«Հուլիսի 1-7-ը․ «Ես կդարձնեմ ձեզ մի գործիք» Ալմա 17–22», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Հուլիսի 1-7-ը։ Ալմա 17-22», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
Հուլիսի 1-7-ը․ «Ես կդարձնեմ ձեզ մի գործիք»
Ալմա 17-22
Մտածեք ավետարանով չկիսվելու այն բոլոր պատճառների մասին, որոնք մարդիկ կարող են բերել՝ «Ես չունեմ բավարար գիտելիքներ» կամ «Վստահ չեմ, որ նրանց կհետաքրքրի» կամ, հնարավոր է, «Վախենում եմ, որ կմերժվեմ»: Գուցե, ժամանակ առ ժամանակ դուք նույնպես այդպես եք մտածել։ Նեփիացիները լրացուցիչ պատճառ ունեին ավետարանով լամանացիների հետ չկիսվելու համար․ նրանք «վայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովուրդ էին. ժողովուրդ, որը հրճվում էր Նեփիացիներին սպանելով» (Ալմա 17.14, տես նաև Ալմա 26.23–25)։ Սակայն Մոսիայի որդիներն ավելի մեծ պատճառ ունեին, թե իրենց կարծիքով, ինչու պիտի ավետարանով կիսվեին լամանացիների հետ․ «Նրանք ուզում էին, որ փրկությունը հայտարարվեր ամեն մի արարածի, քանզի նրանք չէին կարող տանել, որ որևէ մարդկային հոգի պիտի կորչեր» (Մոսիա 28.3)։ Այդ սերը, որը ոգեշնչեց Ամմոնին և նրա եղբայրներին, կարող է ոգեշնչել նաև ձեզ՝ կիսվելու ավետարանով ձեր ընտանիքի, ընկերների և ծանոթների հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր, հավանաբար, չեն ընդունի այն:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Քրիստոսին նվիրվելու պարզ, հետևողական գործողություններն օգնում են ինձ ստանալ Նրա զորությունը
Ի՞նչ եք սովորում Ալմա 17.1–4 հատվածներից այն մասին, թե ինչպես ամուր պահել ձեր նվիրվածությունն առ Հիսուս Քրիստոս և ձեր վկայությունը Նրա մասին: Ի՞նչ արեցին Մոսիայի որդիները, և ինչպե՞ս Տերը օրհնեց նրանց:
Երբ կարդաք Մոսիայի որդիների փորձառությունների մասին Ալմա17–22 գլուխներում, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նրանց հոգևոր պատրաստվածությունն ազդել լամանացիների մեջ նրանց ծառայության վրա (օրինակ՝ տես Ալմա 18.10–18, 34–36, 20.2–5, 22.12–16 հատվածները)։ Ի՞նչն եք ոգեշնչվում անել՝ նրանց օրինակին հետևելու համար։
Ես կարող եմ գործիք լինել Աստծո ձեռքերում
Սուրբ գրություններում մեր կարդացած դարձի պատմությունները հաճախ դրամատիկ են, բայց դրանց հիմքում մենք սովորաբար գտնում ենք այն անհատներին, որոնք քաջություն են ունեցել խոսելու և ուրիշների հետ կիսվելու իրենց հավատքով առ Հիսուս Քրիստոս։ Մտածեք այս մասին, երբ կարդաք Մոսիայի որդիների և Աբիսի մասին այս շաբաթ:
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գործիք լինել Աստծո ձեռքում: Օգտակար կլինի մտածել այն գործիքների մասին, որոնք դուք կարող եք օգտագործել ձեր առօրյա կյանքում: Ալմա 17.6–12 հատվածներում ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին Մոսիայի որդիները, որպեսզի գործիքներ դառնան Աստծո ձեռքերում։ Ինչպե՞ս կարող եք ավելի արդյունավետ գործիք դառնալ՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Քրիստոսը:
Ի՞նչն է ձեզ տպավորում Աբիսի մասին պատմության մեջ Ալմա 19.16–36 հատվածներում։ Ի՞նչ եք սովորում նրանից այն մասին, թե ինչպես օգնել ուրիշներին հավատք կերտել Քրիստոսի հանդեպ: Օրինակ՝ ձեր կարծիքով, ի՞նչը կօգնի ձեր սիրելիներին «հավատալ Աստծո զորությանը»։ (Ալմա 19.17)
Դուք կարող եք նաև համեմատել Աբիսի փորձառությունը այն սկզբունքների հետ, որոնք Երեց Դիթեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է «Միսիոներական աշխատանք․ կիսվեք այն ամենով, ինչ կա ձեր սրտում» ուղերձում (Լիահոնա, մայիսի 2019 թ․, 15–18): Ինչո՞վ է Աբիսը Երեց Ուխդորֆի «Հինգ պարզ առաջարկների» օրինակ հանդիսանում: Փորձեք գրել մի քանի բան, որ կարող եք ասել Հիսուս Քրիստոսի մասին: Օրինակ՝ «Ինձ համար Հիսուս Քրիստոսը …» կամ «Փրկիչն օգնում է ինձ …»
Տես նաև Ավետարանական թեմաներ՝ «Ծառայել Փրկչի ձևով», Gospel Library, «Պայծառ շողում է մեր Հոր ողորմածությունը», Հիմներ, հմր. 335, «Արի և տես», «Եկեք և տեսեք», «Եկեք և պատկանեք» (տեսանյութեր), Gospel Library:
Երբ մենք սեր ենք դրսևորում ուրիշների հանդեպ, մենք կարող ենք օգնել նրանց ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը
Ուսումնասիրեք Ալմա 17–19 գլուխները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Ամմոնը, լամանացիների հանդեպ սիրուց ներշնչված, կիսվում Հիսուս Քրիստոսի ավետարանով: Նրա օրինակից ուրիշ ի՞նչ ճշմարտություններ եք սովորում ավետարանով կիսվելու վերաբերյալ։
Տես նաև «Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին» (տեսանյութ), Gospel Library։
Տերը կօգնի ինձ ապաշխարել
Լամոնիի և նրա ժողովրդի դարձի մասին պատմելուց հետո Մորմոնն ամփոփեց պատմությունը Հիսուս Քրիստոսի մասին դիտարկումով: Ի՞նչ է ձեզ ուսուցանում Ալմա 19.36 հատվածը Տիրոջ բնավորության մասին։ Ուրիշ ի՞նչ է ձեզ ուսուցանում Ալմա 19.16–36 հատվածների պատմությունը Նրա մասին: Ե՞րբ եք զգացել, որ Տիրոջ բազուկը մեկնված է դեպի ձեզ։
Աստծուն ճանաչելու համար արժե գնալ ցանկացած զոհաբերության
Համեմատեք այն, ինչից Լամոնիի հայրը պատրաստ էր հրաժարվել՝ իր կյանքը փրկելու համար (տես Ալմա 20.23) և այն, ինչից նա հետագայում պատրաստ էր հրաժարվել՝ ավետարանի ուրախությունը ստանալու և Աստծուն ճանաչելու համար (տես Ալմա 22.15, 18): Խորհեք, թե դուք ինչ եք պատրաստ զոհաբերել Աստծուն լիարժեք ճանաչելու համար:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունն աճում է, երբ ես կարդում եմ սուրբ գրությունները, աղոթում եմ ու ծոմ պահում
-
Մոսիայի որդիների օրինակներն ինչպե՞ս կարող են օգնել ձեր երեխաներին ամրացնել իրենց վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք օգնել ձեր երեխաներին գտնել, թե ինչ արեցին Մոսիայի որդիները՝ իրենց հոգևոր ուժը ամրացնելու համար Ալմա 17.2–3 հատվածներում։ Այնուհետև նրանք կարող են նկարել նկարներ կամ գտնել այդ բաները ներկայացնող առարկաներ: Օգնեք նրանց ծրագրել, թե ինչ են անելու՝ Փրկչի մասին իրենց վկայություններն ամրացնելու համար:
Ես կարող եմ ուրիշների հետ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով
-
Որպեսզի իմանաք Աստծո ձեռքում գործիք լինելու մասին, ինչպիսին որ Մոսիայի որդիներն էին, դուք և ձեր երեխաները կարող եք դիտարկել որևէ գործիք և խոսել այն մասին, թե ինչի համար է այն օգտագործվում: Այնուհետև դուք կարող եք կարդալ Ալմա 17.11 հատվածը և խոսել այն մասին, թե ինչ է նշանակում լինել Երկնային Հոր գործիքները, որոնք օգնում են մարդկանց իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:
-
Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում կան նկարներ, որոնք ներկայացնում են այն ճշմարտությունները, որոնք Ամմոնն ուսուցանել է Լամոնի թագավորին: Կարող եք օգնել ձեր երեխաներին գտնել այդ ճշմարտությունները Ալմա 18.24–40 հատվածներում։ Երեխաները կարող են պատկերացնել, որ իրենք միսիոներներ են, և կիսվել, թե ինչ գիտեն այս ճշմարտությունների մասին:
-
Երեխաների հետ Աբիսի մասին կարդալուց հետո (տես Ալմա 19.16–20, 28–29) նրանք կարող են ներկայացնել Աբիսին՝ վազելով տեղում, թակելով դռները և պատմելով այն, ինչ տեղի է ունեցել Ալմա 19.1–17 հատվածներում։ Ինչպե՞ս կարող ենք նման լինել Աբիսին և կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին մեր իմացածով։ Ձեր երեխաները կարող են նկարել, թե ինչպես են իրենք կիսվում ավետարանով որևէ մեկի հետ կամ միասին երգել ավետարանով կիսվելու մասին երգ, օրինակ՝ «Ծառայելու կոչված » (Մանկական երգարան, 174–75)։
Ալմա 17.21–25, 20.8–27, 22.1–3
Ես կարող եմ օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ՝ սեր ցուցադրելով նրանց հանդեպ
-
Սկզբում Լամոնի թագավորի և նրա հոր սրտերը կարծրացած էին ավետարանի հանդեպ: Հետագայում նրանց սրտերը փափկեցին, և նրանք հավատացին Հիսուս Քրիստոսին: Դա ինչպե՞ս տեղի ունեցավ: Օգնեք ձեր երեխաներին գտնել այս հարցի պատասխանները՝ նրանց հետ վերընթերցելով Ամմոնի փորձառությունները: Նրանք կարող են դերախաղով ներկայացնել «Գլուխ 23․ Ամմոն՝ մեծ ծառան» և «Գլուխ 24․ Ամմոնը հանդիպում է Լամոնի թագավորի հորը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 64–68, 69–70)։ Կամ ձեր երեխաները կարող են նկարել պատմության տարբեր մասերը ներկայացնող նկարներ և այդ նկարների օգնությամբ պատմել պատմությունը։ Ի՞նչ արեց Ամմոնը, որպեսզի օգնի Լամոնիին և նրա հորը բացել իրենց սրտերը Հիսուսի ավետարանի համար (տես Ալմա 17.21–25, 20.8–27, 22.1–3)։
-
Գուցե դուք և ձեր երեխաները կարող եք մտածել մեկի մասին, ով կարիք ունի սովորելու Հիսուս Քրիստոսի մասին: Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են լավ օրինակ լինել և սեր դրսևորել այդ մարդու հանդեպ, ինչպես որ Ամմոնը դա արեց Լամոնիի և նրա հոր հանդեպ: