2018
Երեց Ուլիսես Սոարես. Մարդ, ում մեջ նենգություն չկա
Հոկտեմբեր 2018


Երեց Ուլիսես Սոարես. Մարդ, ում մեջ նենգություն չկա

Նկար
Elder and Sister Soares

Երբ Իր ծառայության վաղ շրջանում Հիսուսն ընտրում էր Իր Առաքյալներին, Նա տեսավ, որ Նաթանայելը գալիս է Իր մոտ: Նա անմիջապես նկատեց Նաթանայելի բարությունը, երբ վերջինս հայտարարեց. «Ահա ճիշդ Իսրայէլացի. Որի մէջ նենգութիւն չկայ»:1

Հիսուսը գիտեր, որ Նաթանայելը մաքուր սիրտ և ազնիվ մտադրություններ ուներ, կեղծավոր կամ խաբեբա չէր: Տիրոջը դուր եկավ արդարակյաց շիտակության այս հատկանիշը և Նա կանչեց Նաթանայելին որպես Առաքյալ:2

Ուլիսես Սոարեսը նման է հին Նաթանայելին, և Փրկիչը նրան ևս կանչեց ծառայության:

«Իմ ծնողների լույսը»

Ուլիսես Սոարեսը՝ չորս եղբայրներից կրտսերը, ծնվել է 1958թ. հոկտեմբերի 2-ին Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում: Նա համեստ ծագում ունի, բայց նրա ծնողները՝ Ապարեչիդո և Մերսեդես Կարեչո Սոարեսները պատվարժան, աշխատասեր մարդիկ էին, ովքեր ազնվորեն լսում էին միսիոներներին: Նրանք միացան Եկեղեցուն 1965թ.-ին, երբ Ուլիսիեսը վեց տարեկան էր:

«Ես երբեք չեմ տեսել, որ Եղբայր Ապարեչիդոն բաց թողնի ժողովը»,- ասում է Օրսիս Կաբրալը, ով ծառայել է որպես ցցի նախագահ, երբ Ուլիսեսը երիտասարդ տղամարդ էր: «Մերսեսդեսը նույնպես շատ հավատարիմ էր: Ուլիսեսը ժառանգել է իր ծնողների նվիրվածությունը»:

Նկար
young Elder Soares and parents wedding portrait

Ուլիսես Սոարեսը «մեծացել է Եկեղեցում՝ հետևելով իր ծնողների լույսին», Ապարեչիդո և Մերսեդես Սոարեսները (ձախից): Երբ Ուլիսեսը վստահում էր Տիրոջը, չնայած ընդդիմությանը, նա սովորեց ամուր կառչել Փրկիչից ու Նրա ավետարանից:

Ուլիսեսի ի բնե բարի սիրտը ծաղկում էր, երբ նա ուսումնասիրում էր Տիրոջ ուղիները: «Ես մեծացա Եկեղեցում, հետևելով իմ ծնողների լույսին»,- ասում է Երեց Սոարեսը: Երբ նա հետևում էր այդ լույսին, չնայած ընդդիմությանը, նրա վկայությունն աճում էր:

«Իմ դպրոցում ես Եկեղեցու միակ անդամն էի, և մյուս տղաները միշտ փորձում էին թուլացնել ինձ և ստիպում էին սխալ քայլեր կատարել»,- ասում է նա: «Ես պետք է սովորեի պաշտպանվել այս մարտահրավերներից, բայց իմ ողջ սրտով միշտ վստահ էի, որ Տերը կօգնի ինձ հաջողության հասնել: Երբ ես երիտասարդ տղամարդ էի, հասկացա, որ եթե դու կատարում ես քո բաժինը, Տերն էլ կկատարի Իր բաժինը: Բայց դու պետք է ամուր բռնես Նրա ձեռքից և Նրա ավետարանից:

Երբ Ուլիսեսը 15 տարեկան էր, նրա եպիսկոպոսը խնդրեց նրան ուսուցանել Կիրակնօրյա Դպրոցի դասարանի երիտասարդներին: Նա ուսուցանեց մի դաս, որը կենտրոնացած էր ավետարանի մասին վկայություն ձեռք բերելու վրա: Ուլիսեսը ուսումնասիրել էր Մորմոնի Գիրքը, զգում էր, որ Եկեղեցին ճշմարիտ է և հավատում էր Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Երբ նա պատրաստում էր իր դասը, ցանկանում էր իր հզոր վկայությունը բերել դասարանին ավետարանի ճշմարտացիության մասին: «Ես ջերմեռանդ ուսումնասիրում և աղոթում էի»,- հիշում է Երեց Սոարեսը: «Երբ ծնկի իջա, մի հաճելի զգացում պատեց իմ սիրտը, և մի մեղմ ձայն հաստատեց, որ այս գործը ճշմարիտ է։ Դա այնքան ուժեղ էր, որ ես երբեք չէի կարող հերքել այդ գիտելիքը»։

Երբ Ուլիսեսը հասունացավ, հասկացավ, որ եթե անի ավելին, քան ակնկալվում էր իրենից կամ խնդրում էին իրեն, Տերը շռայլորեն կօրհներ իրեն: Նա մի այդպիսի դաս ստացավ, երբ պատրաստվում էր միսիայի: Ուլիսեսի հետ հարցազրույցի ժամանակ նրա եպիսկոպոսը շեշտեց պատվիրաններին հնազանդվելու կարևորությունը: Նա կարևորեց նաև ֆինանսական պատրաստվածությունը:

Ներկայումս Բրազիլիայի բոլոր միսիոներները իրենք են մասամբ վճարում միսիայի ծախսերը, մինչդեռ շատ ընտանիքներ վճարում են բոլոր ծախսերը: Երբ Ուլիսեսի միսիայի տարիքը մոտեցավ, նա որոշեց, որ ինքը կվաստակի միսիայի համար անհրաժեշտ ամբողջ գումարը: Օգտագործելով աշխատանքային խիստ էթիկան, որը նա սովորել էր, աշխատելով իր հոր փոքր ձեռնարկությունում, և զինված լինելով արագ տպելու կարողությամբ, Ուլիսեսը մշտական աշխատանքի անցավ մի ընկերությունում, որտեղ օգնում էր կազմել աշխատավարձի ցուցակը:

Հանձնելով ընդունելության դժվար քննությունը, նա սկսեց հաշվապահություն ուսանել երեկոյան տեխնիկական բարձրագույն դպրոցում: Ամեն ամիս տասանորդը վճարելուց հետո նա գումար էր խնայում իր միսիայի համար: Մի տարի անց նրան տեղափոխեցին աշխատելու իր ընկերության հաշվապահության բաժին:

«Ահա թե ես ինչպես կարողացա վճարել իմ միսիայի համար»,- ասում է Երեց Սոարեսը: «Մինչև իմ միսիան, երեք տարիների ընթացքում ես ամեն ամիս որևէ անհրաժեշտ իր էի գնում՝ վերնաշապիկ, տաբատ, զուգագուլպա, փողկապ, ճամպրուկ»: Նա նաև կարիք ուներ իր ծնողների ու տեղական ղեկավարների սիրո և աջակցության, որը ստանում էր:

Ուլիսեսը կանչվեց Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո միսիա: Իր միսիայի առաջին մասը նա ծառայեց Նախագահ Հելիո դա Ռոչա Կամարգոյի ղեկավարությամբ, ով ավելի ուշ դարձավ Բրազիլիայից կանչված առաջին Բարձրագույն Իշխանավորը: Ուլիսեսը սկսեց իր միսիան 1978թ.-ի սկզբին: Լատինական Ամերիկայում առաջին տաճարը նվիրագործվեց այդ տարվա վերջում Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի կողմից (1895–1985)։

Նկար
Elder Soares as a young missionary

1980թ. հունվարին Ուլիսեսն ու նրա զուգընկերը, ով նույնպես դեռ չէր ստացել իր օժտումը, նստեցին Ռիո դե Ժանեյրո մեկնող ավտոբուսը, որը ութ ժամ հետո նրանց հասցրեց Սան Պաոլո Բրազիլիա Տաճար: Ուլիսեսի ծնողներն ու եղբայրները դիմավորեցին նրան այնտեղ և Սոարեսների ընտանիքը կնքվեց ժամանակի և հավերժության համար: Ուլիսեսը երբեք չի մոռանա Սան Պաոլո Տաճարում անցկացրած այդ հինգ ժամերը: Օրվա վերջում իր զուգընկերոջ հետ նա վերադարձավ իր միսիայի տարածք:

Դնել Աստծուն առաջին տեղում

Ուլիսեսը վայելում էր իր բարեհաջող միսիան, որը հետագայում ամրացրեց նրա վկայությունը: Երբ նա տուն վերադարձավ, աշխատանք գտավ և տեղի համալսարանում սկսեց ուսանել հաշվապահություն ու տնտեսագիտություն:

Նա արդեն յոթ ամիս տանն էր, երբ պատահաբար հանդիպեց «Քույր Մորգադոյին» ցցի պարերի միջոցառման ժամանակ: Մի որոշ ժամանակ Ուլիսեսը ծառայել էր որպես նրա տարածքի ղեկավար, և երկուսով, միմյանց հերթ չտալով, ամբողջ երեկոն անցկացրին միսիայի մասին պատմություններ պատմելով: Երեք ամիս անց նրանք սկսեցին ժամադրվել:

Ռոզանա Ֆերնանդես Մորգադոն ութ տարեկան էր, երբ ավագ քույրը՝ Մարգրետը նրան սկսեց Եկեղեցի տանել: Ի վերջո, երկու հավատարիմ ունկնդիրներին հայրը թույլ տվեց մկրտվել, բայց երկուսն էլ ստիպված էին սպասել, մինչ կլրանար 17 տարին: Ռոզանան եկեղեցի էր հաճախում ինը տարի, նախքան մկրտության թույլտվություն ստանալը:

Ուլիսեսն ապրում էր Սան Պաոլոյի հյուսիսում, իսկ Ռոզանան իր ծնողների հետ ապրում էր քաղաքի հարավային մասում: Փռված քաղաքում ավտոբուսով և մետրոյով ճամփորդելը խլում էր երկուսից երեք ժամ: Բարեբախտաբար, Մարգրետն ու իր ամուսին Կլաուդիոն ապրում էին նրա ծնողների տան կողքին:

«Երբ Ուլիսեսը հանգստյան օրերին գալիս էր Ռոզանայի հետ հանդիպման, նրա համար այլևս դժվար էր տուն վերադառնալ երեկոյան»,- հիշում է Երեց Կլաուդիո Ռ. Կոստան, Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականը, նրա ապագա քենակալը: Ուստի նա և Մարգրետը հրավիրում էին Ուլիսեսին ժամադրությունից հետո գիշերը մնալ իրենց տանը: «Մենք որդեգրել էինք նրան մի կարճ ժամանակով»,- հավելում է Երեց Կոստան:

«Նա քնում էր մեր հյուրասենյակի բազմոցին»,- ասում է Քույր Կոստան: «Մենք վերջերս էինք ամուսնացել, ուստի հավելյալ վերմակ չունեինք: Բայց նա ծածկվում էր մեր հին վարագույրով: Նա երջանիկ էր, քանի որ հաջորդ օրը կրկին կարող էր տեսնել Ռոզանային: Նա լավ էր վերաբերվում քրոջս, և իմ ծնողները նրան շատ էին սիրում»:

Ուլիսեսն ու Ռոզանան ամուսնացան 1982թ. հոկտեմբերի 30-ին Սան Պաոլո Բրազիալիա Տաճարում:

Նկար
Elder and Sister Soares

Եթե դուք մի քանի րոպե անցկացնեք Երեց և Քույր Սոարեսների հետ, ձեզ համար իսկույն ակնհայտ կդառնա փոխադարձ սերը, հիացմունքը և հարգանքը, որ նրանք տածում են միմյանց հանդեպ: Երեց Սոարեսի համար Ռոզանան «միշտ եղել է բարության, սիրո և Տիրոջ հանդեպ լիակատար նվիրվածության օրինակ իմ և իմ ընտանիքի համար»:3 Քույր Սոարեսի համար Ուլիսեսը «պարգև է Աստծուց»։

Քույր Սոարեսը հավելում է. «Նա միշտ եղել է չափազանց պատասխանատու և արդարակյաց, նա միշտ շատ հոգատար է եղել մեր ընտանիքի հանդեպ և ինձ միշտ շատ լավ է վերաբերվել: Եկեղեցու իր բոլոր կոչումներում նա ներդրել է իր բոլոր ջանքերը: Նա գնում և կատարում է իր գործը: Աստծո գործերը նա միշտ առաջին տեղում է դնում իր կյանքում: Ես կրկին ու կրկին սիրահարվում եմ նրան, քանի որ գիտեմ, որ եթե նա Աստծո գործերը դնում է առաջին տեղում, ինձ նույնպես կդնի առաջին տեղում»:

Իր կնոջ մասին Երեց Սոարեսն ասում է. «Նա իսկական հերոս է և ոգեշնչում է մեր ընտանիքին: Նա սիրալիր է, բարի և համբերատար բոլորի հանդեպ: Նա միավորում է մեր ընտանիքը և բոլորի մեջ միայն լավն է տեսնում: Նա մեծ ներդրում ունի այն ամենի մեջ, ինչ կատարվում է իմ կյանքում: Տասներկու Առաքյալների Քվորումի իմ կոչման մասին ես կատակով ասացի նրան. «Ես քեզ եմ մեղադրում սրա համար, քանի որ դու բազմապատկել ես ավետարանի զորությունը իմ կյանքում»:

Մեծ սիրտ

Գուստավոն՝ Սոարեսի ավագ զավակը, հիշում է այն երեկոն, երբ ինքը փոքր տղա էր և, չհնազանդվելով ծնողներին, փախավ տնից՝ մասնակցելու Սան Պաոլոյում տեղի ունեցող ամենամյա Ֆեստա Ջունինա տոնակատարությանը:

«Ես մի մեծ ամբոխի կենտրոնում էի ու լավ ժամանակ էի անցկացնում, երբ լսեցի, թե հաղորդավարն ինչպես էր ինձ ամբոխից դուրս հրավիրում»,- ասում է նա: «Այդ ժամանակ ես տեսա հայրիկիս»:

Նրա ծնողները խիստ անհանգստացած էին, բայց Գուստավոյին հանդիմանելու փոխարեն Ուլիսեսը ամուր գրկեց նրան:

«Մենք լուրջ խոսակցություն ունեցանք իմ անհետանալու մասին, բայց ծնողներս ինձ հարգանքով վերաբերվեցին»,- հիշում է Գուստավոն: «Ես պաշտպանված էի զգում և գիտեի, որ ծնողներս իսկապես սիրում են ինձ»:

Ուլիսեսը նվիրված է իր ընտանիքին: Չնայած աշխատանքի ու ուղևորությունների զբաղված ժամանակացույցին, նա ժամանակ է ստեղծում իր զավակների հետ հարաբերությունների կառուցման համար:

Նկար
Soares family photo

Երբ Երեց Սոարեսը հաստատվեց Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 2018թ. մարտի 31-ին, հավանաբար, ոչ ոք այնքան զարմացած չէր, որքան Գուստավոն և իր երկու քույրերը՝ Լետիցիա Կարավելլոն ու Նատալիա Սոարես Ավիլան: Բայց եթե սերը, ծանր աշխատանքն ու համեստությունը որակում են մարդուն առաքյալի կոչման համար, ասում են նրանք, ապա կարող են հասկանալ, թե Տերն ինչու կանչեց իրենց հորը:

«Երբ Հիսուսը կանչում էր Իր Առաքյալներին, նա չընտրեց բանիմաց փարիսեցիներին, Նա ընտրեց ձկնորսներին»,- ասում է Լետիցիան: «Իմ հայրն ու մայրն այդպիսին են: Նրանք լիովին վստահում են Տիրոջը, և Նա օգտագործում է նրանց Իր աշխատանքը կատարելու համար, քանի որ Նա գիտե, որ ծնողներս անձնատուր, պատրաստակամ ու ջանասիրաբար աշխատում են և խոնարհաբար են ընդունում ուղղումը»:

Նրանց հոր «մեծ սիրտը» կօգնի նրան, մինչ նա առաջ է գնում որպես Փրկիչի հատուկ վկաներից մեկը, ավելացնում է Նատալիան: «Դրա համար նա ունի համապատասխան սիրտ»,- ասում է նա: «Նա զգում է երկնային ազդեցությունը, և սիրում է բոլորին ու ցանկանում է անել այն, ինչը ճիշտ է»:

«Ամեն բան լավ կլինի»:

Երբ Երեց Սոարեսը ծառայում էր որպես Պորտուգալիա Պորտո Միսիայի նախագահ 2000–2003թթ., նա հայտնի դարձավ հետևյալ պորտուգալերեն արտահայտության համար՝ «Tudo vai dar certo», որը հայերեն նշանակում է՝ «Ամեն բան լավ կլինի»:

«Նա ուսուցանել է դա մեզ»,- հիշում է Թայ Բեննետը՝ նրա միսիոներներից մեկը: «Նա իր կյանքն ապրում է հավատով ու լավատեսությամբ առ այն, որ եթե մենք անենք այն, ինչ Տերն է ցանկանում, ամեն բան լավ կլինի»:

Նա նաև ուսուցանել է իր միսիոներներն չօգտագործել դժվար կամ անհնարին բառերը, ասում է նրա մեկ այլ միսիոներ Ռիչարդ Շիլդզը: «Մենք այդպիսի գործերին վերաբերվում էինք որպես «մարտահրավերների»: Այդ խորհուրդը ձևավորեց իմ կյանքը, երբ ես գործերը դիտարկում էի որպես «մարտահրավերներ», որոնք պետք է հաղթահարել, ոչ թե վերաբերվել որպես «դժվար» կամ «անհնարին»:

Այդպիսի հավատքն ու լավատեսությունը չի եկել հեշտ կյանքից: Երեց և Քույր Սոարեսները լավ գիտեն, թե ինչ է զրկանքից բխող հիասթափությունը, աշխատանքի և ուսման երկար օրերի հոգնածությունը, հիվանդության դժվարությունները, անհաջողությունները, մահացած երեխայի ծնունդը, և քույրերի, եղբայրների ու ծնողների մահը:

Բայց կյանքի ընթացքում նրանք իրենց հավատքն արտահայտել են Երեց Սոարեսի սիրելի սուրբ գրության մեջ. «Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին»:4

«Դժվարությունները մեր առաջընթացի մասն են»,- ասում է Երեց Սոարեսը: «Բայց երբ մենք համբերատար ենք տառապանքի մեջ, երբ մենք գոյատևում ենք կյանքի դժվարությունների մեջ, երբ մենք հավատարիմ ենք մնում, Տերը բարձր է դա գնահատում և օրհնում է մեզ Իր խոստացած օրհնություններով»:

Իսկ երբ մենք ամուր կառչում ենք երկաթյա ձողից, հավելում է նա, Տերը մեզ մենակ չի թողնի:

«Երբ մենք հետևողականորեն ամուր կառչում ենք երկաթյա ձողից, ավետարանից, սուրբ գրություններից և Հիսուս Քրիստոսից, կարողանում ենք հաղթահարել կյանքի փորձությունները»,- վկայում է Երեց Սոարեսը: «Եթե մենք ծնկի իջած աղոթում ենք, Նա մեզ հետ կլինի և կառաջնորդի մեզ: Նա կոգեշնչի մեզ և մենք կիմանանք, թե ուր գնանք և ինչ անենք: Երբ մենք հնազանդ ենք ու խոնարհ, Տերը պատասխանում մեր աղոթքներին»։

Նվիրյալ Առաքյալը

Ուլիսես Սոարեսը կարողունակ և պատրաստված մարդ է: Նրա կրթությունը, ներառյալ` բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչումը, պատրաստել էին նրան որպես հաշվապահ և աուդիտոր Բրազիլիայի բազմազգ կորպորացիաներում աշխատելու համար: Այս փորձառությունը պատրաստեց նրան Եկեղեցու ֆինանսական բաժնում աշխատելու համար, որն էլ իր հերթին պատրաստեց նրան 31 տարեկանում դառնալու Եկեղեցու աշխարհիկ գործերի ամենաերիտասարդ տնօրեններից մեկը: Այդ պատրաստվածությունը լավ հիմք հանդիսացավ, որ նա ծառայի որպես միսիայի նախագահ և որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական 2005թ. ապրիլի 2-ից:

Նախքան 2013թ.-ի հունվարի 6-ին Յոթանասունի Նախագահություն կանչվելը, Երեց Սոարեսը ծառայել է որպես Բրազիլիա Տարածաշրջանի Նախագահության խորհրդական, ապա նախագահ, և որպես խորհրդական՝ Աֆրիկայի Հարավարևելյան Տարածաշրջանում: Այնտեղ նա ծառայում էր որպես Երեց Դեյլ Գ. Ռենլանդի խորհրդական, ապա որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական: Երեց Ռենլանդը, ով հիմա Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ է, գնահատում է միասին անցկացրած ժամանակը:

«Երեց Սոարեսը Հիսուս Քրիստոսի եռանդուն, նվիրյալ առաքյալն է»,- ասում է Երեց Ռենլանդը: «Ես չեմ ճանաչում մեկ այլ մարդու, ով ավելի ուժեղ է զգում իրեն, քան նա՝ Տիրոջ գործը կատարելիս: Եթե նրան խնդրում են ինչ-որ բան անել, նա կատարում է այդ գործը իր ողջ զորությամբ»:

Նկար
Elder Soares with Saints around the world

Լինի դա Պերուի Սրբերի հետ (ձախից), Գանայում (ներքևում), թե այլ երկրներում, որտեղ նա ծառայել է ու սպասավորել, Երեց Սոարեսը «հեշտությամբ է սիրում մարդկանց»,- ասում է Երեց Կլաուդիո Ռ. Մ. Կոստան:

Նա ասաց, որ Երեց Սոարեսը արագ «սիրահարվեց» Աֆրիկայի Սրբերին: Տարածաշրջանում նրա առաջին հանձնարարություններից մեկն էր նախագահել ցցի համաժողովին Կանանգայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։ «Երբ նա վերադարձավ, շարունակ խոսում էր իրեն հանդիպած մարդկանց բարության և նվիրվածության մասին»,- ասում է Երեց Ռենլանդը:

Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնը, ով հինգ ու կես տարի Երեց Սոարեսի հետ ծառայել է Յոթանասունի Նախագահությունում, նրան անվանում է համերաշխության երաշխավոր: Նա լսում և կշռադատում է իր մտքերը: Ժողովների ժամանակ նա շատ ուշադիր է վարում, այնպես, որ մեր ձայներից ձևավորվում էր ավելի շուտ երգչախումբ, քան թե մրցակցող մենակատարներ»:

Երեց Սոարեսը համեստությամբ է խոսում պորտուգալերենով, իսպաներենով, անգլերենով ու ֆրանսերենով իր հաղորդակցման ունակության մասին: Բայց այդ պարգևը, որը մշտական ուշադրություն է պահանջում, օրհնություն է Եկեղեցու համար, ասում է Երեց Քլեյթոնը: Երեց Սոարեսը Եկեղեցու անդամների մեծամասնության հետ կարող է խոսել նրանց մայրենի լեզվով:

«Ուլիսեսը առաջնորդ էր դեռևս վաղ տարիքից»,- նկատում է Երեց Կլաուդիո Կոստան՝ նրա քենակալը: «Նա շատ խելացի է և ունակ, միշտ ունի իր պարտականությունը լավագույնս կատարելու զգացումը: Նա հեշտությամբ է սիրում իրեն շրջապատող մարդկանց: Նա ունի Փրկիչի ճշմարիտ հետևորդի սիրտ և իսկական վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է: Ես սիրում եմ նրան և երախտապարտ եմ, որ հաստատում եմ նրան որպես Տիրոջ Առաքյալ»։

Իսկ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, ելույթ ունենալով Տասներկու Առաքյալների Քվորումի առջև, հավելեց. «Երեց Սոարեսը Փրկիչի մաքուր, հասարակ և անմեղ աշակերտն է: Իր լուսավոր հայացքի, իր ջերմ ժպիտի և հաճելի վարվելակերպի միջոցով բազմաթիվ անհատներ և ընտանիքներ ոգեշնչվել են, ոգեշնչվում են և կոգեշնչվեն՝ ավելի մեծ ցանկությամբ հետևելու Փրկիչին և ապրելու Նրա ավետարանի պատվիրաններով:

Նկար
Elder Soares with grandchildren and wife

Լուսանկար կնոջ՝ Ռոզանայի հետ, Սոլթ Լեյք Տաճարի դիմաց, նկարը Քրիստիան Մրֆիի, Deseret News

Մեր տնտեսության մեջ Տերն ասաց Էդվարդ Պատրիջին. «Նրա սիրտը մաքուր է իմ առաջ, քանզի նա նման է հին Նաթանայելին, որի մեջ չկա նենգություն»:5 Հայրում Սմիթի մասին Տերն ասել է. «Ես՝ Տերս, սիրում եմ նրան իր սրտի շիտակության համար, և որովհետև նա սիրում է այն, ինչը ճիշտ է իմ առաջ»:6

Ուլիսես Սոարեսի մասին Տերը կասեր նույն բանը:

Տպել