղ ես գալ», - կրկնում էր նա յուրաքանչյուրին զանգահարելիս:
Քահանաներից մեկը պատասխանեց. «Ես համոզված չեմ, որ կկարողանամ: Կարող է աշխատանքի լինեմ»:
«Մենք կսպասենք մինչև գործդ վերջացնես», - պատասխանեց Ռայնը: «Սա մի բան է, որ միասին պետք է անենք»:
«Դե լավ», - համաձայնվեց քվորումի անդամը: «Ես կտեսնեմ, միգուցե կարողանամ հերթափոխս փոխել ինչ-որ մեկի հետ:
Բոլոր 11 քահանաները գնացին հիվանդանոց: Ներկա էին և՛ քիչ ակտիվ անդամները, և՛ նրանք, որ ոչ մի Կիրակի չեն բացակայում: Միասին նրանք ծիծաղեցին, արտասվեցին և ապագայի ծրագրեր կազմեցին: Հետևող ամիսների ընթացքում նրանք ժամանակ էին նշանակում Եղբայր Անդերսոնի ոտքը մերսելու, երբ արյան շրջանառությունը դժվարանում էր, երկու ժամ հերթով արյուն էին տալիս, որպեսզի նա ստանար միայն իրենց արյունը, և անգամ ուսանողական պարահանդեսից հետո, անցնելով 32 կմ, ժամադրության գնացին նրա մոտ (իրենց հետ տանելով Եկեղեցու ոչ անդամ երկու օրիորդների), որպեսզի կիսվեն ավագ դպրոցի իրենց փորձառություններով:
Իր վերջին օրերին Եղբայր Անդերսոնը խնդրեց նրանց, որ ծառայեն միսիայում, ամուսնանան տաճարում և կապ պաշտպանեն միմյանց հետ: Այժմ՝ ավելի քան տաս տարի անց, միսիայից վերադարձած, տաճարում ամուսնացած և իրենց սեփական ընտանիքները հիմնած այդ տղամարդիկ դեռ հիշում են իրենց սիրված ղեկավարին մատուցած այդ բեկումնային հոգևոր փորձառությունները:
Նորման Հիլ, Տեխաս, ԱՄՆ