Սեմինարիա
Դաս 179. Աջակցենք մեր ղեկավարներին. Հետևենք նրանց, ում Տերը կանչում է առաջնորդելու համար


«Դաս 179. Աջակցենք մեր ղեկավարներին. Հետևենք նրանց, ում Տերը կանչում է առաջնորդելու համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Աջակցենք մեր ղեկավարներին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 179. Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց

Աջակցենք մեր ղեկավարներին

Հետևենք նրանց, ում Տերը կանչում է առաջնորդելու համար

անդամներն աջակցում են երիտասարդ ղեկավարներին

Մենք կարող ենք լավ առաջնորդներ լինել շատ առումներով: Եղանակներից մեկը լավ հետևորդներ լինելն է: Մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, երբ աջակցում ենք առաջնորդներին, որոնք կանչված են Նրա ուղղորդմամբ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե որքան կարևոր է աջակցել նրանց, ում Տերը կանչում է առաջնորդելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատրաստակամ լինենք հետևելու

Ցուցադրեք հետևյալ սցենարը, որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այն մարդկանց աջակցելու կարևորության մասին, որոնց Տերը կանչում է առաջնորդելու համար․

Պատկերացրեք, որ ձեր ընկերը մկրտվել է մոտ մեկ տարի առաջ և կանչվել է որպես ձեր դասարանի կամ քվորումի նախագահ: Դուք ավելի երկար եք հավատարիմ եղել ավետարանին և կարծում եք, որ ձեր ընկերն այնքան էլ համապատասխան չէ դասարանի կամ քվորումի նախագահ լինելու համար, որքան դուք կամ ուրիշները:

  • Ինչպե՞ս կարող եք փոխել ձեր մտածողությունը, որպեսզի աջակցեք դասարանի կամ քվորումի անդամին:

  • Ի՞նչ կարող եք անել՝ այս կոչման մեջ ձեր ընկերոջն աջակցելու համար:

Հարցրեք ուսանողներին՝ արդյոք իրենք կամ իրենց ծանոթներից մեկը նման փորձ է ունեցել: Նրանք ինչպե՞ս են արձագանքել։

Տիրոջ կողմից կանչված մարդկանց հետևելու պատրաստակամության օրինակներից մեկը Հայրում Սմիթն է։ Թեպետ նա վեց տարով մեծ էր իր եղբայր Ջոզեֆից, սակայն Հայրումն աջակցեց Ջոզեֆին իր կոչման մեջ:

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը կիսվել է հետևյալով Հայրումի մասին.

2:3

Hyrum Smith: Firm As the Pillars of Heaven

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

[Հայրումն] օգնեց և ծառայեց իր եղբորը՝ Մարգարե Ջոզեֆին, ավետարանի վերականգնման երկար և դժվարին գործընթացում: …

Չնայած այդ ամենին, Հայրումը հաստատուն մնաց: Նա գիտեր, թե ինչպես է ընթանալու իր կյանքը և գիտակցաբար որոշեց գնալ այդ ճանապարհով: Ջոզեֆի համար Հայրումը դարձավ ընկերակից, պաշտպան, մատակարար, վստահելի անձնավորություն և, ի վերջո, միացավ նրան որպես նահատակ: Անարդար հալածանքներն ուղեկցում էին նրանց ողջ կյանքում: Չնայած Հայրումն ավելի մեծ էր, սակայն նա ընդունեց իր եղբոր աստվածային թիկնոցը: Չնայած Հայրումը երբեմն զորեղ խորհուրդներ էր տալիս Ջոզեֆին, սակայն միշտ ապավինում էր իր կրտսեր եղբորը: (Մ. Ռասսել Բալլարդ, «Hyrum Smith: «Firm as the Pillars of Heaven,»» Ensign, նոյեմբեր 1995, 6–7)

Սմիթ եղբայրները
  • Ի՞նչը կարող էր խանգարել Հայրումի իրավիճակում գտնվող մարդուն հետևել Ջոզեֆին՝ որպես իր քահանայության ղեկավար:

  • Քրիստոսանման ո՞ր հատկանիշները կարող էին օգնել Հայրումին պատրաստակամ լինել հետևելու Ջոզեֆին (տես Վարդապետություն և Ուխտեր 124.15):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.94–96 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է օրհնվել Հայրումը՝ իր կրտսեր եղբորը հետևելու պատրաստակամության համար: (Նկատի ունեցեք, որ հատված 94-ը վերաբերում է Հայրումին, ոչ թե Ջոզեֆին:)

  • Ի՞նչ օրհնություններ գտաք այս հատվածներում։

Աջակցենք ղեկավարներին

Բացատրեք, որ մեր ղեկավարներին հետևելու մեր պատրաստակամությունը դրսևորելու եղանակներից մեկը նրանց աջակցելն է: Օգտակար կլինի գնահատել, թե ուսանողները որքան լավ են հասկանում, թե ինչ է նշանակում աջակցել: Դա անելու համար ուսանողները կարող են գրել աջակցել բառի իրենց սահմանումը: Այնուհետև նրանց առաջարկեք համեմատել իրենց գրածը Սուրբ գրքերի ուղեցույցի հետևյալ սահմանման հետ. «Աջակցություն խոստանալ նրանց, ովքեր ծառայում են Եկեղեցու բարձրագույն և տարածքային ղեկավար պաշտոններում» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Եկեղեցու ղեկավարներին հաստատելը», Gospel Library):

Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգն արել է հետևյալ դիտարկումն այն մարդկանց աջակցելու վերաբերյալ, որոնց Տերը կանչում է առաջնորդելու համար:

2:3

Աջակցող հավատքի զորությունը

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Աջակցության ձեռք բարձրացնելով՝ դուք խոստում եք տալիս։ Դուք խոստանում եք Աստծուն, ում ծառաներն են նրանք, որ կաջակցեք նրանց։

Նրանք անկատար մարդիկ են, ինչպես դուք։ Ձեր խոստումը պահելու համար անսասան հավատք կպահանջվի առ այն, որ նրանք կանչված են Տիրոջ կողմից։ Խոստումը պահելը նաև հավերժական երջանկություն կբերի։ (Հենրի Բ. Այրինգ, «Աջակցող հավատքի զորությունը», Լիահոնա, մայիս 2019, 58–59)

  • Ինչպե՞ս կամփոփեիք նախագահ Այրինգի ուսմունքները:

  • Ի՞նչ ուսուցանեց նա Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու մասին:

Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, երբ աջակցում ենք նրանց, ում Նա կանչում է առաջնորդելու համար:

  • Ըստ ձեզ, ղեկավարներին աջակցելու համար ինչո՞ւ է հավատք պահանջվում առ Հիսուս Քրիստոս:

  • Ե՞րբ եք դուք օրհնվել՝ ընտրություն կատարելով աջակցել մի մարդու, որին Աստված կանչել է առաջնորդելու ձեզ:

Եթե ուսանողները դժվարանում են օրինակ բերել, կարող եք կիսվել ձեր սեփական փորձառությամբ կամ վկայությամբ, թե ինչպես եք աջակցել մի մարդու, որին Աստված կանչել է առաջնորդելու ձեզ:

Վստահենք Քրիստոսին՝ աջակցելու նրանց, ում Տերը կանչել է առաջնորդելու համար

Օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես է իրենց կյանքում կիրառելի Քրիստոսին վստահելու սկզբունքը՝ աջակցելով նրանց, ում Նա կանչում է։ Դա անելու համար ցուցադրեք հետևյալ սցենարները կամ ստեղծեք այլ սցենարներ, որոնք առավելագույնս կիրառելի կլինեն ձեր ուսանողների համար: Ուսանողներին առաջարկեք ընտրել մի սցենար, որը պետք է նկատի ունենան՝ աշխատաթերթի մեկ կամ մի քանի բաժիններ ուսումնասիրելիս: Ուսանողները կարող են նաև օգտագործել սցենարը դասի սկզբում:

Ամանդայի Երիտասարդ կանանց դասարանի նախագահությունը նոր է վերակազմավորվել: Այն աղջիկը, որը կանչվել է Նախագահ լինելու, նախկինում անբարյացակամ է եղել Ամանդայի նկատմամբ:

Ջոշն աշխատասեր միսիոներ է: Նրա միսիայի նախագահը վերջերս հայտարարեց միսիայի կանոնի մասին, որը Ջոշին դուր չի գալիս:

Ջոսիի մոտ ընկերը նոր է կանչվել ծառայելու որպես իրենց դասարանի նախագահ: Ջոսին ակնկալում էր, որ իր ընկերը կառաջարկի իրեն ընդգրկվել նախագահության կազմում, սակայն նա չարեց դա:

Քեյդին առաջարկեցին ծառայել որպես իր քվորումի նախագահ: Նա ամաչկոտ է և չի սիրում որոշումներ կայացնել։ Նա անհանգստանում է, թե որքանով արդյունավետ կարող է ղեկավարել իր քվորումը և նախագահությունը:

աշխատաթերթի պատկերակ«Առաջնորդելու համար կանչված մարդկանց աջակցելու ուսմունքներ» վերնագրով աշխատաթերթը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենց բացահայտած ճշմարտությունն ինչպես կարող է կիրառվել իրենց ընտրած սցենարում և իրենց կյանքում:

Աշխատաթերթն ուսումնասիրելու եղանակներից մեկը դասասենյակում աշխատանքային անկյուններ ստեղծելն է։ Ուսանողները կարող են շրջել անկյուններով և լուռ ուսումնասիրել աշխատաթերթի յուրաքանչյուր բաժինը՝ փնտրելով և գրելով գաղափարներ, որոնք վերաբերում են իրենց սցենարին: Այնուհետև ուսանողները կարող են բաժանվել խմբերի կամ զույգերի և կիսվել իրենց սովորածով:

Աշխատաթերթն ուսումնասիրելու մեկ այլ եղանակ է՝ ուսանողներին բաժանել չորս հոգանոց խմբերի և խմբի յուրաքանչյուր անդամի հանձնարարել մի հատված աշխատաթերթից: Ուսանողները կարող են ուսումնասիրել իրենց հանձնարարված հատվածը՝ փնտրելով, թե ինչպես է այն առնչվում իրենց սցենարին: Այնուհետև յուրաքանչյուր ուսանող կարող է իր խմբին ուսուցանել իր սովորածը:

Առաջնորդելու համար կանչված մարդկանց աջակցելու ուսմունքներ

Բաժին 1

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Տիրոջ Եկեղեցու ձեր ղեկավարը կարող է թույլ մարդ թվալ, գուցե՝ ուժեղ ու ոգեշնչված մարդ։ Փաստն այն է, որ ցանկացած ղեկավար ունի այդ և ուրիշ այլ հատկանիշներ։ Մեզ առաջնորդելու կանչված Տիրոջ ծառաներին կարող է օգնել այն, որ մենք տեսնենք նրանց այնպես, ինչպես Տերը տեսավ նրանց կանչելիս։

Տերն Իր ծառաներին տեսնում է կատարելապես։ Նա տեսնում է նրանց ներուժը և նրանց ապագան։ Եվ Նա գիտի, թե ինչպես կարող է փոխվել նրանց էությունը։ Նա նաև գիտի, թե նրանք ինչպես կարող են փոխվել իրենց ղեկավարած մարդկանց հետ շփվելու արդյունքում։ …

… Եթե հավատք ունեք, որ Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին հայտնությունների միջոցով, որոնք տրվում են Իր կողմից կանչված անկատար ծառաներին, ապա Տերը կբացի երկնքի պատուհանները նրանց համար, ինչպես և կբացի այն ձեզ համար։ (Հենրի Բ. Այրինգ, «Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին», Լիահոնա, նոյեմբեր 2017, 83–84)


Բաժին 2

Երիտասարդ տղամարդկանց նախկին գերագույն նախագահ եղբայր Սթիվեն Ու. Օուենն ասել է.

Երեց Սթիվեն Վ. Օուեն

Ձեր կյանքում կլինեն պահեր, երբ անհրաժեշտ կինի, որ դուք առաջնորդեք։ Այլ դեպքերում անհրաժեշտ կլինի, որ դուք հետևեք։ Բայց այսօր իմ ուղերձը ձեզ այն է, որ անկախ ձեր կոչումից, դուք միշտ և առաջնորդ եք, և հետևորդ։ Առաջնորդությունն աշակերտության արտահայտություն է, դա պարզապես ուրիշներին օգնելն է գալ դեպի Քրիստոսը, ինչն էլ անում են ճշմարիտ աշակերտները: Եթե դուք ձգտում եք լինել Քրիստոսի հետևորդը, ապա կարող եք օգնել ուրիշներին հետևել Նրան և առաջնորդ լինել:

Առաջնորդելու ձեր ունակությունը չի գալիս շփվելու ձեր ունակությունից, ոգևորելու հմտությունից կամ նույնիսկ հասարակության առջև խոսելու տաղանդից։ Այն գալիս է Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր նվիրվածությունից։ (Սթիվեն Ու. Օուեն, «Ամենամեծ առաջնորդները մեծագույն հետևորդներն են», Լիահոնա, մայիս 2016, 75)


Բաժին 3

Կարդացեք հետևյալ հատվածները․

Վարդապետություն և Ուխտեր 107.22 (Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այս հատվածն ուսուցանում մեզ աջակցել Առաջին Նախագահությանը: Մտածեք, թե աջակցելու այս եղանակներն ինչպես կարող են կիրառվել նաև այլ կոչումների համար:)

Ելք 17.9–12 (Ուշադրություն դարձրեք, թե Մովսեսին ինչպես էին աջակցում, երբ Իսրայելը կռվում էր Ամուղեկի ժողովրդի դեմ։)


Բաժին 4

Երիտասարդ տղամարդկանց նախկին գերագույն նախագահ եղբայր Սթիվեն Վ. Օուենն ուսուցանել է.

Երեց Սթիվեն Վ. Օուեն

[Հիսուս Քրիստոսը] ամենամեծ առաջնորդն է, որովհետև Նա մեծագույն հետևորդ է. Նա կատարելապես հետևում է Իր Հորը բոլոր բաներում։ (Սթիվեն Ու. Օուեն, «Ամենամեծ առաջնորդները մեծագույն հետևորդներն են», Լիահոնա, մայիս 2016, 75)

Երբ կարդաք այս հատվածները, նկատեք, թե ինչպես էր Հիսուսը հետևում Իր Հորը և ինչպես էր զորանում՝ դա անելով:

Ղուկաս 22․41–43

Հովհաննես 12․49–50

Խորհեք ձեր սովորածի շուրջ

Ուսանողներին առաջարկեք կիսվել դասընկերոջ կամ խմբի հետ, թե, ըստ իրենց, Եկեղեցու երիտասարդների համար ինչն է կարևոր իմանալ այսօրվա դասից և ինչու:

Միմյանց հետ կիսվելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ և ուշադիր լինել այն տպավորությունների հանդեպ, որոնք կարող են ստանալ Սուրբ Հոգուց.

  • Որքանո՞վ եք աջակցում նրանց, ում Տերը պատվիրել է հետևել:

  • Ինչպե՞ս կարող եք հավատք գործադրել առ Փրկիչը, որպեսզի ավելի լավ աջակցեք նրանց, ովքեր կանչվել են առաջնորդելու համար:

Կարող եք ավարտել դասը՝ կիսվելով, թե ինչպես եք օրհնվել, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք եք գործադրել՝ աջակցելով Եկեղեցու ղեկավարներին: