Սեմինարիա
Եբրայեցիս 11․ Մաս 1


Եբրայեցիս 11․ Մաս 1

Հավատք առ Հիսուս Քրիստոս

A woman holding a small picture of Jesus Christ. The picture is a reproduction of a painting by Robert Barrett.

Շատ մարդիկ խոսում են հավատք ունենալու մասին՝ իրենց հանդեպ, ուրիշների հանդեպ և նույնիսկ իրադարձությունների կամ առարկաների հանդեպ: Այսպիսով, ի՞նչն է հավատքն առ Հիսուս Քրիստոս զորացնող և կարևոր դարձնում: Եբրայեցիս 11-րդ գլխում մենք կարդում ենք Պողոս առաքյալի ուսմունքները՝ հավատքն առ Հիսուս Քրիստոս զարգացնելու վերաբերյալ: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է հավատքն առ Հիսուս Քրիստոս, և ինչու է այն կարևոր անձամբ ձեզ համար:

Կենտրոնանալ դարձի բերող սկզբունքների վրա Դասի ժամանակացույցը որոշելիս համոզվեք, որ բավարար ժամանակ է հատկացվում՝ ուսանողներին դասի այն հատվածներում ներգրավելու համար, որոնց ժամանակ նրանք կենտրոնանում են դարձի բերող սկզբունքների վրա։

Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին լրացնել «Հավատքը ________ է» արտահայտությունը և պատրաստվել իրենց պատասխաններով կիսվելու դասարանում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի հավաստիացում

Սա երկու մասից բաղկացած դասի առաջին մասն է, որում շեշտվում են Եբրայեցիս 11 գլխում Պողոսի ուսմունքները հավատքի վերաբերյալ։ Եթե դասաժամը սահմանափակ է, և Եբրայեցիս 11-ի միայն մեկ դաս է հնարավոր անցկացնել, մտածեք, թե ինչպես կարող եք արդյունավետությամբ համատեղել երկու դասերը:

Ուսանողները կարող են օգտագործել ուսանողի նախապատրաստումը հետևյալ վարժության համար. Օգտակար կլինի գրատախտակին գրել հավատքի վերաբերյալ դասարանի սահմանումը և հանձնարարել ուսանողներին ճշգրտել այդ ձևակերպումը դասի ընթացքում:

  • Ի՞նչ կասեիք, եթե որևէ մեկը ձեզ հարցներ, թե ինչ է հավատքը:

Գրեք ձեր սահմանումը ուսումնասիրության ձեր օրագրում կամ թվային նշումներում: Ուսումնասիրելիս կարող եք այս սահմանման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարել և այլ մտքեր ու տպավորություններ գրանցել:

Կարդացեք Եբրայեցիս 11․1 հատվածը և նշեք, թե ինչպես է Պողոս առաքյալը սահմանում հավատքը: Օգտակար կլինի իմանալ, որ Ջոզեֆ Սմիթի՝ այս հատվածի թարգմանության մեջ մարգարեն փոխել է հաստատություն բառը վստահություն բառով, որը նշանակում է համոզվածություն (տես Եբրայեցիս 11․1 , ծանոթագրություն բ):

Ուսանողներին առաջարկեք վերարտադրել Եբրայեցիս 11.1 հատվածը իրենց խոսքերով, որպեսզի վստահ լինեն, որ հասկանում են հատվածում գրվածը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում վստահություն կամ հավաստիացում ունենալ այն բաների հանդեպ, որոնց նկատմամբ հույս եք տածում:

  • Ինչպե՞ս է հնարավոր ապացույցներ ունենալ այն բաների մասին, որոնք դուք չեք կարող տեսնել:

  • Հիմնվելով այս հատվածի վրա՝ ինչպե՞ս կարող եք փոխել կամ լրացնել հավատքի ձեր սահմանումը:

Գրատախտակին գրեք հետևյալ հայտարարությունը կամ առաջարկեք ուսանողներին հարմարեցնել դասի սահմանումը, որպեսզի այն ներառի նմանատիպ գաղափարներ:

Պարզ ճշմարտությունը, որ Եբրայեցիս 11․1 հատվածն ուսուցանում է, այն է, որ հավատքը հավաստիացումն է այն բաների, որոնց հանդեպ հույս ենք տածում, և ապացույցն է այն բաների, որոնք չենք կարող տեսնել: .

Հաջորդ հատվածները կարդալիս բազմազանություն մտցնելու համար կարող եք դասարանը բաժանել երկու մասի կամ առաջարկել ուսանողներին աշխատել զույգերով: Խնդրեք ուսանողների մի մասին կարդալ Ալմա 32․21 հատվածը, իսկ մյուս մասին՝ Հավատո Հանգանակ 1.4-ը ։ Այնուհետև ուսանողները կարող են համեմատել իրենց սովորածը:

Կարդացեք Ալմա 32․21-ը և Հավատո Հանգանակ 1․4-ը՝ փնտրելով հավատքի մասին լրացուցիչ գաղափարներ: Դուք կարող եք խաչաձև հղում կատարել այս երկու հատվածների և Եբրայեցիս 11․1 հատվածի միջև։

  • Ուրիշ ի՞նչ եք սովորել հավատքի մասին:

  • Ինչպե՞ս կարող եք փոխել կամ լրացնել հավատքի ձեր սահմանումը՝ ձեր սովորածի շնորհիվ:

“Christ and the Rich Young Ruler,” by Heinrich Hofmann.

Ճշմարտության նախորդ դրույթը լրացնելու և փոփոխելու եղանակներից մեկը հետևյալն է․ հավատքն առ Հիսուս Քրիստոսը հավաստիացումն է այն բաներում, որոնց հանդեպ հույս ենք տածում, և ապացույցն է այն բաների, որոնք չենք կարող տեսնել, և որոնք ճշմարիտ են.

Եթե նախորդ դրույթը կամ դասարանի սահմանումը գրվել էր գրատախտակին, ձևակերպեք այն այնպես, որ «հավատքն առ Հիսուս Քրիստոս» արտահայտությունը հստակորեն հաղորդվի:

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ընկալումը, կարող եք նրանց տալ հետևյալ հարցերից մի քանիսը: Օգնեք նրանց ճանաչել Փրկչի դերը փրկության ծրագրում և Նրա անձնական դերն իրենց կյանքում:

Օգտակար կլինի կիսվել նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի առաջին հայտարարությամբ՝ դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

  • Ի՞նչ եք կարծում, առ Հիսուս Քրիստոս հավատք ունենալը ինչո՞վ է տարբերվում ինչ-որ մեկի կամ մեկ այլ բանի հանդեպ հավատք ունենալուց:

  • Ինչպե՞ս կարող է ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս օգնել ձեզ վստահել Նրան, երբ բախվում եք խնդիրների կամ անորոշության:

Խորացրեք առ Հիսուս Քրիստոս հավատքի ձեր ընկալումը

Խորհեք, թե ինչպիսին է ձեր վերաբերմունքը՝ առ Հիսուս Քրիստոս ձեր անձնական հավատքի հանդեպ: Ինչպե՞ս եք զգում, որ ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ուժեղ է: Ձեր կարծիքով, ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ի՞նչ ուղիներով կարող է ավելի ուժեղ լինել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը ուսուցանում է.

15:1

Faith Is Not by Chance, but by Choice

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Հավատքը պատահաբար չի իջնում մեզ վրա, ոչ էլ մեր անդրանիկության պարգևն է: … Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը երկնային պարգև է, որը գալիս է, երբ ընտրում ենք հավատալ, և երբ փնտրում ու ամուր կառչում ենք նրանից: Ձեր հավատքը կամ ավելի է ուժեղանում, կամ թուլանում է: Հավատքը զորության սկզբունք է, որը կարևոր է ոչ միայն այս կյանքում, այլ նաև վարագույրի մյուս կողմի մեր առաջընթացի համար: Քրիստոսի շնորհով մենք մի օր փրկություն կունենանք՝ Նրա անվանը հավատալով [տես Եփեսացիս 2․8 ]: Ձեր հավատքի ապագան կերտում է ոչ թե պատահականությունը, այլ ընտրությունը:

(Նիլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 65)

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ երեց Անդերսենի ուսմունքներում։

  • Նա ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ առ Հիսուս Քրիստոս հավատքի մասին:

Ժամանակ հատկացրեք առ Հիսուս Քրիստոս հավատքի մասին ավելին իմանալու համար՝ ուսումնասիրելով հետևյալ աղբյուրներից մի քանիսը: Ձեր գաղափարները գրանցեք ձեր օրագրում: Խորամիտ եղեք և հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ սովորել այն, ինչ ձեզ անհրաժեշտ է այսօր:

Ցուցադրեք հետևյալ հարցերը և առաջարկվող աղբյուրները, որոնցից ուսանողները կարող են օգտվել իրենց ուսումնասիրության ընթացքում: Օգտակար կլինի մեկ կամ մի քանի ելույթների տպագիր օրինակներ տրամադրել այն ուսանողներին, որոնք չունեն թվային սարքեր՝ այս նյութերին ծանոթանալու համար:

Ուշադիր ուսումնասիրեք և հաշվի առեք դասարանի առանձին ուսանողների սովորելու կարողություններն ու կարիքները: Ոմանց կարող է օգտակար լինել զուգընկերոջ հետ սովորելը: Անհրաժեշտության դեպքում այդ ուսանողներին հարմարեցրեք հանձնարարությունը և դրան առնչվող հարցերը:

Ուսումնասիրության ժամանակ կարող եք մտածել այս հարցերի կամ ձեր սեփական հարցերի շուրջ։

  • Ի՞նչ է ինձ համար հավատքն առ Հիսուս Քրիստոսը:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ես զարգացնեմ հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  • Ի՞նչ կարող եմ անել՝ առ Հիսուս Քրիստոս իմ հավատքը մեծացնելու համար։

Քայլեք դասարանում, երբ ուսանողները ուսումնասիրում են, որպեսզի նկատեք այն ուսանողներին, որոնք հարցեր ունեն կամ օգնության կարիք: Խրախուսեք նրանց կրկին փորձել, կամ պարզաբանող հարցեր տվեք՝ օգնելով ուսանողներին կատարելագործել իրենց մտածողությունը:

Առաջարկվող սուրբ գրություններ և ուսումնասիրման օժանդակ նյութեր

Ալմա 32․26-34

Եթեր 12․6-9

Աստվածաշնչի բառարան կամ Սուրբ Գրությունների ուղեցույց, « Հավատք »

Դուք կարող եք գտնել այլ նյութեր սուրբ գրություններում կամ Ավետարանի գրադարան հավելվածում՝ փնտրելով «Հավատք առ Հիսուս Քրիստոս» հասկացությունը:

Եկեղեցու ղեկավարների խորհուրդները

Ռասսել Մ. Նելոսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021, 101–4

Նեյլ Լ. Անդերսեն․ «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության»,Ensign կամ Լիահոնա,, նոյեմբեր, 2015, 65–68

Ռիչարդ Ք. Էդգլի, «Հավատք. ընտրությունը ձերն է», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2010, 31-33

Կարող եք դասարանը բաժանել զույգերի կամ փոքր խմբերի, որպեսզի ուսանողները կարողանան կիսվել իրենց սովորածով: Եթե ժամանակը թույլ տա, ըստ ցանկության ուսանողները կարող են դասարանի հետ կիսվել իրենց գաղափարներով: Խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով իրենց ընտանիքների հետ կամ եկեղեցում: Ուսանողներին հարցրեք, թե ինչպես են փոխվել առ Հիսուս Քրիստոս հավատքի իրենց սահմանումները դասի ընթացքում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչո՞ւ է կարևոր, որ ես հույսս դնեմ Հիսուս Քրիստոսի վրա

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խորհուրդ է տվել․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Երբ խոսում ենք հավատքի մասին՝ հավատքի, որը կարող է սարեր տեղաշարժել, մենք չենք խոսում ընդհանրապես հավատքի, այլ առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի մասին: …

Յուրաքանչյուրս կարող ենք հարցնել ինքներս մեզ` ո՞ւմ կամ ինչի՞ն ենք մենք հավատում: Արդյո՞ք այն կապում ենք մեր սիրելի թիմի հետ: Ապրանքանիշի՞ հետ: Որևէ հայտնի մարդո՞ւ կամ աստղի՞ հետ։ Լավագույն թիմերն անգամ կարող են ձախողվել: Աստղերը կարող են խամրել: Կա միայն Մեկը, ում հանդեպ ձեր հավատքը միշտ ապահով է, իսկ դա Տեր Հիսուս Քրիստոսն է:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Ցույց տվեք ձեր հավատքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 29)

Ինչո՞ւ պետք է մեծացնեմ իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ես ձեզ կոչ եմ անում ․․․ սկսել այսօր՝ ձեր հավատքը մեծացնելու համար: Ձեր հավատքի միջոցով Հիսուս Քրիստոսը կմեծացնի սարեր տեղաշարժելու ձեր ունակությունը [տես 1 Նեփի 7․12 ], նույնիսկ, եթե ձեր անձնական մարտահրավերներն այնքան մեծ թվան, որքան Էվերեստ լեռն է։

Ձեր «սարերը» կարող են լինել միայնությունը, կասկածները, հիվանդությունները կամ այլ անձնական խնդիրներ: Ձեր «սարերը» տարբեր կլինեն, սակայն յուրաքանչյուր մարտահրավերին արձագանքելու համար պետք է մեծացնել ձեր հավատքը։ Դա աշխատանք է պահանջում։ …

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ամենամեծ զորությունն է, որը մեզ հասանելի է այս կյանքում։ Ամեն բան կարելի է հավատացողներին [տես Մարկոս 9․23

(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021, 102–3, 104)

Ի՞նչ է պահանջվում ինձանից՝ հավատքով սովորելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ասել է.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Փորձը օգնել է ինձ հասկանալ, որ մեկ այլ անձից ստացած պատասխանը, սովորաբար, երկար չի հիշվում, եթե ընդհանրապես հիշվում է: Բայց հավատքի գործադրմամբ հայտնաբերած կամ ստացած պատասխանը, սովորաբար, պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Կյանքի ամենակարևոր դասերը քաղվում են, ոչ թե ուսուցանվում:

Հոգևոր հասկացողությունը, որ ես և դուք օրհնվել ենք ստանալու, և որը հաստատվել է որպես ճշմարտություն մեր սրտերում, չի կարող պարզապես տրվել այլ անձի: Ջանասիրության և հավատքով սովորելու ուսուցման վարձը պետք է վճարվի՝ այսպիսի գիտելիք ստանալու և անձամբ «ունենալու» համար: Միայն այս ճանապարհով կարող է այն, ինչ գիտես մտքում, փոխակերպվի նրան, ինչ զգում ես սրտում: Միայն այսպես կարող է մարդը դադարել ապավինել ուրիշների հոգևոր գիտելիքին և փորձառությանը և հավակնել այդ օրհնություններին իր համար: Միայն այս կերպ մենք կարող ենք հոգեպես պատրաստ լինել գալիքին: Մենք պետք է «ուսում փնտրենք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» ( ՎևՈւ 88.118):

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Փորձիր սովորել հավատքով», Ensign, սեպտեմբեր 2007, 67)

Ինչպե՞ս կարող է հավատքն առ Հիսուս Քրիստոս ազդել իմ առօրյա կյանքի վրա

Դիտեք «Հավատքի խարույկներ» (3:25) տեսանյութը, որտեղ Երեց Ջերիթ Վ. Գոնգը Տասներկու Առաքյալների Քվորումից և ուրիշներ կիսվում են այն ամենով, ինչ սովորել են առ Հիսուս Քրիստոս հավատքի մասին: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

3:25

Campfires of Faith

Օժանդակ ուսումնական վարժություն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հինգ առաջարկները՝ հավատքը մեծացնելու համար

Կարող եք կիսվել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հինգ առաջարկներով՝ առ Հիսուս Քրիստոս հավատքը մեծացնելու համար, որոնք ներկայացված են նրա «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի» ելույթում (Լիահոնա, մայիս 2021, 103–4)։ Հորդորեք ուսանողներին ընտրել առաջարկներից մեկը և ծրագիր կազմել՝ ընտրված առաջարկի վրա մեկ շաբաթ աշխատելու համար: Առաջարկեք նրանց դասարանին տեղեկացնել իրենց առաջընթացի կամ իրենց ունեցած դժվարությունների մասին: