Մի վախեցիր, միայն հավատա
Երբ մենք ընտրում ենք հավատքը, կատարելագործում ենք այն ապաշխարության միջոցով, և հետևում ենք մեր Փրկչին, Հիսուս Քրիստոսին, մենք բաց ենք անում մեր հոգևոր աչքը այն պայծառության առջև, որը հազիվ ենք պատկերացնում:
Բաբելոն և Դանիել
Երկու հազար վեց հարյուր տարի առաջ, Բաբելոնը գերտերություն էր: Հին պատմիչներից մեկը նկարագրում է, թե ինչպես էին Բաբելոնի պարիսպները, շրջապատում քաղաքը, որոնք ունեին 300 ոտնաչափ (90 մ) բարձրություն և 80 ոտնաչափ (25 մ) հաստություն: «Իր վեհաշուքությամբ, - գրում է նա, - որևէ այլ քաղաք նույնիսկ չէր կարող հավակնել մոտենալ … նրան»:
Այդ ժամանակ Բաբելոնը համարվում էր կրթության, օրենքի և փիլիսոփայության աշխարհի կենտրոնը: Նրա ռազմական հզորությունը չգերազանցված էր: Այն խարխլել էր նաև Եգիպտոսի ուժը, ինչպես նաև ներխուժեց, ոչնչացրեց և բնաջնջեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, հեշտությամբ հպատակեցրեց Երուսաղեմը Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ ծառայության տանելով Իսրայելի լավագույն ու առավել խելացի զավակներին:
Այդ գերիներից մեկը Դանիել անունով մի երիտասարդ էր: Շատ գիտնականներ այն կարծիքին են, որ Դանիելը այդ ժամանակ 12-ից 17 տարեկանի սահմանում էր: Մտածեք սրա մասին իմ սիրելի երիտասարդ Ահարոնյան Քահանայություն կրողներ: Դանիելը մոտավորապես ձեր տարեկիցն էր, երբ վերցվեց թագավորական պալատ ուսանելու լեզուներ, օրենք, կրոն և գիտություն աշխարհիկ Բաբելոնում:
Կարո՞ղ եք ինքներդ ձեզ պատկերացնել, թե ինչ զգացողություն կարող էր ունենալ, տնից հարկադրաբար 500 մղոնի (800 կմ) վրա օտար քաղաքում հայտնված թշնամիների կրոնի վարդապետությունները ուսուցանող մեկին:
Դանիելը մեծացավ որպես Եհովայի հետևորդ: Նա հավատում և երկրպագում էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն: Նա ուսանել էր մարգարեների խոսքերը և գիտեր Աստծո և մարդու փոխգործակցության մասին:
Բայց հիմա, դեռևս իր շատ երիտասարդ տարիքում նա գերության մեջ ուսանող էր Բաբելոնում: Ճնշումը նրա վրա պետք է, որ շատ ուժեղ լիներ, որպեսզի հրաժարվեր իր հին համոզմունքներից և ընդուներ Բաբելոնյանը: Բայց նա հավատարիմ մնաց իր հավատքին՝ և՛խոսքով, և՛գործով:
Ձեզանից շատերը գիտեն ինչպես կարելի է պաշտպանել ոչ հանրաճանաչ ճշմարտությունը: Համացանցային մերօրյա խոսակցական լեզվով մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք «կրակի մատնվում» նրանց կողմից, ովքեր մեզ հետ համաձայն չեն: Բայց Դանիելը միայն չէր վտանգվում ենթարկվելով հանրային ծաղրի: Բաբելոնում, նրանք ովքեր հոգևոր իշխանություններին մարտահրավեր էին նետում հասկանում էին բառացիորեն և փոխաբերական իմաստով ինչ է նշանակում լինել «կրակի մատնված»: Սա ակնհայտ էր Դանիելի ընկերներ՝ Սեդրաքի, Միսաքի, և Աբեդ-նագովի հնազանդության օրինակում:
Ես չգիտեմ, արդյո՞ք Դանիելի համար հեշտ էր այդ միջավայրում լինել հավատացյալ: Որոշ մարդիկ օրհնված են, քանի որ օժտված են հավատալու բնական ձիրքով: Նրանց համար հավատքը երկնային ընծա է: Բայց ես ենթադրում եմ, որ Դանիելն էլ մեզանից շատ-շատերի նման պետք է աշխատեր մեր վկայությունների համար: Ես վստահ եմ, որ Դանիելը ծնկաչոք ժամեր է անցկացրել աղոթելով, իր հարցերն ու մտավախությունները աղոթքով բացահայտելով և հավատալով, որ կգտնի պատասխանները ու սպասել է Տիրոջը՝ ըմբռնման և իմաստության համար:
Եվ Տերը օրհնեց Դանիելին: Թեև նրա հավատը վիճարկվել և ծաղրանքի էր ենթարկվել նա հավատարիմ է մնում այն ամենին ինչ գիտեր սեփական փորձից, ճշմարտությունից չշեղվելու համար:
Դանիելը հավատաց: Դանիելը չկասկածեց:
Եվ հետո, մի գիշեր, Նաբուգոդոնոսոր թագավորը մի երազ տեսավ, որ մտահոգել էր իրեն: Նա հավաքեց գիտնականների և խորհրդականների իր թիմը և պահանջեց, որ նրանք վերծանեն իր երազը և բացահայտեն դրա իմաստը:
Դա նրանց, իհարկե, չհաջողվեց: Նրանք աղերսեցին. «Ոչ մեկը չի կարող անել ինչ դու ասացիր»: Բայց դա միայն Նաբուգոդոնոսորին ավելի զայրացրեց, և նա հրամայեց, բոլոր իմաստուններին, մոգերին, մոգությամբ զբաղվող քրմերին, և խորհրդականներին մասնատել, այդ թվում նաև Դանիելին ու Իսրայելացի մյուս երիտասարդ ուսանողներին:
Ձեզանից, ովքեր ծանոթ են Դանիելի գրքին, գիտեն թե ինչ տեղի ունեցավ հաջորդիվ: Դանիելը Նաբուքոդոնոսորից լրացուցիչ ժամանակ խնդրեց, և նա իր հավատարիմ ընկերների հետ միասին դիմեցին իրենց հավատքի և բարոյական ուժի աղբյուրին: Նրանք աղոթեցին և այդ օրհասական պահին խնդրեցին Աստծո օգնությունը իրենց կյանքում: Եվ «այն ժամանակ … տեսիլքում հայտնուեցավ Դանիելին այն գաղտնիքը»:
Դանիելը՝ նվաճված ազգի մի երիտասարդ, ով չարաշահվել և հալածվել էր իր տարօրինակ հավատքի համար, գնաց թագավորի առաջ, բացահայտեց նրա երազը ու տվեց դրա մեկնաբանությունը:
Այդ օրից սկսած, Աստծու հանդեպ ունեցած իր հավատարմության համար Դանիելը դարձավ թագավորի վստահված խորհրդատուն, ով ողջ Բաբելոնում հայտնի դարձավ իր իմաստությամբ:
Տղան, ով հավատում էր և ապրում իր հավատքով դարձավ Աստծո մարդը: Մարգարե: Արդար իշխան:
Մենք նմա՞ն ենք Դանիելին
Մեզ բոլորիս, ովքեր կրում են Աստծո սուրբ քահանայությունը, ես հարց եմ տալիս, արդյո՞ք մենք նման ենք Դանիելին:
Արդյո՞ք մենք մնացել ենք հավատարիմ Աստծուն:
Արդյո՞ք մենք անում ենք բոլոր այն բաները, որ ուրիշներին ենք ասում, որ պետք է անեն, թե՞ պարզապես քրիստոնյաներ ենք, որ կրոնի մասին հիշում ենք միայն կիրակի օրը:
Արդյո՞ք մեր ամենօրյա գործողությունները հստակ ցույց են տալիս այն, ինչ պնդում ենք հավատալ:
Արդյո՞ք մենք օգնում ենք «աղքատներին և կարիքավորներին, հիվանդներին ու չարչարվածներին»:
Արդյո՞ք ասում ենք բաներ, որոնք ճիշտ են, իսկ ինքներս դրան չենք հետևում և կամ արդյո՞ք խանդավառորեն անում ենք միայն ճիշտ բաներ:
Եղբայրներ, մեզ շատ է տրվել: Մեզ ուսուցանվել են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի աստվածային ճշմարտությունները: Մեզ է վստահվել քահանայության իշխանությամբ օգնել մեր մերձավորներին և երկրի վրա կառուցել նախ թագավորությունը, ապա Աստծու արդարությունը փնտրել: Մենք հոգևոր իշխանության առատ շնորհի շրջանում ենք ապրում: Մենք ունենք ճշմարտության լրիվությունը: Մենք ունենք քահանայության բանալիները, որ կնքենք երկրի վրա և երկնքում: Սուրբ գրությունները, ապրող մարգարեների և առաքյալների ուսմունքները հասանելի են այնպես, ինչպես երբեք հասանելի չեն եղել նախկինում:
Իմ սիրելի ընկերներ, եկեք այս ամենին անկարևոր չվերաբերվենք: Այդ օրհնությունների և արտոնությունների հետ մեկտեղ գալիս են մեծ պարտականություններ և պարտավորություններ: Եկեք ընդունենք և կատարենք այդ պարտականությունները և պարտավորությունները:
Հնագույն քաղաք Բաբելոնը ավերակների է վերածվել: Նրա ծաղկուն շրջանը վաղուց է վերացել: Բայց Բաբելոնի աշխարհիկ ու երկրային հաճույքներն ու արատները դեռևս գոյատևում են: Այժմ մեր պատասխանատվությունն է ապրել որպես հավատացյալ մի աշխարհում, որ լի է մարդկանցով, ովքեր չեն հավատում: Մեր մարտահրավերն է մեր առօրյա կյանքում հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի սկզբունքներին և իսկապես հետևել Աստծո պատվիրաններին: Մենք պետք է հանգիստ վերաբերվենք ճնշումներին, չշեղվենք կեղծ մարգարեների հանրածանոթ տենդենցներով, արհամարհենք անաստվածների ծաղրը, դիմադրենք չարի գայթակղություններին և հաղթահարենք մեր սեփական ծուլությունը:
Պարզապես մտածեք սրա մասին: Որքա՞ն ավելի հեշտ կլիներ Դանիելի համար Բաբելոնի ուղիներին հետևելը: Նա կարող էր մի կողմ դնել սահմանափակող վարքականոնը, որ Աստված տվել էր Եբրայեցի երեխաներին: Նա կարող էր ըմբոշխնել թագավորի կողմից տրամադրված առատ ու հարուստ մթերքները և զիջեր մարմնավոր մարդու հաճույքներին: Նա կխուսափեր ծաղրից:
Նա կլիներ հայտնի:
Նա շատ լավ կմերվեր հասակակիցների հետ:
Նրա ուղին կարող էր լինել շատ ավելի պարզ:
Սա, իհարկե, մինչև այն օրը, երբ թագավորը պահանջեց իր երազի բացատրությունը: Այնուհետև Դանիելը կպարզեր, որ նա, ինչպես Բաբելոնի մյուս «իմաստունները» կորցրել էր իր կապը ճշմարտության և իմաստության իսկական աղբյուրի հետ:
Դանիելը կատարեց իր ճիշտ ընտրությունը և ձեռք բերեց փրկություն: Մենք դեռևս փորձվում և փորձարկվում ենք:
Քաջություն է հավատալը
Սատանան, մեր հակառակորդը, ուզում է, որ ձախողենք: Նրա ջանքերի մի մասը ստեր տարածելն է, որպեսզի ոչնչացնի մեր հավատը: Նա խորամանկորեն առաջարկում է, որ կասկածամիտը, թերահավատը, ցինիկը, հարուստ կենսափորձ ունեն և խելացի են, իսկ նրանք, ովքեր հավատում են Աստծուն և Նրա հրաշքներին տգետ, իրականությունից կտրված և կամ մտամոլոր են, ընդունակ չեն իրենց մտածելակերպով նորմալ ընկալելու: Սատանան քարոզում է, որ սոցիալապես ընդունելի է կասկածել հոգևոր պարգևներին և իսկական մարգարեների ուսմունքներին:
Կարծում եմ կկարողանամ օգնել, որ բոլորը հասկանան մի պարզ փաստ: Մենք հավատում ենք Աստծուն, այն բաների համար, որ մենք գիտենք մեր սրտով և մտքով, և ոչ այն բաների համար, որ մենք չգիտենք: Մեր հոգևոր փորձառությունները, երբեմն, չափազանց նվիրական են, որպեսզի բացատրենք աշխարհիկ բառերով, բայց դա չի նշանակում, որ նրանք իրական չեն:
Երկնային Հայրը իր զավակների համար պատրաստել է հոգևոր խրախճանք, առաջարկելով ամեն տեսակ համեղ երևակայական սնունդ և փոխարենը վայելելու այդ հոգևոր պարգևները, ցինիկները կողքից նայելով բավարարվում և շարունակում են ընդունել սկեպտիցիզմը, կասկածամտությունը և անհարգալիությունը:
Ինչու՞ մարդ իր կյանքի ընթացքը անցնի և բավարարվի միայն այն փոքր քանակով, որ կարող է միայնակ ընկալել, եթե մեր Երկնային Հորը հասնելով նա կարող է ընկալել հոգևոր գիտելիքներով հագեցած հսկայական քանակ, որը կարող է նրա միտքը ընդարձակել իմաստությամբ և կլցնի նրա հոգին ուրախությամբ:
Երբ մարդկանց հետ դուք և ես խոսում ենք հավատքի և դավանանքի մասին, արդյո՞ք հաճախ չենք լսում, «Կուզենայի կարողանալ հավատալ այնպես ինչպես դուք»:
Սատանայի կեղծարար մեկ այլ հայտարարությունն է. հավատքը հասանելի է միայն որոշ մարդկանց, բայց ոչ բոլորին: Հավատքի մեջ չկա կախարդանքի աղբյուր: Բայց ցանկանալ հավատալ դա առաջին անհրաժեշտ քայլն է: Աստված անաչառ է: Նա ձեր Հայրն է: Նա ցանկանում է խոսել ձեզ հետ: Սակայն, այն պահանջում է փոքր-ինչ գիտական մոտեցում, այն պահանջում է Աստծո խոսքի փորձարկում և «հավատի ցուցաբերում»: Այն նաև պահանջում է փոքր-ինչ խոնարհություն: Եվ այն պահանջում է բաց սիրտ ու բաց միտք, նոր գաղափարներ ընդունելու ցանկություն: Այն պահանջում է ձգտում՝ այդ բառի լիարժեք իմաստով: Եվ, թերևս, ամենադժվարը, այն պահանջում է համբերատար լինել և սպասել Տիրոջը:
Եթե մենք չջանանք հավատալ, մենք կնմանվենք այն մարդուն, ով անջատում է լուսարձակը, ապա մեղադրում է լուսարձակին լույս չտալու համար:
Վերջերս ես զարմացել էի և միաժամանակ տխրել, երբ լսեցի, որ Ահարոնյան Քահանայության կրողը հպարտ է փաստով, որ ինքն իրեն հեռացրել է Աստծուց: Նա ասել է. «Եթե Աստված բացահայտի իրեն ինձ մոտ, ապա ես կհավատամ: Իսկ մինչ այդ, ես ճշմարտությունը կգտնեմ հենվելով իմ ընկալման և ինտելեկտի վրա, որ կօգնի ինձ հասկանալ, թե ինչ պետք է անեմ»:
Ես չգիտեմ այս երիտասարդի մտքերն ու զգացմունքները, չեմ կարող օգնել, բայց ահավոր ցավում եմ նրա համար: Ինչ արագ է նա մերժում Տիրոջ առաջարկած նվերները: Այս երիտասարդը չի արել այն, ինչ անհրաժեշտ էր հայտնություն ստանալու համար, իսկ հետո բավարարվել է իր խելացի դիտարկմամբ, որ չի ստացել հայտնություն:
Ցավոք, սա այսօր, կարծես թե, բավականին հայտնի մոտեցում է: Եթե մենք կարողանանք իրերի ճշմարտացիության ապացույցը թողնել Աստծու պատասխանատվությանը, կարծում ենք, որ կարող ենք ինքներս մեզ արդարացնել Աստծո պատվիրաններին լրջորեն հետևելու և պատասխանատվություն վերցնելու համար մեր Երկնային Հոր հետ հարաբերություններում:
Եղբայրներ, թույլ տվեք պարզ խոսել, ոչինչ չկա ազնիվ կամ տպավորիչ ցինիկ լինելու մեջ: Թերահավատությունը հեշտ բան է, որևէ մեկը դա կարող է անել: Հավատքով կյանքն է, որ պահանջում է բարոյական ուժ, նվիրում և քաջություն: Նրանք, ովքեր ամուր են բռնվում հավատքից շատ ավելի տպավորիչ են, քան նրանք, ովքեր սկսում են կասկածել, երբ շփոթեցնող հարցեր կամ մտահոգություններ են առաջանում:
Բայց դա չպետք է զարմացնի մեզ, հավատքը չի գնահատվում հասարակության կողմից: Աշխարհը երկարատև պատմություն ունի մերժելու այն ամենը, ինչը չի ընկալում: Եվ որոշակի դժվարություն կա ընկալելու այն բաները, որոնք չի կարելի տեսնել: Բայց միայն այն, որ մենք ինչ-որ բան չենք կարող տեսնել ֆիզիկապես, դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի: Իսկապես, «շատ բաներ կան, երկնքում և երկրում … քան այն պարունակում է կամ կարելի է պատկերացնել» մեր դասագրքերում, գիտական ամսագրերում և աշխարհիկ փիլիսոփայություններում: Տիեզերքը լի է զարմանահրաշ բաներով, բաներ՝ որ կարող են իմաստավորվել միայն հոգևոր աչքերով:
Հավատքի խոստումը
Երբ մենք ընտրում ենք հավատալու ուղին, հավատք ենք գործադրում ապաշխարության համար և հետևում մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, մենք բացում ենք մեր հոգևոր աչքերը այն զարմանահրաշ բաների առաջ, որ հազիվ ենք պատկերացնում: Այսպիսով, մեր հավատը ավելի կհզորանա, և մենք նույնիսկ շատ ավելին կտեսնենք:
Եղբայրներ, ես վկայում եմ, որ նույնիսկ ամենադժվար պահերին, Փրկիչը ձեզ կասի նույն բանը, ինչ ասեց Գալիլեայի մարդաշատ փողոցում մտահոգ հորը. «Մի վախեցիր, միայն հավատա»:
Մենք կարող ենք ընտրել հավատալը:
Երբ հավատում ենք, մենք ի վիճակի ենք սկսել:
Մենք կհայտնաբերենք ճշմարտությունը
Շնորհիվ մեր հավատքի, մենք երբեք ոչ սոված կլինենք, ոչ ծարավ: Աստծու պարգևները մեզ հնարավորություն կտան, ապրել մեր հավատքին համապատասխանաբար և կլցնեն մեր հոգին ինչպես ջրի մի աղբյուր, «որ հավիտենական կյանքի համար կբխե»: Մենք կզգանք իսկական և տևական ուրախություն:
Ուստի, իմ սիրելի բարեկամներ, Աստծո քահանայության մեջ սիրելի իմ եղբայրներ:
Քաջություն ունեցեք հավատալու:
Մի՛ վախեցեք, միայն հավատացեք:
Դանիելի նման եղեք:
Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, լինի երիտասարդ թե ծեր, գտնի նորովի ուժ, քաջություն և ցանկություն հավատալու: Մեր ուսուցիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: