Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնության վարժություններ. Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու գաղափարներ


«Վարդապետության սերտման կրկնության վարժություններ․ Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու գաղափարներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետության սերտման կրկնության վարժություններ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հավելված

Վարդապետության սերտման կրկնության վարժություններ

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու գաղափարներ

Վարդապետության սերտման վարժության յուրաքանչյուր դասի ընթացքում օգտակար կլինի ուսանողներին հնարավորություն տալ վերանայել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Դա կօգնի նրանց ավելի լավ պատրաստվել՝ կիրառելու այդ սկզբունքները դասարանում և իրական իրավիճակներում:

Ստորև բերված է մի քանի օրինակ այն եղանակների, որոնցով կարող եք օգնել ձեր ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները.

Հիշողությամբ ասեք սկզբունքները: Ուսանողներին հարցրեք, թե արդյոք կարող են հիշողությամբ կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքը։ Ուսանողները կարող են անհատապես գրել այդ սկզբունքները իրենց ուսումնական օրագրերում, կամ դասարանի տարբեր անդամներ կարող են բարձրաձայն ասել սկզբունքները: Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, առաջարկեք նրանց կարդալ պարբերություն 4-ը՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում: Դուք կարող եք նաև հուշումներ տրամադրել, օրինակ՝ բաց թողնված բառերը լրացնելու վարժություն հանձնարարելով կամ տարբեր սկզբունքներում յուրաքանչյուր բառի առաջին տառը տրամադրելով:

Համապատասխանեցնել նախադասությունները ճիշտ սկզբունքներին: Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները գրեք գրատախտակին: Այնուհետև կարդացեք կամ ցուցադրեք տարբեր նախադասություններ կամ արտահայտություններ պարբերություններ 5–12-ից՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում: Առաջարկեք ուսանողներին պատասխանել, թե տվյալ նախադասությունը հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու որ սկզբունքին է վերաբերում:

Բացատրել իմաստը։ Առաջարկեք տարբեր ուսանողների բացատրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրենց խոսքերով։ Դա կարելի է անել՝ խնդրելով տարբեր ուսանողների բացատրել տարբեր սկզբունքներ կամ կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել սկզբունքներից մեկը: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են կրկնել այդ սկզբունքները պարբերություններ 5–12-ում՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:

Գրել ամփոփում՝ կազմված 10 բառից կամ ավելի հակիրճ։ Առաջարկեք ուսանողներին գրել ամփոփում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրի համար՝ կազմված 10 բառից կամ ավելի հակիրճ։ Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել իրենց ամփոփումներով և բացատրել, թե ինչու են ընտրել հենց իրենց ընտրած բառերը:

Ստեղծել նկար կամ պատկերակ: Առաջարկեք ուսանողներին ստեղծել մի խորհրդանիշ՝ նկար կամ պատկերակ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրի համար: Այդ խորհրդանիշը պետք է ներկայացնի այն, ինչ ուսուցանում են սկզբունքները: Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց ցույց տալ իրենց ստեղծագործությունը ուրիշներին և բացատրել, թե ինչու են ընտրել այն, ինչ պատկերված է։

Վերանայել՝ սցենարը քննարկելիս: Իրատեսական սցենարով կիսվելուց հետո ուսանողներին առաջարկեք կարդալ պարբերություններ 5–12-ը՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Ուսանողները կարող են փնտրել և կիսվել ուսմունքներով այդ պարբերություններից, որոնք կարող են օգնել սցենարում ներկայացված անձին (1) գործել հավատքով, (2) քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից և (3) ձգտել մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

Կիսվել փորձառություններով։ Ուսանողներին կարող եք խնդրել կիսվել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգտագործելու իրենց փորձառություններով: Նրանք կարող են բացատրել, թե ինչպես են այդ սկզբունքներն օգնել իրենց անձնական հարցերում կամ իրավիճակներում, կամ ինչպես են իրենք կարողացել օգտագործել այդ սկզբունքները՝ ուրիշներին օգնելու համար։

Ընտրել մեկ արտահայտություն։ Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կենտրոնանալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկի վրա: Նրանց ժամանակ տվեք՝ իրենց հանձնարարված բաժնի յուրաքանչյուր պարբերությունից ընտրելու մեկ արտահայտություն, որն իրենց կարծիքով լավագույնս ներկայացնում է այն, ինչ ուսուցանվում է այդ պարբերությունում: Այնուհետև առաջարկեք ուսանողներին շրջել դասասենյակում և գտնել այն ուսանողներին, որոնց հանձնարարված էր նույն սկզբունքը, ինչ իրենց, և համեմատել իրենց ընտրած արտահայտությունները: Այնուհետև ուսանողները կարող են գտնել այն ուսանողներին, որոնց հանձնարարված էին մյուս երկու սկզբունքները, և կիսվել իրենց ընտրած արտահայտություններով:

Վարդապետության սերտման հատվածների կրկնության գաղափարներ

Տարվա ընթացքում ժամանակ հատկացրեք՝ պարբերաբար վերանայելու համար վարդապետության սերտման հատվածները, որոնք ուսանողներն ուսումնասիրում են: Դա կարող է օգնել մեծացնել ձեր ուսանողների ունակությունը՝ հիշելու սուրբ գրությունների հղումները և սուրբ գրության հիմնական արտահայտությունները: Դա կարող է նաև օգնել նրանց ավելի լավ հասկանալ, բացատրել և կիրառել վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող վարդապետությունը: Վարդապետության սերտման հատվածների և սուրբ գրության հիմնական արտահայտությունների ցանկը կարող եք գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում։

Ստորև բերված են վարժություններ, որոնք կարող են օգտագործվել կամ հարմարեցվել՝ օգնելու ձեր ուսանողներին կրկնել վարդապետության սերտման հատվածները մի քանի եղանակով:

Մտապահեք

Հուշաթերթեր։ Առաջարկեք ուսանողներին պատրաստել հուշաթերթեր, որտեղ սուրբ գրության հղումը գրված է թղթի մի կողմում, իսկ սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ մյուս կողմում: Ուսանողները կարող են մեկ ընդհանուր թղթի վրա պատրաստել վարդապետության սերտման մի քանի հատվածների հուշաթերթեր, ապա ընդհանուր թղթից կտրել այդ հուշաթերթերը։ Այնուհետև նրանք կարող են աշխատել ինքնուրույն կամ զուգընկերոջ հետ՝ աշխատելով մտապահել հղումները և սուրբ գրության հիմնական արտահայտությունները: Հուշաթերթերի օգտագործմամբ այս կրկնությունները կարող են պարբերաբար կատարվել ամբողջ տարվա ընթացքում:

Վարդապետության սերտման հավելված։ Օգտագործեք մտապահելու վարժությունները Վարդապետության սերտման հավելվածում: Հնարավորության դեպքում կարող եք միացնել ձեր շարժական սարքը պրոյեկտորին կամ հեռուստացույցին՝ հավելվածի բովանդակությունը ցուցադրելու համար, որպեսզի ուսանողները կարողանան կատարել մտապահելու վարժությունները ամբողջ դասարանով: Նաև հավելվածն օգտագործելու համար շարժական սարքեր ունեցող ուսանողներին կարող եք առաջարկել դասի ժամանակ կամ դասից դուրս կատարել մտապահելու վարժությունները հավելվածում։

Ասել ամբողջ դասարանով միասին։ Երբ դուք ասեք սուրբ գրության հղումը, դասարանի ուսանողները կարող են միասին կրկնել սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Կարող եք նաև ասել սուրբ գրության հիմնական արտահայտությունը և դասարանին առաջարկել միասին կրկնել սուրբ գրության համապատասխան հղումը:

Առնչվող նկարներ։ Գտեք նկարներ կամ գծանկարներ, որոնք վերաբերում են վարդապետության սերտման հատվածների ուսմունքներին: Ցուցադրեք ուսանողներին այդ նկարները, երբ նրանք փորձում են մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրության հիմնական արտահայտությունները: Ուսանողներին կարող եք նաև առաջարկել գտնել կամ ստեղծել իրենց նկարները, որոնք կօգնեն մտապահել հատվածները: Եթե տրված հատվածները մտապահելիս ամբողջ դասարանի կողմից օգտագործվում են նույն նկարները, դուք կարող եք պարբերաբար ցուցադրել այդ նկարները ապագա դասերի ընթացքում՝ տեսնելու, թե արդյոք ուսանողները հիշում են արտահայտություններն ու հղումները:

Դասավորել ճիշտ հերթականությամբ։ Ցուցադրեք սուրբ գրության հղման և սուրբ գրության հիմնական արտահայտության բառերը խառը հերթականությամբ և առաջարկեք ուսանողներին դասավորել դրանք ճիշտ հերթականությամբ:

Առաջին տառերը։ Ցուցադրեք սուրբ գրության հղման և սուրբ գրության հիմնական արտահայտության յուրաքանչյուր բառի միայն առաջին տառը և առաջարկեք ուսանողներին փորձել ճիշտ ասել հղումը և հիմնական արտահայտությունը: Որքան մեծանում է հղումն ու հիմնական արտահայտությունն ասելու ուսանողների կարողությունը, այնքան շատ բառերի առաջին տառերը ջնջեք։

Լրացնել բաց թողնված բառերը։ Ցուցադրեք սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ բացակայող որոշ բառերով: Առաջարկեք ուսանողներին ասել հղումը և հիմնական արտահայտությունը՝ լրացնելով բաց թողնված բառերը։ Որքան մեծանում է հղումն ու հիմնական արտահայտությունն ասելու ուսանողների կարողությունը, այնքան շատ բառեր ջնջեք։

Համապատասխանեցում։ Ցուցադրեք սուրբ գրությունների մի քանի հղում և սուրբ գրության հիմնական արտահայտություն երկու սյունակով։ Առաջին սյունակում գրեք սուրբ գրությունների հղումները հաջորդական կարգով: Երկրորդ սյունակում գրեք սուրբ գրության հիմնական արտահայտությունները պատահական կարգով: Այնուհետև առաջարկեք ուսանողներին համապատասխանեցնել սուրբ գրությունների հղումները ճիշտ սուրբ գրության հիմնական արտահայտություններին:

Հասկանալ և բացատրել

Խաչաձև հղումներ։ Առաջարկեք ուսանողներին գտնել մի քանի խաչաձև հղում, որոնք առնչվում են վարդապետության սերտման հատվածին։ Այնուհետև նրանք կարող են ուսուցանել դասընկերներին իրենց սովորածը, այդ թվում՝ թե ինչպես են իրենց ուսումնասիրած լրացուցիչ սուրբ գրությունները առնչվում վարդապետության սերտման հատվածին: Կարող եք առաջարկել, որ նրանց գտած խաչաձև հղումներից մի քանիսը վերցվեն սուրբ գրությունների այլ գրքերի վարդապետության սերտման հատվածներից:

Կապել Հիսուս Քրիստոսի հետ։ Ուսանողներին հանձնարարեք ուսումնասիրել վարդապետության սերտման մի հատված և խնդրեք նրանց գտնել տարբեր եղանակներ, որոնցով այդ հատվածը կապվում է Հիսուս Քրիստոսի հետ: Նրանք կարող են մտածել և քննարկել, թե իրենց հանձնարարված հատվածն ինչ է օգնում իրենց ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի, Նրա վարդապետության կամ փրկության ծրագրի մասին: Նրանք կարող էին նաև օրինակներ փնտրել, թե ինչպես է Փրկիչն ուսուցանել հատվածում գտած ճշմարտությունը կամ իր օրինակով ցույց տվել այդ ճշմարտությունը:

Պարզ բացատրություններ։ Առաջարկեք ուսանողներին պատրաստվել բացատրելու վարդապետության սերտման տարբեր հատվածներում ուսուցանված վարդապետությունը մի մարդու, որը ծանոթ չէ այդ ուսմունքներին: Նրանք կարող են պատկերացնել, որ բացատրում են այս ուսմունքները երեխային կամ մեկին, ով Եկեղեցու անդամ չէ: Առաջարկեք նրանց գրել իրենց բացատրությունը ուսումնական օրագրում, այնուհետև կիսվել դասընկերոջ հետ:

Տող առ Տող։ Ուսանողներին ցուցադրեք «Երիտասարդներին զորացնելու համար» ամսագրի Տող առ Տող էջերի մի քանի օրինակ, որոնցում վերլուծվում են սուրբ գրությունների հատվածների կարևոր բառերը կամ արտահայտությունները: Նման էջի օրինակներից մեկն է «Line upon Line: A Watchman» նյութը (Երիտասարդներին զորացնելու համար, հոկտեմբեր 2022, 32)։ Առաջարկեք ուսանողներին ստեղծել Տող առ Տող էջի իրենց տարբերակը: Առաջարկեք նրանց ընտրել մի քանի հիմնաբառ վարդապետության սերտման հատվածից և ներառել առնչվող սուրբ գրություններ, Եկեղեցու ղեկավարների ուղերձներ և սահմանումներ, որոնք օգնում են խորացնել այդ հիմնաբառերի մասին հասկացողությունը:

Հարցեր տալ: Առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման մի հատված, որը իրենք կցանկանային ավելի լավ հասկանալ։ Առաջարկեք նրանց կարդալ հատվածը և գրել երկու կամ երեք հարց, որ իրենք ունեն այդ հատվածի վերաբերյալ։ Այդ հարցերը կարող են վերաբերել այն բառերին կամ արտահայտություններին, որոնք ուսանողները կցանկանային ավելի լավ հասկանալ, կամ հարցերը կարող են վերաբերել նրան, թե ինչու է կարևոր հասկանալ այդ հատվածը։ Երբ ուսանողները գրեն իրենց հարցերը, նրանց առաջարկեք իրենց հարցերի պատասխանները գտնելու համար օգտագործել տարբեր աղբյուրներ, օրինակ՝ Gospel Library հավելվածը, Սուրբ գրքերի ուղեցույցը կամ ուսումնասիրության այլ գործիքներ: Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց սովորածով:

Տեսողական ներկայացում։ Ուսանողները կարող են ստեղծել նկար, կոլաժ, մեմ, վորդ արտ, բառերի ամպ կամ այլ տեսողական ներկայացում, որը պատկերում է այն, ինչ ուսուցանվում է վարդապետության սերտման հատվածում: Այնուհետև ուսանողները կարող են ցուցադրել իրենց ստեղծագործությունը ուրիշներին և բացատրել, թե ինչպես է այն առնչվում վարդապետության սերտման այն հատվածին, որի վրա իրենք կենտրոնացել են:

Կիրառել

Սցենարներ։ Կիսվեք տարբեր սցենարներով, որոնք վերաբերում են այն իրավիճակներին, դժվարություններին կամ հոգևոր հարցերին, որոնք կարող են ունենալ դեռահասները: Առաջարկեք ուսանողներին կիսվել վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատվածով, որոնք, ըստ իրենց, կարող են կիրառվել սցենարի համար, և բացատրել, թե իրենց կարծիքով, այդ հատվածներն ինչպես կարող են օգնել:

Կիսվել փորձառություններով։ Վարդապետության սերտման հատվածներից ուսանողները կարող են ընտրել մի հատված, որն իրենք վերջերս կիրառել են իրենց կյանքում, կամ որը կցանկանային ավելի լիարժեք կիրառել իրենց կյանքում: Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել, թե ինչպես են այս ուսմունքներն ազդել իրենց վրա:

Ուսումնասիրել հատվածները՝ նկատի ունենալով անձնական հանգամանքները: Առաջարկեք ուսանողներին մտածել հանգամանքի, հարցի կամ որոշման մասին, որին իրենք բախվում են։ Առաջարկեք նրանց գտնել վարդապետության սերտման հատվածներ, որոնք կօգնեն լուծել իրենց իրավիճակները, և կիսվել, թե ինչով են իրենց գտած հատվածները օգտակար:

Օգնել դեռահասին։ Առաջարկեք ուսանողներին նկարել մարդուկի գծանկար, որը խորհրդանշում է դեռահասին, և գրել նրա անունը, տարիքը և ընտանեկան իրավիճակը, ինչպես նաև այն հարցերը, խնդիրները կամ դժվարությունները, որոնք նա ներկայումս ունի։ Այնուհետև ուսանողները կարող են նշել վարդապետության ​​սերտման հատվածներ, որոնք, իրենց կարծիքով, կօգնեն այդ դեռահասին: Նրանք կարող են բացատրել իրենց ընտրած հատվածի վարդապետությունը և առաջարկել հնարավոր գործողություններ, որ այդ դեռահասը կարող է ձեռնարկել:

Պատրաստեք հոգևոր ուղերձ կամ ելույթ: Ուսանողներին հնարավորություն տվեք օգտագործել վարդապետության սերտման հատվածները՝ պատրաստելու հոգևոր ուղերձ կամ կարճ ելույթ: Կարող եք ժամանակացույցը պլանավորել այնպես, որ յուրաքանչյուր ուսանող կիսվի իր ուղերձով կամ ելույթով դասի սկզբում՝ ամբողջ կիսամյակի ընթացքում: Օգնեք նրանց պատրաստվել ամփոփ ներկայացնելու համատեքստը և բացատրելու հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները: Առաջարկեք ուսանողներին կիսվել նշանակալից փորձառություններով կամ իրենց ընտրած հատվածներում պարունակվող ճշմարտությունները կիրառելու օրինակներով և վկայել հատվածներում ուսուցանվող ճշմարտությունների մասին: