Ընկերն ընկերոջը
Տաճարը Երկնային Հոր պարգևն է
2000թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթից
«Բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում» (ՎևՈւ 137.10):
Մի քանի տարի առաջ ես հանձնարարությամբ մասնակցում էի Կալիֆորնիայում մի ցցի համաժողովի: Յուտա վերադառնալիս, ինքնաթիռում կողքիս ուղևորը 70-ն անց մի գեղեցիկ կին էր: Նրա անունը Պատի էր, և նա սիրում էր զրուցել:
Պատին պատմեց ինձ իր ընտանիքի մասին՝ իր ամուսնու և որդու մասին, որ մահացել էին: Մեր զրույցը տևեց մինչև վայրէջք կկատարեինք: Ես ասացի. «Պատի, դուք խոսում էիք ողջ թռիչքի ժամանակ: Նախքան Սոլթ Լեյք Սիթիում վայրէջք կատարելը, կուզենայի մի քանի հարց տալ ձեզ»:
Ես նրան անկեղծորեն հարցրեցի. «Պատի, դու գիտե՞ս, որ կրկին տեսնելու ես քո մահացած ամուսնուն»:
Նա ասաց. «Օ՜, արդյո՞ք դա հնարավոր է»:
Ապա ես հարցրեցի. «Դու գիտե՞ս, որ կրկին տեսնելու ես նաև քո մահացած որդուն, Մաթին, որը մանուկ հասակում է մահացել»:
Նրա աչքերը խոնավացան, և նրա ձայնը դողաց: Տիրոջ Հոգին դիպչեց նրան: Նա շատ էր կարոտել նրանց:
Ապա ես թախանձագին հարցրեցի նրան. «Պատի, դու գիտե՞ս, որ ունես սիրող ու բարի Երկնային Հայր, որը շատ է սիրում քեզ»:
Նա ասաց. «Իրո՞ք»:
Ես շարունակեցի. «Պատի, դու գիտե՞ս, որ քո Երկնային Հայրը հատուկ ծրագիր ունի քեզ համար, և քո ընտանիքը կարող է հավերժ լինել»:
«Կարող ենք հավե՞րժ լինել»,- հարցրեց նա:
«Երբևէ լսե՞լ ես այդ ծրագրի մասին»,- հարցրեցի ես:
Նա ասաց. «Ոչ»:
Անկեղծորեն ես նրան հարցրեցի. «Դու կուզենայի՞ր իմանալ այդ մասին»:
«Այո, իհարկե»,- նա պատասխանեց:
Նա խորապես ազդվեց Տիրոջ Հոգուց:
Միսիոներներն ուսուցանեցին Պատիին: Երեք շաբաթ անց, մինչ Յուտայում էր գտնվում, Պատին զանգահարեց ինձ. «Եղբայր Կիկուչի, Պատին է: Ես պատրաստվում եմ մկրտվել: Դուք կգա՞ք իմ մկրտության ծառայությանը»:
Ես և կինս ներկա եղանք նրա մկրտությանը: Շատ անդամներ բարյացակամորեն էին վերաբերվում նրան: Օ՜, երբեք չեմ մոռանա նրա ուրախ դեմքը, երբ նա դուրս եկավ ջրից:
Ես երբեք չեմ մոռանա մեկ տարի անց նրա արցունքները սուրբ զոհասեղանի մոտ Սոլթ Լեյք Սիթիի Տաճարում: Ես հիշում եմ նրա դեմքի խաղաղությունը և երկնային փայլը, երբ նա կնքվեց իր մահացած ամուսնու, որդու և կենդանի դստեր հետ, որն արդեն Եկեղեցու անդամ էր:
Իմ ընկեր Պատին գտավ Տեր Հիսուս Քրիստոսին: Տաճարային կնքման շնորհիվ այժմ նա գիտի, որ իր ընտանիքը հավերժ է Տիրոջով: