Գլուխ 23
Մեծ ծառա Ամմոնը
Ամմոնը գնաց Իսմայելի երկիրը։ Երբ նա մտավ քաղաք, Լամանացիները բռնեցին նրան, կապեցին ու տարան իրենց թագավորի մոտ։
Ամմոնը Լամոնի թագավորին ասաց, որ ցանկանում է ապրել Լամանացիների հետ։ Լամոնիին դա դուր եկավ, և նա հրամայեց իր մարդկանց կապերից ազատել Ամմոնին։
Ամմոն ասաց, որ կարող է դառնալ թագավորի ծառաներից մեկը։ Թագավորն ուղարկեց նրան արածեցնելու իր հոտերը։
Մի օր, երբ Ամմոնը և մյուս ծառաները տանում էին հոտերը ջուր խմելու, Լամանացի ավազակները ցրեցին անասուններին և փորձեցին գողանալ դրանց։
Ծառաները, որոնք Ամմոնի հետ էին, վախեցած էին։ Լամոնի թագավորը նախկինում սպանել էր իր այն ծառաներին, որոնցից ավազակները գողացել էին անասուններին։
Ամմոնը գիտեր, որ դա հնարավորություն էր՝ օգտագործելու Տիրոջ զորությունը և շահելու Լամանացիների սրտերը: Այդ ժամանակ նրանք կլսեին իր ուսմունքները։
Ամմոնն ասաց ծառաներին, որ եթե նրանք հավաքեին ցրված անասուններին, թագավորը չէր սպանի իրենց։
Ամմոնը և մյուս ծառաները արագ գտան ու հետ քշեցին անասուններին ջրի մոտ։
Լամանացի ավազակները վերադարձան։ Ամմոնը մյուս ծառաներին ասաց, որ հսկեն հոտերը, իսկ ինքը գնաց ավազակների հետ կռվելու։
Լամանացի ավազակները չէին վախենում Ամմոնից։ Նրանք հեշտությամբ կարող էին սպանել նրան։
Աստծո զորությունը Ամմոնի հետ էր։ Նա քարերով հարվածեց և սպանեց ավազակներից մի քանիսին, ինչը շատ զայրացրեց մնացածին։
Նրանք փորձեցին սպանել Ամմոնին իրենց մահակներով, բայց ամեն անգամ, երբ մահակը տանում էին դեպի Ամմոնը, նա կտրում էր այդ ավազակի բազուկը։ Ավազակները սարսափահար փախան։
Ծառաները կտրած բազուկները տարան Լամոնի թագավորի մոտ և պատմեցին, թե ինչ էր արել Ամմոնը։
Թագավորը զարմացել էր, լսելով Ամմոնի մեծ ուժի մասին։ Նա ուզում էր տեսնել Ամմոնին, բայց վախենում էր, մտածելով, թե Ամմոնը Մեծ Հոգին է։
Երբ Ամմոնը գնաց նրան տեսնելու, Լամոնի թագավորը չգիտեր՝ ինչ ասեր։ Նա մեկ ժամ չխոսեց։
Սուրբ Հոգին օգնեց Ամմոնին իմանալ, թե ինչ էր մտածում թագավորը։ Ամմոնը բացատրեց, որ ինքը Մեծ Հոգին չէր: Նա հասարակ մարդ էր։
Թագավորն առաջարկեց Ամմոնին ամեն բան, ինչ նա կկամենար, եթե պատմեր իրեն, թե ինչ զորությամբ էր նա պաշտպանվել ավազակներից և կարդացել իր մտքերը։
Ամմոնն ասաց, որ միակ բանը, որ ցանկանում էր, այն էր, որ Լամոնի թագավորը հավատար իր ասածներին։ Թագավորն ասաց, որ կհավատար այն ամենին, ինչ Ամմոնը կասեր իրեն։
Ամմոնը հարցրեց Լամոնի թագավորին, թե արդյոք նա հավատում էր Աստծուն։ Թագավորն ասաց, որ հավատում է Մեծ Հոգուն։
Ամմոն ասաց, որ Մեծ Հոգին Աստվածն է, նա է ստեղծել ամեն ինչ երկնքում ու Երկրի վրա, և նա գիտի բոլոր մարդկանց մտքերը։
Ամմոնն ասաց, որ մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով: Նա ասաց նաև, որ Աստված հանձնարարել է իրեն ուսուցանել ավետարանը Լամոնիին ու նրա ժողովրդին։
գտվելով սուրբ գրքերից, Ամմոնը Լամոնի թագավորին ուսուցանեց Արարման, Ադամի և Հիսուս Քրիստոսի մասին։
Լամոնի թագավորը հավատաց Ամմոնին և աղոթեց, որ իր մեղքերը ներվեն։ Ապա նա ընկավ գետնին և, կարծես, մահացած լիներ։
Ծառաները թագավորին տարան իր կնոջ մոտ և պառկեցրին մահճակալին։ Երկու օր անց ծառաները ենթադրեցին, որ նա մահացել էր, և որոշեցին թաղել նրան։
Թագուհին չէր հավատում, որ իր ամուսինը մահացած էր։ Լսելով Ամմոնի մեծ զորության մասին, նա խնդրեց նրան օգնել թագավորին։
Ամմոնը գիտեր, որ Լամոնին Աստծո զորության ներքո էր։ Նա թագուհուն ասաց, որ Լամոնին հաջորդ օրը կարթնանա։
Թագուհին Լամոնիի կողքին էր ամբողջ գիշեր։ Հաջորդ օրը Լամոնին վեր կացավ և ասաց, որ տեսել էր Հիսուս Քրիստոսին։ Թագավորը և թագուհին լցված էին Սուրբ Հոգով։
Լամոնին ուսուցանեց իր ժողովրդին Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին։ Նրանք, ովքեր հավատացին, ապաշխարեցին իրենց մեղքերի համար և մկրտվեցին: