2018
«Սիրել միմյանց և ծառայել մեկմեկու»
Հոկտեմբեր 2018


Տեղական Վերջին Օրերի Սրբերի ձայները

«Սիրել միմյանց և ծառայել մեկմեկու»

Հիսուս Քրիստոսն իր երկրային կյանքի մայրամուտին և ծառայության ավարտին աշակերտներին տված Իր վերջին հանձնարարությունը ամփոփեց մի հիմնական պատվիրանով, ասելով. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։  Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։ Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս: Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը» (Մատթեոս 22.37-40): Իմ կարծիքով, սրանք շատ կարևոր ուսմունքներ են, որոնց մենք պետք է հետևենք մեր առօրյա կյանքում, որպեսզի ավելի մոտենանք մեր Փրկիչին:

Սերը Ծառայություն է

Ըստ էության, սերը մի զգացում է, որի չափման միավորը մեզ դեռ հայտնի չէ․ այն մենք չենք կարող հանձնարարել, հրահանգել, պատվիրակել սպասավորող զույգերին, երեցների քվորումին կամ Սփոփող Միությանը, որպեսզի նրանք վերցնեն և կյանքի կոչեն կամ փոխանցեն այն ուրիշներին։ Ապա, ինչպե՞ս ենք մենք արտահայտում մեր սերը։ Ինչպե՞ս ենք մենք ապացուցում մեր սերը։ Իմ կարծիքով, այս պահին ձեր ներքին ձայնը հուշում է ձեզ այդ հարցերի պատասխանը և, դա իհարկե, մեր գործերն են։ Իսկ այդ գործերը մենք իրականացնում ենք մեր մերձավորներին ծառայելու արդյունքում։ Այսպիսով, ակնհայտ է, որ ծառայությունը սիրո արտաքին դրսևորումն է։

Ինչո՞ւ է ծառայությունը կարևոր։

Նախագահ Մարիոն Ռոմնին իր մեկնաբանության մեջ հստակ ընդգծել է ծառայության կարևորության հիմնական չափանիշները։

Նա ասել է՝ «Ծառայությունն այն մանրաթելն է, որի միջոցով ստեղծված է վեհացված կյանքը սելեստիալ արքայությունում։ Իմանալով, որ ծառայությունն է մեր Երկնային Հորը գոհացնում և իմանալով, որ մենք ցանկանում ենք գտնվել այն վայրում, որտեղ Նա է և լինել այն Էակը, որը Նա է, ապա մեզ ինչո՞ւ պետք է պատվիրան տրվի ծառայելու։ Մի փառահեղ օր մեր սրտերի մաքրության պատճառով այդ ամենը կգա բնականոն ձևով։ Այդ օրը պատվիրանի կարիք չի լինի, քանի որ մենք ինքներս կհամոզվեք, որ իսկապես երջանիկ ենք, երբ ներգրավված ենք անշահախնդիր ծառայության մեջ» (Ensign, May 1976):

Որո՞նք են ծառայության սկզբունքները։

Նախագահ Ռոմնիի խոսքերը և իմ անձնական ուսումնասիրություններն ու փորձը կարևորում են չորս հիմնական սկզբունքներ, որոնք առնչվում են ծառայությանը։

Ուրախություն ծառայությունից։ Միանշանակ, ծառայությունը աստվածային սկզբունք է։ Նախագահ Ռոմնին նշում է, որ սելեստիալ արքայությունում կյանքը ստեղծված է ծառայության միջոցով։ Նա նաև ընդգծում է, որ անշահախնդիր ծառայությունը երջանկություն, ուրախություն է բերում և մարդուն շնորհում է ինքնապահովման ազատություն։ Այսպիսով, մարդկանց օգնելու իրավունքը (աստվածային սկզբունք) և հնարավորությունը (ինքնապահովման ազատությունը) հիրավի շնորհում է այն բավարարվածությունը, որին հետևում է անկեղծ ուրախությունը։ Այդ ճշմարտության մեջ համոզվել եմ իմ միսիայի տարիներին։ Միսիոներական կյանքի հոգևոր և ֆիզիկական հագեցած օրվա ավարտին զուգընկերոջս հետ տուն վերադառնալուց հետո ես մի այնպիսի մեծ բավարարվածություն ու երջանկություն էի զգում, որը երկար տարիներ անց դեռևս ջերմացնում է իմ հոգին։

Մեր Եկեղեցու ծառայության ավանդույթները ծառայելու բազմաթիվ հնարավորություններ են տալիս: Գալով այս Երկիր, Երկնային Հոր զավակները չեն կորցրել իրենց աստվածային բնույթը։ Օրհնվելով աշխարհիկ ու հոգևոր պարգևներով, մենք պարտավորություն ունենք միմյանց հանդեպ և կարիքի դեպքում պետք է օգնենք իրար։ Այդ սկզբունքի մեծ օրինակ է հանդիսանում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու լայնածավալ ու հրաշալի ծառայության ավանդույթը։ Մենք տեղյակ ենք, որ մեր եկեղեցու հոգևորականությունը և ղեկավարները ծառայում են անվճար, գիտենք, որ հազարավոր Վերջին Օրերի Սրբեր իրենց անշահախնդիր ծառայությունն են մատուցել և մատուցում են աշխարհով մեկ բնական աղետներից տուժած համայնքներին և իրենց կյանքի հազարավոր ժամեր զոհաբերել են իրենց քույրերին ու եղբայրներին օգնելու համար, և իհարկե, զոհաբերել են իրենց նյութական միջոցներից, որպեսզի թեթևացնեն աղքատի ու կարիքավորի բեռը Եկեղեցու հումանիտար օգնության ծառայության միջոցով։

Նոր տեխնոլոգիաները քարոզելու և ծառայելու նոր եղանակներ են ընձեռում: Նախքան Եկեղեցուն միանալը, ավետարանով ապրելը ու հակադրության օրենքի մասին իմանալը, ես մի ներքին օրենք ունեի, որն անվանում էի հավասարակշռության օրենք։ Ըստ այդ օրենքի և իմ համոզմունքի, երկրի վրա ապրող բոլոր մարդկանց տրված է հավասար։ Օրինակ, եթե մեկը խելացի է, ուրեմն պարտադիր չէ, որ նա լավ վազել իմանա և հակառակը։ Եթե մարդը ուժեղ է լեզուներից, ուրեմն, պարտադիր չէ որ նա ուժեղ լինի մաթեմատիկայից։ Եվ այդպես շարունակ կյանքի բոլոր ոլորտներում կիրառելի է այդ սկզբունքը։ Այսպիսով, եթե որևէ մեկը կամ որևէ երևույթ առավելություն ունի ինչ-որ ոլորտում, ապա մեկ ուրիշ ոլորտում նա կաղում է։ Այդ նույնն այսօր կիրառելի է նորագույն տեխնոլոգիաների դեպքում։ Անժխտելի փաստ է, որ նորագույն տեխնոլոգիաները մեզանից խլել են մեր ընտանիքների ու մերձավորների հետ դեմ առ դեմ շփվելու անձնական և մտերմիկ հարաբերությունները, բայց դրա փոխարեն մեր առջև բացել են անսահման հնարավորություններով աշխարհի դռները։ Դրանց օրինակները բազմաթիվ են՝ բանկային և առևտրային վճարումների դյուրացում, վարչարարության և ժամանակի կրճատում և այլն։ Բայց կա նորագույն տեխնոլոգիաների մի առավելություն, որը մենք կարող ենք օգտագործել Աստծո աշխատանքը կատարելիս։ Տեխնոլոգիաների միջոցով մենք կարող ենք կապ հաստատել աշխարհի տարբեր կողմերում ապրող մարդկանց հետ և քարոզել ավետարանը բոլորին։ Համացանցը ստեղծվել է 1983 թվականին և այն ստեղծվել է մեր տնտեսության համար, մեր երիտասարդների համար, և մենք կարող ենք այդ գործիքն օգտագործել Նրա աշխատանքում, ով ներշնչել է դրա ստեղծումը, և որի հնարավորությունը մեզանից առաջ ապրողները չեն ունեցել։

«Մենք չպետք է ձանձրանանք բարիք գործելուց»։ Այնքան ժամանակ, որքան մենք կքայլենք այս երկրի վրա բարիք գործելով, Հիսուս Քրիստոսը կքայլի երկրի վրա՝ մեր փոխարեն բարիք գործելով։ Այնքան ժամանակ, որքան մենք բարիք կգործենք մեր մերձավորների համար, այդ ծառայությունը մենք կմատուցենք Հիսուս Քրիստոսին, քանի որ դատաստանի օրը Նա ասել է իր աջ կողմում կանգնած մարդկանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25։40):

Աղոթում եմ, որ մենք բոլորս արժանանանք Տիրոջ այդ մեծ օրհնությանը՝ կանգնելու Նրա աջ կողմում և ժառանգելու Նրա թագավորությունը։ Եվ աղոթում եմ, որ բոլորս հնարավորություններ փնտրենք զգալու այն նույն ուրախությունը, որի մասին խոսեց Նախագահ Ռոմնին, այն նույն ուրախությունը, որը ես զգացել եմ իմ միսիայի ծառայության ժամանակ, և որը զգացել են բազմաթիվ մարդիկ իրենց ծառայության ժամանակ։