2021
Ծառայությունը արտոնություն է Երկնային Հոր կողմից
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Ծառայությունը արտոնություն է Երկնային Հոր կողմից

Ծառայությունը հավասարապես կարևոր է թե՛ նրանց համար, ում ծառայում են, և թե՛ նրանց համար, ովքեր ծառայում են: Երբ ուրիշներին ծառայելու համար ժամանակ ենք հատկացնում, մենք մոռանում ենք մեր սեփական խնդիրները և դառնում ենք շատ ավելի երջանիկ: Ավելին, մենք ավելի ենք մոտենում մեր Երկնային Հորը, երբ օգնում ենք Նրա զավակներին հաղթահարել կյանքի մարտահրավերները:

Ես իսկապես սիրում եմ սպասավորությունը, քանի որ ամեն անգամ ծառայելիս զգում եմ Սուրբ Հոգու ներկայությունը և Տիրոջ սերը: Կարծում եմ, որ սպասավորությունը շատ կարևոր դեր է խաղում երեխաների դաստիարակության գործում: Երեխաները, ովքեր մեծանում են Եկեղեցու արդար անդամների ընտանիքներում, որպես կանոն, դաստիարակվում են սիրո և Ավետարանի միջավայրում, և հաճախ տեսնում են կյանքի լավ կողմերը միայն՝ պաշտպանված լինելով այն խնդիրներից, որ սովորաբար պատճառում է մեղսավոր կյանքը: Սա հրաշալի է, և մենք բոլորս ենք ձգտում նման կյանքի: Իրականում, ես մեկ անգամ չէ, որ լսել եմ այդպիսի երեխաների ծնողներից, որ իրենց զավակները այնքան էլ չեն գնահատում ավետարանով ապրած այդ կյանքը և կարծում են, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ նրանք չգիտեն, թե ինչպիսին է կյանքն առանց ավետարանի: Կարծում եմ՝ սպասավորությունն է, որ կարող է հավասարակշռություն բերել այս խնդրին: Երբ երեխաները ծառայում են ուրիշներին, նրանք սկսում են գիտակցել, որ մարդիկ իրականում բախվում են այնպիսի խնդիրների, որոնց մասին իրենք նույնիսկ չեն էլ մտածել, և նրանք սկսում են արժևորել արդար կյանքը:

Ո՞ր տարիքից պետք է սկսեք ծառայել, և ի՞նչ կարող են անել երեխաներն ու դեռահասները ուրիշների համար: Երեխաների և երիտասարդների համար նախատեսված եկեղեցական ծրագրերը երեխաներին հնարավորություն են տալիս զարգանալ չորս բնագավառներում՝ հոգևոր, մտավոր, ֆիզիկական և սոցիալական: Գուցե ցանկանաք խորհրդակցել ձեր ճյուղի նախագահի կամ եպիսկոպոսի հետ՝ այս ծրագրերն ավելի լավ հասկանալու համար: Կարծում եմ՝ դուք պետք է սկսեք ծառայել որքան հնարավոր է շուտ, քանի որ այս չորս ոլորտներից յուրաքանչյուրում կան ծառայության հիանալի հնարավորություններ: Եկեք քննարկենք մի քանի յուրահատուկ գաղափարներ: Օրինակ՝ Սուրբ ծննդյան օրը իմ որդին՝ Արսենը (նա այդ ժամանակ 10 տարեկան էր), իմ օգնությամբ թխեց կոճապղպեղով թխվածքաբլիթներ և հյուրասիրեց իր դասընկերներին: Նրան այնքան դուր եկավ այդ միջոցառումը, որ մեկ տարի անց մենք կրկնեցինք այս փորձառությունը իմ երկու տարեկան դստեր՝ Լիզայի հետ, և հյուրասիրեցինք տեղի մանկատան երեխաներին:

Ուրիշ ի՞նչ կարող են անել երիտասարդները: Դեռահասը կարող է զանգահարել որևէ հիվանդ երեխայի և նրա համար հեքիաթ կարդալ կամ օգնել տնային առաջադրանքները կատարելիս, օրինակ՝ անգլերեն սովորել: Երեխան կարող է լվանալ սպասքը կամ մաքրել տարեց կնոջ տունը: Երեխան կարող է նաև զանգահարել տարեց մարդուն և խոսել նրա հետ, քանի որ դա այնքան կարևոր է միայնակ մարդկանց համար: Երբ մենք ապրում էինք Վլադիվոստոկում, ճյուղի նախագահը և նրա ընտանիքի անդամները այցելում էին Եկեղեցու անդամների տները և հիմներ երգում: Դա հիանալի ծառայություն էր, և նրանց երեխաները դեռ փոքր տարիքից սովորեցին բարիք գործել ուրիշների համար:

Ձեզանից յուրաքանչյուրին հրավիրում եմ մտածել սպասավորության այն նախագծերի մասին, որոնք կարող եք կատարել ձեր երեխաների հետ և վճռական քայլեր ձեռնարկեք: Ես գիտեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը սիրում է, երբ մենք սպասավորում ենք մյուսներին, և սա մեծ օրհնություն է բոլորիս համար:

Տպել