«Չարչարանքի զտիչ կրակը», Լիահոնա, մարտ ./Ապրիլ 2022 թ.։
Չարչարանքի զտիչ կրակը
Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր անձնական ձախորդությունների միջոցով մոտենա մեր Երկնային Հորը և Փրկիչին:
Կյանքում պատահող ձախորդությունները չպետք է զարմացնեն մեզ: Անկախ նրանից՝ դրանք առաջանում են մեր սեփական մեղքերից ու սխալներից, թե՝ այլ պատճառներով, ձախորդությունները մահկանացու կյանքի իրողություններն են: Ոմանք կարծում են, որ իրենք պետք է զերծ մնան ձախորդությունից, եթե պահեն Աստծո պատվիրանները, սակայն մենք ընտրվում ենք «չարչարանքի հնոցում» (Եսայիա 48.10, 1 Նեփի 20.10): Նույնիսկ Փրկիչը ազատված չէր այդ ամենից.
«Թեև Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդությունը սովորեց։
Եվ երբոր կատարվեցավ բոլոր իրան հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ» (Եբրայեցիս 5.8–9):
Մեզանից նրանց համար, ովքեր հաշվետու են, ձախորդությունները հաճախ որոշիչ տարր են հանդիսանում վերջնականապես «կատարյալ լինելու» համար: Դա կյանքը դարձնում է ավելին, քան պարզ բազմակի ընտրության ստուգարք: Աստծուն հետաքրքրում է ոչ միայն այն, թե մենք ինչ ենք անում կամ չենք անում, այլև այն, թե ինչպիսին ենք դառնում: 1 Եթե մենք պատրաստակամ լինենք, Նա մեզ կսովորեցնի գործել այնպես, ինչպես ինքն է գործում, այլ ոչ թե պարզապես ներգործվել այլ ուժերի կողմից (տես 2 Նեփի 2.14–16): Մենք պետք է սովորենք արդար լինել բոլոր հանգամանքներում կամ, ինչպես նախագահ Բրիգամ Յանգն (1801–77) է ասել, նույնիսկ «խավարի մեջ»: 2
Ես հավատում եմ, որ ձախորդությունները հաղթահարելու և դրանցից աճելու մարտահրավերը գրավեց մեզ, երբ նախաերկրային աշխարհում Աստված ներկայացրեց իր փրկագնման ծրագիրը: Այժմ մենք պետք է մոտենանք այդ մարտահրավերին՝ իմանալով, որ մեր Երկնային Հայրը կաջակցի մեզ: Բայց շատ կարևոր է, որ մենք դիմենք Նրան: Առանց Աստծո, տառապանքի ու ձախորդությունների այս ծանր փորձառությունները հանգեցնում են վհատության, հուսահատության և նույնիսկ՝ դառնության:
Աստծո օգնությամբ սփոփանքը փոխարինում է ցավին, խաղաղությունը փոխարինում է խառնաշփոթին, իսկ հույսը՝ վշտին։ Աստված փորձությունը կդարձնի օրհնություն, և Եսայիայի խոսքերով՝ «փառք [կ]տրվի մոխրի տեղ» (Եսայիա 61.3)։ Նրա խոստումը մեզ հակամարտություններից ազատելը չէ, այլ մեզ պահպանելն ու մխիթարելն է մեր չարչարանքների մեջ, և դրանք մեր օգտի համար նվիրաբերելը (տես 2 Նեփի 2.2, 4.19–26, Հակոբ 3.1):
Թեև մեր Երկնային Հայրը մեզ չի պարտադրի Իր օգնությունն ու օրհնությունները, սակայն Նա կգործի Իր Սիրելի Որդու ողորմության, շնորհի և Սուրբ Հոգու զորության միջոցով, որպեսզի աջակցի մեզ, երբ փնտրենք Նրան: Մենք այդ աջակցության բազմաթիվ օրինակներ ենք գտնում մեր շուրջը և սուրբ գրություններում:
Հին Կտակարանի օրինակներ
