Որ նրանք միշտ հիշում են Նրան
Ես սիրում եմ ուսումնասիրել և խորհել Նրա կյանքի մասին, ով ամեն ինչ տվեց ինձ և մեզ բոլորիս:
Ես սիրում եմ Երեխաների Միության երգը, որտեղ ասվում է.
Ես հավատում եմ, որ մեր երեխաներին և ընտանիքներին Հիսուսի մասին պատմություններ պատմելու ավանդույթ ձևավորելը մեր տներում կիրակին սուրբ պահելու մի յուրահատուկ եղանակ է:
Դա, անկասկած, հատուկ ոգով կպարուրի մեր տները և մեր ընտանիքներն իրենց առջև կունենան Փրկչի օրինակը:
Ես սիրում եմ ուսումնասիրել և խորհել Նրա կյանքի մասին, ով ամեն ինչ տվեց ինձ և մեզ բոլորիս:
Ես սիրում եմ կարդալ Նրա անմեղ կյանքի մասին պատմող սուրբ գրությունների հատվածները, և Նրա մասնակցությամբ այդ իրադարձությունների մասին կարդալուց հետո, ես փակում եմ աչքերս և փորձում պատկերացնել այդ սուրբ պահերը, որոնք ուսուցանում և հոգեպես զորացնում են ինձ:
Օրինակ, նման պահեր են՝
-
Երբ Նա թքեց գետնի վրա, թքից ցեխ շինեց, և ցեխը քսելով կույրի աչքերին՝ ասաց. «Գնա լուացվիր Սելովամի ավազանումը»: Եվ այդ մարդը հնազանդվեց «և գնաց լվացվեց, և եկավ ու տեսնում էր»:
-
Երբ Նա բժշկեց այն կնոջը, ով արյունահոսություն ուներ և դիպավ Փրկչի զգեստի փեշին, հավատալով, որ կբժշկվեր՝ միայն թե դիպչեր Նրան:
-
Երբ Նա քայլեց աշակերտների հետ Էմմաուսի ճանապարհով և մեկնաբանեց սուրբ գրությունները նրանց համար:
-
Երբ Նա հայտնվեց մարդկանց Ամերիկաներում, կանչեց նրանց Իր մոտ և ասաց, որ իրենց ձեռքերը դնեն Իր կողերի մեջ և շոշափեն մեխերի տեղերը Իր ձեռքերի և Իր ոտքերի վրա, որպեսզի նրանք իմանային, որ Ինքն էր «Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել [էր] աշխարհի մեղքերի համար»:
Ես ուրախանում եմ, երբ իմանում եմ, որ կան ծնողներ, ովքեր Քրիստոսի մասին պատմություններ են պատմում իրենց երեխաներին: Ես նկատում եմ դա, երբ նայում եմ երեխաներին՝ Եկեղեցում Երեխաների ծրագրերի և այլ միջոցառումների ժամանակ:
Ես երախտապարտ եմ իմ ծնողներին, ովքեր ուսուցանել են ինձ Քրիստոսի մասին: Ես տեսնում եմ նաև, թե ինչպես է Փրկչի օրինակն օգնում իմ սիրելի կնոջը և ինձ՝ մեր երեխաներին սովորեցնելիս:
Սիրտս լցվում է ուրախությամբ, երբ տեսնում եմ, թե ինչպես են իմ երեխաները Քրիստոսի մասին պատմում են իմ թոռներին: Դա ինձ հիշեցնում է սուրբ գրությունների իմ սիրելի հատվածներից մեկը, որը գտնվում է Գ Հովհաննես, գլուխ 1, հատված 4-ում, այնտեղ ասվում է. «Սորանից ավելի մեծ ճշմարտություն չունիմ, որ լսում եմ թե իմ որդիները ճշմարտության մեջ են գնում»: Իսկ ինչո՞ւ ոչ նաև մեր թոռները:
Ես երախտապարտ եմ մեր ղեկավարների համար, ովքեր մեզ մշտապես ուսուցանում են Քրիստոսի, կիրակին սուրբ պահելու և յուրաքանչյուր կիրակի, ի պատիվ Փրկչի, հաղորդությունից ճաշակելու մասին:
Կիրակին և հաղորդությունը շատ ավելի իմաստալից են դառնում, երբ ուսումնասիրում ենք Քրիստոսի մասին պատմությունները: Այդպիսով, մեր հավատքն ու վկայությունը կերտող ավանդույթներ ենք ձևավորում և նաև պաշտպանում մեր ընտանիքները:
Մի քանի շաբաթ առաջ կրկին անգամ ուսումնասիրելով վերջին գերագույն համաժողովին արտասանած Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը և խորհելով կիրակի օրվա մասին, ես խորը երախտագիտություն զգացի հաղորդությունից ճաշակելու օրհնության և արտոնության համար: Ինձ համար դա անչափ խորհրդավոր, սուրբ և հոգևոր պահ է: Ես մեծ բավականություն եմ ստանում հաղորդության ժողովից:
Մտքումս խորհելով ես մանրակրկիտ քննել եմ հացի և ջրի օրհնությունները: Կարդացել և խորհրդածել եմ հաղորդության աղոթքների և հաղորդության արարողության շուրջ: Ես սկսեցի իմ մտքում և սրտում անդրադառնալ հաղորդության հետ կապված իրադարձություններին:
Խորհրդածության ոգով ես անդրադարձել եմ բաղարջակերաց առաջին օրվան, երբ Հիսուսն ի պատասխան Իր աշակերտների հարցին, թե որտեղ պիտի պատրաստեին Զատիկը, ասաց. «Գնացեք քաղաքն՝ այսինչի մոտ, և ասեցեք նորան. Վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մոտ է. քեզ մոտ եմ անելու զատիկն իմ աշակերտների հետ»:
Ես փորձել եմ մտովի պատկերացնել աշակերտներին, ովքեր ուտելիք էին գնում և խնամքով սեղան պատրաստում՝ այդ հատուկ օրը Նրա հետ ճաշելու համար, իսկ սեղանը 13 հոգու՝ Նրա և Իր սիրելի տասներկու աշակերտների համար էր:
Ես արտասվել եմ՝ պատկերացնելով նրանց հետ սեղանի շուրջը նստած Քրիստոսին, որ հայտարարեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մեկը կմատնե ինձ»:
Ես մտածել եմ վշտացած աշակերտների մասին, ովքեր հարցրեցին Նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէր»:
Իսկ երբ Հուդան Նրան տվեց այդ նույն հարցը, Նա հանգիստ պատասխանեց. «Դու ասացիր»:
Ես կարող եմ պատկերացնել բժշկող, մխիթարող, շենացնող և օրհնող ձեռքերը, որոնք կտրում էին հացը, երբ Հիսուսն ասաց. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»:
Այնուհետև Նա վերցրեց գինով լի բաժակը, գոհացավ, նրանց տվեց և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց»:
Մտքում ես տեսել եմ աշակերտներին, մեկ առ մեկ, և նկատել նրանց աչքերում մտահոգություն Վարդապետի համար, ում նրանք անչափ սիրում էին: Կարծես թե նստած էի նրանց հետ, և նայում էի ամեն ինչին: Ես անտանելի ցավ զգացի իմ սրտում՝ լի տխրությամբ ու թախիծով այն ամենի համար, որ Նա պետք է կրեր ինձ համար:
Հոգիս լցվեց ավելի լավ մարդ լինելու անհաղթահարելի ցանկությամբ: Ապաշխարությամբ և ցավով ես սրտանց ցանկացա չորացնել և կանխել Գեթսեմանում հեղված Նրա արյան գոնե մի քանի կաթիլը:
Այնուհետև, ես խորհեցի հաղորդության շուրջ, որ ամեն շաբաթ մենք ճաշակում ենք՝ ի հիշատակ Նրա: Այդ ժամանակ ես խորհեցի հացի և ջրի օրհնությունների յուրաքանչյուր բառի շուրջ: Ես խորապես մտածեցի «և միշտ հիշել նրան» խոսքերի շուրջ՝ հացի օրհնության մեջ և «որ նրանք միշտ հիշում են նրան» խոսքերի շուրջ՝ ջրի օրհնության մեջ:
Ես մտածել եմ, թե ինչ է նշանակում՝ միշտ հիշել Նրան:
Ինձ համար դա նշանակում է, որ՝
-
Հիշում եմ Նրա նախամահկանացու կյանքը, երբ Նա արարեց այս գեղեցիկ երկրագունդը:
-
Հիշում եմ Նրա համեստ ծնունդը մսուրում՝ Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում:
-
Հիշում եմ, որ դեռևս լինելով 12 տարեկան պատանի, տաճարում Նա ուսուցանեց և քարոզեց դպիրներին:
-
Հիշում եմ, երբ Նա առանձնացավ մի ամայի վայրում, որպեսզի պատրաստվի Իր մահկանացու ծառայությանը:
-
Հիշում եմ, որ Վերջին Ընթրիքի ժամանակ Իր աշակերտների հետ հաստատեց հաղորդությունը:
-
Հիշում եմ, որ Նա գնաց Գեթսեմանի պարտեզ և այնպիսի սոսկալի տառապանք կրեց մեր մեղքերի, ցավերի, հիասթափությունների, հիվանդությունների համար, որ արյունահոսեց յուրաքանչյուր ծակոտիից:
-
Հիշում եմ, որ այդքան շատ տառապանքից և սոսկալի ցավից հետո դեռևս Գեթսեմանում, Նրան համբուրելով դավաճանեց իր աշակերտներից մեկը, ում Նա ընկեր էր կոչում:
-
Հիշում եմ, որ Նրան տարան Պիղատոսի և Հերովդեսի մոտ՝ դատվելու:
-
Հիշում եմ, որ Նրան նվաստացրեցին, ապտակեցին, թքեցին նրա վրա, զարկեցին և խարազանեցին մտրակով, որը պատռեց Նրա մարմինը:
-
Հիշում եմ, որ Նա ստիպված կրեց Իր խաչը Գողգոթա տանող ճանապարհին, որ Նրան գամեցին խաչին, և Նա կրեց հնարավոր ամեն ֆիզիկական և հոգևոր ցավ:
-
Հիշում եմ, որ խաչի վրայից ողորմածությամբ լցված նայեց իրեն խաչողներին և բարձրացնելով աչքերը դեպի երկինք աղերսեց. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թե ինչ են անում»:
-
Հիշում եմ, որ իմանալով, որ իրականացրել է մարդկությանը փրկող Իր առաքելությունը, Իր հոգին ավանդեց Իր Հոր և մեր Հոր ձեռքը:
-
Հիշում եմ Նրա Հարությունը, որը երաշխավորում է մեր հարությունը և ողջ հավերժություն Նրա կողքին ապրելու հնարավորությունը, որը կախված է մեր ընտրություններից:
Բացի այդ, խորհելով հաղորդության աղոթքների շուրջ, այդ աղոթքների անչափ հատուկ ու իմաստալից խոսքերն ինձ հիշեցնում են, թե որքան հրաշալի է ստանալ խոստումը հաղորդության օրհնության ընթացքում, որ եթե միշտ հիշենք Նրան, մենք Նրա Հոգին միշտ մեզ հետ կունենանք:
Ես հավատում եմ, որ Տերն ունի մեզ հայտնություն տալու Իր ուրույն ժամանակը: Ես դա շատ հստակ հասկացել եմ, երբ ուսումնասիրել եմ Ժողովող 3.1, 6 հատվածները, որտեղ ասվում է.
«Ամեն բանի ժամանակ կա. և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան: …
Որոնելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ»:
Հաղորդությունը նաև Երկնային Հոր համար Իր Սիրելի Որդու՝ մեր Քավչի, Հիսուս Քրիստոսի Քավության մասին մեզ ուսուցանելու ժամանակ է, իսկ մեզ համար՝ հայտնություն ստանալու ժամանակ: Դա ժամանակ է՝ «թակելու, և կբացվի մեզ համար», ժամանակ՝ խնդրելու և այս գիտելիքը ստանալու: Դա մեզ համար Աստծուց այս գիտելիքն ակնածանքով խնդրելու ժամանակ է: Եվ այդ դեպքում ես չեմ կասկածում, որ մենք կստանանք այդ գիտելիքը, որն անչափ կօրհնի մեր կյանքը:
Ես սիրում եմ Կիրակին, հաղորդությունը և դրանց նշանակությունը: Ես սիրում եմ Փրկչին՝ իմ ողջ հոգով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: