2021
Երբ գալիս է նախարարությունը
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Երբ գալիս է նախարարությունը

Ես շնորհակալ եմ, որ այսօր մեզ առաջարկվել է քննարկել այս թեման: Երբ խոսքը վերաբերում է ծառայությանը, ես հաճախ եմ դիմում Ալմայի խոսքերին և Պողոս առաքյալի ուսմունքներին, որպեսզի ինձ հիշեցնեմ այն, ինչ սուրբ գրություններն ուսուցանում են:

Ալման ժողովրդին ուսուցանեց հետևյալ խոսքերով. «Եվ արդ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն: Այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ» (Մոսիա 18.8-9): Եկեք ուշադրություն դարձնենք այս հատվածների հետևյալ բառերի վրա. «որ դուք կարող է լինեք …» և «որպեսզի դուք կարողանաք ունենալ …»: Ալման հիշեցնում է մարդկանց, որ հոգ տանելով միմյանց մասին, մենք հնարավորություն ենք տալիս, որ Փրկիչի Քավությունը լիարժեք ազդեցություն ունենա մեզ վրա և պատրաստվենք ստանալ հավերժական կյանք: Պողոս առաքյալը ուսուցանել է Բ Կորնթացիս 1.3-4-ում. «Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք»։ Սա մեզ համար կարևոր հիշեցում է այն մասին, որ մենք բոլորս աջակցության կարիք ունենք, և երբ աղոթում ենք, մենք ստանում ենք մխիթարություն, որը գալիս է Տիրոջից, որպեսզի «մենք կարող լինենք մխիթարել»:

Իր միսիոներական ծառայության մասին մի խումբ նախագահների հետ վերջերս ունեցած զրույցի ժամանակ երեց Ուխդորֆն ասել է. «Մարդկանց չի հետաքրքրում, թե որքան գիտես, մինչև չբացահայտեն, թե որքանով ես հոգ տանում իրենց մասին»: Սուրբ գրությունների վերաբերյալ մեր գիտելիքները և Փրկիչի իրականության մասին մեր վկայությունը միշտ պետք է արտացոլվեն մեր մերձավորների մասին հոգ տանելու քայլերում:

Երբ կարդում ենք Փրկիչի պատմությունը բարի սամարացու մասին, մենք հաճախ ենք մտածում սամարացու և վիրավոր մարդու հանդեպ նրա ցուցաբերած հոգածության մասին: Բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել պանդոկապանի վրա: Նրա մասին շատ քիչ բան է խոսվել, մենք միայն հասկանում ենք, որ նա և բարի սամարացին լավ ճանաչում և վստահում են միմյանց: Ինչպես գիտենք, բարի սամարացին Փրկիչի նախատիպն է, յուրաքանչյուրիս հանդեպ Նրա սիրո, հոգատարության և ուշադրության նախատիպը: Պանդոկապանը Եկեղեցու խորհրդանիշն ու նախատիպն է, որտեղ Փրկիչը բերում է վիրավոր հոգիներ, որոնք կյանքի ճանապարհին տուժել են մութ ուժերի հարձակումներից և մեղքի հետևանքներից: Նրանք հատուկ աջակցության և խնամքի կարիք ունեն մեզանից շատերի մասնակցությամբ, ովքեր Եկեղեցու նույն ծխում կամ ճյուղում են, որտեղ Տերը նրանց բերել է. «Եւ հետեւեալ օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տուաւ եւ ասեց նորան. Դորան հոգ տար, եւ ինչ որ աւելի ծախք անես, ես միւսանգամ ետ դառնալիս կ’վճարեմ քեզ» (Ղուկաս 10.35):

Փրկիչը շուտով կվերադառնա, և մենք պատրաստվում ենք Նրա փառահեղ վերադարձին: Մենք օրհնված ենք, որ կարող ենք միմյանց մասին հոգ տանել՝ դրանով իսկ թույլ տալով, որ Նրա Քավությունը աշխատի մեզ վրա, փոխակերպի մեզ և պատրաստի մեզ հավերժական կյանքին: Ես վկայություն ունեմ, որ Փրկիչը ուրախանում է, երբ մենք սիրով հոգ ենք տանում միմյանց մասին, երբ աղոթում ենք միմյանց համար և դիմում երկնքի զորություններին՝ աջակցելու և առաջնորդելու մեր ընտանիքները: Տերը մոտ է, և Նա սիրում է մեզ: Միմյանց ծառայելը մեզ իսկապես Քրիստոսանման է դարձնում: Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն:

Տպել