Լավաշի հրաշքը
«Եկե՛ք, վեր գնանք դեպի Տիրոջ սարը …Աստծո տունը» (2 Նեփի 12.3):
Սպիտակ վերնաշապիկով և փողկապով երկու երիտասարդներ եկան մեր տուն Հոնդուրասում: «Մենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց ենք»,- ասացին նրանք:
Մայրս նրանց ներս հրավիրեց: Միսիոներները մեր ընտանիքին ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Թեև ես ընդամենը ինը տարեկան էի, իմ սրտում զգում էի նրանց խոսքերի ճշմարտությունը:
«Ի՞նչ պետք է անենք Քրիստոսի Եկեղեցու անդամներ դառնալու համար»,- հարցրեց հայրս:
«Պետք է մկրտվել»,- ասաց երեցներից մեկը:
Մեկ ամիս անց մայրս, հայրս և ես մկրտվեցինք: Եղբայրս՝ Թոմասը, որը վեց տարեկան էր, երկու տարի անց պետք է մկրտվեր:
Ավետարանի մասին ավելին ուսուցանելով, երեցները բացատրեցին, թե ինչպես կարող են ընտանիքները միասին կնքվել տաճարում:
Ամենամոտ տաճարը Գվատեմալայում էր, որը բավականին հեռու էր: Մենք պետք է վճարեինք երկու օր ավտոբուսով երթևեկելու վճարը և երկու օր քաղաքում գիշերելու համար: Մենք նման ճամփորդության համար գումար չունեինք, իսկ մայրս և հայրս չէին ցանկանում, որ դա նրանց ետ պահի տաճար այցելելուց:
Ամեն տարի մեր ընտանիքը հացահատիկ էր աճեցնում: Մենք դրանից լավաշ էին պատրաստում, որպեսզի վաճառեինք զբոսաշրջիկներին, ովքեր մեր գյուղով էին անցնում:
Մայրս թուղթ ու մատիտ վերցրեց: Նա մի քանի թվեր գումարեց և ասաց. «Մենք պետք է ծախենք 2500 լավաշ, որպեսզի վճարենք մեր ճամփորդության համար»:
Իմ աչքերը կլորացան: Դա այնքան շատ լավաշ էր: «Մենք երբեք չենք ծախել այդքան շատ լավաշ»,- ասացի ես:
Մայրս ամենևին չմտահոգվեց: «Տերը կօգնի»,- ասաց նա: «Ռաուլ, դու և Թոմասը պետք է օգնեք հայրիկին հացահատիկը հավաքելիս»,- մայրս ասաց ինձ:
Թոմասն ու ես օգնեցինք հայրիկին հավահատիկը հավաքելիս: Ամեն օր մայրս աղում էր այն, խմոր պատրաստում և թխում: Թոմասն ու ես լավաշները տանում էինք գյուղ:
«Զբոսաշրջիկների մի ավտոբուս եկավ այսօր»,- ասացի մայրիկիս, երբ առաջին օրը վերադարձանք տուն: «Մենք շատ լավաշներ ծախեցինք»:
«Դա հրաշք է»,- ասաց մայրս:
Ամեն օր մենք ավելի շատ լավաշներ էինք ծախում: Մի քանի ամսում մենք հավաքեցինք գումարը, որը մեզ անհրաժեշտ էր Գվատեմալա ճամփորդելու համար: Բայց ես դեռևս անհանգիստ էի: Ես լսել էի, որ գողերը կողոպտում են ջունգլիների միջով անցնող ավտոբուսները: Նրանք վերցնում էին բոլոր ճամփորդների արժեքավոր իրերը:
«Իսկ գողե՞րը»,- հարցրեցի ես:
«Տերը կպաշտպանի մեզ»,- ասաց մայրս: Ապա հարցրեց. «Ռաուլ, դու հավատո՞ւմ ես ավետարանին»:
«Այո»:
«Ուրեմն, դու գիտես, որ պետք է անենք մեր ուժերի սահմանում ամեն ինչ, որպեսզի հետևենք Տիրոջը և Նրա մարգարեներին»:
Մկրտվելուց մեկ տարի անց իմ ընտանիքը պատրաստ էր տաճար ճամփորդելուն: Մենք ավտոբուսով գնացինք Գվատեմալա Սիթի: Ես երբեք չեմ մոռանա Հոգին, որ զգացի, երբ իմ ընտանիքը կնքվում էր միասին ժամանակի և հավերժության համար:
Այդ գիշեր, երբ ծնկի իջա ասելու իմ աղոթքները, ես շնորհակալություն հայտնեցի Երկնային Հորը տաճարի օրհնությունների համար: