Պահեք պատվիրանները
Նա, ով ստեղծել է մեզ և Նա, ով սիրում է մեզ, կատարյալ կերպով գիտի, թե ինչպես մենք պետք է ապրենք մեր կյանքը, որպեսզի ձեռք բերենք հնարավոր ամենամեծ երջանկությունը:
Իմ սիրելի եղբայրներ, որքան լավ է, որ կրկին ձեզ հետ եմ։ Այս երեկո մենք ոգեշնչվեցինք հնչած ելույթներից։ Հուսով եմ, որ իմ խոսքերը նույնպես ոգևորիչ կլինեն։
Իմ ուղերձն այս երեկո շատ կտրուկ է։ Այն է՝ պահեք պատվիրանները։
Աստծո պատվիրանները մեզ չեն տրվել զայրացնելու կամ մեր երջանկությանը խանգարելու համար։ Այլ ճիշտ հակառակը։ Նա, ով ստեղծել է մեզ և Նա, ով սիրում է մեզ, կատարյալ կերպով գիտի, թե ինչպես մենք պետք է ապրենք մեր կյանքը, որպեսզի ձեռք բերենք հնարավոր ամենամեծ երջանկությունը։ Նա մեզ ցուցումներ է տվել, և եթե մենք հետևենք դրանց, ապա դրանք կառաջնորդեն մեզ մահկանացու ճամփորդության ընթացքում, որը հաճախ վտանգավոր է։ Մենք հիշում ենք հայտնի օրհներգի բառերը. «Պահեք պատվիրանները։ Դրանում է կայանում ապահովությունը, դրանում է կայանում խաղաղությունը»։
Մեր Երկնային Հայրը մեզ այնքան շատ է սիրում, որ կարող է ասել. Մի ստիր, գողություն մի անիր, շնություն մի անիր, սիրիր քո ընկերին քո անձի պես և այլն։ Մենք գիտենք պատվիրանները։ Նա հասկանում է, որ երբ մենք պահենք պատվիրանները, մեր կյանքն ավելի երջանիկ կդառնա, ավելի լիարժեք և քիչ խճճված։ Մեր դժվարություններն ու խնդիրներն ավելի հեշտ կլինի կրել և մենք կստանանք Նրա խոստացված օրհնությունները։ Սակայն, երբ Նա մեզ օրենքներ ու պատվիրաններ է տալիս, Նա նաև թույլ է տալիս մեզ ընդունել դրանք կամ՝ մերժել։ Դրա վերաբերյալ մեր որոշումները կորոշեն մեր ճակատագիրը։
Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրի վերջնական նպատակը հավիտենական կյանքն է՝ մեր Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ։ Հետևաբար շատ կարևոր է, որ մեր կյանքում այնպիսի ընտրություններ կատարենք, որոնք կհանգեցնեն այդ մեծ նպատակին։ Սակայն մենք գիտենք, որ հակառակորդը ցանկանում է ձախողել մեզ։ Նա և նրա բազմությունը անողոք են մեր արդար ցանկությունները խափանելու իրենց ջանքերում։ Նրանք լուրջ և մշտական սպառնալիք են ներկայացնում մեր հավերժական փրկությանը, եթե մենք նույնպես անողոք չգտնվենք մեր նպատակին հասնելու վճռականության և ջանքերի մեջ։ Պետրոս Առաքյալը զգուշացնում է մեզ. «Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ»։
Չնայած մեր կյանքում չկա մի ժամանակաշրջան, երբ մենք ազատվենք գայթակղությունից, դուք՝ երիտասարդներդ, մի տարիքում եք, երբ կարող եք հատկապես խոցելի լինել։ Դեռահասության տարիները հաճախ անապահովության տարիներ են, զգացումներ, որ կարծես դուք չեք համապատասխանում և փորձում եք ձեր հասակակիցների մեջ գտնել ձեր տեղը և հարմարվել։ Դուք կարող եք գայթակղվել ցածրացնել ձեր չափանիշները և հետևել ամբոխին, որպեսզի դուք ընդունվեք նրանց կողմից, ում հետ ցանկանում եք ընկերանալ։ Եղեք ուժեղ և զգոն այն ամենին, ինչը կխանգարի ձեզ ձեռք բերել հավերժության օրհնությունները։ Այստեղ և այժմ կայացրած ձեր ընտրությունները մշտական կարևորություն ունեն։
Մենք կարդում ենք Ա Կորընթացիսի մեջ. «Այնքան … այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը»։ Մենք շրջապատված ենք համոզիչ ձայներով, գայթակղիչ ձայներով, ծաղրող ձայներով, ապակողմնորոշիչ ձայներով և շփոթեցնող ձայներով։ Ես կավելացնեմ, որ սրանք բարձր ձայներ են։ Ես հորդորում եմ ձեզ անտեսել այդ ձայները և դրա փոխարեն լսել այն մեղմ, ցածր ձայնը, որը ձեզ կառաջնորդի դեպի ապահովություն։ Հիշեք այն մարդուն, ով իշխանություն ունենալով, ձեր մկրտությունից հետո իր ձեռքերը դրեց ձեր գլխին և հաստատելով ձեզ որպես Եկեղեցու անդամ, ասաց. «Ստացիր Սուրբ Հոգին»։ Բացեք ձեր սրտերը և նաև հոգին այն հատուկ ձայնի համար, որը վկայում է ճշմարտության մասին։ Ինչպես մարգարե Եսայիան է խոստացել. «Եւ քո ականջները լսելու են մի խօսք … որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք»։ Թող որ մենք միշտ պատրաստ լինենք և կարողանանք լսել այս մխիթարող, առաջնորդող ձայնը, որը մեզ ապահովության մեջ կպահի։
Պատվիրանների անտեսումը բացել է դռներն այն ամենի համար, ինչը ես համարում եմ մեր օրերի համաճարակներ։ Դրանք իրենց մեջ ընդգրկում են ամենաթողության համաճարակը, պոռնոգրաֆիայի համաճարակը, թմրանյութերի համաճարակը, անբարոյականության համաճարակը, աբորտի համաճարակը, որոնք միայն մի քանիսն են։ Սուրբ գրություններն ասում են, որ հակառակորդը «բոլոր այս բաների ստեղծողն է»։ Մենք գիտենք, որ նա է «բոլոր ստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց»։
Ես աղաչում եմ, որ խուսափեք այն ամենից, ինչը կարող է զրկել ձեզ երջանկությունից այս մահկանացու կյանքում և գալիք աշխարհի հավերժական կյանքում։ Իր խաբեությամբ և ստերով հակառակորդը ձեզ կհասցնի ձեր ոչնչացման սայթաքուն լանջին, եթե դուք թույլ տաք նրան։ Շատ հավանական է, որ դուք ավելի շուտ հայտնվեք այդ սայթաքուն լանջին, քան դուք նույնիսկ կգիտակցեք, որ կանգ առնելու հնարավորություն չկա։ Դուք լսել եք հակառակորդի ուղերձը։ Նա խորամանկորեն կոչ է անում. Այս մեկ անգամը կարևոր չէ, բոլորն էլ անում են դա, եղիր ժամանակակից, ժամանակները փոխվել են, դա ոչ-ոքի չի վնասի, քո կյանքը քեզ է պատկանում։ Հակառակորդը ճանաչում է մեզ և գիտի, թե որ գայթակղությունները դժվար կլինի մեզ հաղթահարել։ Ապա, որքան կարևոր է, որ մենք մշտապես զգոն լինենք, որպեսզի չտրվենք այդպիսի խաբկանքներին և գայթակղություններին։
Մեզանից կպահանջվի մեծ քաջություն, որպեսզի մենք հավատարիմ ու արժանի մնանք անընդհատ աճող ճնշումների և խաբուսիկ ներգործությունների մեջ, որոնք մեզ շրջապատում են և որոնք խեղաթյուրում են ճշմարտությունը, կործանում են լավն ու բարին և փորձում են փոխարինել դրանք մարդու հորինած աշխարհիկ փիլիսոփայություններով։ Եթե պատվիրանները գրված լինեին մարդու կողմից, ապա մարդը իրավասու կլիներ փոխել դրանք իր ցանկությամբ, օրենսդրությամբ կամ այլ միջոցներով։ Սակայն պատվիրանները տրվել են Աստծո կողմից։ Մեր ազատ կամքի միջոցով մենք կարող ենք անտեսել դրանք։ Սակայն մենք չենք կարող փոխել դրանք, այնպես, ինչպես մենք չենք կարող փոխել դրանց չհնազանդվելու կամ դրանք խախտելու դեպքում առաջացած հետևանքները։
Թող որ մենք գիտակցենք, որ այս կյանքում ամենաերջանիկը կլինենք, եթե հետևենք Աստծո պատվիրաններին և հնազանդվենք Նրա օրենքներին։ Ես սիրում եմ այն խոսքերը, որոնք գտնվում են Եսայիայի 32-րդ գլխի, 17-րդ հատվածում. «Եւ արդարութեան գործը կլինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան»։ Միայն արդարությունից կարող է այդպիսի խաղաղություն և հանգստություն գալ։
Մենք չենք կարող մեղքի դեմ պայքարում փոքր-ինչ ազատություն թույլ տալ մեզ։ Մենք չենք կարող ինքներս մեզ թույլ տալ, որ կարող ենք «մի փոքր» չհնազանդվել Աստծո պատվիրաններին, քանի որ մեղքը կարող է գրավել մեզ, որի ճանկերից ազատվելը շատ ցավոտ է։ Թմրանյութերից, ալկոհոլից, պոռնոգրաֆիայից և անբարոյականությունից առաջացած հակվածություններն իրական են և գրեթե անհնար է հաղթահարել դրանք՝ առանց մեծ պայքարի և օգնության։
Եթե ձեզանից որևէ մեկը սայթաքել է իր ճանապարհին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ կա ետդարձի ճանապարհ։ Այդ գործընթացը կոչվում է ապաշխարություն։ Չնայած ուղին դժվար է, ձեր հավերժական փրկությունը կախված է դրանից։ Ի՞նչը կարող է ավելի արժանի լինել ձեր ջանքերին։ Ես աղաչում եմ, որ դուք այստեղ, այս պահին որոշում կայացնեք և լիովին ապաշխարելու համար քայլեր ձեռնարկեք։ Որքան շուտ անեք դա, այնքան ավելի շուտ կզգաք այն խաղաղությունը, հանգստությունը և ապահովությունը, որի մասին խոսել է Եսայիան։
Քիչ առաջ լսեցի մի կնոջ վկայությունը, ով իր ամուսնու հետ շեղվել էր ապահովության ուղուց, խախտել էր պատվիրանները և այդ ընթացքում գրեթե կործանել էր իր ընտանիքը։ Երբ ի վերջո նրանք երկուսով կարողացան նայել վատ հակվածության թանձր մշուշի միջից և հասկանալ, թե որքան դժբախտ են նրանք դարձել և որքան մեծ ցավ են նրանք պատճառում իրենց սիրելիներին, նրանք սկսեցին փոխվել։ Ապաշխարության գործընթացը դանդաղ և երբեմն ցավոտ էր, սակայն քահանայության ղեկավարների և ընտանիքի ու հավատարիմ ընկերների օգնությամբ նրանք փոխեցին իրենց ուղին։
Ես ձեզ հետ կկիսվեմ ապաշխարության ապաքինող զորության մասին այդ քրոջ վկայության որոշ հատվածով. «Ինչպե՞ս կարող է մի մարդ, ով կորած ոչխարի նման և [մեղքից] հրապուրված էր, զգալ այն խաղաղությունը և երջանկությունը, որը մենք ունենք հիմա։ Ինչպե՞ս է դա պատահում։ Պատասխանը … կատարյալ ավետարանի, կատարյալ Որդու և ինձ համար կատարած Նրա զոհաբերության շնորհիվ է։ … Որտեղ խավար էր, այնտեղ հիմա լույս է։ Որտեղ հուսահատություն ու ցավ էր, այնտեղ հիմա ուրախություն ու հույս է։ Մենք անսահման օրհնվել ենք այն փոփոխությունների արդյունքում, որոնք կարող էին միայն տեղի ունենալ ապաշխարության միջոցով, որը հնարավոր դարձավ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ»։
Մեր Փրկիչը վախճանվեց՝ ինձ և ձեզ այդ օրհնված պարգևը մատուցելու համար։ Չնայած նրան, որ ճանապարհը դժվար է՝ խոստումն իրական է։ Տերը հետևյալն է ասում ապաշխարողներին.
«Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան»։
«Եւ [դրանք] այլ եւս պիտի չյիշեմ»։
Մեր ողջ կյանքում մենք պետք է ամուր վկայություններ զարգացնենք՝ սուրբ գրություններն ուսումնասիրելով, աղոթելով և Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունների մասին խորհելով։ Ամուր աճեցնելու դեպքում՝ ավետարանի, Փրկչի և մեր Երկնային Հոր մասին վկայությունները կազդեն մեր ամեն քայլի վրա։
Ես վկայում եմ, որ մենք բոլորս մեր Երկնային Հոր սիրելի որդիներն ենք և այս ժամանակ ուղարկվել ենք երկիր նպատակի համար և ստացել ենք Աստծո քահանայությունը, որպեսզի կարողանանք ծառայել ուրիշներին և կատարել Աստծո աշխատանքն այս երկրի վրա։ Մեզ պատվիրված է այնպես ապրել, որ արժանի մնանք օգտագործելու այդ քահանայությունը։
Իմ եղբայրներ, եկեք պահենք պատվիրանները։ Եթե դա անենք, ապա հրաշալի և փառահեղ պարգևատրում է սպասվում մեզ։ Թող որ սա լինի իմ օրհնությունը, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի ու մեր Քավչի անունով, ամեն։