Գլուխ 27
Կորիհորը
Կորիհոր անունով մի մարդ եկավ Զարահեմլա։ Նա չէր հավատում Հիսուս Քրիստոսին և քարոզում էր, որ մարգարեների ասածները Փրկիչի մասին ճիշտ չէին։
Կորիհորը մարդկանց ասում էր, որ նրանք հիմար էին, հավատալով, որ Հիսուսը կգա Երկիր և կտանջվի իրենց մեղքերի համար։
Նա ասում էր, որ մարդիկ չէին կարող պատժվել իրենց մեղքերի համար, որովհետև մահից հետո կյանք չկա։ Շատերը հավատացին Կորիհորին։ Նրանք դարձան մեղսավոր։
Կորիհորը փորձեց քարոզել Ամմոնի ժողովրդին, բայց նրան չլսեցին։ Նրան կապեցին և տարան Ամմոնի մոտ, որը նրան վտարեց քաղաքից։
Կորիհորը գնաց Գեդեոնի երկիրը, բայց այնտեղ նույնպես մարդիկ չլսեցին նրան։ Գլխավոր դատավորը ուղարկեց նրան Ալմայի մոտ։
Ալման հարցրեց Կորիհորին, թե արդյոք նա հավատում է Աստծուն։ Կորիհորն ասաց, որ չի հավատում։ Ալման վկայեց, որ կա Աստված, և որ Քրիստոսը կգա։
Կորիհորը ցանկացավ, որ Ալման հրաշք գործեր՝ ապացուցելով, որ Աստված կա։ Կորիհորն ասաց, որ կհավատա Աստծուն, եթե տեսնի Աստծո զորության որևէ նշան։
Ալման Կորիհորին ասաց, որ ինքն արդեն տեսել է Աստծո զորության շատ նշաններ սուրբ գրություններում և բոլոր մարգարեների վկայություններում։
Ալման ասաց, որ Երկիրը և ամեն բան Երկրի վրա, մոլորակների շարժումը երկնքում, նույնպես նշաններ են այն բանի, որ Աստված կա։
Կորիհորը, միևնույն է, հրաժարվում էր հավատալ։ Ալման վշտացավ, տեսնելով Կորիհորի ամբարշտությունը, և զգուշացրեց, որ նրա հոգին կարող է կործանվել։
Կորիհորը շարունակում էր նշան պահանջել՝ որպես Աստծո գոյության ապացույց։ Ալման ասաց, որ Աստծուց նշանը կլինի այն, որ նա չի կարողանա խոսել։
Ալմայի այդ խոսքերից հետո Կորիհորը այլևս չէր կարողանում խոսել։
Կորիհորը գրեց, որ ընդունում է, որ այդ նշանը Աստծուց է, և որ միշտ գիտեր, որ կա Աստված։ Նա խնդրեց Ալմային աղոթել և հանել անեծքը։
Ալման գիտեր, որ եթե Կորիհորը խոսեր, նա կրկին ստեր կասեր մարդկանց։ Ալման ասաց, որ Տերը Ինքը կորոշեր, թե երբ Կորիհորը նորից կխոսեր։
Տերը չվերադարձրեց Կորիհորին խոսելու ունակությունը։ Կորիհորը շրջում էր տնից տուն՝ ուտելիք մուրալով:
Գլխավոր դատավորը նամակ ուղարկեց երկրով մեկ, պատմելով, թե ինչ է պատահել Կորիհորին։ Նա կոչ արեց նրանց, ովքեր հավատացել էին Կորիհորին, ապաշխարել։ Մարդիկ ապաշխարեցին։
Կորիհորը գնաց ապրելու Զորամացիների հետ։ Մի օր, երբ ողորմություն էր խնդրում, նրան ոտնակոխ արեցին, և նա մահացավ։