Սեմինարիա
Դաս 183. Ինքնապահովումը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հոգ տանել ուրիշների մասին. Պատրաստվեք ծառայել Փրկչի նման


«Դաս 183. Ինքնապահովումը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հոգ տանել ուրիշների մասին. Պատրաստվեք ծառայել Փրկչի նման», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ինքնապահովումը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հոգ տանել ուրիշների մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 183. Զարգացրեք ինքնապահավումը

Ինքնապահովումը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հոգ տանել ուրիշների մասին

Պատրաստվեք ծառայել Փրկչի նման

Փրկիչը ծառայում է հիվանդներին

Փրկիչն ուսուցանել է Իր աշակերտներին «սատարել թույլերին … և ամրացնել տկար ծնկները» (Վարդապետություն և Ուխտեր 81.5): Մենք ավելի լավ կարող ենք հետևել այս ցուցումին, երբ ինքներս ավելի ինքնապահով դառնանք: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինքնապահով լինելն ինչպես է իրենց հնարավորություն տալիս ավելի լավ հետևել Փրկչի օրինակին՝ օգնելու ուրիշներին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուրիշներին օգնելու ունակությունը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ ինքնապահովում ձեռք բերելն ազդում է ուրիշներին օգնելու մեր ունակության վրա, կարող եք երեք ուսանողի առաջարկել կարդալ հետևյալ իրավիճակներից մեկը: Յուրաքանչյուր իրավիճակի մասին կարդալուց հետո ընդմիջեք և խնդրեք դասարանին կիսվել տարբեր գործոններով, որոնք կարող են որոշել, թե Մինդին, Նաթանը կամ Ջայդան որքանով կարող են օգնել: (Ցանկության դեպքում կարող եք ստեղծել այլընտրանքային սցենարներ, որոնք դուք ավելի հարմար եք գտնում ձեր ուսանողների համար։)

  1. Մինդիի ընկերուհին դժվարությամբ է հասկանում մաթեմատիկա առարկայի իր հանձնարարությունը և օգնություն է խնդրում Մինդիից:

  2. Որպես նոր միսիոներ՝ Նաթանը հանդիպում է մի մարդու, որը շատ հարցեր ունի Փրկչի Եկեղեցու Վերականգնման վերաբերյալ:

  3. Ջայդան իմանում է, որ իր ծխում մի ընտանիք չի կարողանում երեխաներին ապահովել տաք հագուստով։

Ուսանողներին տրամադրեք կամ ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի (1932–2017) հետևյալ խոսքերը։ Նրանց առաջարկեք բացահայտել և փոքր խմբերով քննարկել յուրաքանչյուր պարբերությունից առնվազն մեկ արտահայտություն, որը կարող է վերաբերել վերը նշված սցենարներին: (Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ նյութական բառը, որն օգտագործվում է ուղերձի մեջ, կարող է ներառել բարօրության բազմաթիվ կողմեր, օրինակ՝ ֆինանսական, կրթական, զգացմունքային և ֆիզիկական:)

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Ինքնապահովում նշանակում է պատասխանատվություն ստանձնել մեր անձնական հոգևոր և նյութական բարօրության համար, ինչպես նաև նրանց համար, ում Երկնային Հայրը վստահել է մեր հոգածությանը: Միայն այն ժամանակ, երբ մենք ինքնապահով ենք, կարող ենք իսկապես նմանվել Փրկիչին՝ ուրիշներին ծառայելով և օրհնելով:

Կարևոր է հասկանալ, որ ինքնապահովումը միջոց է՝ նպատակի համար: Մեր վերջնական նպատակն է՝ նմանվել Փրկիչին, և այդ նպատակը մեծանում է ուրիշներին մատուցած մեր անձնուրաց ծառայությամբ: Ծառայելու մեր կարողությունը մեծանում կամ նվազում է՝ մեր ինքնապահովման մակարդակից կախված։

Ինչպես մի առիթով ասել է նախագահ Մերիոն Գ. Ռոմնին. «Սովածին ուտելիք չես կարող տալ դատարկ դարակներից: Կարիքավորին գումար չես կարող տալ դատարկ դրամապանակից: Աջակցությունը և ըմբռնումը չի կարող գալ էմոցիոնալ առումով քաղցածից: Ուսուցումը չի կարող գալ տգետից: Եվ ամենից կարևորը՝ հոգևոր առաջնորդությունը չի կարող գալ հոգևոր առումով թույլից» (Համաժողովի հաշվետվություն, հոկտ. 1982, 135 կամ Ensign, նոյ. 1982, 93): (Ռոբերտ Դ. Հեյլս, «Ավետարանի տեսլականը բարօրության վերաբերյալ․ Հավատք գործի մեջ», Բարօրության և ինքնապահովման հիմնական սկզբունքները [ղեկավարների վերապատրաստման համաշխարհային ժողով, 2009], 1–2, տես նաև ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք երեց Հեյլսից:

    Երբ ուսանողները պատասխանեն նախորդ հարցին, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք զարգացնում ենք ինքնապահովումը, մենք ավելի ենք նմանվում Փրկչին և կարող ենք ավելի լավ օգնել և ծառայել ուրիշներին։

    Կարող եք օգնել ուսանողներին տեսնել, թե ինչպես է այս դասն առնչվում իրենց կյանքին՝ խնդրելով նրանց գրել իրենց մտքերը և հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչպե՞ս եք կարողացել օգնել ուրիշներին այն ունակությունների կամ միջոցների շնորհիվ, որոնք զարգացել են Աստծո օգնությամբ:

  • Ինքնապահովման ո՞ր ոլորտների վրա Երկնային Հայրը կցանկանար, որ դուք աշխատեք հիմա, որպեսզի կարողանաք ավելի լավ հոգ տանել ձեր և ուրիշների մասին ապագայում:

Ավելի նմանվել Փրկչին

Կարող եք ցուցադրել հետևյալ ցուցումներն ու հարցերը։ Ուսանողներին առաջարկեք կատարել վարժությունը և քննարկել հարցերը դասընկերոջ հետ։

Կարդացեք Ղուկաս 2.40, 52 հատվածը և նշեք առաջընթացի տարբեր ոլորտներ, որոնց հասել է Հիսուսն իր երիտասարդության տարիներին:

  • Երիտասարդության տարիներին Փրկչի աճն ու զարգացումը ինչպե՞ս կարող էին ազդել ուրիշներին ծառայելու Նրա կարողության վրա:

    Երբ զուգընկերները կիսվեն, դասարանին առաջարկեք կիսվել, թե այսօր դեռահասն ինչպես կարող է զարգացնել ինքնապահովում՝ Ղուկաս 2.40, 52 հատվածում նշված յուրաքանչյուր ոլորտում։

    Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ լուռ խորհելու հետևյալ հարցերի շուրջ.

  • Ո՞ւմ կարող եք օգնել ապագայում, եթե այս ոլորտներից մեկում ավելի ինքնապահով դառնաք: Ինչպե՞ս կարող եք օգնել:

  • Ինչպե՞ս կարող է ինքնապահովմանն ուղղված աշխատանքն օգնել մեզ ավելի նմանվել Փրկչին:

Ինքնապահովման միջոցով քրիստոսանման ծառայության օրինակներ

աշխատաթերթի պատկերակԿիսվեք Եկեղեցու պատմությունից մարդկանց օրինակներով, որոնք կարողացել են ծառայել Աստծուն և մարդկանց: Դա կարող եք անել՝ բաժանելով դասարանն ուսումնական խմբերի և յուրաքանչյուր խմբի տրամադրելով «Ինքնապահովման օրինակներ Եկեղեցու պատմությունից» աշխատաթերթի օրինակներից մեկը: Խմբերին առաջարկեք կարդալ առաջարկված հատվածները և քննարկել իրենց պարբերության վերջում տրված հարցը:

Ինքնապահովման օրինակներ Եկեղեցու պատմությունից

Մարտին Հարրիս. 1827 թվականին Ջոզեֆ Սմիթը բախվեց հալածանքի և աղքատության, երբ փորձում էր ոսկե թիթեղներից թարգմանել Մորմոնի Գիրքը: Մարտին Հարիսը, որը հաջողակ ֆերմեր էր, իմացավ Ջոզեֆի իրավիճակի մասին։ Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.61–62 հատվածները՝ փնտրելով, թե Մարտինն ինչպես կարողացավ օգնել Ջոզեֆ Սմիթին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.26, 34–35, 104.26 հատվածները, որպեսզի տեսնեք այլ եղանակներ, որոնցով Մարտին Հարրիսը կարողացավ ծառայել Տիրոջը և մարդկանց: Մարտինը զարգացրել էր ֆինանսական ինքնապահովումը, որն անհրաժեշտ էր՝ Տիրոջը և մարդկանց իմաստալից եղանակներով ծառայելու համար: Ի՞նչ կարող են անել դեռահասները հիմա, որպեսզի զարգացնեն իրենց հմտությունները, կրթությունը և միջոցները, որոնք կօգնեն իրենց ապագայում ծառայել Տիրոջը և մարդկանց:

Էմմա Հեյլ Սմիթ. երբ Էմմա Հեյլը հանդիպեց Ջոզեֆ Սմիթին, նա փորձառու գրախոս, գրող, ուսուցիչ և երաժիշտ էր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25․5–7, 11 հատվածները՝ փնտրելով այն պարտականությունները, որոնք Տերը վստահել էր Էմմային: Էմման զարգացրել էր այն հմտություններն ու կրթությունը, որոնք ապագայում օգնեցին նրան իմաստալից եղանակներով ծառայել Տիրոջը և մարդկանց։ Ի՞նչ կարող են անել դեռահասները հիմա, որպեսզի զարգացնեն իրենց հմտությունները, կրթությունը և միջոցները, որոնք կօգնեն իրենց ապագայում ծառայել Տիրոջը և մարդկանց:

Վիլյամ Վ. Ֆելփս. Տերը հանձնարարել էր Վիլյամ Վ. Ֆելփսին, որը վերջերս էր դարձի եկել դեպի Եկեղեցի, տեղափոխվել Միսսուրի: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 55.4 և 57.11–13 հատվածները՝ փնտրելով այն եզակի հանձնարարությունները, որոնք Տերը տվել էր Վիլյամին՝ Իր Եկեղեցում ծառայելու համար: Հիմների ժողովածուում օգտագործեք «Authors and Composers» ցանկը՝ փնտրելու Վիլյամ Վ. Ֆելփսի կողմից գրված այն օրհներգերը, որոնք այսօր էլ շարունակում են օրհնել Եկեղեցին: Վիլյամը զարգացրել էր այն հմտություններն ու կրթությունը, որոնք ապագայում օգնեցին նրան իմաստալից եղանակներով ծառայել Տիրոջը և մարդկանց: Ի՞նչ կարող են անել դեռահասները հիմա, որպեսզի զարգացնեն իրենց հմտությունները, կրթությունը և միջոցները, որոնք կօգնեն իրենց ապագայում ծառայել Տիրոջը և մարդկանց:

Յուրաքանչյուր խմբի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:

Օգնեք ուսանողներին մտածել մեր օրերի այն մարդկանց օրինակների մասին, որոնք զարգացրել են իրենց ինքնապահովումը, այնուհետև կարողացել են ծառայել ուրիշներին Քրիստոսանման եղանակով: Կարող եք ցուցադրել «Strengthen Thy Brethren» (3:50) կամ «On the Lord’s Errand: The Life of Thomas S. Monson» տեսանյութերը 19:54-24:18, որոնք հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

3:50

Strengthen Thy Brethren

60:10

On the Lord's Errand: The Life of Thomas S. Monson

Կարող եք կիսվել, թե ինչպես եք դուք ծառայել ուրիշներին կամ ինչպես են ուրիշները ծառայել ձեզ այն հմտությունների, միջոցների և հատկանիշների միջոցով, որոնք դուք կամ ուրիշները զարգացրել եք կյանքի ընթացքում:

Դասի ավարտին կարող եք ժամանակ տալ ուսանողներին, որպեսզի աղոթքով խորհեն կամ գրեն, թե ըստ իրենց, Երկնային Հայրն ինչ կցանկանար, որպեսզի իրենք անեին այսօր իրենց սովորածի և զգացածի միջոցով: Ցանկացողները կարող են դասարանի հետ կիսվել իրենց մտքերով: