Տարածաշրջանի Նախագահության ուղերձը
Գերագույն համաժողովը՝ որպես հոգևոր ուժի աղբյուր
Գերագույն համաժողովի նպատակներից մեկն է՝ աջակցել յուրաքանչյուր պատրաստակամ անհատի հասնել ներքին հոգևոր փոփոխության, որը թույլ կտա նրան ավելի մոտենալ Փրկիչին և ավելի լավ լսել Նրա ձայնը առօրյա կյանքում:
Գերագույն համաժողովի ընթացքում, Աստծո կամքը սովորելու ճշմարիտ մտադրությամբ լսելով, յուրաքանչյուր մարդ կկարողանա՝ 1) տեսնել և զգալ, թե որքան է իր կյանքը համապատասխանում Աստծո օրինակին, (2) առաջնորդում ստանալ վերևից՝ կապված ցանկացած անձնական խնդրի հետ և (3) սկսել աշխատել բարելավման պահանջների վրա:
Գոյություն ունեն մի քանի կարևոր բաղադրիչներ, որոնք կարող են օգնել մեզ առավելագույնի հասցնել մեր հոգևոր փորձառությունը, երբ գերագույն համաժողովի ընթացքում տարբեր ելույթներ ենք լսում.
-
Ի՞նչ ենք մենք անում: Ինչպե՞ս ենք պատրաստվում: Ինչի՞ վրա ենք կենտրոնանում գերագույն համաժողովին ՆԱԽՈՐԴՈՂ մի քանի շաբաթների ընթացքում:
-
Ի՞նչ ենք մենք անում և ինչպե՞ս ենք կազմակերպվում գերագույն համաժողովը դիտելու ԸՆԹԱՑՔՈՒՄ:
-
Ի՞նչ պետք է անենք գերագույն համաժողովի ավարտից ՀԵՏՈ՝ հիմնվելով մեր գիտելիքների, զգացմունքների, մտքերի և մեր հարցերի պատասխանների վրա:
Ժամանակի մի ինչ-որ պահի՝ Երեց Այրինգի ԲՅՀ-Այդահո այցին նախապատրաստվելիս, Երեց Բեդնարը՝ այն ժամանակ համալսարանի նախագահը, իր ուսանողներին ասաց հետևյալ խոսքերը. «Դուք եք որոշում, թե ինչ կասի Տիրոջ Առաքյալը»: Նա ուսուցանեց, որ նրանց վերաբերմունքը, պատրաստվածությունը, վարվելակերպը և արտաքին տեսքը իրականում որոշելու էին, թե Տիրոջ Առաքյալն ինչ կասեր նրանց հոգևոր հավաքի ժամանակ: Եվ այդպես էլ եղավ: Երեց Այրինգը հուզվեց, երբ տեսավ, որ ավելի քան 12000 հանդիսատես ունի, ովքեր պատրաստ էին լսել վերևից ուղարկված իր ուղերձն ու առաջնորդությունը:
Այսպիսով, ի՞նչ կարող ենք անել գերագույն համաժողովից ԱՌԱՋ:
-
Մենք կարող ենք երկրորդ անգամ կարդալ կամ դիտել և, հնարավոր է, լսել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների բոլոր ելույթները նախորդ գերագույն համաժողովից՝ ստեղծելով այն մթնոլորտն ու զգացմունքները, որոնք անհրաժեշտ են գալիք գերագույն համաժողովին ոգեշնչում ստանալու համար: Դրանից առավելագույնս օգուտ քաղելու համար անհրաժեշտ է երեք շաբաթ ամեն օր 20-25 րոպե հատկացնել այս գործին և ընկղմվել մարգարեների խոսքերի մեջ, որոնցով նրանք արդեն դիմել են մեզ:
-
Մենք կարող ենք ամեն օր աղոթել բոլոր նրանց համար, ովքեր պատրաստում են իրենց ուղերձները գերագույն համաժողովին, և ովքեր աղոթքով ընկղմվում են մտորումների մեջ, թե ինչ և ինչպես դա մեզ հասցնել: Մեր ամենօրյա աղոթքը այս եղբայրների և քույրերի համար, նույնիսկ եթե մենք չենք ճանաչում բոլոր ապագա խոսնակներին, մեծ օգնություն և աջակցություն կլինի նրանց համար: Իսկ մեզ համար դա մի հրաշալի պատրաստություն կլինի համաժողովին:
Ի՞նչ ենք մենք անում և ինչպե՞ս ենք կազմակերպվում գերագույն համաժողովը դիտելու ԸՆԹԱՑՔՈՒՄ:
-
Եթե մենք ունենք մեզ հետաքրքրող որևէ կարևոր հարց, ապա գրելով այն և գերագույն համաժողովի ընթացքում անդրադառնալով դրան, մենք կարող ենք պատասխան ստանալ՝ լսելով Հոգու հուշումները ելույթների ընթացքում:
-
Մենք պետք է հարմարավետ նստած լինենք, բայց միաժամանակ ոչ այնքան հարմարավետ, որ քնենք, և այդ ժամանակ կարողանանք կենտրոնանալ ուղերձի, խոսքերի, զգացմունքների և մտքերի վրա, որոնք կայցելեն մեր միտքն ու սրտերը:
-
Մենք գրի ենք առնում այն, ինչ գալիս է մեզ Հոգու միջոցով, որպեսզի հետագայում կարողանանք վերադառնալ և խորհել այդ հուշումների շուրջ:
Ի՞նչ պետք է անենք գերագույն համաժողովի ավարտից ՀԵՏՈ՝ հիմնվելով մեր գիտելիքների, զգացմունքների, մտքերի և մեր հարցերի պատասխանների վրա:
-
Մենք պետք է մի քանի օրվա ընթացքում վերանայենք գերագույն համաժողովի բոլոր ելույթները, որոնք մատչելի են մեր լեզվով:
-
Աղոթքով խորհելով և կարդալով համաժողովի ընթացքում կատարած մեր անձնական գրառումները, կորոշենք, թե մենք ինչ ենք անում, ինչի վրա ենք աշխատում և ինչին ենք ուշադրություն դարձնում:
-
Մեզ անհրաժեշտ է գործողությունների անձնական ծրագիր: Դրան հետևելով՝ մենք կարող ենք Սուրբ Հոգուն հրավիրել մեր մեջ կատարելու այն կարևոր հոգևոր փոփոխությունները, որոնց համար մենք մասնակցել ենք գերագույն համաժողովին:
Մեզանից յուրաքանչյուրը կկարողանա գերագույն համաժողովը օգտակար և հաջողված անվանել միայն այն դեպքում, եթե այն նկատելի հետք թողնի մեր սրտում և մտքում, և եթե այն օգնի մեզ ավելի մոտենալ Փրկիչին և ավելի լավ լսել Նրա ձայնը: