Սեմինարիա
Տիտղոսաթերթ. Մորմոնի Գրքի նպատակը


«Տիտղոսաթերթ. Մորմոնի Գրքի նպատակը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Տիտղոսաթերթ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի ներածական էջեր

Տիտղոսաթերթ

Մորմոնի Գրքի նպատակը

Մորոնին՝ Մորմոնի որդին, գրում է ոսկե թիթեղների վրա

Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Մորմոնի Գիրքը, եթե արդեն ունենք Աստծո խոսքն Աստվածաշնչում: Մորմոնի Գրքի տիտղոսաթերթում Մորոնի մարգարեն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու է Մորմոնի Գիրքն այդքան կարևոր: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի նպատակները:

Նպատակն իմանալու կարևորությունը

Երբևէ տեսե՞լ եք ստորև ներկայացված նկարի գործիքի նման գործիք: Պատկերացրեք, որ ինչ-որ մեկին պետք է բացատրեք որևէ անծանոթ գործիքի նպատակն ու արժեքը:

Էկկերի նկար
  • Ինչո՞ւ է օգտակար իմանալ և հասկանալ որևէ բանի նպատակն ու արժեքը՝ նախքան դրա օգտագործումը կամ ուրիշներին փոխանցելը:

  • Դա ինչպե՞ս կարող է կապված լինել Մորմոնի Գրքի նպատակի և արժեքի ըմբռնման հետ:

Մտածեք, թե ինչ վստահությամբ կբացատրեիք Մորմոնի Գրքի նպատակը և արժեքը մեկին, ով գաղափար չունի այդ մասին: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչն է օգնում ձեզ հասկանալ Մորմոնի Գրքի նպատակը և արժեքը, և ինչպես կարող եք ձեր հասկացողությամբ կիսվել ուրիշների հետ:

Մորմոնի Գրքի նպատակի և արժեքի ըմբռնումը

Հետևյալ անավարտ նախադասությունը գրանցեք սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում:

Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի…

Տիտղոսաթերթը պարունակում է վերջին խոսքերը, որոնք Մորոնին գրել է ոսկե թիթեղների վերջին թերթի վրա: Կարդացեք Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և նախաբանի առաջին երեք պարբերությունները: Փնտրեք վերոնշյալ նախադասությունն ավարտելու ձևեր: Հետևյալ հարցերը կարող են օգնել դա անելիս:

  • Ո՞ւմ համար է գրվել Մորմոնի Գիրքը:

  • Ո՞ւմ մասին է Մորմոնի Գիրքը:

  • Ինչո՞ւ է գրվել Մորմոնի Գիրքը:

(Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Մորմոնի Գրքի մասին համառոտ բացատրությունը» ներածական էջերում:)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը վկայել է Մորմոնի Գրքի նպատակների մասին:

Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքն Աստծո գործիքն է, որպեսզի մեր օրերում հավաքի Իսրայելը և օգնի մարդկանց ճանաչել Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (Ուլիսես Սոարես, «Մորմոնի Գրքի ստեղծումը», Լիահոնա, մայիս 2020, 35):

  • Ի՞նչ սովորեցիք ձեր ուսումնասիրությունից և երեց Սոարեսի՝ Մորմոնի Գրքի նպատակի մասին խոսքերից:

Գուցե դուք բացահայտել եք նմանատիպ մի ճշմարտություն. Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի հավաքի Իսրայելը և համոզի բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է:

Ընտրեք, թե հետևյալ վարժություններից որոնք եք ցանկանում կատարել:

Վարժություն Ա. Մորմոնի Գրքի նպատակն է օգնել հավաքել Իսրայելը

Մորմոնի Գիրքը հաճախ է անդրադառնում այն պատվիրանին, որը Տերը տվել է Իսրայելը հավաքելու համար: Կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքը և ստորև բերված սուրբ գրություններից երկուսը կամ երեքը:

Մորմոնի Գրքում դուք կսովորեք հավաքման վարդապետությունը, ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Նրա ավետարանի լրիվության մասին, որոնք չկան Աստվածաշնչում: Մորմոնի Գիրքն առանցքային է Իսրայելի հավաքման համար: Իրականում, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա (Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018թ.]», New Era և Ensign ամսագրերի լրացում, 13, ChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչ եք կարծում, Մորմոնի Գիրքն ինչպե՞ս կարող է օգնել հավաքել Իսրայելը:

Խորհեք այն մասին, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օգնել ձեզ կամ ուրիշներին հավաքվել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու շուրջը: Փորձեք գրառել այս հավաքման արդյունքում եկած օրհնությունները:

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց Մորմոնի Գրքի:

  • Ո՞ւմ հետ կարող եք կիսվել Մորմոնի Գրքով:

Վարժություն Բ․ Մորմոնի Գրքի նպատակն է համոզել բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է

Մտածեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, և ինչպես է Մորմոնի Գիրքն ազդել Նրա հետ ձեր հարաբերության վրա: Ապա թվարկեք Մորմոնի Գրքի երկու կամ երեք սուրբ գրություն, որոնք ձեզ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին: Եթե անհրաժեշտ է օգնություն, տես «Հիսուս Քրիստոս» բաժինը սուրբ գրությունների եռահատորի կամ Մորմոնի Գրքի ցանկում:

  • Այս հատվածներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին:

պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որը ծանոթ չէ Մորմոնի Գրքին կամ այն շատ օգտակար չի համարում: Ի՞նչ կպատմեիք նրան Մորմոնի Գրքի և նրա նպատակի մասին: Փորձեք ներառել անձնական փորձառությունը, արտահայտություններ տիտղոսաթերթից և նախաբանից կամ ցանկացած հղում Մորմոնի Գրքից, որոնք ձեր կարծիքով կարող են օգտակար լինել: