Գլուխ 15
Ալման ուսուցանում և մկրտում է
Ալման փախավ Նոյ թագավորի ծառաներից և օրեր շարունակ թաքնվեց։ Մինչ թաքնված էր, նա գրի առավ այն ամենը, ինչ ուսուցանել էր Աբինադի մարգարեն։
Ալման ապաշխարեց իր մեղքերի համար և գաղտնի գնաց Նեփիացիների մոտ՝ ուսուցանելով նրանց Աբինադիի ուղերձը։ Ալման մարդկանց սովորեցնում էր հավատ ունենալ առ Հիսուս Քրիստոսը և ապաշխարել։
Օրվա ընթացքում Ալման թաքնվում էր ծառերի թավուտում՝ ավազանի մոտ, որը կոչվում էր Մորմոնի Ջրեր։
Նրանք, ովքեր հավատում էին Ալմայի ուսմունքներին, գնում էին Մորմոնի Ջրեր և մկրտվում։ Ալման Քրիստոսի Եկեղեցում մկրտեց 204 մարդ։
Ալման քահանաներ ձեռնադրեց մարդկանց ուսուցանելու համար։ Նա ասաց քահանաներին, որ ուսուցանեն ապաշխարություն և հավատ առ Հիսուս Քրիստոս։ Նա նաև ասաց, որ նրանք չպիտի վիճեն, այլ լինեն միասնական։
Ալմայի մարդիկ սիրում ու ծառայում էին միմյանց։ Նրանք կիսվում էին իրենց ունեցածով և երախտապարտ էին, որ սովորել էին իրենց Քավիչ Հիսուս Քրիստոսի մասին։
Նոյ թագավորի ծառաները տեսան, որ Ալման ուսուցանում էր մարդկանց։ Թագավորն ասաց, որ Ալման տրամադրում է Նեփիացիներին իր դեմ, և զորք ուղարկեց նրան սպանելու։
Աստված զգուշացրեց Ալմային այն մասին, որ Նոյ թագավորի զորքը գալիս էր։ Մարդիկ հավաքեցին իրենց ընտանիքներին, կենդանիներին ու իրենց ունեցվածքը և փախան անապատ։
Աստված ուժեղացրեց Ալմայի մարդկանց, որպեսզի նրանք կարողանային փախչել Նոյ թագավորի զորքից։ Զորքը շատ փնտրեց, բայց չկարողացավ գտնել նրանց։
Անապատում ութ օր ճամփորդելուց հետո Ալմայի մարդիկ հասան մի սքանչելի վայր, որտեղ մաքուր ջուր էր հոսում։ Այնտեղ նրանք ցորեն ցանեցին և տներ կառուցեցին։
Մարդիկ ցանկացան, որ Ալման դառնար իրենց թագավորը, բայց Ալման ասաց, որ Աստված չէր կամենում, որ նրանք թագավոր ունենային։ Աստված ցանկանում էր, որ նրանք ազատ լինեին։