«Նախ զանգահարիր ինձ», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022թ.:
Վերջին Օրերի Սրբերի ձայները. Հավատքի կանայք
Նախ՝ զանգահարիր ինձ
Ուրախ եմ, որ չկորցրի այդ քրոջն օգնելու հնարավորությունը. նա ուներ իմ կարիքը, իսկ ես ունեի նրա կարիքը:
Երբ ես երիտասարդ մայր էի և ունեի մի բալիկ, ամուսինս դեռ սովորում էր քոլեջում։ Երկուսս էլ կես դրույքով աշխատում էինք՝ ծայրը ծայրին հասցնելու համար:
Անհամբերությամբ սպասելով հանգստյան օրվան՝ ես ծրագրել էի մի հին հեռուստաֆիլմ դիտել: Այն ժամանակ չկային DVD-ներ և հոսքային ծառայություններ:
Ֆիլմը սկսվելու էր ինձ համար կատարյալ ժամին՝ առավոտյան 10:00 -ին, երբ մեր որդին քնած կլիներ: Ֆիլմի գլխավոր դերակատարը ամերիկյան կինոյի իմ ամենասիրելի աստղերից մեկն էր՝ Քերի Գրանտը:
Իմ սպասված հանգստյան օրվա նախորդ երեկոյան զանգահարեց ծխի Սփոփող միության նախագահը: Մեր ծխի մի քույր թեթև կաթված էր տարել և հաջորդ օրը խնամքի կարիք ուներ այնքան ժամանակ, մինչև որդին վերադառնար աշխատանքից:
«Ես ինքս դա կանեի, բայց հյուրեր ունեմ», - ասաց Սփոփող միության նախագահը: Նա բացատրեց, որ ուրիշ ոչ ոքի չէր կարող խնդրել, և առաջարկեց խնամել մեր որդուն, մինչ ես հոգում էի այդ քրոջ մասին: Ես դժկամությամբ համաձայնեցի:
Հաջորդ առավոտյան ես թողեցի մեր որդուն և գնացի այդ քրոջ մոտ: Նրա անունը Լուիս էր, և ես անսպասելի համակրանք զգացի նրա հանդեպ: Նա բավականին ծեր էր՝ տատիկիս հասակին, ով վերջերս էր մահացել:
Ես օգնեցի Լուիսին հագնվել, իսկ հետո պատրաստեցի նրա նախաճաշը: Նա հարմարավետ նստեց աթոռին և միացրեց հեռուստացույցը: Շուտով առավոտյան ժամը 10:00 էր: Երբ նա հեռակառավարման վահանակով փոխում էր ալիքները, ասում էր. «Այս հեռուստատեսությունը առաջարկելու ոչինչ չունի»:
Ես վարանեցի և այնուհետև ասացի. «11-րդ ալիքով ցուցադրում են Քերի Գրանտի ֆիլմը»:
«Իրո՞ք», - հարցրեց նա։ «Ես սիրո՛ւմ եմ Քերի Գրանտին»:
Մենք դիտեցինք ֆիլմը և լիովին վայելեցինք այն: Հետո նա կիսվեց իր կյանքի այն պատմություններով, երբ եղել էր իմ տարիքին: Նա ինձ պատմեց իր որդու մասին, իսկ ես՝ իմ: Նա խոսեց Եկեղեցու մասին և ասաց, որ կարոտել է այն:
Երբ նրա որդին վերադարձավ, ես խոստացա կրկին գալ: Ես ասացի Սփոփող միության նախագահին, որ նախ զանգի ինձ, եթե Լուիսը երբևէ որևէ մեկի կարիքն ունենա:
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Լուիսը կրկին կաթված տարավ և մահացավ, նախքան ես նորից հնարավորություն կունենայի տեսնել նրան: Մենք միասին էինք եղել ընդամենը ինը ժամ և ֆիլմ էինք դիտել, բայց նա դարձավ հարազատ ընկեր: Ես հաճախ եմ մտածում նրա մասին:
Ես շնորհակալ եմ, որ չկորցրի հնարավորությունը օգնելու մի քրոջ, որն իմ կարիքն ուներ, իսկ ես՝ նրանը, չնայած ես դա չէի գիտակցում: