Սեմինարիա
Դաս 174. «Երիտասարդներին զորացնելու համար» ուղեցույց. «Ճշմարտությունը կազատի ձեզ»


«Դաս 174․ Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույց. «Ճշմարտությունը կազատի ձեզ»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույց», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 174․ Երիտասարդներին զորացնելու համար

Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույց

«Ճշմարտությունը կազատի ձեզ»

ftsoy

Երկնային Հայրը սիրում և վստահում է աճող սերնդին: Նա մարգարեական առաջնորդություն է տվել՝ օգնելու այսօրվա երիտասարդներին զարգացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս և մնալ ուխտի արահետի վրա: Այս դասը կարող է օգնել ուսանողներին որոշումներ կայացնելիս նայել Հիսուս Քրիստոսին՝ օգտագործելով «Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց» գրքույկը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի առաջին երկու բաժինները նախատեսված են օգնելու ուսանողներին ավելին իմանալ «Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություններ կատարելու ուղեցույց» (2022) գրքույկի մասին, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ ապավինել Հիսուս Քրիստոսին: Վերջին բաժինը առաջարկում է ուսումնական վարժություն, որը վերաբերում է գրքույկի էջ 30–33-ում գտնվող՝ «Ճշմարտությունը կազատի ձեզ» բաժնին։ Ուղեցույցից լրացուցիչ թեմաներ ուսումնասիրելու գաղափարները ներկայացված են սեմինարիայի ուսուցչի այլ ձեռնարկներում: Որոշեք, թե այս դասի որ բաժինները և «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի որ թեմաները լավագույնս կհամապատասխանեն ձեր ուսանողների կարիքներին:

Հիսուս Քրիստոսը երիտասարդների զորությունն է

Կարող եք գրատախտակին գրել զորություն բառը և առաջարկել ուսանողներին կիսվել, թե ում կամ ինչի մասին են մտածում, երբ տեսնում են այդ բառը: Կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը և քննարկել հետևյալ հարցերը։

Փրկիչը
  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը զորության լավ օրինակ: Ինչպե՞ս է Նա զորություն դրսևորել Իր կյանքի բոլոր ոլորտներում:

  • Ինչպիսի՞ իրավիճակների են բախվում դեռահասները, որոնց ժամանակ Փրկչի զորությունը կարող է օգնել նրանց:

Կարդացեք «Առաջին Նախագահության ուղերձը» Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի էջ 2-ում՝ փնտրելով, թե ինչպես կարող եք զորություն ստանալ:

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում այն, որ Հիսուս Քրիստոսը «երիտասարդների զորությունն» է:

  • Ինչպե՞ս եք դուք օգնություն և զորություն ստացել Նրանից:

Կատարեք ոգեշնչված ընտրություններ

Առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնասիրության օրագրերում կատարել հետևյալ վարժությունը։

Թվարկեք որոշ կարևոր ընտրություններ կամ որոշումներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել առաջիկա 10 տարիների ընթացքում: Որոշեք, թե այս ընտրություններից որն առավել մեծ ազդեցություն կունենա ձեր հետագա կյանքի վրա:

Ուսանողները կարող են առանձնացնել այն որոշումները, որոնք, իրենց կարծիքով, առավել մեծ ազդեցություն կունենան իրենց կյանքի վրա՝ ընդգծելով դրանք: Հաջորդ հարցին նրանք կարող են լուռ պատասխանել՝ իրենց օրագրերում նկարելով ժպտացող դեմք, չեզոք դեմք կամ խոժոռված դեմք՝ ցույց տալու համար, թե որքանով են իրենք վստահ յուրաքանչյուր որոշում կայացնելու հարցում:

  • Որքանո՞վ եք վստահ այս որոշումները կայացնելու հարցում:

  • Ի՞նչ աղբյուրներ է տրամադրել Երկնային Հայրը՝ օգնելու ձեզ կատարել ոգեշնչված ընտրություններ։

Ուսանողները կարող են կիսվել, թե Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն ինչպես է օգնել իրենց ոգեշնչված ընտրություններ կատարել:

Կարդացեք «Կատարեք ոգեշնչված ընտրություններ» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի էջ 4–5-ում՝ փնտրելով այն, ինչը կարող է օգնել ձեզ ձեր ներկայիս և ապագա ընտրություններում։

Այս բաժինը ուսումնասիրելու համար կարող եք ուսանողներին զույգերի բաժանել: Յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի հանձնարարեք ուսումնասիրել առաջին երեք պարբերությունները, իսկ մյուսին՝ վերջին երեք պարբերությունները: Առաջարկեք նրանց նշել կարևոր բառերը և արտահայտությունները և կիսվել զուգընկերոջ հետ իրենց սովորածով:

Երբ ուսանողները ավարտեն զույգերով քննարկումը, դասարանով քննարկումը հեշտացնելու համար կարող եք տալ հետևյալ հարցերը:

  • Ի՞նչ գտաք, որը կարող է օգնել ձեզ ոգեշնչված որոշումներ կայացնել։

  • Ինչպե՞ս է ձեր սովորածն ազդում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացմունքների վրա:

Խրախուսեք ուսանողներին կանոնավոր կերպով օգտագործել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի ուսմունքներն ու սկզբունքները, երբ կայացնում են որոշումներ և ձգտում են հետևել Փրկչին: Առաջարկեք նրանց ծանոթանալ «Ոգեշնչված ընտրություններ» բաժնի վերջում՝ էջ 5-ում գտնվող գրաֆիկին կամ ցուցադրեք հետևյալ տեղեկությունները, որպեսզի օգնեք տեսնել, թե ինչ կառուցվածք ունի «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկը։

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի յուրաքանչյուր թեմա բաղկացած է երեք մասից.

  1. Հավերժական ճշմարտություններ կամ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը

  2. Հրավերներ՝ գործելու այդ ճշմարտությունների հիման վրա

  3. Խոստացված օրհնություններ, որոնք Տերն առաջարկում է նրանց, ովքեր ապրում են Իր ուսմունքներով

Առաջարկեք ուսանողներին խորհել ընթացիկ հարցերի կամ դժվարությունների մասին, որոնց հաղթահարման համար իրենք կարող են օգնության կարիք ունենալ, հատկապես հաշվի առնելով այն կարևոր ընտրությունները, որ իրենք պետք է կատարեն առաջիկա մի քանի տարվա ընթացքում։ Ժամանակ տվեք նրանց՝ ուսումնասիրելու Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը՝ փնտրելով հավերժական ճշմարտություններ, հրավերներ և խոստացված օրհնություններ, որոնք կարող են օգնել հաղթահարել իրենց մտահոգությունները: Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրելիս գրի առնել իրենց գաղափարներն ու տպավորությունները: Երբ նրանք ավարտեն, առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գտածով, բայց հիշեցրեք նրանց, որ չկիսվեն որևէ խիստ անձնական խնդրով: Հետևյալ հարցերը կարող են օգնել։

  • Ի՞նչ օգտակար բան հայտնաբերեցիք կամ գտաք ուսումնասիրելիս:

  • Հավերժական ճշմարտությունը սովորելու, ներշնչված հրավերների համաձայն գործելու և խոստացված օրհնությունները հիշելու գործընթացն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ Հիսուս Քրիստոսից զորություն ստանալ՝ ոգեշնչված ընտրություններ կատարելու համար:

«Ճշմարտությունը կազատի ձեզ»

Դասի այս հատվածը նվիրված է «Ճշմարտությունը կազատի ձեզ» բաժնին՝ էջ 30–33-ում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում։ Դուք կարող եք ուսուցանել այն մյուս բաժինների հետ համատեղ կամ առանձին:

Գրատախտակին գրեք առավելություններ և թերություններ բառերը։ Կարող եք ցուցադրել սմարթֆոն, նոութբուք կամ ինտերնետի և սոցիալական ցանցերի հասանելիություն ունեցող այլ սարք: Խնդրեք ուսանողներին նկարագրել գիտելիք փնտրելիս ինտերնետից և սոցիալական ցանցերից օգտվելու առավելություններն ու թերությունները: Առաջարկեք նրանց գրատախտակին գրել այն վստահելի աղբյուրները, որոնք իրենց հայտնի են, և կիսվել, թե ինչու է կարևոր օգտագործել այդ աղբյուրները ճշմարտությունը որոնելիս:

Կարդացեք Հովհաննես 8․31–32 հատվածները՝ փնտրելով, թե Հիսուսն ինչ է ուսուցանել ճշմարտության մասին։

  • Ի՞նչ սովորեցիք:

  • Ճշմարտությունն ինչպե՞ս է օգնում մեզ լինել ազատ:

    Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի: Յուրաքանչյուր խմբի թուղթ տրամադրեք: Առաջարկեք նրանց մտածել դեռահասների մասին մի իրատեսական սցենար, որը վերաբերում է էջ 30–33-ի «Ճշմարտությունը կազատի ձեզ» բաժնի թեմաներին: Օրինակ՝ սցենարը կարող է նկարագրել մի մարդու, որը չի տեսնում ճշմարտությունը սովորելու արժեքը, կամ մարդու, որը դժվարությունների է բախվում շիտակ ապրելու ճանապարհին, կամ մեկին, ով վախենում է քննարկել իր հավատքը ուրիշների հետ: Երբ խմբերը գրեն իրենց սցենարները, առաջարկեք նրանց փոխանակվել թղթերով մեկ այլ խմբի հետ:

    Առաջարկեք ուսանողներին կարդալ էջ 31-ի պարբերություն 1–4-ը «Ճշմարտությունը կազատի ձեզ» բաժնում և բացահայտել սկզբունքը: Նրանք կարող են բացահայտել հետևյալ սկզբունքը. Հավերժական ճշմարտությունները սովորելը և դրանցով ապրելը օգնում է մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և խաղաղություն ու երջանկություն գտնել այս կյանքում:

  • Ինչպե՞ս կարող է հավերժական ճշմարտություններ սովորելն ու դրանցով ապրելը օգնել մեզ ավելի նմանվել Երկնային Հորը: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել այդ գործընթացում։

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը զգացել խաղաղություն և երջանկություն՝ ապրելով Փրկչի ավետարանի հավերժական ճշմարտություններով:

    Առաջարկեք ուսանողներին գրել պատասխան սցենարի հերոսին՝ օգտագործելով հավերժական ճշմարտությունները, հրավերները և խոստացված օրհնությունները, որոնք ուսուցանվում են «Ճշմարտությունը կազատի ձեզ» բաժնում՝ էջ 30–33-ում: Մի քանի խմբի առաջարկեք կիսվել իրենց ստացած սցենարով և նկարագրել, թե ինչպես են իրենք օգտագործել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում պարունակվող տեղեկությունները։

    Եզրափակելով՝ ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցին:

  • Ի՞նչ փոփոխություններ կարող եք կատարել ձեր կյանքում՝ այսօր ձեր սովորածի և զգացածի շնորհիվ։

«Ճշմարտությունը կազատի ձեզ» բաժինն էջ 30–33-ում կամ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի այլ բաժիններ ուսումնասիրելիս ուսանողները կարող են իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն զգալ: Առաջարկեք ուսանողներին գտնել «Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ» բաժինը էջ 6–9-ում՝ փնտրելով, թե ինչպես կարող են Հիսուս Քրիստոսից զորություն ստանալ՝ փոխվելու համար: