Ականջալուր լինելով իմաստուն ղեկավարների ուսմունքներին՝ ես երջանիկ կլինեմ
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գերագույն համաժողովը հատուկ առիթ է, երբ մարգարեն, առաքյալները և մեր Եկեղեցու այլ ղեկավարները մեզ հետ կիսվում են Սուրբ Հոգու կամ հայտնություն ստանալու այլ միջոցներով ստացված Աստծո հատուկ ուղերձներով, առաջնորդությունով կամ նախազգուշացումներով:
Գերագույն համաժողովից առավելագույն օգուտ քաղելու և անձնական հոգևոր օրհնություններ ու հայտնություններ ստանալու համար դուք պետք է լավ պատրաստվեք: Երբ մեր ղեկավարներն աղոթում և խորհում են՝ ոգեշնչում ստանալու համար, թե ինչի մասին պետք է խոսեն, մենք պետք է աղոթենք, խորհենք և անձնական հարցեր տանք, որպեսզի ստանանք հոգևոր խրատներ, հայտնություն և զգանք Սուրբ Հոգու հատուկ ազդեցությունը մեր կյանքում:
Գերագույն համաժողովից առաջ ես կազմում եմ անձնական հարցերի ցուցակ, խորհում և աղոթում եմ, որպեսզի համաժողովի ընթացքում պատասխաններ ստանամ: Ես վկայում եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կարող են տրվել ոչ միայն ձեր հարցերի պատասխանները, այլև գործելու հոգևոր սփոփանք և ոգեշնչում: Դեռ ավելին: Ձեզ կարող է տրվել նույնիսկ մի ամբողջ ռազմավարություն՝ ձեր հոգևոր և ֆիզիկական առողջությունն ամրապնդելու համար:
Երբ դիտում եք գերագույն համաժողովը, խորհուրդ եմ տալիս ձեռքի տակ պահել տետր և գրիչ՝ գրի առնելու ձեր մտքերը, որոնք ներշնչվել են խոսնակների կողմից, ինչպես նաև ձեզ ուրախացնող ու ոգեշնչող մեջբերումները:
Յուրաքանչյուր նիստը դիտելուց հետո պետք է մտածեք, թե ինչն է ձեզ դուր եկել, ինչն է ձեզ ոգեշնչել, ինչ պատասխաններ եք ստացել, ապա կազմեք նոր նպատակների ցուցակ, որոնց ուղղությամբ այժմ աշխատելու եք:
Երբեմն ես վերանայում եմ կամ վերընթերցում եմ ելույթները՝ հոգևորապես ամրապնդվելու համար: Մարգարեի և առաքյալների խոսքերը նոր սուրբ գրություններ են դառնում ինձ համար: Կարդալով դրանք տարբեր ժամանակներում՝ դուք կարող եք կրկին ստանալ հայտնություններ, աջակցություն և պատասխաններ ձեր հարցերին:
Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Հիսուս Քրիստոսը կանգնած է և առաջնորդում է իր ընտրած մարգարեի՝ Ռասսել Մ. Նելսոնի միջոցով: Մարգարե Ջոզեֆ Սմիթը դարձավ գործիք Աստծո ձեռքում, որի միջոցով վերականգնվեց ավետարանի ողջ լրիվությունը և քահանայության բանալիները: Ես գիտեմ, որ գերագույն համաժողովի ընթացքում, հետևելով այս իմաստուն ղեկավարների ոգեշնչված ուսմունքներին, լրջորեն պատրաստվելով, պատասխանատու կերպով լսելով նրանց խոսքերը և կիրառելով դրանք իմ կյանքում, ես երջանիկ կլինեմ: Դա կօգնի ինձ ամրապնդել իմ վկայությունը, հոգևորապես աճել և առաջ շարժվել, երբ մասնակցեմ երկրի վրա Աստծո արքայության կառուցման գործին:
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: