2010–2019 թթ․
Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության
Հոկտեմբեր 2015


15:1

Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը երկնային պարգև է, որը գալիս է, երբ ընտրում ենք հավատալ և երբ փնտրում ու ամուր բռնվում ենք նրանից:

Փրկիչն ընկալում էր իր շուրջը հավաքվածների հավատքի ուժը կամ թուլությունը: Մեկին Նա գովաբանելով ասաց. «Մեծ է քո հավատքը»: Մյուսին ափսոսանքով ասաց. «Ով անհավատ»: Մի քանիսին նա հարց տվեց. «Ո՞ւր է ձեր հավատքը»: Եվ այնուամենայնիվ, մեկին նկատեց. «[Ողջ Իսրայելում] նման մեծ հավատք չգտա»:

Ես հարց եմ տալիս ինքս ինձ. «Ինչպե՞ս է Փրկիչը տեսնում իմ հավատքը»: Եվ այսօր այդ հարցը ես հղում եմ ձեզ. «Ինչպե՞ս է Փրկիչը տեսնում ձեր հավատքը»:

Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը օդում անհոգ թռչող եթերային բան չէ: Հավատքը պատահաբար մեր վրա չի իջնում, ոչ էլ մեր անդրանիկության պարգևն է: Ինչպես սուրբ գրություններն են ասում, այն «հուսացած և չերևացող բաների հաստատությունն է»: Հավատքը հոգևոր լույս է արձակում և այդ լույսը նշմարելի է: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը երկնային պարգև է, որը գալիս է, երբ ընտրում ենք հավատալ և երբ փնտրում ու ամուր բռնում ենք այն: Ձեր հավատքը կամ ավելի է ուժեղանում, կամ թուլանում է: Հավատքը զորության սկզբունք է, որը կարևոր է ոչ միայն այս կյանքում, այլ նաև վարագույրի մյուս կողմի մեր առաջընթացի համար: Քրիստոսի շնորհով մենք մի օր փրկություն կունենանք՝ Նրա անվանը հավատալով: Ձեր հավատքի ապագան կերտում է ոչ թե պատահականությունը, այլ ընտրությունը:

Երիտասարդ բրազիլացու հավատքը

Մեկ ամիս առաջ Բրազիլիայում ես հանդիպեցի Առոլդո Քավալսանտեին: Նա մկրտվել է 21 տարեկանում՝ Եկեղեցու առաջին անդամը դառնալով իր ընտանիքում: Նրա հավատը վառ բոցավառվում էր, և նա անմիջապես սկսեց նախապատրաստվել ծառայելու միսիայում: Ցավոք, Առոլդոյի մոր մոտ քաղցկեղ հայտնաբերվեց: Երեք ամիս անց, մահանալուց ընդամենը մի քանի օր առաջ, մայրը կիսվեց Առոլդոյի հետ իր մեծագույն մտահոգությամբ: Նրանք չունեին օգնող հարազատներ: Առոլդոն պետք է լիարժեք պատասխանատվություն վերցներ իր երկու երիտասարդ քույրերի և կրտսեր եղբոր համար: Նա հանդիսավոր կերպով խոստացավ իր մահամերձ մորը, որ կհոգա նրանց մասին:

Քավալսանտե քույր ու եղբայները

Ցերեկը նա աշխատում էր բանկում, իսկ գիշերը՝ գնում էր համալսարան: Նա շարունակում էր պահել իր մկրտության ուխտերը, սակայն լիաժամկետ միսիա ծառայելու նրա հույսերը չքացան: Նրա առաքելությունը պիտի լիներ՝ հոգալ իր ընտանիքի մասին:

Ամիսներ անց, հաղորդության ժողովի իր ելույթը պատրաստելիս, Առոլդոն ուսումնասիրում էր Սամուելի խոսքերը, ով հանդիմանությամբ խոսեց Սավուղ թագավորի հետ. «Հնազանդությունը, - կարդաց նա, - ավելի լավ է, քան զոհաբերությունը»: Առոլդոն անհնարին թվացող տպավորություն ունեցավ, որ պետք է հնազանդվի մարգարեի կոչին ու ծառայի միսիայում: Չմտահոգվելով խոչընդոտների վերաբերյալ՝ նա առաջ գնաց հսկայական հավատքով:

Երեց Առոլդո Քավալսանտե

Առոլդոն տնտեսում էր բրազիլական ամեն կրուզեյրոն, որ կարող էր: 23 տարեկանում նա ստացավ իր միսիայի կանչը: Նա ասաց եղբորը, թե բանկից որքան գումար հանի ամեն ամիս ընտանիքի համար: Առոլդոն դեռևս բավական միջոցներ չուներ իր միսիայի ողջ գումարը վճարելու և եղբոր ու քույրերի ծախսերը հոգալու համար, սակայն հավատք գործադրելով, նա գնաց ՄՊԿ: Մեկ շաբաթ անց նա ստացավ իր օրհնություններից առաջինը: Բանկի իր աշխատանքը ավարտելու համար բանկը, անսպասելիորեն, Երեց Քավալսանտեին կրկնակի գումար վճարեց: Այդ հրաշքը, մյուս հրաշքների հետ միասին, հնարավոր դարձրեց, որ նա բավական եկամուտ ունենա, որպեսզի կարողանա և՛ վճարել իր միսիայի համար, և՛ իր ընտանիքի ծախսերի համար՝ իր բացակայության ընթացքում:

Քավալսանտե ընտանիքն այսօր

Քսան տարի անց՝ եղբայր Քավալսանտեն այժմ ծառայում է որպես Ռեսիֆե Բրազիլիայի Բոա Վիագեմ ցցի նախագահ: Ետ նայելով այն օրերին՝ նա ասում է. «Փորձելով արդար կյանքով ապրել՝ ես զգում էի Փրկչի սերը և առաջնորդությունը: Իմ հավատքն աճում էր, հնարավորություն տալով, որ շատ դժվարություններ հաղթահարեմ»: Առոլդոյի հավատքը պատահականության արդյունք չէր, այլ ընտրության:

Կան բազմաթիվ քրիստոնյա տղամարդիկ և կանայք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ խորը հավատքով, և մենք հարգում ու պատվում ենք նրանց:

Այլևս չեզոք գոտում չեք

Սակայն, եղբայրներ, մեզ ավելին է տրվել. Աստծո քահանայությունը՝ Աստծո զորությունը, որը վերականգնվել է երկրի վրա սուրբ հրեշտակների կողմից: Դա ձեզ տարբեր է դարձնում: Դուք այլևս կանգնած չեք չեզոք գոտում: Ձեր հավատքը կաճի ոչ թե պատահականությամբ, այլ ընտրությամբ:

Մեր ապրած կյանքը զորացնում կամ թուլացնում է մեր հավատքը: Աղոթքը, հնազանդությունը, ազնվությունը, մտքերի ու գործերի մաքրությունն ու անեսասիրությունը զորացնում են հավատքը: Առանց դրանց, հավատքը թուլանում է: Ինչո՞ւ Փրկիչն ասաց Պետրոսին. «Աղոթեցի, որ հավատքդ չնվազի»: Պատճառն այն է, որ կա հակառակորդ, որն ուրախանում է, երբ կործանում է մեր հավատքը: Ձեր հավատքը պաշտպանելիս անհողդողդ եղեք:

Անկեղծ հարցեր

Անկեղծ հարցեր տալը հավատք ձևավորելու կարևոր մասն է, և մենք օգտագործում ենք և՛ մեր բանականությունը, և՛ մեր զգացումները: Տերն ասել է. «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում»: Ոչ բոլոր պատասխանները կգան միանգամից, սակայն խնդիրների մեծ մասը կարող է լուծվել անկեղծ ուսումնասիրմամբ ու պատասխան փնտրելով Աստծուց: Առանց սրտի, միայն միտքը օգտագործելը հոգևոր պատասխաններ չի բերի: «Ով գիտի Աստծո բաները, եթե ոչ Աստծո Հոգու [միջոցով]»: Եվ որպես օգնություն, Հիսուսը խոստացել է մեզ «մեկ այլ մխիթարիչ» և նրան անվանել է «ճշմարտության Հոգի»:

Հավատքը երբեք բոլոր հարցերին պատասխան չի պահանջում, այլ հաստատում ու քաջություն է փնտրում՝ առաջ շարժվելու, երբեմն ընդունելով. «Ես չգիտեմ ամեն բան, սակայն գիտեմ բավականաչափ, որպեսզի առաջ գնամ աշակերտության ճանապարհով»:

Համառ կասկածների մեջ խորասուզվելը, որը լիցքավորվում է անհավատների ու անհավատարիմների պատասխաններով, թուլացնում է մարդու հավատը Հիսուս Քրիստոսի և Վերականգնման նկատմամբ: «Բնական մարդը չի ընդունում Աստծո Հոգու բաները. քանի որ դրանք անմտություն են նրա համար»:

Օրինակ, Մարգարե Ջոզեֆ Սմիթին վերաբերող հարցերը նորություն չեն: Այս աշխատանքի սկզբից ի վեր դրանք բարձրացվել են իր քննադատների կողմից: Հավատքով մարդկանց, ովքեր նայում են 21-րդ դարի գունավոր ակնոցներով, անկեղծորեն կասկածի տակ են դնում Մարգարե Ջոզեֆի հետ գրեթե 200 տարի առաջ եղած իրադարձությունները կամ նրա հայտարարությունները, թույլ տվեք բարեկամաբար մի խորհուրդ տալ. առայժմ եղբայր Ջոզեֆին հանգիստ թողեք: Ապագայում դուք 100 անգամ ավելի շատ տեղեկություն կունենաք, քան կարելի է գտնել այսօրվա համացանցի բոլոր որոնիչներում միասին վերցված, և որի աղբյուրը կլինի մեր ամենագետ Երկնային Հայրը: Դիտարկեք Ջոզեֆի կյանքն ամբողջությամբ՝ աղքատության մեջ ծնված, պաշտոնական թերի կրթություն ստացած, նա թարգմանեց Մորմոնի Գիրքը 90-ից ավելի քիչ օրում: Տասնյակ հազարավոր ազնիվ, նվիրյալ տղամարդիկ ու կանայք ընդգրկվել են Վերականգման գործում: 38 տարեկանում Ջոզեֆը կնքեց իր վկայությունն իր արյամբ: Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր: Պահե՛ք սա ձեր մտքում և առա՛ջ շարժվեք:

Պարգևներ, որոնք մեծացնում են մեր հավատքը

Թե՛ Աստվածաշունչը և թե՛ Մորմոնի Գիրքը մեզ տալիս են գեղեցիկ հավաստիացում, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին: Իմ ձեռքում Մորմոնի Գրքի ֆրանսերեն հրապարակության առաջին օրինակներից մեկն է, որը հրատարակել է Ջոն Թեյլորը Ֆրանսիայում 1852թ. ծառայելու ընթացքում: Մորմոնի Գիրքը մասամբ կամ ամբողջությամբ այժմ թարգմանվել է աշխարհի 110 լեզուներով: Այն տրամադրում է հոգևոր և շոշափելի վկայություն Վերականգնման ճշմարտության վերաբերյալ: Ե՞րբ եք վերջին անգամ կարդացել Մորմոնի Գիրքը սկզբից մինչև վերջ: Կարդացեք այն կրկին: Այն կզորացնի ձեր հավատքը:

Մեր հավատքը մեծացնելու աստվածային մեկ այլ պարգև է Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի առաջնորդությունը: Այսօր մենք հաստատեցինք Տասներկուսի երեք նոր անդամների, և ես բարի գալուստ եմ մաղթում Երեց Ռասբանդին, Երեց Սթիվենսոնին և երեց Ռենլանդին Տասներկուսի Քվորումի սրբազան շրջան: Պողոսն ասել է.

«Նա [կանչել է] առաքյալներ և … մարգարեներ … .

Սրբերի կատարելության համար … .

Մինչև որ … հասնենք հաւատքի և Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. …

Որ այլ ևս … երերուած ու տատանուած [չլինենք] վարդապետութեան ամեն քամուցը [նրանց] խաբեբայութիւնովը որ մոլորեցնում են խաբեբայութեան խորամանկութիւնովը»:

Առաջին Նախագահության և Տասներկուսի առաջնորդությունը օգնում է պաշտպանել մեր հավատքը:

Հավատքի կրակը

Թեև հավատքի ձեր կրակը սկզբում կարող է փոքր լինել, արդար ընտրությունները բերում են ավելի մեծ վստահություն Աստծո հանդեպ և ձեր հավատքն աճում է: Մահկանացու կյանքի դժվարությունները հարվածում են ձեզ և չար ուժերը թաքնվում են մթության մեջ, հույս ունենալով մարել ձեր հավատքի կրակը: Բայց երբ շարունակում եք լավ ընտրություններ կատարել, վստահում եք Աստծոն ու հետևում եք Նրա Որդուն, Տերը մեծացնում է ձեր լույսը և գիտելիքը, և ձեր հավատքը դառնում է մնայուն ու անսասան: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մի՛ վախեցեք … : Ապագան այնպես պայծառ է, ինչպես ձեր հավատքը»:

Պորտեր, Զեյն և Մաքս Օփենշոուները

Այս Եկեղեցու պատանիների հավատքը ուշագրա՛վ է:

Օփենշոու ընտանիքը

Այս տարվա հունիսի 12-ին ես էլ. նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ Յուտայի ծխերից մեկի եպիսկոպոսը՝ իր կնոջ ու երկու երեխաների հետ մահացել են ինքնաթիռի վթարից: Եպիսկոպոս Մարկ Օփենշոուն, վարում էր ինքնաթիռը, երբ մի փոքր օդանավակայանից թռչելիս, հանկարծ, օդանավը վայր ընկավ երկնքից ու բախվեց գետնին: Եպիսկոպոս Օփենշոուն, նրա կինը՝ Էմին, և նրանց երեխաները՝ Թանները և Էլլին, վթարի արդյունքում մահացան: Հրաշքով, նրանց հինգ տարեկան տղան՝ Մաքսը, որին հասցրել էին իր նստատեղով օդանավից դուրս նետել, միայն կոտրվածքներով ողջ էր մնացել:

Ես իմացա, որ նրանց որդին՝ Երեց Պորտեր Օփենշոուն, ծառայում էր Մարշալյան կղզիների Մաջուրո միսիայում, իսկ նրանց 17-ամյա որդին՝ Զեյնը, մշակութային փոխանակման դպրոցական ծրագրով գտնվում էր Գերմանիայում:

Ես զանգահարեցի երեց Օփենշոուին՝ Ծննդյան կղզի: Չնայած իր մոր, հոր, եղբոր ու քրոջ սրտաբեկ անսպասելի մահվան, երեց Օփենշոուն իր մտահոգությունն անմիջապես ուղղեց իր մյուս երկու եղբայրների վրա:

Ի վերջո, երեց Օփենշոուն ու իր եղբայր Զեյնը որոշում կայացրեցին, որ կարող են տան գործերը վստահել ուրիշների, և որ Պորտերը պետք է ավարտի միսիայի իր ծառայությունը: Նրանք գիտեին, որ այդ որոշումն իրենց ծնողների սրտով կլիներ:

Երեց Պորտեր Օփենշոուն մկրտության ժամանակ

Երեց Օփենշոուի հետ խոսելիս ես զգացի, որ նա տխրել է, բայց նաև զգացի նրա հավատքի անշեջ կրակը: «Ես ունեմ վստահություն, - ասաց նա ինձ, - և գիտեմ ու կասկածի ստվեր անգամ չունեմ, որ կրկին տեսնելու եմ իմ ընտանիքի անդամներին: … Մեր փորձությունների մեջ միշտ կարելի է ուժ ստանալ մեր Տեր Հիսուս Քրիստոսից … Աստծո ամենազոր ձեռքը այնքան ակնհայտ օգնել է ինձ և իմ եղբայրներին [այս] շատ դժվար մարտահրավերի ողջ ընթացքում»:

Զեյն Օփենշոուն խոսում է հոգեհանգստի ծառայության ժամանակ

Զեյնին առաջին անգամ հանդիպեցի հոգեհանգստի ծառայության ժամանակ: Նայելով ժողովարանի մեր առջևում դրված չորս դագաղներին, ես զարմացա 17-ամյա այդ պատանու հավատքից, երբ նա դիմեց հավաքվածներին. «Այսօր, - ասաց նա, - մենք խոնարհ սրտով ու վշտահար հոգով հավաքվել ենք հիշելու իմ մայրիկի, հայրիկի, Թանների ու Էլլիի կյանքը: … Մենք զրուցել ենք միասին, լաց ենք եղել միասին, հիշել ենք միասին և միասին զգացել ենք Աստծո ձեռքը: …

Վթարի մասին լուրը լսելու օրը, ես իմ պայուսակում մի նամակ գտա մայրիկից: Նամակում նա գրել է. «Զեյն, հիշիր, թե ով ես դու և որտեղից ես եկել: Մենք կաղոթենք քո համար և կկարոտենք քեզ»»: Զեյնը շարունակեց. «Ավելի համապատասխան խոսքեր հնարավոր չէր ասել, քան մայրիկիս վերջին խոսքերն էին: Ես գիտեմ, որ նա՝ Թաների, Էլլիի և հայրիկի հետ միասին … աղոթում են [իմ եղբայրների ու] ինձ համար: Գիտեմ, որ նրանք … աղոթում են, որ հիշեմ, թե ով եմ ես … որովհետև ես, ձեզ նման, Աստծո զավակն եմ, և Նրա մոտից եմ եկել այստեղ: Վկայում եմ, որ … անկախ նրանից, թե որքան միայնակ ենք զգում, Աստված չի լքի մեզ»:

Իմ սիրելի ընկերներ, ձեր հավատքը չի եկել ծննդյան հետ և չի ավարտվի մահվան հետ: Հավատքը ընտրություն է: Ամրապնդեք ձեր հավատքը, և այնպես ապրեք, որ արժանի լինեք Փրկչի գովասանքի խոսքերին. «Մեծ է քո հաւատը»: Եթե այն մեծացնեք, ես խոստանում եմ, որ ձեր հավատքը, Հիսուս Քրիստոսի շնորհով, մի օր ձեզ հնարավորություն կտա կանգնել նրանց հետ, ում սիրում եք, մաքուր և անբիծ՝ Աստծո ներկայության մեջ. Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:

Հղումներ

  1. Մատթեոս 15.28

  2. Մատթեոս 6.30

  3. Ղուկաս 8.25

  4. Մատթեոս 8.10

  5. Եբրայեցիս 11.1

  6. Տես Ալմա 32.35

  7. Տես Լ. Ուիթնի Քլեյթոն. «Ընտրեք հավատքը» Լիահոնա, մայիս 2015, 36–39:

  8. Տես Lectures on Faith (1985), 3

  9. Տես Եփեսացիս 2.8

  10. Ա Թագավորաց 15.22

  11. Անձնական զրույց Առոլդո Քավալսանտեի հետ, 29 օգոստոսի, 2015 թ., Սալվադոր՝ Բրազիլիա. ինչպես նաև էլեկտրոնային նամակ 31 օգոստոսի, 2015թ.: Առոլդո Քավալսանտեի պատմության մեջ ավելի շատ բան կա իր քույրերի ու եղբոր մասին հոգալու իր մորը տված խոստումի վերաբերյալ: Մոր մահից հետո նա իր եղբորն ու քույրերին դիմում էր որպես իր «երեխաների»: Իր միսիայից գրած նամակներում և Սուրբ Ծննդյան ու մայրության տոների առթիվ հեռախոսազանգերի ժամանակ նա հաճախ խոսում էր ընտանիքի յուրաքանչյուր անդամի անհատական դժվարություններից: Մեծ զոհաբերություն կատարելով, իր միսիայից հետո Առոլդոն ֆինանսական պատասխանատվություն վերցրեց նրանց կրթության և իր եղբոր միսիայի համար: Առոլդոն սպասեց, մինչև իր քույրերն ու եղբայրն ամուսնացան, նոր ինքը ամուսնացավ 32 տարեկան հասակում: Նրանք շարունակում են շատ հարազատ ընտանիք մնալ:

  12. Ղուկաս 22.32

  13. Վարդապետություն և Ուխտեր 8.2

  14. Ա Կորնթացիս 2.11

  15. Հովհաննես 14.16–17

  16. See Adam Kotter, “When Doubts and Questions Arise,” Liahona, Mar. 2015, 39–41.

  17. Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ ասել է. «Ոմանք պնդում են, որ Եկեղեցին պետք է ուսումնասիրել միայն իր դասալիքների աչքերով, ինչը նման է Հիսուսին հասկանալու համար Հուդայի հետ խոսելուն: Դասալիքները մեզ միշտ ավելի շատ պատմում են իրենց մասին, քան այն բանի մասին, որից իրենք հեռացել են» (“All Hell Is Moved” [Brigham Young University devotional, Nov. 8, 1977], 3, speeches.byu.edu):

  18. Ա Կորնթացիս 2.14

  19. «Ես երբեք չեմ ասել, որ կատարյալ եմ, բայց իմ ուսուցանած հայտնություններում սխալ չկա» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 522):

  20. Տես John W. Welch and Tim Rathbone, «The Translation of the Book of Mormon: Basic Historical Information», (Foundation for Ancient Research and Mormon Studies, 1986).

  21. Մորմոնի Գրքի մասին հոգևոր վկայությունը առանցքային դեր ունի Վերջին Օրերի Սրբերի դարձի գալու համար: Դա մի վկայություն է, որը պետք է կրկին ու կրկին թարմացնել: Եթե ոչ, ապա հոգևոր զգացումները կմարեն, և մարդ այլևս չի հիշի այն զորությունը, որ ժամանակին զգացել է: «Եվ մարդիկ սկսեցին մոռանալ այն նշաններն ու հրաշքները, որոնք նրանք լսել էին, և սկսեցին ավելի ու ավելի քիչ ապշել երկնքից… հրաշքի վրա, այնպես որ նրանք սկսեցին լինել կարծր՝ իրենց սրտերում, և կույր՝ իրենց մտքերում, և սկսեցին չհավատալ այն ամենին, ինչ լսել էին ու տեսել … և [սկսեցին հավատալ], որ Քրիստոսի վարդապետությունը մի հիմար և ունայն բան է» (3 Նեփի 2.1–2):

  22. Եփեսացիս 4.11–14

  23. Թոմաս Ս. Մոնսոն. «Ուրախ եղեք», Լիահոնա, մայիս 2009, 92:

  24. Երեց Պորտեր Օփենշոուից ստացած անձնական էլ. նամակ, օգոստոսի 23, 2015թ.:

  25. Զեյն Օփենշոուի խոսքը իր ընտանիքի անդամների հուղարկավորությանժամանակ, հունիսի 22, 2015թ.: