Սեմինարիա
Դաս 97․ Վարդապետության սերտման գործնական պարապմունք 6․ Հասկանալ վարդապետությունը և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ


«Դաս 97․ Վարդապետության սերտման գործնական պարապմունք 6․ Հասկանալ վարդապետությունը և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետության սերտման գործնական պարապմունք 6», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 97․ Վարդապետություն և Ուխտեր 84

Վարդապետության սերտման գործնական պարապմունք 6

Հասկանալ վարդապետությունը և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

երիտասարդը նշում է սուրբ գրությունները

Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և սովորել ու կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կրկնություն․ Հասկանալ

Որպեսզի օգնեք ուսանողներին ծանոթանալ վարդապետության սերտման հատվածներին Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության մնացած բաժիններում, նրանց մի քանի րոպե հատկացրեք՝ իրենց սուրբ գրություններում այդ հատվածները տարբերակիչ ձևով նշելու համար: Ուսանողները կարող են գտնել վարդապետության սերտման հղումների և սուրբգրային հիմնական արտահայտությունների ցանկը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023)։

Այնուհետև կարող եք առաջարկել ուսանողներին կատարել հետևյալ վարժությունը փոքր խմբերով՝ այս հատվածներում ուսուցանվող վարդապետության իրենց հասկացողությունը մեծացնելու համար: Այնպես արեք, որ սուրբ գրություններում նշումներ կատարելու և այս վարժությունն ավարտելու համար ծախսվի ընդամենը 10-15 րոպե: Այս ժամանակը կբավարարի ուսանողներին դասի ընթացքում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Կազմեք հաճախ հանդիպող դժվարությունների ցանկ, որոնց դեռահասներն առնչվում են իրենց առօրյա կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր գրքում փնտրեք վարդապետության սերտման հատվածներ, որոնք կարող են օգնել այդ իրավիճակներում: Կարդացեք ձեր ընտրած հատվածները և պատրաստվեք դասարանի հետ կիսվել հետևյալ հարցերի ձեր պատասխաններով.

  • Ինչպե՞ս կարող եք ձեր բառերով բացատրել, թե ինչ են ուսուցանում այս հատվածները:

  • Ինչպե՞ս կարող են այս հատվածներում պարունակվող Հիսուս Քրիստոսի ուսմունքներն օգնել դեռահասներին հաղթահարել ձեր թվարկած հաճախ հանդիպող դժվարությունները:

Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Նախքան հետևյալ իրավիճակը ներկայացնելը, ուսանողների համար օգտակար կլինի համառոտ կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: (Առաջարկվող կրկնության վարժություններն ընդգրկված են այս ձեռնարկի հավելվածում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:)

Կրկնելու եղանակներից մեկն է՝ գրատախտակին գրել յուրաքանչյուր սկզբունք առանձին վերնագրի տեսքով՝ յուրաքանչյուրի տակ գրառում կատարելու համար տեղ թողնելով: Մոտավորապես հավասար թվով ուսանողների առաջարկեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու տարբեր սկզբունքներ՝ վերանայելով պարբերություններ 5–12 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023): Այնուհետև գրատախտակի մոտ հրավիրեք երեք կամավորի՝ մեկական յուրաքանչյուր սկզբունքի համար: Խնդրեք նրանց համապատասխան վերնագրի տակ գրել կարևոր արտահայտություն կամ գաղափար՝ իրենց վերանայած պարբերություններից: Այս արտահայտությունները կամ գաղափարները կօգտագործվեն ավելի ուշ՝ դասի ընթացքում:

Կարդացեք հետևյալ սցենարը և մտածեք, թե ինչպես կարող են օգտակար լինել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները․

Քրիսը շփոթված է։ Նրա ավագ քույրը, որը ամուսնացած է, վերջերս ասել է նրան, որ հեռացել է Եկեղեցուց և այլևս չի ցանկանում Եկեղեցու անդամ լինել: Քրիսի ընտանիքի մյուս անդամները և ընկերները մի ժամանակ ամուր էին ավետարանի ուսմունքների մեջ, սակայն դադարել են կանոնավոր կերպով եկեղեցի հաճախել: Նրանք հիանալի մարդիկ են և երջանիկ ու հաջողակ են իրենց կյանքում: Քրիսը միշտ ծրագրել է մնալ Եկեղեցու ակտիվ անդամ, սակայն նա սկսում է մտածել, թե արդյոք իր ողջ կյանքի ընթացքում Եկեղեցու ակտիվ անդամ մնալն իսկապես կարևոր է։

Հնարավորության դեպքում ուսանողներին առաջարկեք կազմել երեք հոգուց բաղկացած խմբեր այն ուսանողների հետ, որոնք կրկնել են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու տարբեր սկզբունքներ: Խմբերին խնդրեք քննարկել, թե գրատախտակի արտահայտություններից կամ գաղափարներից յուրաքանչյուրն ինչպես կարող է օգտակար լինել Քրիսին:

Եթե ժամանակը թույլ տա, կարող եք կրկնել այս վարժությունը մի քանի անգամ՝ առաջարկելով այլ կամավորների գրատախտակին յուրաքանչյուր սկզբունքի տակ գրել տարբեր արտահայտություններ կամ գաղափարներ: Վարժությունն ավելի բազմազան դարձնելու համար յուրաքանչյուր փուլի ընթացքում ուսանողները կարող են կազմել երեք հոգուց բաղկացած տարբեր խմբեր՝ քննարկելու գրատախտակի վրա գրված նոր արտահայտությունները կամ գաղափարները:

Այս վարժությունն ամփոփելու համար ուսանողները կարող են ևս մեկ անգամ ձևավորել նոր խմբեր՝ քննարկելու հետևյալը.

  • Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են լավագույնս օգնել Քրիսին հասկանալ, թե ինչ է առաջարկում Հիսուս Քրիստոսը նրանց, ովքեր հավատարիմ են մնում Իր Եկեղեցուն:

  • Սուրբգրային այլ գրքերից վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել նրան:

Իրենց խմբերում փնտրելու և քննարկելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց կիսվել դասարանի հետ, թե որ հատվածներն են իրենց կարծիքով առավել օգտակար և ինչու: Մի քանի խմբի խրախուսեք կիսվել: (Հատվածներից մի քանիսը, որ ուսանողները կարող են ընտրել, հետևյալն են․ Վարդապետություն և Ուխտեր 1.30, 84.20–22, Հելաման 5.12, Հեսու 24.15, Եսայիա 58.13–14, Ղուկաս 22.19–20, Եփեսացիս 2.19–20։)

Դասի ավարտին ուսանողներին կարող եք խնդրել իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հուշումներից մի քանիսին կամ բոլորին.

Հավերժության հեռանկարից Երկնային Հայրը ցանկանում է, որ ես հավատարիմ մնամ Հիսուս Քրիստոսին և շարունակեմ ակտիվորեն գործել Նրա Եկեղեցում, քանի որ ։

Սուրբ գրությունների հատվածը, որն օգնում է ինձ հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին և շարունակել ակտիվորեն գործել Նրա Եկեղեցում, հետևյալն է․ ։

Ես կարող եմ անել հետևյալը, որպեսզի հավատարիմ մնամ Հիսուս Քրիստոսին և իմ ողջ կյանքում ակտիվորեն գործեմ Նրա Եկեղեցում․ ։