2010–2019 թթ․
Դուք միայնակ չեք այս աշխատանքում
Հոկտեմբեր 2015


15:48

Դուք միայնակ չեք այս աշխատանքում

Քահանայության մի ծառայությունից մեկ ուրիշն անցնելիս դուք կտեսնեք, որ Տերը ձեր գործակիցն է:

Իմ թանկագին եղբայրնե՛ր, մենք երախտապարտ ենք, որ Տերը կանչել է երեց Ռոնալդ Ա. Ռասբանդին, երեց Գարի Ի. Սթիվենսոնին և երեց Դեյլ Ջ. Ռենլանդին որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներ: Մենք սրտով, աղոթքով ու հավատքով աջակցում ենք նրանց:

Մենք գիտենք նրանց մեծ ներուժի մասին: Չնայած դրան, նրանք վերստին հավաստիացում պիտի գտնեն իրենց կոչման մեջ, ինչպես բոլորս ենք անում, որ Տերը գործակից է նրանց Իր աշխատանքում: Այդ վստահության կարիքն ունի ինչպես նոր սարկավագը, այնպես էլ ամենափորձառու քահանայապետը, ով նոր կոչում է ստանում:

Այդ վստահությունն աճում է, երբ տեսնում ես, որ Նա կանչել է քեզ Իր ծառաների միջոցով: Իմ քաջալերանքն է օգնել ձեզ իմանալ, որ երբ դուք անում եք ձեր բաժինը, Տերը ձեր ջանքերին ավելացնում է իր զորությունը:

Տիրոջ արքայությունում ստացած յուրաքանչյուր կոչում պահանջում է ավելին, քան մարդկային դատողությունն է և մեր անձնական զորությունը: Այդ կոչումները պահանջում են օգնություն Տիրոջ կողմից, որը կգա: Անգամ նոր սարկավագը կսովորի, որ դա ճշմարիտ է, և այդ գիտելիքը կավելանա տարիների ընթացքում:

Իմ թոռներից մեկն այսօր այստեղ է՝ քահանայության իր առաջին նիստին: Նա վեց օր առաջ է սարկավագ կարգվել: Հնարավոր է նա ակնկալում է, որ քահանայության իր առաջին պարտականությունը կլինի հաջորդ կիրակի հաղորդություն բաժանելը: Իմ աղոթքն է, որ նա հասկանա այդ պահի իրական իմաստը:

Նա հնարավոր է մտածի, որ Տիրոջ համար իր աշխատանքը հաղորդության սկուտեղը ժողովին նստած մարդկանց փոխանցելն է: Սակայն Տիրոջ նպատակն այն չէ, որ մարդիկ պարզապես հաց ու ջուր ճաշակեն: Նպատակը նրանց օգնելն է, որ պահեն իրենց ուխտը, որը նրանց կառաջնորդի հավերժական կյանքի ճանապարհին: Եվ որպեսզի դա տեղի ունենա, Տերը պետք է հոգևոր փորձառություն պարգևի այն անձին, ում սարկավագը առաջարկում է սկուտեղը:

Ես տեսել եմ դա մի անգամ ծերերի խնամքի կենտրոնում, երբ սարկավագը առաջ էր հակվել, որ սկուտեղը հասցնի մի ալեհեր տիկնոջ: Կինը հացի վրա նայում էր որպես թանկարժեք մի բանի: Երբեք չեմ մոռանա նրա ժպիտը, երբ նա ճաշակեց, ապա ձեռքը մեկնեց ու շոյեց սարկավագի գլուխը, բավական բարձրաձայն ասելով. «Օ՜, շնորհակալ եմ»:

Այդ սարկավագը պարզապես կատարում էր իր քահանայության պարտականությունը: Սակայն արդյունքում Տերը բազմապատկեց սարկավագի գործը: Ակնհայտ է, որ քույրը հիշել էր Փրկչին, երբ անկեղծ երախտագիտություն հայտնեց սարկավագի ծառայության համար: Նա հավաստիացում ստացավ, որ սարկավագի հաղորդության մատուցելու արդյունքում, նա Հոգին իր հետ կունենա: Այդ խնամքի կենտրոնում կինը մենակ չէր: Ոչ էլ սարկավագն էր միայնակ իր համեստ ծառայության մեջ:

Ահարոնյան քահանայության երիտասարդ ուսուցիչը, երբ գնում է որևէ ընտանիքի ուսուցանելու, հնարավոր է չզգա, որ ինքը Տիրոջ ընկերն է Նրա աշխատանքում: Ես դեռևս հիշում եմ մեր տուն այցելած երիտասարդ տնային ուսուցչի պարզ վկայությունը: Հոգին հաստատեց նրա խոսքերը ինձ և իմ ընտանիքին: Հնարավոր է նրա համար հիշարժան չէր, բայց ինձ համար դա հիշարժան օր էր:

Տերը կմեծացնի նաև երիտասարդ տղայի ջանքերը, երբ նա կանչվի որպես քահանա: Նրա կատարած առաջին մկրտությունը, օրինակ, կարող է լինել անծանոթ մի երիտասարդ: Հնարավոր է նա մտահոգվի, թե արդյոք կասի ճիշտ խոսքերն ու արարողությունը ճիշտ կանի:

Բայց Տերը, ում ծառայում է նա, կմեծացնի նրա կոչումը: Այն անձը, ում նա մկրտում է, ընտրել է քայլել հավերժական կյանքի ճանապարհով: Տերը կկատարի Իր ավելի մեծ բաժինը: Նա արել է դա ինձ համար մի անգամ, երբ պատանին, որին մկրտեցի, արտասուքը դեմքին հոսելով, ասաց իմ ականջին. «Ես մաքո՜ւր եմ. ես մաքո՜ւր եմ»:

Քահանայության մի ծառայությունից մեկ ուրիշն անցնելիս դուք կտեսնեք, որ Տերը ձեր գործակիցն է: Ես սովորեցի դա, երբ տարիներ առաջ հանդիպեցի երեցների քվորումի մի նախագահի: Համաժողովին 40-ից ավելի անուններ ներկայացվեցին՝ Մելքիսեդեկյան քահանայություն ստանալու:

Ցցի նախագահը հակվեց դեպի ինձ ու շշնջաց. «Այդ տղամարդիկ բոլորը քիչ ակտիվ ապագա երեցներ էին»: Զարմանքով ես հարցրեցի նախագահին, թե որն էր այդ տղամարդկանց ակտիվացնելու ծրագիրը:

Նա ցույց տվեց ժողովարանի վերջում նստած մի երիտասարդի և ասաց. «Ահա նա է ծրագիրը: Այդ մարդկանցից մեծ մասը ակտիվացել էերեցների քվորումի այդ նախագահի շնորհիվ»: Նա նստած էր հետևի շարքում, առօրյա հագուստով, ոտքերը պարզած ու ծեծված կոշիկներն առջևում խաչած:

Ես խնդրեցի, որ ցցի նախագահը ժողովից հետո ինձ ծանոթացնի նրա հետ: Երբ հանդիպեցինք, ես ասացի երիտասարդին, որ զարմացած եմ իր արած գործով և հարցրեցի, թե ինչպես էր նրան հաջողվել: Նա թոթափեց ուսերը: Ակնհայտ էր, որ նա չէր կարծում, որ ինքը որևէ արժանիք ուներ այդ հարցում:

Այնուհետև նա ասաց մեղմորեն. «Ես ճանաչում եմ այս քաղաքի յուրաքանչյուր ոչ ակտիվ տղամարդու: Նրանցից շատերը պիկապ բեռնատար ունեն: Ես նույնպես բեռնատար ունեմ: Ես իմ մեքենան լվանում եմ այնտեղ, որտեղ նրանք են լվանում: Ժամանակի ընթացքում նրանք դառնում են իմ ընկերները:

Այնուհետև ես սպասում եմ, մինչև որ նրանց կյանքում ինչ-որ խնդիր է առաջանում: Իսկ դա միշտ պատահում է: Նրանք ինձ պատմում են այդ մասին: Ես լսում եմ ու նրանց չեմ մեղադրում: Ապա, երբ նրանք ասում են. «Իմ կյանքում մի բան այնպես չէ: Պետք է որ ավելի լավ կյանք լինի, քան ես եմ ապրում», ես նրանց ասում եմ, թե նրանց մոտ ինչ է պակասում և որտեղ կարող են գտնել: Երբեմն նրանք հավատում են, և երբ հավատում են, ես նրանց բերում եմ ինձ մոտ»:

Կարող եք նկատել, թե ինչու էր նա համեստ: Պատճառն այն էր, որ նա անում էր իր փոքրիկ բաժինը, իսկ մնացածը Տերն էր անում: Տերն էր, որ նրանց սրտերին դիպչում էր իրենց դժվարությունների ժամանակ: Տերն էր, որ նրանց զգացում էր հաղորդում, որ պետք է որ ավելի լավ կյանք լինի և հույս էր ներշնչում, որ կարող են գտնել:

Երիտասարդը, ով ձեզ նման Տիրոջ ծառան էր, պարզապես հավատում էր, որ եթե նա անի իր փոքրիկ բաժինը, Տերը կօգնի այդ տղամարդկանց ճանապարհի մնացած մասում՝ դեպի տուն և դեպի երջանկություն, որը միայն Նա կարող է նրանց տալ: Այդ տղամարդը նաև գիտեր, որ Տերն իրեն երեցների քվորումի նախագահ էր կանչել, քանի որ գիտեր, որ նա կանի իր բաժինը:

Ձեր ծառայության ընթացքում կլինեն ժամանակներ, երբ դուք չեք ունենա նշանակալի ու տեսանելի հաջողություն, որն ուներ այդ երիտասարդ երեցների քվորումի նախագահը: Այդ ժամանակ է, որ դուք պետք է վստահություն ունենաք, որ Տերը կանչել է ձեզ իր լիազորված ծառաների միջոցով՝ իմանալով, որ դուք կանեք աշխատանքի ձեր բաժինը: Տիրոջ ծառաների կողմից կանչվելու հավատք ունենալը վճռական դեր ունեցավ իմ նախապապի՝ Հենրի Այրինգի միսիոներական ծառայության ժամանակ:

Նա մկրտվել էր 1855թ. մարտի 11-ին Սենտ Լյուիսում՝ Միսսուրի նահանգ: Կարճ ժամանակ անց Էրաստոս Սնոուն նրան կարգել էր քահանայի պաշտոնի: Հոկտեմբերի 6-ին Սենտ Լյուիս ցցի նախագահ Ջոն Հ. Հարթը կանչեց նրան ծառայելու Չերոկի Ազգատոհմի միսիայում: Հոկտեմբերի 11-ին նա կարգվեց որպես երեց: Հոկտեմբերի 24-ին նա ձի հեծած մեկնեց ծառայելու Չերոկի Ազգատոհմի միսիայում: Նա 20 տարեկան էր և միայն յոթ ամսվա նորադարձ էր:

Եթե եղել է քահանայություն կրող, ով չորակավորված ու անպատրաստ է զգացել ծառայության համար, դա եղել է Հենրի Այրինգը: Միակ պատճառը, որ նա քաջություն ունեցավ գնալու, գիտելիքն էր իր սրտում, որ Աստված իրեն կանչել է իր լիազորված ծառաների միջոցով: Դա էր նրա քաջության աղբյուրը: Դա պետք է լինի մեր քաջության աղբյուրը, ինչպիսին էլ որ լինի քահանայության մեր կոչումը:

Երեք դժվար տարիների ծառայությունից և իր միսիայի նախագահի մահից հետո, 1858թ. հոկտեմբերի 6-ին անցկացված ժողովի ժամանակ Հենրին առաջադրվեց և կանչվեց որպես այդ միսիայի նախագահ : Նա զարմացած էր ու շփոթված, ինչպես նոր սարկավագը: Նա գրել է. «Ինձ համար բավական անսպասելի էր՝ կանչվել նման պատասխանատու պաշտոնի, բայց քանի որ դա Եղբայրների կամքն էր, ես ուրախությամբ ընդունեցի, միաժամանակ զգալով մեծ թուլություն ու փորձի պակաս»:

1859 թ-ին այդժամ արդեն Նախագահ Այրինգը ճամփորդեց դեպի Չերոկի, Քրիկ և Չոկտավ ազգատոհմերը: Նրա ջանքերի շնորհիվ Տերը, ինչպես գրել է Հենրին «եկեղեցուն մեծ թվով մարդիկ ավելացրեց»: Նա երկու ճյուղ կազմավորեց, սակայն գրեց, որ «շատ քչերն էին պատրաստ գործի համար»:

Մեկ տարի անց Հենրին բախվեց դժվար իրականության հետ, որ այդ ազգատոհմերի քաղաքական ղեկավարները, որտեղ նա ծառայում էր, այլևս թույլ չէին տալիս, որ Վերջին Օրերի Սրբերի միսիոներները կատարեն իրենց աշխատանքը: Մտածելով, թե ինչ պետք է անի, նա հիշեց իր նախկին միսիայի նախագահից ստացած հրահանգը, որ իր կոչումը պետք է երկարաձգի մինչև 1859 թվականը:

Նույն տարվա հոկտեմբերին Հենրին ուղղություն ստանալու համար նամակ գրեց Նախագահ Բրիգամ Յանգին, սակայն պատասխան չստացավ: Հենրին արձանագրել է. «Ի վիճակի չլինելով որևէ հրահանգ ստանալ Եկեղեցու նախագահությունից, ես աղոթքով դիմեցի Տիրոջը, խնդրելով Նրան իր կամքը հայտնի դարձնի ինձ, թե արդյոք շարունակեմ մնալ, թե վերադառնամ Սիոն»:

Նա շարունակել է. «Որպես աղոթքիս պատասխան՝ ինձ տրվեց հետևյալ երազը: Ես տեսա, որ վերադարձա [Սոլթ Լեյք] Սիթի և անմիջապես գնացի [Նախագահ Բրիգամ] Յանգի գրասենյակ, որտեղ գտա նրան: Ես ասացի նրան. «[Նախագահ] Յանգ, ես հեռացել եմ իմ միսիայից, ինքս եմ որոշում կայացրել, սակայն եթե սխալվել եմ, ես պատրաստ եմ վերադառնալ ու ավարտել իմ միսիան»: [Երազում մարգարեն] պատասխանել էր. «Դու բավական երկար ես մնացել, այնպես որ ամեն ինչ լավ է»»:

Հենրին գրել է իր օրագրում. «Քանի որ նախկինում երազ էի ունեցել, որ բառացիորեն կատարվել էր, ես համոզվածություն ունեի հավատալու, որ այս մեկը ևս կկատարվի, այնպես որ անմիջապես սկսեցի նախապատրաստվել մեկնելու»:

1860 թվականի օգոստոսի 29-ին նա ժամանեց Սոլթ Լեյք Սիթի, ճանապարհի մեծ մասը անցնելով ոտքով: Երկու օր անց նա ներս մտավ Նախագահ Բրիգամ Յանգի գրասենյակ:

Հենրին նկարագրել է իր փորձառությունը հետևյալ խոսքերով. «[Ես] հանդիպում խնդրեցի [Նախագահ] Յանգի հետ, որը մեծ սիրով ընդունեց ինձ: Ես ասացի նրան. «[Նախագահ] Յանգ, ես վերադարձել եմ առանց ազատվելու, եթե սխալ եմ վարվել, ես պատրաստ եմ վերադառնալ ու ավարտել իմ առաքելությունը»: [Բրիգամ Յանգը] պատասխանեց. «Ամեն ինչ լավ է … մենք չէինք կարողանում քեզ գտնել»»:

Հենրին նկարագրել է իր ուրախությունը. «Այդպիսով, իմ երազը բառացիորեն կատարվեց»:

Նրա ուրախությունը գալիս էր այն հավաստիացումից, որ Տերը իր գործակիցն է և իր պաշտպանն է: Նա սովորեց այն, ինչ ճշմարիտ է բոլորիս համար՝ որ Տիրոջ ծառաները ոգեշնչված են իմանալու Տիրոջ կամքը: Եվ Հենրի Այրինգը հաստատել է այն, ինչ ես նույնպես գիտեմ. որ մարգարեն, որպես քահանայության նախագահ, ոգեշնչված է Աստծո կողմից՝ հոգալու և պաշտպանելու Տիրոջ ծառաներին ու կանչելու նրանց:

Ինչպիսին էլ որ լինի քահանայության ձեր կոչումը, ժամանակ առ ժամանակ դուք հնարավոր է զգացած լինեք, որ Երկնային Հայրը չգիտի ձեր մասին: Դուք կարող եք աղոթել, որպեսզի իմանաք Նրա կամքը, և եթե անկեղծ ցանկություն ունենաք՝ Նրա կամքը կատարելու, դուք կստանաք պատասխան:

Երկնային Հայրը թույլ կտա ձեզ զգալ, որ Նա ճանաչում է ձեզ, որ Նա գնահատում է ձեր ծառայությունը, և որ դուք արժանի եք լսելու Տիրոջ խրախուսանքը, որն այնքան շատ եք ցանկանում լսել. «Լա՛ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. Քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. Մտիր քո տիրոջ ուրախութիւնը»:

Իմ աղոթքն է, որ յուրաքանչյուր քահանայություն կրող հավատքով փրկության ձեռք մեկնի յուրաքանչյուր հոգու, ում համար ինքը պատասխանատու է: Աստված Իր զորությունը կավելացնի Իր ծառաների ջանքերին: Հոգին կդիպչի մարդկանց սրտերին, որպեսզի կատարեն ընտրություններ, որոնք նրանց կհեռացնեն վշտից ու կբերեն ավետարանի ճանապարհով՝ դեպի երջանկություն:

Իմ աղոթքն է նաև, որ յուրաքանչյուր քահանայություն կրող իր քահանայության կոչման մեջ զգա Երկնային Հոր, Փրկչի և Աստծո մարգարեի սերն ու հոգատարությունը:

Ես բերում եմ ձեզ իմ հատուկ վկայությունը, որ մենք հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսի ծառայության մեջ ենք: Ես վկայում եմ, որ Նա է կանչել ձեզ և ինձ Իր ծառայությունը կատարելու, իմանալով մեր կարողությունները և այն, թե ինչ օգնության կարիք կունենանք մենք: Նա կօրհնի մեր ջանքերը մեր լավագույն ակնկալիքների համաձայն, երբ ամբողջությամբ տրվենք Նրա ծառայությանը: Ես վկայում եմ, որ Աստծո մարգարեն, որը երկրի վրա գտնվող ողջ քահանայության նախագահն է, ոգեշնչված է Աստծո կողմից:

Ես երախտապարտ եմ ամենուր սփռված հավատարիմ քահանայություն կրողների օրինակի համար: Երկնային Հայրը և Փրկիչը երախտապարտ են, որ դուք անում եք ձեր բաժինը: Նրանք գիտեն ձեզ, հոգում են ձեր մասին և սիրում են ձեզ: Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:

Հղումներ

  1. Տես “Minutes of the Conference,” St. Louis Luminary, Oct. 13, 1855, 187:

  2. Henry Eyring letter to Brigham Young, Oct. 7, 1858, Brigham Young Office Files, Church History Library, Salt Lake City.

  3. Henry Eyring report to Church Historian’s Office, Aug. 1860, Missionary Reports, Church History Library, Salt Lake City.

  4. Տես Henry Eyring letter to Brigham Young, Oct. 9, 1859, Brigham Young Office Files, Church History Library, Salt Lake City:

  5. Տես President’s Office Journals, Aug. 31, 1860, vol. D, 137, Brigham Young Office Files, Church History Library, Salt Lake City:

  6. Henry Eyring reminiscences, 1896, typescript, 27–28, Church History Library, Salt Lake City.

  7. Մատթեոս 25.23