Նոր Կտակարան 2023
Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար


«Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հավելված Բ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023

Հավելված Բ

Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար

Այն ամիսներին, որոնք ունեն հինգ կիրակի, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսվում է փոխարինել ծրագրված Եկ, հետևիր ինձ համառոտ շարադրանքը այս ուսումնական վարժություններից մեկով կամ մի քանիսով:

Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկզբունքներն ու արարողությունները

Քրիստոսի վարդապետությունն ուսուցանում է մեզ, թե ինչպես վերադառնալ Աստծո մոտ

Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց Ամերիկա մայրցամաքի ժողովրդին, Նա ուսուցանեց նրանց Իր վարդապետությունը: Նա ասաց, որ մենք կարող ենք մտնել Աստծո արքայություն, եթե ունենանք հավատք, ապաշխարենք, մկրտվենք, ստանանք Սուրբ Հոգին և համբերենք մինչև վերջ (տես 3 Նեփի 11.31–40, Վարդապետություն եվ ուխտեր 20.29): Ստորև բերված վարժությունները կօգնեն ձեզ ուսուցանել երեխաներին, որ այս սկզբունքներն ու արարողությունները կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին մեր կյանքի ընթացքում:

Քրիստոսի վարդապետության մասին ավելին իմանալու համար տես 2 Նեփի 31:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին տվեք նկարներ, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և հաստատումը (տես Ավետարանի պատկերագիրք, 1, 111, 103, և 105): Երեխաների հետ կարդացեք կամ արտասանեք հավատո չորրորդ հանգանակը և խնդրեք նրանց բարձր պահել իրենց նկարները, երբ հիշատակվում է այդ սկզբունքը կամ արարողությունը: Օգնեք երեխաներին հասկանալ, թե այդ սկզբունքներից և արարողություններից յուրաքանչյուրն ինչպես է օգնում մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և հաստատումը միանգամյա իրադարձություններ չեն, այլ ազդում են մեր հոգևոր աճի վրա մեր ողջ կյանքի ընթացքում: Օրինակ՝ դուք կարող եք ցույց տալ նրանց սերմի և մեծ ծառի նկարը (կամ նկարել այդ իրերը գրատախտակին): Օգնեք նրանց մտածել այնպիսի բաների մասին, որոնք օգնում են սերմերին մեծ ծառի վերածվել, ինչպիսիք են՝ ջուրը, հողը և արևի լույսը: Օգնեք նրանց տեսնել, որ դրանք նման են այն քայլերին, որոնք մենք կատարում ենք, որպեսզի ավելի մոտենանք Աստծուն մեր կյանքի ընթացքում՝ կառուցելով մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, ամեն օր ապաշխարելով, ապրելով մեր մկրտության ուխտերով և լսելով Սուրբ Հոգուն:

  • Երեխաներին պատմեք հրավառության մասին պատմությունը Երեց Դեյլ Գ. Ռենլանդի ուղերձից «Ինչպե՞ս կարող է ապաշխարությունն օգնել ինձ երջանիկ զգալ» (Ընկեր, դեկ. 2017, 12–13, կամ Լիահոնա, դեկ. 2017, 70–71, տես նաև «Repentance: A Joyful Choice» տեսաֆիլմը [ChurchofJesusChrist.org]): Պատմությունը պատմելու ընթացքում առաջարկեք երեխաներին մտածել այն մասին, թե ինչ կարող էր զգալ Երեց Ռենլանդը: Մենք ինչո՞ւ ենք ուրախություն զգում, երբ ապաշխարում ենք: Երեխաների հետ կիսվեք այն ուրախությամբ և սիրով, որ զգացել եք, երբ խնդրել եք Երկնային Հորը ներել ձեզ:

Մկրտություն

Հիսուս Քրիստոսը օրինակ ցույց տվեց ինձ, երբ Նա մկրտվեց:

Չնայած Հիսուսը զերծ էր մեղքից, Նա մկրտվեց՝ Երկնային Հորը հնազանդվելու կատարյալ օրինակ լինելու համար (տես 2 Նեփի 31.6–10):

Մկրտության մասին ավելին սովորելու համար տես Վարդապետություն և Ուխտեր 20.37, Ավետարանի թեմաներ, «Մկրտություն», topics.ChurchofJesusChrist.org:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Փրկչի մկրտության որևէ նկար և մեկ ուրիշի մկրտության նկար (կամ տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 35 և հմր. 103 կամ հմր. 104): Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչն է տարբեր և ինչն է նույնը երկու նկարներում: Միասին կարդացեք Մատթեոս 3.13–17 կամ «Գլուխ 10. Հիսուսը մկրտվեց» Նոր Կտակարանի պատմություններ, 26–29, կամ դիտեք համապատասխան տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org: Երեխաները թող նկարներում մատնանշեն այն ամենը, ինչ նշված է ընթերցանության կամ տեսանյութի մեջ: Պատմեք երեխաներին Փրկչի հանդեպ ձեր սիրո և Նրան հետևելու ձեր ցանկության մասին:

  • Լսեք կամ երգեք մկրտության մասին որևէ երգ, օրինակ՝ «When Jesus Christ Was Baptized» (Children’s Songbook, 102): Ի՞նչ ենք սովորում մկրտության մասին այս երգից։ Կարդացեք 2 Նեփի 31.9–10 և երեխաներին հրավիրեք ուշադրություն դարձնել, թե ինչու մկրտվեց Հիսուս Քրիստոսը: Հրավիրեք նրանց նկարել իրենց նկարը` իրենց մկրտության օրը։

Ես կարող եմ իմ ընտրությամբ ուխտ կապել Աստծո հետ և մկրտվել:

Մկրտությանը նախապատրաստվելը նշանակում է շատ ավելին, քան որևէ իրադարձությանը պատրաստվելը: Դա նշանակում է պատրաստվել ուխտ կապելուն, այնուհետև պահել այդ ուխտը ողջ կյանքի ընթացքում: Խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ ուխտը, որը մկրտվելիս կապելու են Երկնային Հոր հետ, և որը ներառում է խոստումները, որոնք Նա է տալիս երեխաներին և խոստումները, որոնք երեխաներն են տալիս Նրան:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ ուխտը մի խոստում է Երկնային Հոր և Նրա զավակների միջև։ Երբ մենք ձգտում ենք պահել Աստծուն տված մեր խոստումները, Աստված խոստանում է օրհնել մեզ: Գրատախտակին գրեք Իմ խոստումները Աստծուն և Աստծո խոստումները ինձ: Միասին կարդացեք Մոսիա 18.10, 13 և Վարդապետություն և Ուխտեր 20.37, և օգնեք երեխաներին համապատասխան վերնագրերի ներքո իրենց գտած խոստումների մի ցուցակ կազմել (տես նաև Դալլին Հ. Օուքս, «Ձեր մկրտության ուխտը», Friend, Feb. 2021, 2–3): Պատմեք, թե Երկնային Հայրն ինչպես է օրհնում ձեզ, երբ դուք ձգտում եք պահել ձեր մկրտության ուխտը:

  • Երեխաներին ցույց տվեք նկարներ, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը, երբ Նա երկրի վրա էր (որոշ օրինակների համար՝ տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 33–49): Թող երեխաները նկարագրեն, թե ինչ է անում Հիսուսը յուրաքանչյուր նկարում: Կարդացեք Մոսիա 18.8–10, 13, և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն քայլերին, որոնք նրանք խոստանում են կատարել, երբ մկրտվեն (տես նաևՄկրտության ուխտը», Ընկեր, փետրվար 2019, 7, Լիահոնա, փետրվար 2019, F3): Ինչպե՞ս են այս խոստումները ազդելու մեր ամենօրյա գործողությունների վրա: Երեխաներին խնդրեք նկարել իրենց նկարը, որում օգնում են որևէ մեկին այնպես, ինչպես կաներ Հիսուսը: Կամ դուք կարող եք երեխաների համար պատրաստել մի պարզ կրծքանշան, որը կրելու է Փրկչի անունը:

    Նկար
    մկրտվող տղան

    Երբ մկրտվում ենք, մենք խոստումներ ենք տալիս Աստծուն, և Նա խոստումներ է տալիս մեզ:

Հաստատում

Երբ ես հաստատվում եմ, ես դառնում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ դառնալը շատ օրհնություններ է բերում, նաև հնարավորություններ է տալիս երեխաներին՝ լինելու Աստծո աշխատանքի եռանդուն մասնակիցներ:

Սուրբ Հոգու հաստատման և պարգևի մասին ավելին իմանալու համար տես Գարի Ի. Սթիվենսոնի ուղերձը՝ «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ», Լիահոնա, մայիս 2017, 117–20, Ավետարանի թեմաներ, «Սուրբ Հոգի», topics.ChurchofJesusChrist.org:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք մեկին, որը վերջերս է մկրտվել և հաստատվել, գալ դասարան և կիսվել, թե ինչ է նշանակում հաստատվել: Այդ մարդու համար ի՞նչ է նշանակում դառնալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Օգնեք երեխաներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են պահել իրենց մկրտության ուխտը՝ որպես Եկեղեցու անդամներ (օրինակ՝ ծառայել ուրիշներին, հրավիրել ուրիշներին ավելին իմանալ Հիսուսի մասին, աղոթել ժողովներին և այլն): Կիսվեք, թե այդ քայլերի կատարումն ինչպե՞ս է օգնել ձեզ զգալ Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելու ուրախությունը:

  • Ցույց տվեք Մորմոնի ջրերում գտնվող մարդկանց նկարը (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 76) և խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ են տեսնում նկարում: Կրկնեք Ալմայի և նրա ժողովրդի պատմությունը Մորմոնի ջրերի մոտ, օգտագործելով (տես Մոսիա18.7-17, կամ «Գլուխ 15. Ալման ուսուցանում և մկրտում է», Մորմոնի Գրքի պատմությունները, կամ 43-44, համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org): Կրկնեք Մոսիա 18.8–9-ը և հրավիրեք երեխաներին կատարել գործողություններ, որոնք կօգնեն նրանց հիշել այն, ինչ մարդիկ պատրաստ էին անել՝ որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Կիսվեք մի փորձառությամբ, երբ ականատես եք եղել, թե Եկեղեցու անդամներն ինչպես են ծառայում այս ձևերով:

Երբ հաստատվում եմ, ես ստանում եմ Սուրբ Հոգու պարգևը

Երբ մենք մկրտվում ենք և հաստատվում, Երկնային Հայրը խոստանում է, «որ [մենք] կարող ենք Նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենալ» (Վարդապետություն և Ուխտեր 20.77): Աստծո այս հրաշալի պարգևը կոչվում է Սուրբ Հոգու պարգև:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33.15-ը և խնդրեք երեխաներին փնտրել հատուկ պարգևը, որը Երկնային Հայրը տալիս է մեզ, երբ մենք մկրտվում և հաստատվում ենք: Որպեսզի օգնեք նրանց ավելին իմանալ այն մասին, թե Սուրբ Հոգու պարգևը ինչպես կօգնի իրենց, միասին վերանայեք Հովհաննես 14.26, Գաղատացիներին 5.22–23, 2 Նեփի 32.5, 3 Նեփի 27.20: Կարող եք նաև կրկնել «Սուրբ Հոգին …» հոդվածը (Լիահոնա, հունիս 2019, F12–F13):

  • Դասից առաջ մեկ կամ մի քանի երեխաների ծնողների խնդրեք կիսվել, թե ինչպես են իրենք օրհնվել Սուրբ Հոգու պարգևն ունենալու շնորհիվ: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում նրանց: Նրանք ինչպե՞ս են լսում Նրա ձայնը:

  • Միասին երգեք որևէ երգ Սուրբ Հոգու մասին, օրինակ՝ «The Holy Ghost» (Children’s Songbook,105)։ Հարցրեք երեխաներին, թե երգն ինչ է ուսուցանում իրենց այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել մեզ։

Սուրբ Հոգին կարող է խոսել ինձ հետ բազմաթիվ ձևերով

Երեխաները, ովքեր կարող են ճանաչել Հոգու ձայնը, պատրաստ կլինեն ստանալ անձնական հայտնություն, որը կառաջնորդի նրանց ողջ կյանքում: Սովորեցրեք նրանց, որ կան բազմաթիվ եղանակներ, որոնցով Սուրբ Հոգին կարող է խոսել մեզ հետ:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել տարբեր եղանակների մասին, որոնցով մենք կարող ենք խոսել հեռու ապրող ընկերոջ հետ, օրինակ՝ նամակ գրել, էլեկտրոնային նամակ ուղարկել կամ խոսել հեռախոսով: Սովորեցրեք նրանց, որ Երկնային Հայրը կարող է խոսել մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով: Օգտագործեք նախագահ Դալլին Հ. Օուքսի ուղերձը՝ «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ», որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է խոսել մեր մտքի և սրտի հետ (Լիահոնա, մարտ 2020, F2–F3):

  • Կիսվեք փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին հաղորդակցվել է ձեզ հետ՝ կա՛մ ձեր մտքի խոհերի, կա՛մ ձեր սրտի զգացմունքի միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8.2–3, տես նաև Հենրի Բ. Այրինգ, «Բացեք ձեր սիրտը Սուրբ Հոգու առաջ», Լիահոնա, օգոստոս 2019, F2–F3): Վկայեք երեխաներն, որ Սուրբ Հոգին կարող է իրենց օգնել նման ձևերով:

  • Օգնեք երեխաներին մտածել այն դեպքերի մասին, երբ նրանք գուցե զգացել են Հոգին, օրինակ՝ Փրկչի մասին երգ երգելիս կամ ուրիշների համար բարի գործ կատարելիս: Օգնեք նրանց ճանաչել հոգևոր զգացումները, որոնք բերում է Սուրբ Հոգին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Սուրբ Հոգին տալիս մեզ այդ զգացումները: Օգնեք երեխաներին մտածել, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի լսենք, որ Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ: Խոսեք այն մասին, թե ինչ եք անում, որպեսզի ավելի հստակ լսեք Հոգուն:

Հաղորդություն

Երբ ես ընդունում եմ հաղորդությունը, հիշում եմ Փրկչի զոհաբերությունը և նորոգում եմ իմ ուխտերը

Փրկիչը տվեց մեզ հաղորդությունը, որպեսզի օգնի մեզ հիշել Իր զոհաբերությունը մեզ համար և նորոգել մեր ուխտերը: Այս շաբաթական արարողության շնորհիվ մենք կարող ենք շարունակել վայելել մեր մկրտության օրհնությունները մեր ողջ կյանքի ընթացքում:

Ավելին իմանալու համար տես Մատթեոս 26.26–30, 3 Նեփի 18.1–12, Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք երեխաներին գունավորել «Հիսուսը ներկայացրեց հաղորդությունը նեփիացիներին» Սուրբգրային պատմությունների գունազարդման գիրք. Մորմոնի Գիրքը (2019), 26: Խնդրեք նրանց ցույց տալ, թե ինչի մասին են մարդիկ մտածում նկարում: Երեխաների համար հատվածներ կարդացեք 3 Նեփի 18.1–12 կամ «Գլուխ 45. Հիսուս Քրիստոսն ուսուցանում է հաղորդության և աղոթքի մասին», Մորմոնի Գրքի Պատմություններ, 126–27, կամ դիտեք համապատասխան տեսանյութը՝ ChurchofJesusChrist.org: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հաղորդության ժամանակ հիշենք Հիսուս Քրիստոսին:

  • Խնդրեք երեխաներին ասել ձեզ որոշ գործողություններ, որոնք նրանք միշտ պետք է հիշեն կատարել, օրինակ՝ կապել կոշկաքուղերը կամ լվանալ ձեռքերը ուտելուց առաջ: Ինչո՞ւ է կարևոր հիշել այս բաները: Կարդացեք Մորոնի 4.3 երեխաների համար և հորդորեք նրանց ուշադիր լսել, թե մենք ի՞նչ ենք խոստանում միշտ հիշել, երբ ընդունում ենք հաղորդությունը: Ինչո՞ւ է կարևոր հիշել Հիսուս Քրիստոսին: Օգնեք երեխաներին հասկանալ, թե հաղորդության հացն ու ջուրը ինչպես են օգնում մեզ հիշել, թե ինչ է արել Հիսուսը մեզ համար (տես Մորոնի 4.3, 5.2):

  • Գրատախտակին գրեք «Ես խոստանում եմ »: Կարդացեք հաղորդության աղոթքները երեխաների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79-ում): Երբ նրանք լսեն Աստծուն տված մեր խոստումը, կանգ առեք և օգնեք նրանց լրացնել գրատախտակին գրված նախադասությունը՝ իրենց լսած խոստումով: Օգնեք նրանց հասկանալ, որ երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք տալիս ենք նույն խոստումները, որոնք տվել ենք մկրտության ժամանակ:

  • Ի՞նչ է նշանակում՝ մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Որպեսզի օգնեք երեխաներին պատասխանել այս հարցին, օրինակ բերեք որևէ առարկա, որի վրա մենք գրել ենք մեր անունները: Ինչո՞ւ ենք մենք մեր անունը գրում այդ բաների վրա։ Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կամենում, որ Իր անունը վերցնենք մեզ վրա: Կիսվեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս բացատրությամբ. «Փրկչի անունը մեզ վրա վերցնելը ներառում է` մեր գործերի և մեր խոսքերի միջոցով ուրիշներին հայտարարելը և վկայելը, որ Հիսուսը Քրիստոսն է («Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 88):

Քահանայության զորություն, իշխանություն և բանալիներ

Աստված օրհնում է Իր զավակներին քահանայության զորության միջոցով

Աստծո բոլոր զավակները՝ կին և տղամարդ, երիտասարդ և ծեր, ստանում են Աստծո զորությունը, երբ պահում են Նրա հետ կապած ուխտերը: Մենք կապում ենք այս ուխտերը, երբ ստանում ենք քահանայության արարողություններ, ինչպիսին է մկրտությունը (տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 3.5, ChurchofJesusChrist.org):

Ավելին իմանալու համար տես՝ Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 76–79, «Քահանայության սկզբունքները», գլուխ 3 Ընդհանուր ձեռնարկ:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին նկատել այն օրհնությունները, որոնք նրանք ստանում են քահանայության շնորհիվ: Նրանց որոշ գաղափարներ տալու համար կարող եք ցուցադրել «Քահանայության օրհնությունները» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Նկատի առեք այդ հարցերը գրի առնել գրատախտակին: Ինչո՞ւ են այդ օրհնությունները կարևոր մեզ համար։ Վկայեք, որ այդ օրհնությունները մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա քահանայության զորության շնորհիվ:

  • Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը. Աստծո զորությունը և Աստծո զորությունն ու իշխանությունը, որը տրված է տղամարդկանց երկրի վրա: Խնդրեք երեխաներին տեղադրել նկարներ առաջին վերնագրի տակ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես է Աստված օգտագործել Իր զորությունը մեզ օրհնելու համար, օրինակ՝ ստեղծելով աշխարհը, առաջնորդելով և ուղղորդելով մեզ, ցույց տալով, որ Նա սիրում և ճանաչում է մեզ, և լսելով ու պատասխանելով մեր աղոթքներին (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 3, 68, 90111): Խնդրեք նրանց տեղադրել նկարներ երկրորդ վերնագրի տակ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես են երկրի վրա ապրող արժանավոր տղամարդիկ օգտագործում Աստծո զորությունն ու իշխանությունը՝ մեզ օրհնելու համար, ինչպես օրինակ՝ օրհնելով հիվանդներին, մկրտելով, հաստատելով, հաղորդությունը սպասավորելով և կնքելով ընտանիքները (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 46, 104, 105, 107120): Կիսվեք, թե ինչու եք երախտապարտ քահանայության և այն օրհնությունների համար, որոնք այն բերում է մեզ:

  • Հիմնական ուղիներից մեկը, որով մենք ստանում ենք Աստծո զորության օրհնությունները մեր կյանքում, քահանայության արարողություններն են (տես Վարդապետություն և Ուխտեր 84.20): Որպեսզի օգնեք երեխաներին սովորել այդ ճշմարտությունը, դուք կարող եք գրատախտակին թվարկել հետևյալ սուրբ գրությունները. 3 Նեփի 11.21–26, 33 (մկրտություն), Մորոնի 2 (հաստատում), Մորոնի 4–5 (հաղորդություն): Երեխաներից յուրաքանչյուրը կարող է ընտրել այդ հատվածներից մեկը և բացահայտել արարողությունը, որը այն նկարագրում է: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են նրանք անձնապես օրհնվել քահանայության արարողությունները ստանալուց։

  • Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք զորություն կստանան Աստծուց, երբ մկրտվեն և պահեն իրենց մկրտության ուխտը: Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող է այդ զորությունը օգնել նրանց:

Աստծո աշխատանքն առաջնորդվում է քահանայության բանալիներով և իրականացվում է քահանայության իշխանության միջոցով

Եկեղեցու արժանավոր արական սեռի անդամները կարող են կարգվել քահանայության պաշտոնում: Բացի այդ, ամեն անգամ, երբ մարդը կարգվում է որևէ կոչման կամ նշանակվում է՝ օգնելու Աստծո աշխատանքին, նա կարող է գործադրել քահանայության լիազորված իշխանությունը: Եկեղեցու քահանայության ողջ իշխանության օգտագործումը ղեկավարվում է այն անհատների կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիները, ինչպես օրինակ՝ ցցի նախագահը, եպիսկոպոսը և քվորումի նախագահները: Քահանայության բանալիները քահանայության օգտագործումը ղեկավարելու իշխանությունն է՝ Տիրոջ աշխատանքը կատարելիս:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մարկոս 3.14–15 և նրանց ցույց տվեք այնտեղ նկարագրված իրադարձության նկարը (օրինակ Ավետարանի պատկերագիրք, հմր. 38): Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք երբևէ տեսել են ինչ-որ մեկին քահանայության պաշտոնում կարգվելիս կամ կոչման համար ձեռնադրվելիս (կամ պատմեք նրանց ձեր ունեցած փորձառությունների մասին): Ինչո՞վ է դա նման նրան, ինչ Փրկիչն արեց Իր առաքյալների համար: Օգնեք երեխաներին գրատախտակին թվարկել քահանայության պաշտոնները կամ կոչումները, որոնք կարող են տրվել Եկեղեցու անդամներին, օրինակ՝ ուսուցիչ կամ կազմակերպության ղեկավար: Յուրաքանչյուր պաշտոնի կամ կոչման կողքին կարող եք գրել, թե այդ պաշտոնը կամ կոչումը կրողը ինչ կարող է անել իրեն տրված իշխանությամբ: Ասեք երեխաներին, թե ինչպես է քահանայության բանալիներ կրող ինչ-որ մեկը օգնել ձեզ ծառայել:

  • Խնդրեք երեխաներին մտածել մի բանի մասին, որի օգտագործման համար ձեզ բանալի է հարկավոր, օրինակ՝ մեքենա կամ դուռ: Ի՞նչ կլինի, եթե բանալին չունեք: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 65.2 և կիսվեք ձեր վկայությամբ՝ երկրի վրա քահանայության բանալիներ ունենալու կարևորության մասին: Դուք նաև կարող եք դիտել “Where Are the Keys?” տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և տեսնել, թե երեց Սթիվենսոնն ինչ է ուսուցանում քահանայության բանալիների մասին։

  • Խնդրեք ծխի որևէ անդամի, որը բանալիներ է կրում, գալ դասարան և ասել երեխաներին, թե ինչ է նշանակում կրել քահանայության բանալիները: Խնդրեք նրան նկարագրել իր պարտականությունները: Տիրոջ աշխատանքի ո՞ր մասերն է նա ղեկավարում: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում նրան:

Տաճարը և երջանկության ծրագիրը

Տաճարը Տիրոջ տունն է:

Տաճարները հանդիսանում են Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի մի մասը: Տաճարներում մենք սուրբ ուխտեր ենք կապում Նրա հետ, օժտվում ենք քահանայության զորությամբ, ստանում ենք հայտնություն, արարողություններ ենք կատարում մեր մահացած նախնիների համար և կնքվում մեր ընտանիքների հետ հավերժության համար: Այս ամենը հնարավոր է Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ճանաչել Տիրոջ տան սրբությունը և պատրաստվել արժանի գտնվել տաճարային արարողություններին: Վերանայեք հետևյալ նյութերը. Վարդապետություն և Ուխտեր 97.15–17, Ռասսել Մ. Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 120–22, «Ինչու են Վերջին Օրերի Սրբերը տաճարներ կառուցում», temples.ChurchofJesusChrist.org:

Նկար
երիտասարդները տաճարից դուրս

Տաճարները հանդիսանում են Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի մի մասը:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք տաճարի մեկ կամ մի քանի նկարներ: Հարցրեք երեխաներին, թե ինչն է տաճարը առանձնահատուկ վայր դարձնում: Նշեք, որ յուրաքանչյուր տաճարի մուտքի վրա փորագրված է «Սրբություն Տիրոջը․ Տիրոջ տունը» բառերը: Հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, ինչ կարող է նշանակել «Սրբություն Տիրոջը»։ Ինչո՞ւ է տաճարը կոչվում Տիրոջ տունը: Ի՞նչ է դա մեզ ուսուցանում Փրկչի մասին: Եթե երեխաներից որևէ մեկը եղել է տաճարում, նրանք կարող են նաև պատմել, թե ինչ են զգացել այնտեղ գտնվելու ժամանակ: Եթե դուք եղել եք տաճարում, կիսվեք, թե ինչպես եք զգացել Տիրոջ ներկայությունն այնտեղ, և խոսեք այն մասին, թե ինչու է տաճարը սուրբ վայր ձեզ համար:

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97․15-17 հատվածները: Խնդրեք երեխաներին փնտրել, թե ինչ է ակնկալում Տերը նրանցից, ովքեր մտնում են Իր սուրբ տունը: Մենք ինչո՞ւ պետք է արժանավոր լինենք Նրա տունը մտնելու համար: Որպես այս զրույցի մաս, երեխաների հետ խոսեք տաճարային երաշխավորագրերի մասին, ներառյալ՝ ինչպես ստանալ այն: Դուք կարող եք հրավիրել եպիսկոպոսության անդամներից մեկին, որ նրանց պատմի, թե ինչ է տաճարային հարցազրույցը և հարցերը, որոնք տրվում են հարցազրույցի ժամանակ:

Տաճարում մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ գնալ ուխտի ճանապարհով դեպի տուն՝ մեր Երկնային Ծնողների մոտ, և լինել նրանց հետ, ում սիրում ենք» («Եկ, հետևիր ինձ», Լիահոնա, մայիս 2019, 91): Օգնեք երեխաներին հասկանալ, որ ուխտի արահետը ներառում է մկրտությունը, հաստատումը և տաճարային օժտումն ու կնքումը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ վերանայել ուխտը, որը մենք կապում ենք Աստծո հետ, երբ մկրտվում ենք, և որը մենք նորոգում ենք, երբ ընդունում ենք հաղորդությունը (տես Մոսիա 18.10, Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79): Ցույց տվեք տաճարի նկարը և բացատրեք, որ Երկնային Հայրն ավելի շատ օրհնություններ ունի, որոնք Նա ցանկանում է տալ մեզ տաճարում:

  • Նկարեք դարպաս, որը տանում է դեպի որևէ արահետ: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչու են կարծում, որ օգտակար է ունենալ արահետ, որով կարող ենք քայլել: Միասին կարդացեք 2 Նեփի 31.17–20-ը, որտեղ Նեփին մկրտության ուխտը համեմատում է դարպասի հետ և հրավիրում է մեզ մկրտությունից հետո շարունակել արահետի վրայով: Մկրտությունից հետո ավելի շատ ուխտեր կան կնքելու, ներառյալ տաճարում կապվող ուխտերը: Բացատրեք, որ նախագահ Նելսոնն այս ուղին անվանել է «ուխտի արահետ»:

Տաճարում մենք կարող ենք մկրտվել և հաստատվել նախնիների համար, ովքեր մահացել են:

Հիսուս Քրիստոսի ավետարանը հնարավորություն է տալիս Աստծո բոլոր զավակներին վերադառնալ ապրելու Նրա հետ, նույնիսկ, եթե նրանք մահանան առանց ավետարանի իմացության: Տաճարում մենք կարող ենք նրանց անունից մկրտվել և հաստատվել որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ:

Հնարավոր վարժություններ

  • Հիշեք մի դեպքի մասին, երբ ինչ-որ մեկը որևէ գործ է արել ձեզ համար, որը դուք միայնակ չէիք կարող անել։ Հրավիրեք երեխաներին կիսվել նման անձնական փորձառություններով: Բացատրեք, որ երբ մենք գնում ենք տաճար, կարող ենք սուրբ արարողություններ ստանալ, ինչպիսին է մահացածների համար մկրտությունը: Ինչպե՞ս ենք մենք նմանվում Հիսուսին, երբ արարողություններ ենք կատարում մահացածների համար: Ի՞նչ է Նա արել մեզ համար, որը մենք ինքներս չէինք կարող անել մեզ համար:

  • Հրավիրեք մի քանի երեխաների, ովքեր մկրտվել են իրենց նախնիների համար կիսվել իրենց փորձառությամբ: Հարցրեք երեխաներին, թե ինչ էին զգում տաճարում: Խրախուսեք նրանց կիսվել, թե ինչ են զգացել այդ աշխատանքը իրենց նախնիների համար կատարելիս:

  • Գրատախտակին նկարեք ծառ՝ արմատներով և ճյուղերով: Խնդրեք երեխաներին մտածել, թե ինչպես է ընտանիքը նման ծառի: Պիտակավորեք արմատները՝ Նախնիներ, ճյուղերը՝ Ժառանգներ, իսկ ծառի բունը՝ Ես բառերով: Միասին կարդացեք հետևյալ նախադասությունը Վարդապետություն և Ուխտեր 128.18-ից. «Քանզի առանց [մեր նախնիների] մենք չենք կարող կատարյալ դառնալ, ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ»։ Տվեք հետևյալ հարցերը. «Ինչո՞ւ մենք ունենք մեր նախնիների կարիքը: Մեր սերունդներն ինչո՞ւ ունեն մեր կարիքը: Ինչպե՞ս են մեզ օգնել մեր ծնողները, տատիկներն ու պապիկները և մյուս նախնիները»: Հանձնարարեք երեխաներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 128․18 հատվածի մնացած մասը և գտնել մի արտահայտություն, որը նկարագրում է, թե մենք ինչպես կարող ենք օգնել մեր նախնիներին:

  • Կարող եք աշխատել յուրաքանչյուր երեխայի ծնողների հետ՝ գտնելով որևէ նախնու անուն, որպեսզի երեխան տանի տաճար (տես FamilySearch.org):

Տպել