Հին Կտակարանում մենք տեսնում ենք, որ հնազանդ Աբրահամը երկար տարիներ համբերությամբ սպասում է Աստծո խոստումների՝ ժառանգության հողերի և արդար սերունդների իրականացմանը: Սովի, իր կյանքի հանդեպ սպառնալիքների, վշտի և փորձությունների միջոցով Աբրահամը շարունակ վստահում ու ծառայում էր Աստծուն, և փոխարենը՝ աջակցություն ստանում Նրանից: Այժմ մենք պատվում ենք Աբրահամին՝ որպես «հավատարիմների հայր»: 3
Աբրահամի թոռը՝ Հակոբը, փախավ տնից՝ միայնակ և, ըստ երևույթին, իր հագուստից բացի ոչինչ չունենալով, որպեսզի խուսափի իր եղբոր՝ Եսավի մահվան սպառնալիքներից: Հաջորդ 20 տարիների ընթացքում Հակոբը ծառայեց իր հորեղբորը՝ Լաբանին: Չնայած Լաբանը Հակոբին տվեց ապահով ապաստան և, ի վերջո, իր երկու դուստրերին կնության տվեց նրան, սակայն երկերեսանի խաղ էր խաղում Հակոբի հետ՝ բազմիցս փոխելով նրա վարձքն ու իրենց պայմանավորվածություններն ամեն անգամ, երբ Հակոբը, կարծես, հաջողությունների էր հասնում (տես Ծննդոց 31.41):
Երբ նրանք վերջապես բաժանվեցին, Հակոբը ընդդիմացավ աներոջը. «Եթէ իմ հօր Աստուածը … ինձ հետ չ’լինէր, անպատճառ ինձ հիմա դատարկ էիր ճանապարհ դրել» (Ծննդոց 31.42): Փոխարենը, քանի որ Աստված նրա հետ էր, Հակոբը տուն վերադարձավ՝ աղքատ փախստականից դառնալով մեծ ընտանիքի ամուսին և հայր: Նա ուներ շատ ծառաներ և առատորեն օրհնված էր այն ժամանակվա հարստությամբ՝ հոտեր, նախիրներ և ուղտեր (տես Ծննդոց 32):
Հակոբի որդի Հովսեփը դասական օրինակն է այն մարդու, ով հետևողականորեն հաղթահարում էր դժվարությունները՝ վստահելով Աստծուն, մինչդեռ ուրիշ մարդիկ այդ իրավիճակներում կարող էին իրենց լքված զգալ Նրա կողմից: Նախ, նրան ստրկության վաճառեցին իր իսկ եղբայրները: Հետո, երբ Հովսեփը բարձր դիրքի ու հարգանքի արժանացավ իր եգիպտացի տիրոջ՝ Պետափրեսի տանը, նրա կնոջ կողմից հարուցած կեղծ մեղադրանքով բանտարկվեց՝ չնայած բառացիորեն հեռու էր փախել մեղքից: Այնուամենայնիվ, Հովսեփը շարունակում էր վստահել Աստծուն: Նույնիսկ բանտում նա բարգավաճում էր, բայց հետո մոռացումի մատնվեց նրանց կողմից, ում օգնել էր՝ չնայած նրանց խոստումներին: (Տես Ծննդոց 37, 39–41:) Ի վերջո, ինչպես գիտենք, Հովսեփը պարգևատրվեց բարձր պաշտոնով և միջոցներով՝ սովի ժամանակ փրկելով իր հոր ընտանիքը (և ամբողջ Եգիպտոսը):
Ինչպես տոկալ համբերությամբ
Այս և այլ օրինակները մեզ ցույց են տալիս, որ դժվարությունները սովորաբար հաղթահարվում են ժամանակի ընթացքում: Անհրաժեշտ է դիմանալ և համառել: Այնուամենայնիվ, մեր Երկնային Հայրը հսկում և օգնում է մեզ այդ հարատև ընթացքում. Նա չի սպասում մինչև վերջ:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004) դիտարկել է. «Իհարկե, ժամանակի ընթացքը ինքնաբերաբար առաջընթաց չի բերում: Այնուամենայնիվ, անառակ որդու նման, մենք հաճախ կարիք ունենք «օրեր անցկենալու»՝ մեր հոգևոր զգացումները սթափեցնելու համար: (Ղուկաս 15.17) Հակոբի ու Եսավի հուզիչ հանդիպումը անապատում՝ որպես եղբայրներ՝ նրանց մրցակցությունից շատ տարիներ անց, դասական օրինակ է: Մեծահոգությունը կարող է փոխարինել թշնամանքին: Մտորումը կարող է ընկալում բերել: Բայց մտորումն ու ինքնազննումը ժամանակ են պահանջում: Այդքան շատ հոգևոր արդյունքները պահանջում են, որ փրկող ճշմարտությունները խառնվեն ժամանակի հետ՝ կազմելով փորձառության կենսահյութը, որն ինքնիշխան բալասանն է շատ բաների համար»: 4
Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Մ.Ռասսել Բալլարդը նշել է․
«Տիրոջը սպասելը չի ենթադրում անգործության մատնվել: Երբեք չպետք է զգաք, որ սպասասրահում եք:
Տիրոջը սպասելը ենթադրում է գործել: Տարիներ շարունակ ես իմացել եմ, որ Քրիստոսի հանդեպ մեր հույսը մեծանում է, երբ ծառայում ենք ուրիշներին:
Անձնական աճը, որին կարելի է հասնել հիմա, մինչ Տիրոջն ու Նրա խոստումներին սպասելը, յուրաքանչյուրիս համար Նրա ծրագրի անգնահատելի, սրբազան տարրն է»: 5
Համբերատար լինելը Աստծուն դիմելու և վստահելու ձև է: Իմաստության պակասի համար Աստծուն դիմելու իր խորհրդին նախորդող հատվածներում Հակոբոսը հետևյալն է ասում համբերության մասին.
«Եղբայրնե՛րս, բոլորովին ուրախություն համարեք, երբ շատ նեղությունների մեջ եք ընկնում.
Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։
Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հակոբոս 1.2 [Հակոբոս 1.2, ծանոթագրություն ա], Հակոբոս 1.3–4):
Չարչարանքներով զտված
Երբ մենք ունենանք մեր Երկնային Հոր օգնությունը, մեր ձախորդություններն ու չարչարանքները ավելի շուտ կզտեն, քան կհաղթեն մեզ (տես Վարդապետություն և Ուխտեր 121.7–8): Մենք կդառնանք ավելի երջանիկ և սուրբ էակներ: Տասներկու Առաքյալների Քվորումի այն ժամանակվա նախագահ Թոմաս Բ. Մարշին ուղղված հայտնության մեջ Տերը հետևյալն է ասել Իր առաքյալների մասին. «Եվ նրանց գայթակղություններից և շատ նեղությունից հետո, ահա, ես՝ Տերս, կփնտրեմ նրանց, և եթե նրանք կարծրացրած չլինեն իրենց սրտերը և խստացրած չլինեն իրենց պարանոցներն իմ դեմ, նրանք դարձի կգան, և ես կբժշկեմ նրանց» (Վարդապետություն և Ուխտեր 112.13):
Մենք կարող ենք ասել, որ ձախորդության մեջ մենք ճանաչում ենք «միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ [Նա] ուղարկեց՝ Յիսուսին Քրիստոսին» (Հովհաննես 17.3): Ձախորդության մեջ մենք օրեցօր քայլում ենք Նրանց հետ: Խոնարհվելով՝ մենք սովորում ենք նայել Նրանց «բոլոր մտորումներում» (Վարդապետություն և Ուխտեր 6.36): Նրանք մեզ սպասավորելու են հոգևոր վերածննդի գործընթացում: Ես կարծում եմ, որ այլ ճանապարհ չկա։
Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր անձնական ձախորդությունների միջոցով մոտենա մեր Երկնային Հորը և Փրկիչին: Միևնույն ժամանակ, թող որ մենք սովորենք ծառայել ուրիշներին իրենց ձախորդությունների ժամանակ՝ համաձայն Աստծո օրինակի: «Տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»՝ Փրկիչը կարողացավ իմանալ «ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.11–12): Ինչ վերաբերում է մեզ, «եթե այս պահին ինքներս որևէ հատուկ փորձության մեջ չենք, պետք է կարեկցանքով օգնենք փորձության մեջ գտնվող մեկ ուրիշին՝ առաջարկելով հոգևոր վերականգնում»: 6