2018
Գլուխ 8: Քրիստոսի Եկեղեցու բարձրացումը
Հոկտեմբեր 2018


Քրիստոսի եկեղեցու բարձրացումը

Սա չորս հատորից բաղկացած Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում վերնագրով Եկեղեցու պատմության նոր գրքի 8-րդ գլուխն է։ Գիրքը տպագիր տարբերակով մատչելի է 14 լեզուներով, Ավետարանի գրադարան հավելվածի Եկեղեցու պատմություն բաժնում և առցանց՝ սրբեր.lds.org-ում։ Նախորդ գլուխները հրատարակվել են անցած թողարկումներում և մատչելի են 47 լեզուներով Ավետարանի գրադարան հավելվածում և սրբեր.lds.org-ում։

Copies of the Book of Mormon
Oliver Cowdery ordaining Joseph Smith

«Օլիվեր Քաուդերին կարգում է Ջոզեֆ Սմիթին», Վոլթեր Ռեյն

1828թ․ հուլիսին, ունենալով պատրաստի ձեռագիրը, Ջոզեֆը գիտեր, որ Տերը ցանկանում է, որ ինքը հրատարակի Մորմոնի գիրքը և ամենուրեք տարածի գրքի ուղերձը։ Սակայն նա և նրա ընտանիքը ծանոթ չէին հրատարակչական գործին։ Նրան անհրաժեշտ էր ապահով պահպանել ձեռագրերը, տպագրիչ գտնել և ինչ-որ կերպ գիրքը հասցնել մարդկանց, ովքեր չեն մերժում նոր սուրբ գրությունների հավանականությունը։

Բացի այդ, Մորմոնի գրքի նման մեծ գիրք տպագրելը էժան գործ չէր։ Թարգմանությունը սկսելուց ի վեր Ջոզեֆի ֆինանսական վիճակը չէր բարելավվել, և նրա աշխատած ողջ գումարը ծախսվում էր ընտանիքի կարիքները հոգալու վրա։ Նույնը վերաբերում էր նաև նրա ծնողներին, որոնք դեռևս աղքատ հողագործ էին ու մշակում էին իրենց չպատկանող հողը։ Ջոզեֆի միակ ընկերը, ով ի վիճակի էր ֆինանսավորել տպագրությունը, Մարտին Հարրիսն էր։

Ջոզեֆն արագ գործի անցավ։ Թարգմանության ավարտից առաջ նա հայտ էր ներկայացրել գրքի հեղինակային իրավունքների համար, որպեսզի բնագիրը ապահովեր գողությունից ու գրագողությունից։1 Մարտինի օգնությամբ Ջոզեֆը սկսեց նաև տպագրիչ փնտրել, որը կհամաձայներ տպել գիրքը։

Սկզբում նրանք գնացին Էգբերտ Գրանդինի մոտ, որը Ջոզեֆի տարիքի մի տպագրիչ էր Պալմիրայում։ Գրանդինը միանգամից մերժեց առաջարկը, մտածելով, որ գիրքը գրվել է խաբեությամբ։ Առանց երկմտելու, Ջոզեֆն ու Մարտինը փնտրեցին և մոտակա քաղաքում գտան մի տպագրիչ, որը պատրաստ էր գիրքը տպելու։ Սակայն նրա առաջարկը ընդունելուց առաջ, նրանք վերադարձան Պալմիրա և Գրանդինին ևս մեկ անգամ հարցրին, թե արդյոք նա կցանկանա գիրքը հրատարակել։2

Այս անգամ Գրանդինը ավելի պատրաստակամ գտնվեց հանձն առնել նախագիծը, սակայն գործը սկսելուց առաջ 3000 դոլար գումար պահանջեց հինգ հազար օրինակ տպագրելու և կազմելու համար։ Մարտինն արդեն խոստացել էր օգնել տպագրությանը, սակայն հասկացավ, որ նման գումար հայթայթելու համար նա պետք է գրավ դնի իր ագարակը։ Դա վիթխարի բեռ էր Մարտինի համար, սակայն նա գիտեր, որ Ջոզեֆի ընկերների մեջ չկար որևէ մեկը, ով կարող էր գումարով օգնել նրան։

Մարտինը, անհանգստացած, սկսեց մտածել, որ իմաստուն քայլ չի լինի այդքան գումար ներդնել Մորմոնի գրքի տպագրության համար։ Նրա ագարակը տարածքի լավագույններից մեկն էր։ Իր հողը գրավ դնելով՝ նա վտանգում էր կորցնել այն։ Ողջ կյանքի ընթացքում կուտակած հարստությունը մեկ ակնթարթում կարող էր կորչել, եթե Մորմոնի գիրքը լավ չվաճառվեր։

Մարտինը Ջոզեֆին հայտնեց իր մտահոգությունները և խնդրեց, որ նա հայտնություն փնտրի իր համար։ Ի պատասխան՝ Փրկիչը խոսեց Հոր կամքը կատարելիս իր կատարած զոհաբերության մասին, հաշվի չառնելով գինը։ Նա նկարագրեց մեղքերի համար վճարած Իր ծայրահեղ ցավերը հանուն բոլոր մարդկանց, որ կարողանան ապաշխարել ու ներում ստանալ։ Այնուհետև, նա Մարտինին պատվիրեց զոհաբերել սեփական շահերը՝ Աստծո ծրագրի իրականացման համար։

«Դու չպետք է անհագ լինես քո սեփական ունեցվածքով,- ասաց Տերը,- այլ դրանից առատորեն բաժին հանես Մորմոնի Գրքի տպագրության համար»։ Տերը Մարտինին հավաստիացրեց, որ գիրքը պարունակում է Աստծո ճշմարիտ խոսքը և մարդկանց կօգնի հավատալ ավետարանին։3

Չնայած, որ դրացիներին անհասկանալի կլիներ նրա որոշումը, Մարտինը հնազանդվեց Տիրոջը և իր ագարակը գրավ դրեց՝ Մորմոնի գրքի վճարումը երաշխավորելու համար։4

Գրանդինը ստորագրեց պայմանագիրը և սկսեց խոշոր նախագծի կազմակերպումը։5 Ջոզեֆը երեք ամսում թարգմանել էր Մորմոնի գիրքը, մեկական դպիրի օգնությամբ։ 590 էջանոց գիրքը տպագրելու և կազմելու համար Գրանդինից ու նրա տասներկու աշխատողներից պահանջվելու էր յոթ ամիս։6

Տպագրչին վարձակալելուց հետո Ջոզեֆը 1829թ․ հոկտեմբերին վերադարձավ Հարմոնի, որպեսզի Էմմայի հետ աշխատի իրենց ագարակում։ Օլիվերը, Մարտինը և Հայրումը այդ ընթացքում պիտի վերահսկեին տպագրությունը և Ջոզեֆին կանոնավորապես տեղեկացնեին Գրանդինի առաջադիմության մասին։7

Հիշելով առաջին թարգմանած էջերի կորստից ապրած հուսահատությունը՝ Ջոզեֆը խնդրել էր Օլիվերին պատրաստել Մորմոնի գրքի ձեռագրի էջերի կրկնօրինակը՝ էջ առ էջ, սրբագրության և տառաշարման համար տպագրիչին տանելով միայն կրկնօրինակը։8

Գրքի արտագրությունը Օլիվերին հաճույք էր պատճառում և այդ ժամանակաշրջանի նրա նամակները հագեցած էին նրա տպավորություններով։ Արձագանքելով Մորմոնի գրքի Նեփիին, Հակոբին ու Ամուղեկին՝ Օլիվերը Ջոզեֆին գրում էր Քրիստոսի անսահման քավության համար իր երախտագիտության մասին։

«Երբ սկսում եմ գրել Աստծո ողորմությունների մասին,- գրել է նա Ջոզեֆին,- չեմ կարողանում դադար տալ, մինչև որ ժամանակն ու թուղթը սպառվում են»։9

Տպագրության ժամանակ այդ նույն ոգին նաև ուրիշներին էր ձգում դեպի Մորմոնի գիրքը։ Թոմաս Մարշը՝ տպագրիչի նախկին աշակերտը, փորձել էր իր տեղը գտնել այլ եկեղեցիներում, բայց ոչ ոք կարծես չէր քարոզում Աստվածաշնչում ուսուցանվող ավետարանը։ Նա հավատում էր, որ շուտով մի եկեղեցի կբարձրանա, որը կուսուցանի վերականգնված ճշմարտությունը։

Այդ ամռանը Թոմասը Հոգով առաջնորդվել էր հազարավոր մղոն ճամփորդել Բոստոնի իր տնից մինչև Նյու Յորք նահանգի արևմուտք։ Նա այդ տարածքում անցկացրեց երեք ամիս և չհասկանալով, թե ինչու էր այդքան ճանապարհ անցել, բռնեց տան ճանապարհը։ Ետ դարձի ճանապարհին, սակայն, տան տիկինը, որտեղ նա հյուրընկալվել էր, հարցրեց, թե արդյոք նա լսել է Ջոզեֆ Սմիթի «ոսկե գրքի» մասին։ Թոմասն ասաց կնոջը, որ չի լսել և ցանկություն զգաց ավելին իմանալ։

Կինն ասաց, որ Թոմասը պետք է խոսի Մարտին Հարրիսի հետ և նրան ուղղեց դեպի Պալմիրա։ Թոմասն անմիջապես գնաց այնտեղ և գտավ Մարտինին Գրանդինի տպագրատանը։ Տպագրիչը տվեց նրան Մորմոնի գրքի տասնվեց էջ, և Թոմասը դրանք տարավ Բոստոն, անհամբեր սպասելով, որ իր կինը՝ Էլիզաբեթը, ևս համտես անի այդ նոր հավատքի պտուղներից։

Էլիզաբեթը կարդաց էջերը և նույնպես հավատաց, որ Աստծո գործն է։10

Այդ աշնանը, երբ տպագրիչները հավասարակշռված առաջ էին տանում Մորմոնի գրքի տպագրությունը, Աբներ Քոլ անունով նախկին մի դատավոր Գրանդինի տպագրատանը սկսեց օրաթերթ հրատարակել։ Աշխատելով գիշերը` Գրանդինի աշխատակազմի տուն գնալուց հետո, Աբները հնարավորություն ուներ տեսնել Մորմոնի գրքի տպագրված էջերը, որոնք դեռ կազմված չէին ու վաճառքի համար պատրաստ չէին։

Շուտով Աբները իր թերթում սկսեց ծաղրական հոդվածներ գրել «Ոսկե Աստվածաշունչ» խորագրով, իսկ ձմռան ընթացքում քաղվածքներ տպագրեց հեգնական մեկնաբանություններով։11

Երբ Հայրումն ու Օլիվերը տեղեկացան Աբների արարքներին, նրանք սկսեցին դիմագրավել նրան։ «Դուք ի՞նչ իրավունք ունեք այս կերպ տպագրել Մորմոնի գիրքը», պահանջեց Հայրումը։ «Դուք չգիտե՞ք, որ մենք հեղինակային իրավունքներ ունենք»։

«Դա ձեր գործը չէ», ասաց Աբները։ «Ես վարձել եմ տպագրատունը և կտպագրեմ, ինչ կամենում եմ»։

«Ես ձեզ արգելում եմ այդ գրքից որևէ քաղվածք տպագրել ձեր թերթում», ասաց Հայրումը։ դադարեք էջեր տպագրել իմ գրքից»։

«Եթե կարծում ես, թե դու ամենալավ տղան ես,- ասաց Աբները,- հանիր վերարկուդ ու փորձիր»։

«Կա օրենք,- պատասխանեց Ջոզեֆը,- և դու կիմանաս այդ մասին, եթե չդադարես քո սխալ գործը։ Իսկ ես քո հետ չեմ կռվի, քանի որ դա գործին ոչնչով չի օգնի»։

Աբները գիտակցում էր, որ օրենքի առաջ սխալ է։ Նա փափկեց ու դադարեց Մորմոնի գրքից քաղվածքներ տպագրել իր օրաթերթում։12

Սողոմոն Չեմբերլինը՝ մի քարոզիչ, որ ճամփորդում էր Կանադա, առաջին անգամ լսեց «Ոսկե Աստվածաշնչի» մասին մի ընտանիքից, որոնց մոտ գիշերում էր Պալմիրայի մոտակայքում։ Թոմաս Մարշի նման նա իր կյանքի ընթացքում տարբեր եկեղեցիներ էր հաճախել, բայց դժգոհ էր մնացել իր տեսածից։ Եկեղեցիները քարոզում էին ավետարանի սկզբունքները և հավատում էին հոգևոր պարգևների, սակայն չունեին Աստծո մարգարեներ, ոչ էլ Նրա քահանայությունը։ Սողոմոնը զգում էր, որ ժամանակը մոտենում է, որ Տերը ի հայտ կբերի Իր Եկեղեցին։

Լսելով ընտանիքի խոսքերը Ջոզեֆ Սմիթի և ոսկե թիթեղների մասին, Սողոմոնը զգաց, թե ինչպես է գլխից մինչև ոտքի ծայրը մի հոսանք անցնում, և նա որոշեց գտնել Սմիթներին և ավելին իմանալ գրքի մասին։

Նա գնաց, որպեսզի գտնի Սմիթների տունը և դռան մոտ հանդիպեց Հայրումին։ «Խաղաղություն այս տանը», ասաց Սողոմոնը։

«Հուսով եմ խաղաղություն կլինի», պատասխանեց Հայրումը։

«Այստեղ կա՞ մեկը,- հարցրեց Սողոմոնը,- որ հավատում է տեսիլքների ու հայտնությունների»։

«Այո,- ասաց Հայրումը,- սա տեսիլատես տուն է»։

Սողոմոնը Հայրումին պատմեց տարիներ առաջ տեսած տեսիլքը։ Այդ տեսիլքում մի հրեշտակ ասել էր, որ Աստված եկեղեցի չունի երկրի վրա, բայց շուտով մի եկեղեցի կբարձրացնի, որը իշխանություն կունենա՝ ինչպես հին առաքելական եկեղեցին։ Հայրումը և տան անդամները հասկանում էին Սողոմոնի խոսքերը և ասացին նրան, որ կիսում են նրա հայացքները։

«Հուսով եմ, ինձ կպատմեք ձեր հայտնագործությունների մասին,- ասաց Սողոմոնը։- Կարծում եմ, ես կարող եմ ընդունել դրանք»։

Հայրումը հրավիրեց նրան հյուրընկալվել Սմիթների ագարակում և նրան ցույց տվեց Մորմոնի գրքի ձեռագիրը։ Սողոմոնը երկու օր ուսումնասիրեց այն և Հայրումի հետ գնաց Գրանդինի տպագրատուն, որտեղ տպագրիչը տվեց նրան վաթսունչորս տպագիր էջերի մի օրինակ։ Չկազմած գիրքը իր ձեռքում, Սողոմոնը գնաց դեպի Կանադա, ճանապարհին քարոզելով այն ամենը, ինչ գիտեր նոր հավատքի մասին։13

1830թ․ մարտի 26-ին Մորմոնի Գրքի առաջին օրինակները կազմվել և վաճառվում էին Գրանդինի տպագրատան առաջին հարկում։ Նրանք ամուր կազմված էին հորթի շագանակագույն կաշվով և կաշվի ու սոսնձի, թղթի ու թանաքի հոտ էին արձակում։ Գրքի կռնակի վրա տպագրված էր Մորմոնի գիրքը ոսկեզոծ տառերով։14

Լյուսի Սմիթը գանձի պես պահում էր նոր սուրբ գրությունը և դիտում էր այն որպես նշան, որ Աստված շուտով կհավաքի իր զավակներին ու կվերականգնի իր հին ուխտերը։ Գրքի տիտղոսաթերթը հայտարարում էր, որ գիրքը նպատակ ունի ցույց տալ այն մեծ բաները, որոնք Աստված արել է Իր ժողովրդի համար անցյալում, նույն օրհնությունները առաջարկում է Իր ժողովրդին այսօր և համոզում ողջ աշխարհին, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է։15

Գրքի վերջում ներառված էին «Երեք վկաների վկայություններ» և «Ութ վկաների վկայությունները», որոնք հայտնում էին աշխարհին, որ տեսել են թիթեղները և գիտեն, որ թարգմանությունը ճշմարիտ է։16

Չնայած այդ վկայություններին, Լյուսին գիտեր, որ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ դա գեղարվեստական գիրք է։ Նրա հարևաններից շատերը հավատացած էին, որ Աստվածաշունչը բավարար սուրբ գրություն է իրենց համար, չգիտակցելով, որ Աստված ավելի շատ ազգերի է օրհնել իր խոսքով։ Նա գիտեր նաև, որ ոմանք մերժում էին գրքի ուղերձը, որովհետև հավատացած էին, որ Աստված մի անգամ խոսել է աշխարհի հետ ու երկրորդ անգամ այլևս չի խոսելու։

Այլևայլ պատճառաբանումներով Պալմիրայի բնակչության մեծամասնությունը չէր գնում գիրքը։17 Սակայն ոմանք ուսումնասիրում էին գիրքը, զգում էին նրա ուսմունքների զորությունը և ծնկի էին իջնում, որպեսզի հարցնեն Տիրոջը դրա ճշմարտացիության մասին։ Լյուսին ինքը գիտեր, որ Մորմոնի գիրքը Աստծո խոսքն է և ցանկանում էր կիսվել ուրիշների հետ։18

Գրեթե անմիջապես Մորմոնի Գրքի հրատարակումից հետո Ջոզեֆը և Օլիվերը նախապատրաստվեցին կազմավորել Հիսուս Քրիստոսի եկեղեցին։ Ամիսներ առաջ Տիրոջ հնագույն առաքյալները՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, հայտնվել էին ու նրանց շնորհել էին Մելքիսեդեկյան քահանայությունը, ինչպես որ խոստացել էր Հովհաննես Մկրտիչը։ Այդ հավելյալ իշխանությունը Ջոզեֆին և Օլիվերին թույլ էր տալիս մկրտվող մարդկանց շնորհել Սուրբ Հոգու պարգևը։ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը նաև կարգել էին նրանց Հիսուս Քրիստոսի առաքյալներ։19

Այդ ժամանակաշրջանում, Ուիթմերների տանը մնալիս, Ջոզեֆն ու Օլիվերը աղոթեցին, որպեսզի ավելի շատ գիտելիք ստանան այդ իշխանության վերաբերյալ։ Ի պատասխան՝ Տիրոջ ձայնը նրանց պատվիրեց մեկմեկու կարգել որպես Եկեղեցու երեցներ, բայց միայն այն ժամանակ, երբ հավատացյալ մարդիկ համաձայնություն կտան հետևել նրանց՝ որպես Փրկիչի եկեղեցու առաջնորդներ։ Նրանց հանձնարարվեց կարգել նաև եկեղեցու այլ պաշտոնյաներ և Սուրբ Հոգու պարգև շնորհել նրանց, ովքեր մկրտվել էին։20

1830թ․ ապրիլի 6-ին Ջոզեֆն ու Օլիվերը հավաքվեցին Ուիթմերների տանը, որպեսզի հետևեն Տիրոջ պատվիրանին և կազմավորեն Տիրոջ եկեղեցին։ Օրենքի պահանջները բավարարելու նպատակով նրանք ընտրեցին վեց անձանց, ովքեր դարձան նոր եկեղեցու առաջին անդամները։ Մոտ քառասուն կանայք ու տղամարդիկ էին հավաքվել փոքր տան մեջ և շրջակայքում՝ իրադարձությանը ականատես լինելու համար։21

Հնազանդվելով նախկինում Տիրոջ տված հրահանգներին՝ Ջոզեֆն ու Օլիվերը հարցրին, թե արդյոք հավաքի անդամները աջակցում են իրենց՝ որպես Աստծո արքայության առաջնորդներ և արդյոք հավատում են, որ ճիշտ քայլ է իրենց կողմից՝ կազմավորվել որպես եկեղեցի։ Հավաքի բոլոր անդամները համաձայնություն տվեցին, և Ջոզեֆը ձեռնադրեց Օլիվերին ու կարգեց նրան որպես եկեղեցու երեց։ Այնուհետև, նրանք տեղերով փոխվեցին և Օլիվերը կարգեց Ջոզեֆին։

Դրանից հետո նրանք հաղորդության հաց ու գինի սպասավորեցին՝ ի հիշատակ Քրիստոսի Քավության։ Այնուհետև նրանք ձեռնադրեցին նրանց, ովքեր մկրտվել էին և հաստատեցին նրանց որպես եկեղեցու անդամներ և Սուրբ Հոգու պարգև շնորհեցին նրանց։22 Տիրոջ Հոգին հեղվեց հավաքվածների վրա և հավաքվածներից մի քանիսը սկսեցին մարգարեանալ։ Մյուսները ևս փառավորում էին Տիրոջը, և բոլորը հրճվանք էին ապրում։

Ջոզեֆն էլ ստացավ առաջին հայտնությունը, որն ուղղված էր նոր եկեղեցու մարդկանց ամբողջ խմբին։ «Ահա, մի հիշատակարան պիտի պահվի ձեր մեջ», պատվիրեց Տերը, հիշեցնելով Իր ժողովրդին, որ նրանք պետք է գրեն իրենց սրբազան պատմությունը, իրենց գործերի հիշատակարանը վարելով և վկայելով Ջոզեֆի դերի մասին՝ որպես մարգարե, տեսանող և հայտնող։

«Նրան եմ ես ոգեշնչել՝ հզոր ուժով առաջ տանելու Սիոնի գործը բարիքի համար», հայտարարեց Տերը։ «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով: Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի ձեզ»:23

Ավելի ուշ, Ջոզեֆը կանգնեց գետակի մոտ ու վկա եղավ իր մոր և հոր մկրտությանը եկեղեցում։ Տարիներ շարունակ ճշմարտության որոնման տարբեր ուղիներ անցնելուց հետո նրանք վերջապես միավորվեցին մեկ հավատքում: Երբ հայրը դուրս էր գալիս ջրից, Ջոզեֆը բռնեց նրա ձեռքը, օգնեց, որ ափ դուրս գա և գրկախառնվեց նրա հետ։

«Աստված իմ,- հեկեկաց նա, երեսը թաքցնելով հոր գրկում,- ես ապրեցի, որ տեսնեմ հորս՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցում մկրտվելիս»։24

Այդ երեկո, չկարողանալով զսպել սրտի զգացմունքները, Ջոզեֆը առանձնացավ մոտակա անտառում։ Նա ուզում էր միայնակ լինել՝ ընկերների ու ընտանիքի աչքից հեռու։ Առաջին տեսիլքից հետո անցած տասը տարիների ընթացքում նա տեսել էր, թե ինչպես էին բացվում երկինքները, զգացել էր Աստծո Հոգին և ուսուցանվել էր հրեշտակների կողմից։ Նա անցել էր նաև մեղքի միջով, կորցրել էր իր պարգևը, որպեսզի ապաշխարի, ձեռք բերի Աստծո ողորմությունը և Նրա զորությամբ ու շնորհով թարգմանի Մորմոնի Գիրքը։

Այժմ Հիսուս Քրիստոսը վերականգնել էր Իր եկեղեցին և Ջոզեֆին վստահել էր այն նույն քահանայությունը, որ կրում էին հին առաքյալները, երբ տանում էին ավետարանը աշխարհին:25 Երջանկությունը, որ նա զգում էր, չափազանց շատ էր, որ նա իր մեջ պահի, և երբ Ջոզեֆ Նայթն ու Օլիվերը այդ երեկո գտան նրան, նա բարձրաձայն լաց էր լինում:

Նրա լացը լիակատար երջանկության լաց էր։ Աշխատանքը սկսվել էր։26

Հղումներ

  1. Copyright for Book of Mormon, June 11, 1829, in JSP, D1:76–81.

  2. “Prospect of Peace with Utah,” Albany Evening Journal, May 19, 1858, [2]; “From the Troy Times,” Albany Evening Journal, May 21, 1858, [2]; John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library.

  3. Doctrine and Covenants 19 (Revelation, circa Summer 1829, at josephsmithpapers.org); see also Historical Introduction to Revelation, circa Summer 1829 [DC 19], in JSP, D1:85–89; and Knight, Reminiscences, 6–7.

  4. McBride, “Contributions of Martin Harris,” 1–9; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 34, in JSP, H1:352 (draft 2).

  5. John H. Gilbert, Statement, Oct. 23, 1887, Church History Library; Indenture, Martin Harris to Egbert B. Grandin, Wayne County, NY, Aug. 25, 1829, Wayne County, NY, Mortgage Records, volume 3, 325–26, microfilm 479,556, U.S. and Canada Record Collection, Family History Library; Historical Introduction to Revelation, circa Summer 1829 [DC 19], in JSP, D1:85–89.

  6. Copyright for Book of Mormon, June 11, 1829, in JSP, D1:76–81; John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library; Porter, “The Book of Mormon,” 53–54.

  7. John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library; Lucy Mack Smith, History, 1844–45, book 9, [8]; Joseph Smith to Oliver Cowdery, Oct. 22, 1829, in JSP, D1:94–97.

  8. John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library; Lucy Mack Smith, History, 1844–45, book 9, [2]; “Printer’s Manuscript of the Book of Mormon,” in JSP, R3, Part 1:xxvi. Թեմա. Մորմոնի Գրքի տպագրությունն ու հրատարակումը

  9. Oliver Cowdery to Joseph Smith, Nov. 6, 1829, in JSP, D1:100–101; Mosiah 3:18–19; 5:5–7; 4 Nephi 1:17; see also Oliver Cowdery to Joseph Smith, Dec. 28, 1829, in JSP, D1:101–4.

  10. Thomas B. Marsh, “History of Thomas Baldwin Marsh,” LDS Millennial Star, June 4, 1864, 26:359–60; June 11, 1864, 26:375–76.

  11. Lucy Mack Smith, History, 1844–45, book 9, [9]. For examples of excerpts from the Book of Mormon published by Abner Cole, see “The Book of Mormon,” Reflector, Sept. 16, 1829, 10; “Selected Items,” Reflector, Sept. 23, 1829, 14; “The First Book of Nephi,” Reflector, Jan. 2, 1830, 1; and “The First Book of Nephi,” Reflector, Jan. 13, 1830, 1. Թեմա. Մորմոնի Գրքի քննադատները

  12. Lucy Mack Smith, History, 1844–45, book 9, [9]–[12]; Lucy Mack Smith, History, 1845, 166–68.

  13. Chamberlin, Autobiography, 4–11.

  14. Copyright for Book of Mormon, June 11, 1829, in JSP, D1:76–81; John H. Gilbert, Memorandum, Sept. 8, 1892, photocopy, Church History Library; “Book of Mormon,” Wayne Sentinel, Mar. 26, 1830, [3]. Գրքերից մի քանիսի կազմը ոչխարի կաշի էր։

  15. Title Page of Book of Mormon, circa early June 1829, in JSP, D1:63–65; see also Lucy Mack Smith to Solomon Mack, Jan. 6, 1831, Church History Library.

  16. Testimony of Three Witnesses, Late June 1829, in JSP, D1:378–82; Testimony of Eight Witnesses, Late June 1829, in JSP, D1:385–87.

  17. Tucker, Origin, Rise, and Progress of Mormonism, 60–61.

  18. See Lucy Mack Smith to Solomon Mack, Jan. 6, 1831, Church History Library.

  19. Joseph Smith History, circa Summer 1832, 1, in JSP, H1:10; Doctrine and Covenants 27:12–13 (Revelation, circa Aug. 1830, in Doctrine and Covenants 50:3, 1835 edition, at josephsmithpapers.org); Oliver Cowdery to Phineas Young, Mar. 23, 1846, Church History Library; “Joseph Smith Documents Dating through June 1831,” in JSP, D1:xxxvii–xxxix; see also Cannon and others, “Priesthood Restoration Documents,” 163–207. Թեմա. Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը

  20. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 27, in JSP, H1:326–28 (draft 2).

  21. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 37, in JSP, H1:364 (draft 2); Stevenson, Journal, Dec. 22, 1877; Jan. 2, 1887; An Act to Provide for the Incorporation of Religious Societies (Apr. 5, 1813), Laws of the State of New-York (1813), 2:212–19. Թեմա. Քրիստոսի Եկեղեցու հիմնադրման ժողովը

  22. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 37–38, in JSP, H1:364–71 (draft 2).

  23. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 37, in JSP, H1:366; Doctrine and Covenants 21 (Revelation, Apr. 6, 1830, at josephsmithpapers.org); “History of Joseph Smith,” Times and Seasons, Oct. 1, 1842, 3:928–29.

  24. Lucy Mack Smith, History, 1844–45, book 9, [12]; Knight, Reminiscences, 8; see also Bushman, Rough Stone Rolling, 110.

  25. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 38, in JSP, H1:372 (draft 2); Joseph Smith, “Latter Day Saints,” in Rupp, He Pasa Ekklesia, 404–5, in JSP, H1:506.

  26. Knight, Reminiscences, 7.