2022
Տեսնենք Աստծո երեսը մեր թշնամիների մեջ
Մարտ 2022 թ․


«Տեսնենք Աստծո երեսը մեր թշնամիների մեջ», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.։

Տեսնենք Աստծո երեսը մեր թշնամիների մեջ

Հակամարտությունը հաղթահարելու վերաբերյալ Ծննդոց գրքի այս դասերը կարող են օրինակ ծառայել մեր սեփական կյանքի համար:

Նկար
ձեռքերի երկու խումբ, որոնք խաղի ժամանակ պարան են ձգում

Նկարները՝ Դեյվիդ Գրինի

Որպես հակամարտության միջնորդ, ես շատ իմաստություն եմ քաղել այն մասին, թե հակամարտությունն ինչպես փոխակերպել հաշտության՝ հիմնվելով Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսի օրինակի և ուսմունքների վրա: Այնուամենայնիվ, Նոր Կտակարանը սուրբ գրությունների միակ գիրքը չէ, որն ինձ առաջնորդել է իմ կարիերայի ընթացքում: Հին Կտակարանը զարմանալի խորիմաստ գաղափարներ ունի, որոնք կարող են օգնել մեզ, երբ մենք գտնվում ենք կործանարար հակամարտության մեջ:

Ի՞նչ է կործանարար հակամարտությունը: Դա այն դեպքն է, երբ ուրիշների հետ խնդիրները համատեղ լուծելու մեր անկարողությունը հանգեցնում է նրան, որ վնասում ենք ուրիշներին կամ ինքներս մեզ:

Կործանարար հակամարտության հետ մեկտեղ, որպես դրա հետևանք, գալիս է ցավի սպասման վախը, երբ վախենում ենք, որ գուցե մեզ չսիրեն կամ չընկալեն այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք, որ մեզ տեսնեն, և այն վախը, որ չենք կարող մեզ հուզող խնդիրների լուծումները գտնել: Երբ մենք թույլ ենք տալիս, որ այդ վախը կառավարի մեզ, մենք այլևս չենք զգում, որ կարող ենք լուծել մեր առջև ծառացած խնդիրները և հաճախ ունենում ենք հուսահատության, ամոթի կամ անզորության զգացում:

Նման հակամարտությունը վտանգավոր է մարդկանց մեծամասնության համար, այդ իսկ պատճառով մենք օգտագործում ենք հակամարտության լուծման ոչ օգտակար ոճեր, ինչպիսիք են՝ խուսափումը, համաձայնությունը կամ մրցակցությունը, որպես հակամարտությունը հեռացնելու փորձի միջոց: Ցավոք, կործանարար հակամարտության դեպքում այդ լուծումներից ոչ մեկն իրապես չի աշխատում:

Այո, մենք պետք է խուսափենք հակառակությունից (տես 3 Նեփի 11.29): Բայց մենք երբեք չպետք է խուսափենք, հրաժարվենք կամ հարձակվենք այն մարդկանց վրա, ում հետ մենք հակամարտության մեջ ենք: Փոխարենը, մենք պետք է սովորենք, թե ինչպես սիրել այն մարդկանց, ում հետ հակամարտության մեջ ենք: Մեզանից պահանջվում է մեր թշնամիների հանդեպ կիրառել գթություն և Քրիստոսի մաքուր սերը (տես Մորոնի 7.47):

Հիսուսը ուսուցանել է, որ հեշտ է սիրել նրանց, ովքեր ձեզ սիրում են: Նա նաև ասել է. «Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին» (Մատթեոս 5.44): Փրկիչը խնդրում է մեզ սիրել այնպես, ինչպես Ինքն է սիրում և դառնալ կատարյալ, ինչպես Ինքն է (տես Հովհաննես 13.34, 3 Նեփի 12.48): Սա կարող է նշանակել, որ պատրաստ լինենք սիրել ուրիշներին, նույնիսկ, երբ այդպիսի սերը վտանգավոր է թվում: Մենք կարող ենք երկմտել, քանի որ, բնականաբար, խուսափում ենք վտանգից: Բայց որոշելով սիրել նրանց, ովքեր կարող են մեզ վիրավորել, թույլ է տալիս մեզ հաղթահարել վախը և լցվել գթությամբ:

Սիրո այս տեսակը անվախություն է պահանջում հակամարտության դեպքում: Այն մեզանից պահանջում է ազնվորեն և անկեղծորեն վերաբերվել այն մարդկանց, ում հետ մենք հակամարտության մեջ ենք, քանի որ սերը «երկայնամիտ է՝ քաղցր է իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում, Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ Սէրը երբէք չի վերջանալ» (Ա Կորնթացիս 13.4–5, 7–8). Գթությունը այսպիսի սեր է ցուցաբերում առանց երաշխիքի, որ հակամարտության մյուս կողմի մարդիկ նույնը կանեն:

Սերը թույլ է տալիս հստակ տեսնել, որ մեզ հետ հակամարտության մեջ գտնվող եղբայրների ու քույրերի կարիքներն ու ցանկությունները մեզ համար նույնքան կարևոր են, որքան մեր սեփականը, անկախ նրանից, թե նրանք մեզ ինչպես են տեսնում: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գտնենք լուծումներ, որոնք կհամապատասխանեն ինչպես նրանց, այնպես էլ մեր կարիքներին:

Հին Կտակարանի երկու պատմություն այս սիրո հիանալի օրինակ են:

Եսավն ու Հակոբը

Նկար
Եսավն ու Հակոբը հանդիպում են

Եսավն ու Հակոբը գրկախառնվում են, Ռոբերտ Թ․ Բարեթ

Ծննդոց 25 գլխում մենք հանդիպում ենք ընտանեկան հակամարտություն երկու եղբայրների միջև՝ Եսավի և Հակոբի, ովքեր Իսահակի որդիներն են: Եսավը իր ժառանգությունը վաճառեց Հակոբին մի ափսե շիկաթանի դիմաց (տես Ծննդոց 25.30–31): Հետագայում, հետևելով իր մոր խորհրդին, Հակոբը նմանակեց Եսավին՝ Իսահակի վերջնական օրհնությունը ստանալու համար (տես Ծննդոց 27.6–29):

Եսավը ատեց Հակոբին և երդվեց սպանել իր եղբորը: Հակոբը փախավ՝ իր քեռի Լաբանի մոտ ապրելու: (Տես Ծննդոց 27․41-45) Ի վերջո, Հակոբը խնդիրներ ունեցավ իր մորեղբոր հետ և ստիպված վերադարձավ տուն (տես Ծննդոց 31): Հակոբը գիտեր, որ դա նշանակում է առճակատվել Եսավի հետ, որն ավելի մեծ բանակ ուներ: Նա վախենում էր իր և իր ընտանիքի կյանքի համար (տես Ծննդոց 32.7–8):

Այն օրը, երբ նրանք պետք է հանդիպեին, Հակոբը ուղարկեց մեծ քանակությամբ այծեր, ուղտեր, կովեր, ոչխարներ և էշեր՝ որպես խաղաղության շռայլ նվիրատվություն: Այնուհետեւ նա յոթ անգամ խոնարհվեց, երբ մոտեցավ եղբորը: Եսավը արձագանքեց այնպիսի ձևով, ինչին Հակոբը չէր սպասում: Եսավը լաց եղավ, գրկեց իր եղբորն ու ասաց նրան, որ խաղաղության նվիրատվությունների կարիք չկա:

Հակոբը հուզվեց Եսավի սիրուց և պատասխանեց.

«Ոչ, խնդրեմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, ընդունիր ընծաս իմ ձեռքիցը, հէնց նորա համար որ տեսայ քո երեսը Աստուծոյ երեսը տեսնելու պէս, եւ ինձ հաճեցիր։

Խնդրեմ՝ ընդունիր քեզ բերած ընծաս. Որովհետեւ Աստուած ողորմեց ինձ, եւ որովհետեւ ե ես ամեն բան ունիմ։ Եւ ստիպեց նորան, եւ նա էլ ընդունեց» (Ծննդոց 33.10–11):

Խաղաղության մեջ ապրելու համար անհրաժեշտ էր երեք տարր

Հակոբն այստեղ մարմնավորեց սիրո մի օրինակ, որը ես համարում եմ ամենաարդյունավետ միջոցը՝ հաշտության հրավիրելու նրանց, ում մենք վնասել ենք, կամ ովքեր մեզ են վնասել:

Սաղմոս 85.10 նկարագրում է հաշտության պայմանները. «Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կ’հանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կ’համբուրեն»։ Հակոբի ու Եսավի խաղաղարար գործողությունը համապատասխանում է Սաղմոսներում պարունակվող պայմաններին:

Հակոբից ու Եսավից համարձակություն պահանջվեց՝ ընդունելու այն ճշմարտությունը, որ իրենք թշնամիներ չէին, այլ եղբայրներ էին: Ողորմություն պահանջվեց՝ միմյանց ներելու համար: Արդարություն պահանջվեց՝ այնպիսի արդարություն, որն ուղղում է մեր կամ ուրիշների կատարած սխալները. որպեսզի Հակոբը Եսավին առաջարկի այն բաժնի մի մասը, որով ինքն օրհնվել էր: Երբ այդ երեք տարրերն էլ ներկա էին, դա նրանց թույլ տվեց ապրել խաղաղության մեջ:

Մենք կարող ենք հետևել նույն օրինակին մեր սեփական կյանքում:

Երբ գտնվում ենք կործանարար հակամարտության մեջ, մեր վախը հակամարտությունից և վախը ուրիշներից կարող է մեզ կաթվածահար անել կամ ստիպել մեզ գործել այնպես, որ վիճակն ավելի վատթարանա, այլ ոչ թե լավանա: Մենք հաճախ հիմնավորում ենք այդ մտավախությունը նրանով, որ չի աշխատի այն ամենը, ինչ մենք կարող ենք անել՝ կործանարար փուլը շրջելու համար: Մենք դառնում ենք թերահավատ այն հարցի հանդեպ, թե ուրիշները կարող են փոխվել:

Այնուամենայնիվ, Հակոբի օրինակը մեզ առաջարկում է նաև նման հակամարտության հաղթահարման ճանապարհ: Հակոբը բախվեց եղբոր հանդեպ ունեցած վախի և նրա հետ ունեցած իր հակամարտության վախի հետ: Այդ պահին նրան ավելի շատ մտահոգում էր «մեր հարաբերությունների պահպանումը», քան՝ «իմ շահերի պահպանումը», ուստի նա դիմեց եղբորը՝ առաջարկելով նրան և՛ ճշմարտություն, և՛ արդարություն՝ իր կատարած ցանկացած սխալի համար: Եսավի սիրտը, որը մի ժամանակ տենչում էր սպանել Հակոբին, արդեն մեղմացել էր. դրա փոխարեն ողորմությունն ու խաղաղությունն էին վերադարձել: Հակոբը գտավ իր թշնամուն սիրելու միջոց և այդպես վարվելով՝ տեսավ, որ «Աստծո երեսը» հետ էր նայում իրեն:

Չնայած անհանգստությանը, որը մենք կարող ենք զգալ հակամարտությանն այս կերպ մոտենալիս, այն շատ ավելի արդյունավետ է, քան ցանկացած այլ բան` այսպիսի հակամարտությունը փոխակերպելու համար: Քրիստոսանման սերը մեզ համար տարածք է ստեղծում, որ իսկապես տեսնենք այն մարդկանց, ում հետ պայքարում ենք, այնպիսի ձևով, որը հիմնովին փոխում է թե՛ մեզ, թե՛ նրանց:

Հովսեփը և իր եղբայրները

Նկար
Հովսեփը հաշտվում է իր եղբայրների հետ

Հովսեփը, Մայքլ Տ. Մոլմ

Հակոբից մի սերունդ հետո մենք տեսնում ենք Հակոբի կրտսեր որդու՝ Հովսեփի սիրո մեկ այլ հզոր օրինակ:

Երիտասարդ տարիքում նախանձ եղբայրները Հովսեփին ստրկության են վաճառում: Ինչպես Եսավը, այնպես էլ Հովսեփի եղբայրները զգացին, որ իրենց հայրը շատ բարեհաճ վերաբերմունք ունի Հովսեփի հանդեպ: Հովսեփը մեծապես տառապեց իր հանդեպ ունեցած եղբայրների չարության պատճառով: Նա տարիներ շարունակ բաժանված էր ընտանիքից, ապա դարձավ ծառա և որոշ ժամանակ բանտարկվեց: Ի վերջո, Տերը օգնեց նրան հաղթահարել իր ձախորդությունները, և նա հզոր կառավարիչ դարձավ Եգիպտոսում: (Sես Ծննդոց 37-45)

Նրա եղբայրները նույնպես տառապեցին և սովի ժամանակ եկան Եգիպտոս՝ բարոյալքված ու դժբախտ: Երբ նրանք հանդիպեցին Հովսեփին, չճանաչեցին նրան և օգնություն աղերսեցին:

Հովսեփը լիովին իրավունք ուներ իր եղբայրներին բանտ նետել՝ նրանց արդարություն պարտադրելու համար: Դա այն էր, ինչին նրանք արժանի էին: Փոխարենը՝ նա նախընտրեց ողորմածություն գործադրել՝ ներել նրանց և սիրել նրանց:

«Ինձ մօտ եկեք», - Հովսեփն ասաց նրանց: «Նորանք էլ մօտ եկան: Եւ ասեց. Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որ ինձ ծախեցիք Եգիպտոս։

Եւ հիմա մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ. Որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար» (Ծննդոց 45.4–5

Հովսեփը ոչ միայն ներեց իր եղբայրներին, այլև կառուցողական նպատակ տեսավ իրենց հակամարտության մեջ: Նա ընդունեց, որ Աստծո ձեռքն էր ամեն ինչում, և չնայած տառապանքին, որը նրանք բոլորը կրել էին, ասաց. «Աստուած ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վերայ ձեզ համար սերունդ պահէ, եւ ձեզ ապրեցնէ մեծ ազատութիւնով» (Ծննդոց 45.7):

Նկար
ձեռքեր միացված թույլ պարանով

Կրկին, նմանատիպ օրինաչափություն կարող է տեղի ունենալ մեր կյանքում, երբ մենք ընդունում ենք, որ հակամարտության ցավն իրականում կարող է մեզ այնպիսի արդյունքներ պարգևել, որոնք կամրապնդեն մեր ընտանիքներն ու համայնքները, եթե մենք միասին աշխատենք լուծումներ գտնելու համար:

Մենք բոլորս անցնելու ենք հակամարտության միջով: Այն ցավոտ կլինի: Երբեմն ահավոր ցավոտ: Ես միշտ ակնածանքով եմ վերաբերվում այն ցավին, որ ուրիշները զգում են հակամարտության մեջ հայտնվելիս, հատկապես՝ սիրելի մարդկանց հետ: Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ պատմությունն ավարտվի այդ ցավով ու վախով:

Մենք կարող ենք վճռել այլ կերպ տեսնել հակամարտությունը և այն մարդկանց, ում հետ հակամարտության մեջ ենք, ինչպես Հովսեփը տեսավ: Մենք կարող ենք որոշել ազատվել զայրույթից, դժգոհությունից և մեղադրելուց ու գրկել մեր թշնամիներին:

Մենք կարող ենք ընտրել սերը՝ վախի փոխարեն և բացահայտել, ինչպես Հակոբը, Եսավը, Հովսեփը և նրա եղբայրները, որ մեր թշնամիները մեր եղբայրներն ու քույրերն են: Ձգտելով հաշտվել նրանց հետ՝ մենք նույնպես կարող ենք տեսնել Աստծո երեսը:

Տպել