2010–2019 թթ․
Շարունակիր ճանապարհդ
Հոկտեմբեր 2015


10:43

Շարունակիր ճանապարհդ

Դրեք Աստծուն առաջին տեղում՝ անկախ այն փորձություններից, որոնց բախվում եք: Սիրեք Աստծուն: Հավատացեք Քրիստոսին և վստահեք ձեզ Նրան՝ բոլոր բաներում:

2011 թվականի մարտի 11-ին ես կանգնած էի Տոկիոյի Շինագաուա երկաթգծի կայարանի կառամատույցում, որպեսզի այցելեի Ճապոնիայի Կոբե միսիան: Մոտավորապես ցերեկվա ժամը 2:46-ին 9 բալանոց զանգվածային երկրաշարժ տեղի ունեցավ: Ես չէի կարողանում կանգնել լարված ցնցումների պատճառով և ուժեղ բռնվել էի բազրիքից: Մոտակա առաստաղից սկսեցին էլեկտրական լամպեր ընկնել: Ամբողջ Տոկիոն խուճապի մեջ էր:

Բարեբախտաբար, ես անվնաս էի և չորս ժամ անց ես հանգստացա, իմանալով, որ իմ ամբողջ ընտանիքն ապահով է:

Հեռուստատեսությամբ ցուցադրվում էր սարսափելի, ցնցող կադրերի լրահոս: Զանգվածային մի ցունամի էր անցել Սենդայ միսիայի տարածքով՝ իր ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ՝ ավտոմեքենաներ, տներ, գործարաններ, և դաշտեր: Ես ապշել էի այդ ողբերգական պատկերներից և արտասվեցի: Եվ ես ջերմեռանդորեն աղոթում էի, որ մեր Երկնային Հոր պաշտպանությունը և աջակցությունը լինի այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց վրա, ում ես շատ էի սիրում:

Ավելի ուշ հաստատվեց, որ բոլոր միսիոներները և Եկեղեցու անդամները անվնաս էին: Սակայն շատ անդամներ տուժվել էին՝ կորցնելով իրենց ընտանիքի անդամներին, տները և ամբողջ ունեցվածքը: Ավելի քան 20000 մարդ էր զոհվել, համայնքները ավերվել էին, և շատ մարդիկ ստիպված էին եղել լքել իրենց տները՝ ատոմակայանի վթարի պատճառով:

Աղետները, ինչպիսին սա է, կործանում են աշխարհի շատ մասերն այսօր՝ պատճառելով անհամար մարդկային կորուստներ: Մեզ զգուշացրել են, որ աղետներ, պատերազմներ և անհամար դժվարություններ տեղի կունենան աշխարհում:

Երբ այսպիսի դժվարությունները հանկարծ պատահում են մեզ հետ, մենք կարող ենք հարց տալ. «Ինչու՞ են այդ բաները պատահում ինձ հետ» կամ «Ինչու՞ ես պիտի տառապեմ»:

Իմ մկրտվելուց շատ ժամանակ անց, ես հստակ պատասխան չունեի այն հարցին, թե «Ինչու՞ են ինձ տրվում փորձությունները»: Ես հասկանում էի փրկության ծրագրի այն մասը, որտեղ ասվում է, որ մենք կփորձվենք: Սակայն իրականում, երբ այն գալիս է, ես բավական ուժեղ համոզմունք չունեի, որպեսզի բավարար պատասխան տայի այդ հարցին: Բայց եկավ մի ժամանակ իմ կյանքում, երբ ես էլ մի մեծ փորձություն ունեցա:

Երբ ես 30 տարեկան էի, այցելում էի Նագոյայի միսիան՝ որպես իմ աշխատանքի մի մաս: Հանդիպումից հետո միսիայի նախագահը սիրով կազմակերպեց, որ երեցները ինձ օդանավակայան ուղեկցեն: Սակայն մոտենալով խաչմերուկին՝ երկար բլրի ներքևի մասում, տեսանք, որ մի մեծ բեռնատար մեքենա մեծ արագությամբ գլորվելով ներքև էր իջնում մեր ետևից: Այն հարվածեց մեր մեքենայի ետնամասին և մեզ ավելի քան 20 մետր առաջ հրեց: Սարսափելին այն էր, որ վարորդը չկար: Մեր մեքենայի հետնամասը սեղմվել էր համարյա իր սկզբնական կեսի չափով: Բարեբախտաբար ես և երեցները ողջ մնացինք:

Սակայն հաջորդ օրը ես սկսեցի ցավեր զգալ իմ պարանոցի և ուսերի շրջանում, ապա ուժեղ գլխացավ սկսվեց: Այդ օրվանից սկսած ես չէի կարողանում քնել ու ստիպված էի ամեն օր ապրել ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան ցավով: Ես աղոթում էի Աստծուն՝ խնդրելով, որ նա բուժեր իմ ցավը, սակայն այդ ախտանշաններն ինձ ուղեկցեցին մոտ 10 տարի:

Այդ ժամանակ կասկածելի մտքեր սկսեցին առաջանալ իմ գլխում, և ես մտածում էի. «Ինչու՞ ես պիտի տառապեմ այս սոսկալի ցավից»: Սակայն իմ խնդրած բուժումը ինձ չտրվեց, չնայած ես ձգտում էի հավատարմությամբ պահել Աստծո պատվիրանները: Ես շարունակեցի աղոթել, որ կարողանամ լուծել այն հարցերը, որ ես ունեի փորձությունների վերաբերյալ:

Եկավ մի ժամանակ, երբ ես պայքարում էի մի քանի լրացուցիչ անձնական խնդիրների լուծման համար, և ես զայրանում էի, քանի որ չգիտեի, թե ինչպես պիտի հաղթահարեի այդ նոր փորձությունը: Ես աղոթում էի պատասխան ստանալու համար: Բայց անմիջապես պատասխանը չստացա: Այնպես որ, ես գնացի և խոսեցի Եկեղեցու վստահելի ղեկավարի հետ:

Մեր զրույցի ընթացքում նա սիրալիր ձայնով ասաց. «Եղբայր Աոյագի, մի՞թե այս Երկրի վրա գտնվելու ձեր նպատակն այն չէ, որ դուք պետք է տանեք այս փորձությունը: Մի՞թե դա այս կյանքի բոլոր փորձություններն ընդունելը չէ՝ ինչպես դրանք կան, իսկ մնացածը կթողնվի Տիրոջը: Չե՞ք կարծում, որ այս խնդիրը կլուծվի, երբ մենք հարություն կառնենք»:

Երբ ես լսեցի այս խոսքերը, ես մեծ ուժով զգացի Տիրոջ Հոգին: Ես լսել եմ այս վարդապետությունը անթիվ անգամներ, բայց իմ հասկացողության աչքերը երբեք այդքան բաց չեն եղել, ինչպես նրանք բացվեցին այս պահին: Ես հասկացա, որ սա է պատասխանը, որը ես փնտրում էի Տիրոջն ուղղված իմ աղոթքներում: Ես կարողացել եմ հստակ հասկանալ մեր Երկնային Հոր փրկության ծրագիրը և կրկին սկսեցի հասկանալ այս կարևոր սկզբունքը:

Աբրահամի գրքում Տեր Աստվածը հայտարարեց. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»:

Սկզբունքն այն է, որ Աստված, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, գիտի այս երկրի մեծ նախագիծը, և Նա իշխանություն ունի աշխարհի բոլոր բաների վրա, թե երկնքում, և թե երկրի վրա, և որպեսզի փրկության ծրագիրը կայանա, Նա տալիս է մեզ տարբեր փորձառություններ՝ ներառյալ որոշ փորձություններ, քանի դեռ մենք այս երկրի վրա ենք:

Եվ Աստված ասաց հետևյալը Ջոզեֆ Սմիթին.

«Իմացիր, որդիս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար… …

«Հետևաբար շարունակիր ճանապարհդ …, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»:

Փորձությունները այս երկրի վրա, այդ թվում նաև հիվանդությունը և մահը, փրկության ծրագրի մի մասն են և անխուսափելի փորձառություններ են: Անհրաժեշտ է «շարունակել [մեր] ճանապարհը» և ընդունել մեր փորձությունները հավատքով:

Սակայն մեր կյանքի միակ նպատակը փորձություններին դիմանալը չէ: Երկնային Հայրն ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպես մեր Փրկիչ և Քավիչ, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել մեր առջև դրված փորձությունները այս երկրի վրա: Այլ կերպ ասած, մեր թույլ կողմերը Նա դարձնում է ուժեղ, Նա քավում է մեր մեղքերը և թուլությունները, և Նա հնարավոր է դարձնում մեզ համար ձեռք բերել անմահություն և հավերժական կյանք:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը նշել է. «Փորձարկումը, որ սիրող Աստվածը դրել է մեր առջև, այն չէ, որ մենք կարողանանք դիմանալ դժվարություններին: Դա տեսնելու համար է, թե արդյոք մենք կարող ենք լավ համբերել: Մենք անցնում ենք քննությունը՝ ցույց տալով, որ մենք հիշում ենք Նրան ու Նրա պատվիրանները, որոնք Նա տվել է մեզ»:

«Շարունակիր ճանապարհդ» առանցքային ընտրություն է փորձության ժամանակ: Դարձրու սիրտդ դեպի Աստված, հատկապես՝ երբ առջևում փորձություններ են: Խոնարհաբար հնազանդվիր Աստծո պատվիրաններին: Ցույց տուր հավատք, որպեսզի հաշտեցնես քո ցանկությունները Աստծո կամքի հետ:

Եկեք այժմ ետ նայենք Նագոյայում տեղի ունեցած բախման պատահարին: Ես կարող էի մահանալ այդ վթարից: Այնուամենայնիվ, Տիրոջ ողորմածության շնորհիվ, ես հրաշքով փրկվեցի: Եվ ես գիտեմ, որ իմ տանջանք ները ինձ ուսուցանելու և աճման համար էին: Երկնային Հայրը սովորեցրեց ինձ զսպել իմ անհամբերությունը, զարգացնել կարեկցանք և մխիթարել նրանց, ովքեր տառապում են: Երբ ես հասկացա սա, իմ սիրտը լցվեց երախտագիտությամբ դեպի իմ Երկնային Հայրը այս փորձության համար:

Դրեք Աստծուն առաջին տեղում՝ անկախ ձեր առջև դրված փորձություններից: Սիրեք Աստծուն: Հավատացեք Քրիստոսին և վստահեք ձեզ Նրան՝ բոլոր բաներում: Մորոնին խոստանում է հետևյալը այդպիսի մարդկանց. «Եվ եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով ու ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում»:

Ես անկեղծորեն վկայում եմ, որ Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ապրում են, և որ Աստծո խոստումները նրանց, ովքեր «շարունակում են իրենց ճանապարհը» և սիրում են Նրան, կիրականանան նույնիսկ փորձությունների մեջ, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: