2021
Համաժողովին նախապատրաստվելիս
Մարտ 2021


Համաժողովին նախապատրաստվելիս

Երբ խորհում էի գերագույն համաժողովի մասին, ես ուսումնասիրեցի դրա պատմությունը:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին գերագույն համաժողովը տեղի ունեցավ Եկեղեցու վերականգնումից 2 ամիս անց՝ Նյու Յորքի Ֆայեթ քաղաքում: Համաժողովին մասնակցում էր 30 անդամ և մի քանի հյուր: Դրանից հետո շատ բան է փոխվել: Ներկայումս համաժողովի դահլիճում կա 21000 տեղ: Բացի այդ, նիստերի դահլիճը միակ վայրը չէ, ուր գալիս ենք դիտելու համաժողովը: Մենք կարող ենք դիտել դրա ուղիղ կամ ձայնագրված հեռարձակումը: Գերագույն համաժողովում արտասանված բառերը այժմ լսում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում:

Կարդալով գերագույն համաժողովի պատմությունը՝ իմ մեջ հետաքրքրություն առաջացավ: Ե՞րբ է տեղի ունեցել առաջին գերագույն համաժողովը: Այս աշխարհի ստեղծումից առաջ մենք հրավիրված էինք մի ժողովի, որտեղ իմացանք, որ կատարելագործվելու համար մեզ հարկավոր է մարմիններ ձեռք բերել և ապրել երկրի վրա գտնվող մեր ժամանակավոր տանը: Մենք պետք է սովորեինք գործադրել մեր ազատ կամքը և սովորեինք ընտրել բարու և չարի միջև: Մենք իմացանք, որ սխալներ կգործենք և մեղք կգործենք, և որ մեզ Փրկիչ է հարկավոր:

Հետագայում Աստված անձամբ խոսեց մեր առաջին ծնողների՝ Ադամի ու Եվայի հետ:

Նա խոսեց նրանց հետ Եդեմի պարտեզում, որից հետո նրանք դրախտից վտարվեցին անկման պատճառով:

Մեր առաջին ժողովը նման էր գերագույն համաժողովի, իսկ մյուս դեպքերը, երբ մարգարեները տեսնում էին Աստծուն, նման էին անձնական հաղորդակցության: Մարգարեները, ստանալով Աստծո խոսքը, փոխանցում էին ժողովրդին՝ ելույթ ունենալով քաղաքի հրապարակներում, տաճարներում և այլուր:

Իսրայելի ժողովրդի հավաքը Սինայ լեռան մոտ ինձ նույնպես հիշեցնում է գերագույն համաժողովը: Այս պատմությունն ինձ սովորեցնում է, թե որքան կարևոր է լինել համբերատար և ստանալ Տիրոջ խոսքը:
Ապա Տերն ուսուցանեց Իր ժողովրդին. «Եւ հիմա եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կլինիք ամեն ազգերիցը» (Ելից 19.5): Դա իսկապես զարմանալի խոստում է: Որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է լսենք Աստծո ձայնը և պահենք Նրա պատվիրանները:

Մորմոնի Գրքում նկարագրված մեկ այլ հատուկ ժողով տեղի ունեցավ Բենիամին թագավորի օրոք՝ Քրիստոսի ծնունդից մոտ 124 տարի առաջ: Բենիամին թագավորն ինքն իր ժողովրդին կանչեց այս հավաքին, որ լսեն իր ասելիքը. «Եվ նաև, որպեսզի նրանք գոհություն հայտնեին Տիրոջը՝ իրենց Աստծուն» (Մոսիա 2.4): Նա խնդրեց բոլորին, որ չխորշեն իր խոսքերից, լսեն Իրեն և բացեն իրենց ականջները՝ լսելու, իրենց սրտերը՝ հասկանալու, և իրենց մտքերը, որպեսզի «Աստծո խորհուրդները բացվեն [նրանց] ըմբռման համար» (Մոսիա 2․9)։

Երբ ժողովուրդը գալիս էր այդպիսի հավաքների, նրանք զոհաբերություն էին մատուցում Տիրոջը: Ինչպե՞ս կարող ենք մեր ժամանակներում պատրաստվել գերագույն համաժողովին, և ի՞նչ զոհաբերություն կարող ենք մատուցել Տիրոջը: Ինչի՞ց պետք է հրաժարվենք, որպեսզի լսենք Տիրոջ խոսքը, որը կօրհնի մեր կյանքը:

Մենք ունենք հիանալի հնարավորություններ և միջոցներ, որոնք մեզ թույլ են տալիս լսել: Մենք ստիպված չենք գնալ Սինայ լեռը, մենք նույնիսկ ստիպված չենք վերցնել մեր ընտանիքներն ու ճամփորդել տաճար: Մենք կարող ենք մարգարեների խոսքերը լսել մեր սեփական տներում: Այնուամենայնիվ, մենք պետք է պատրաստ լինենք, խոնարհ և համբերատար լինենք, որպեսզի դառնանք «սեպհական ժողովուրդ [Իր] համար» և բացենք մեր միտքը:

Ինչպես Աստված օրհնեց Ադամին և Եվային՝ նրանց հետ խոսելով և անգնահատելի տեղեկատվություն ու առաջնորդություն տրամադրելով, Նա կարող է նաև մեզ օրհնել գերագույն համաժողովի միջոցով: Այս համաժողովների ընթացքում Եկեղեցու ղեկավարները խոսում և խորհուրդ են տալիս այն ամենի մասին, ինչ Տերն ուզում է, որ մենք լսենք: Լսելով այդ բառերը՝ մենք զգում ենք, որ ստանում ենք մեր հարցերի պատասխանները: Եթե դրանք գրի առնենք և կիրառենք, Տերը անձնական հայտնության միջոցով կհաստատի մեր լսած բառերի ճշմարտությունը և ընդունելի ու հասկանալի եղանակներով մեզ ցույց կտա, որ Ինքը ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին, հոգ է տանում մեր մասին, և մեզ առաջնորդում է մեր կյանքում:

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը միշտ կօրհնի մեզ, եթե մենք չանտեսենք Նրա խոսքերը, այլ ականջալուր լինենք այդ խոսքերին՝ լսելով Նրան և Նրա կողմից նշանակված ղեկավարներին: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո Եկեղեցին է երկրի վրա, և որ մարգարեները հաղորդում են Նրա խոսքերը, որոնք այսօր վերաբերում են մեզ:

Տպել