Գլուխ 31
Մորոնի զորավարը հաղթում է Զերահեմնային
Զերահեմնան՝ Լամանացիների առաջնորդը, ցանկանում էր, որ իր ժողովուրդը շարունակեր ատել Նեփիացիներին և նրանց դարձներ իրենց ստրուկները։
Նեփիացիները ցանկանում էին, որ իրենց հողն ու ընտանիքները ազատ լինեին։ Նրանք նաև ցանկանում էին ազատ երկրպագել Աստծուն։
Մորոնի զորավարը Նեփիացիների բանակների ղեկավարն էր։ Երբ Լամանացիները եկան կռվելու, Մորոնին իր բանակներով դիմավորեց նրանց Երսոնի երկրում։
Մորոնի զորավարի բանակը պատրաստվել էր զենքերով, վահաններով, զրահներով և հաստ հագուստներով։
Լամանացիների բանակը մեծ էր, բայց նրանք վախեցան, տեսնելով Նեփիացիների զրահները, քանի որ իրենք շատ թեթև էին հագնված։
Լամանացիների բանակը չհամարձակվեց կռվել Մորոնի զորավարի բանակի դեմ։ Լամանացիները փախան անապատ և որոշեցին հարձակվել Նեփիացիների մեկ այլ քաղաքի վրա։
Մորոնին լրտեսներ ուղարկեց՝ հետևելու Լամանացիներին։ Նա նաև խնդրեց Ալմային աղոթել Տիրոջ օգնության համար։ Տերն ասաց Ալմային, թե որտեղից էին Լամանացիները պատրաստվում գրոհել։
Երբ Մորոնին ստացավ Ալմայի ուղերձը, նա մի քանի զինվոր թողեց Երսոնը հսկելու համար, իսկ մնացածի հետ դուրս եկավ Լամանացիներին դիմավորելու։
Մորոնի զորավարի զինվորները թաքնվել էին Սիդոն գետի երկու կողմերում, որ ծուղակը գցեն Լամանացիների բանակը։
Ճակատամարտը սկսվեց, և Լամանացիները փորձեցին փախչել գետն անցնելով, սակայն մյուս ափին նրանց սպասում էին ավելի շատ Նեփիացիներ։
Զերահեմնան և նրա զինվորները նախկինում երբեք այդպես չէին կռվել։ Նրանք սպանեցին շատ Նեփիացիների։ Նեփիացիները աղերսեցին Տիրոջը օգնության համար։
Տերը զորացրեց Նեփիացիների բանակը։ Բանակը շրջապատեց Լամանացիներին, և Մորոնին հրամայեց կանգնեցնել ճակատամարտը։
Մորոնին ասաց Զերահեմնային, որ Նեփիացիները չեն ցանկանում սպանել Լամանացիներին կամ ստրկացնել նրանց։
Մորոնին ասաց, որ Լամանացիները չեն կարող ոչնչացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ Նեփիացիների հավատը: Նա ասաց, որ Աստված կշարունակի օգնել Նեփիացիներին կռվել, քանի դեռ նրանք հավատարիմ կմնային։
Մորոնին հրամայեց Զերահեմնային վայր դնել զենքերը։ Լամանացիները չեն սպանվի, եթե խոստանան այլևս երբեք չկռվել Նեփիացիների դեմ։
Զերահեմնան հանձնեց իր զենքերը Մորոնիին, սակայն ասաց, որ չի կարող խոստանալ չկռվել։ Մորոնին զենքերը վերադարձրեց Լամանացիներին, որպեսզի նրանք կարողանային պաշտպանել իրենց։
Զերահեմնան հարձակվեց Մորոնիի վրա, սակայն Նեփիացի զինվորներից մեկը հարվածեց և կոտրեց Զերահեմնայի սուրը։
Ապա զինվորը կտրեց Զերահեմնայի գանգամաշկը, սրի ծայրով բարձրացրեց և թափահարեց օդում։
Նա ասաց, որ Լամանացիները վայր կընկնեն, ինչպես ընկավ գանգամաշկը, եթե չհանձնեն իրենց զենքերը և չխոստանան այլևս երբեք չկռվել։
Լամանացիներից շատերը գցեցին իրենց զենքերը Մորոնիի ոտքերի մոտ և խոստացան չկռվել։ Նրանք ազատ արձակվեցին։
Զայրացած Զերահեմնան կոչ արեց մնացած զինվորներին կռվել։ Մորոնիի զինվորները շատերին սպանեցին։
Երբ Զերահեմնան տեսավ, որ ինքը և իր բոլոր մարդիկ կարող են սպանվել, աղաչեց, որ Մորոնին չսպանի իրենց։ Նա խոստացավ այլևս երբեք չկռվել Նեփիացիների դեմ։
Մորոնին կանգնեցրեց կռիվը և վերցրեց Լամանացիների զենքերը։ Երբ Լամանացիները խոստացան այլևս երբեք չկռվել, նրանք հեռացան։