Բացահայտել աստվածայնությունը մեր մեջ
Մենք գալիս ենք այս աշխարհ՝ սնուցելու և բացահայտելու աստվածային էության սերմերը, որոնք մեր մեջ են։
Քույրեր, մենք սիրում ենք ձեզ։ Ես վկայում եմ, որ կյանքը պարգև է։ Աստված ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար, և մեր անհատական նպատակները սկիզբ են առել մեր այս աշխարհ գալուց շատ ժամանակ առաջ։
Վերջերս ես սկսել եմ ընկալել մահկանացու կյանքում երեխաների հրաշք ծնունդը որպես Տիրոջ ծրագրի մի մաս։ Մեզանից յուրաքանչյուրը ֆիզիկապես զարգացել է մեր մոր արգանդում, մինչ ամիսներ շարունակ հուսացել է, որ նրա մարմինը կաջակցի մեր մարմնին։ Ի վերջո, այնուամենայնիվ, ծննդյան գործընթացը, որը մեծ իրադարձություն է թե մոր և թե երեխայի համար, բաժանում է մեզ։
Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, ջերմաստիճանի փոփոխությունը, լույսը և կրծքավանդակի ճնշվածության հանկարծակի թուլացումը մղում են երեխային ներս քաշել իր առաջին շունչը։ Նրա փոքրիկ թոքերը հանկարծ լցվում են օդով առաջին անգամ, օրգանները սկսում են գործել և երեխան սկսում է շնչել։ Երբ պորտալարը կտրում են, մոր և մանկան միջև եղած կենսապահովման կապն ընդմիշտ խզվում է, և սկսվում է մանկան կյանքը երկրի վրա։
Հոբն ասել է․ «Աստուծոյ հոգին է ստեղծել ինձ, եւ ամենակարողի շունչը՝ ինձ կեանք տուել»։
Մենք այս աշխարհ ենք գալիս «փառքի ամպերի միջով «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» ուղերձը ուսուցանում է, որ մեզանից յուրաքանչյուրը «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է» և «յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։ Երկնային Հայրը մեծահոգաբար տալիս է մեզ Իր աստվածայնությունից։ Այդ աստվածային բնույթը Նրա կողմից որպես պարգև տրվում է մեզ սիրով, որը միայն ծնողը կարող է զգալ։
Մենք գալիս ենք այս աշխարհ՝ սնուցելու և բացահայտելու աստվածային էության սերմերը, որոնք մեր մեջ են։
Մենք գիտենք, թե ինչու
Էլեն Քենոնը, ով նախկինում ծառայել է որպես Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ, ասել է․ «Կնոջ կյանքում կա երկու կարևոր օր․ օրը, երբ նա ծնվում է և օրը, երբ նա բացահայտում է, թե ինչու»։
Մենք գիտենք, թե ինչու։ Մենք եկել ենք այս աշխարհ՝ օգնելու կառուցել Նրա թագավորությունը և նախապատրաստվելու Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Ամեն վայրկյան մենք փորձում ենք հետևել Նրան։ Մեզանից յուրաքանչյուրի մեջ գտնվող աստվածային բնույթը ավելի է զարգանում և կատարելագործվում այն ջանքերի շնորհիվ, որոնք մենք գործադրում ենք մեր Հորը և Նրա Որդուն ավելի մոտենալու համար։
Մեր աստվածային բնույթը ոչ մի կապ չունի մեր անձնական ձեռքբերումների, մեր հասած դիրքի, մեր վազած մարաթոնների քանակի կամ հանրաճանաչության և ինքնագնահատականի հետ։ Մեր աստվածային բնույթը գալիս է Աստծուց։ Այն հաստատվել է մեր ծնունդից առաջ և կշարունակվի հավերժության մեջ։
Մենք սիրված ենք
Մենք ներկայանում ենք մեր աստվածային բնույթով, երբ կիսվում և զգում ենք մեր Երկնային Հոր սերը։ Մեր ազատ կամքով մենք կարող ենք սնուցել այն, թույլ տալ, որ զարգանա և օգնենք, որ այն աճ ունենա։ Պետրոսն ասաց, որ մեզ տրվել են «պատուական խոստմունքներ», որ մենք «հաղորդակից լինինք աստուածային բնութեանը»: Երբ մենք հասկանում ենք, թե ով ենք մենք՝ Աստծո դուստրերս, մենք սկսում ենք զգալ այդ պատվական խոստումները։
Երբ մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն մեր վրա, այլ ուրիշների, ապա կարողանում ենք տեսնել մեզ որպես Նրա դուստրեր։ Մենք ակամայից դիմում ենք Նրան աղոթքով, և մենք եռանդուն կերպով կարդում ենք Նրա խոսքերը և անում ենք Նրա կամքը։ Մենք կարողանում ենք մեր ինքնագնահատականը տալ Նրա չափանիշներով, ով վերևում է, և ոչ թե ըստ մեզ շրջապատող աշխարհի, հետևելով օրինակ Facebook-ին կամ Instagram-ին։
Եթե դուք ձեր սրտում երբևէ կասկածի տակ առնեք ձեր մեջ եղած աստվածայնությունը, ծնկի իջեք աղոթքով և հարցրեք Երկնային Հորը․ «Արդյո՞ք ես Քո դուստրն եմ, Դու սիրո՞ւմ ես ինձ»։ Երեց Մ․ Ռասսել Բալլարդն ասել է․«Ամենաքաղցր ուղերձներից մեկը, որ Հոգին կբերի, այն է, թե ինչ է Տերը զգում ձեր հանդեպ»։
Մենք Նրանն ենք։ Պողոսն ասել է․ «Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք»։ Հաճախ Երեխաների Միությունում սովորած առաջին երգը լինում է «Աստծո զավակն եմ»։ Այժմ ժամանակն է վերցնելու այդ սիրելի արտահայտությունը՝ «Աստծո զավակն եմ,- և ավելացնելու,- «Ուստի, ի՞նչ պետք է անեմ» բառերը։ Նույնիսկ մենք կարող ենք տալ նմանատիպ հարցեր․ «Ի՞նչ կանեմ ես, որ ապրեմ իմ կյանքը որպես Աստծո զավակ»։ «Ինչպե՞ս ես կարող եմ զարգացնել աստվածային էությունը, որն իմ մեջ է»։
Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ասել է․ «Աստված ձեզ այստեղ է ուղարկել նախապատրաստվելու ապագայի համար, որն ավելի մեծ է, քան որևէ այլ բան, որ դուք կարող եք պատկերացնել»։ Այդ ապագան օրըստօրե իրական է դառնում, երբ դուք անում եք ավելին, քան պարզապես գոյություն ունենալը․ այն իրական է դառնում, երբ դուք ապրում եք ձեր կյանքը՝ իրականացնելու ձեր արարման նպատակը։ Սա հրավիրում է Տիրոջը ձեր կյանք և դուք սկսում եք թույլ տալ, որ Նրա կամքը դառնա ձերը։
Մենք սովորում ենք մեր աստվածային բնույթի շնորհիվ
Աստվածային բնույթը ցանկություն է ներշնչում մեզ՝ անձամբ իմանալու այս հավերժական ճշմարտությունները։
Էմի անունով մի երիտասարդ կին սովորեցրեց ինձ այս դասը, գրելով հետևյալը․ «Այս օրերում դժվար է դեռահաս լինելը։ Արահետը գնալով նեղանում է։ Սատանան իսկապես մեծ ջանքեր է գործադրում։ Կան ճիշտ կամ սխալ բաներ․ չկա այլ տարբերակ»։
Նա շարունակել է․ «Երբեմն շատ դժվար է լավ ընկերներ գտնելը։ Նույնիսկ երբ դուք կարծում եք, թե ունեք լավագույն ընկերները, ովքեր երբեք չեն հեռանա, սակայն որևէ պատճառով իրավիճակը կարող է փոխվել։ Դա է պատճառը, որ ես շատ ուրախ եմ, որ ունեմ ընտանիք, Երկնային Հայր, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին ինձ հետ են, և նրանք բոլորը կարող են լինել իմ կողքին, երբ ընկերները լքեն ինձ»։
Ապա Էմին շարունակելով ասում է․ «Մի երեկո ես շատ անհանգիստ էի։ Ես ասացի քրոջս, որ չգիտեմ, թե ինչ անեմ»։
Ավելի ուշ այդ երեկո նրա քույրը մի հաղորդագրություն ուղարկեց, որտեղ մեջբերում էր Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքերը․ «Մի հուսահատվեք։ … Կանգ մի առեք։ Շարունակեք առաջ գնալ։ Շարունակեք փորձել։ Առջևում ձեզ սպասվում է օգնություն և երջանկություն։ … Վերջում ամեն բան լավ է լինելու։ Վստահեք Աստծուն և հավատացեք, որ լավագույնն առջևում է»։
Էմին գրել է․ «Ես հիշում եմ, որ կարդացի այն և պարզապես սկսեցի աղոթել, որ զգայի Աստծո սերը, եթե Նա իրոք լսում էր ինձ»։
Նա ասում է․ «Հենց որ ես խնդրեցի և հավատացի, որ Նա այնտեղ էր, ես զգացի ամենահիանալի, երջանիկ, ջերմ զգացողությունը։ Բառերով հնարավոր չէ նկարագրել դա։ Ես գիտեի, որ Նա այնտեղ էր և որ Նա սիրում էր ինձ»։
Քանի որ դուք Նրա զավակն եք, Նա գիտի, թե ինչպիսին դուք կարող եք դառնալ։ Նա գիտի ձեր մտավախությունները և ձեր երազանքները։ Նա գնահատում է ձեր ներուժը։ Նա սպասում է, որ դուք աղոթքով դիմեք Իրեն։ Քանի որ դուք Նրա զավակն եք, ոչ միայն դուք ունեք Նրա կարիքը, այլ նաև Նա ունի ձեր կարիքը։ Նրանք, ովքեր այս ժողովին հենց հիմա նստած են ձեր կողքին, ունեն ձեր կարիքը։ Աշխարհն ունի ձեր կարիքը, և ձեր աստվածային բնույթը ձեզ թույլ է տալիս լինելու Նրա վստահելի աշակերտը, ինչպես Նրա բոլոր զավակները կարող են լինել։ Հենց մենք սկսում ենք տեսնել աստվածայնություն մեր անձերում, մենք կարողանում ենք տեսնել այն ուրիշների մեջ։
Մենք ծառայում ենք մեր աստվածային բնույթի շնորհիվ
Աստվածային բնույթը մեզ ներշնչում է ուրիշներին ծառայելու ցանկություն։
Վերջերս Շերոն Ուբանկը՝ Մարդասիրական Ծառայությունների և ՎՕՍ Բարեգործությունների տնօրենը, պատմեց մի փորձառության մասին, որով կիսվել էր Երեց Լ. Փեյսը։ 1980-ականների կեսերին Եթովպիայում լայնատարած երաշտ էր և ծայրահեղ սով։ Օգնություն տրամադրելու նպատակով ստեղծվել էին կերակրման կայաններ, որտեղ ջուր և սնունդ էր տրվում նրանց, ովքեր հասնում էին այնտեղ։ Մի ծեր մարդ, ով ուտելու ոչինչ չուներ, երկար ճանապարհ էր կտրում ոտքով, որպեսզի հասներ կերակրման կայան։ Նա անցնում էր մի գյուղի մոտով, երբ լսեց երեխայի լացի ձայն։ Նա փնտրեց այնքան, մինչև գտավ երեխային, ով նստած էր գետնին՝ իր մահացած մոր մոտ։ Գրկելով երեխային՝ մարդը շարունակեց քայլել ևս 25 մղոն (40 կմ) կերակրման կայան հասնելու համար։ Երբ նա տեղ հասավ, նրա առաջին բառերը չեղան «ես սոված եմ» կամ «օգնեք ինձ»։ Այլ նա ասաց․ «Ի՞նչ կարող եք անել այս երեխայի համար»։
Մեր աստվածային բնույթը մեծ ցանկություն է առաջացնում մեր մեջ օգնելու ուրիշներին և գործելու հուշումներ է տալիս։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել մեզ ուժ գտնել մեր մեջ անելու դա։ Միգուցե Տերը հարցնում է մեզ՝ «Ի՞նչ է հնարավոր անել այս դստեր, այս եղբոր, այս հոր կամ այս ընկերոջ համար»։
Հոգու շշունջների շնորհիվ է, որ կասկածամիտի աստվածային բնույթը որոշ ժամանակ տատանվելուց հետո կրկին վերագտնում է իրեն։
Երբ մարգարեն խոսում է, նրա խոսքերն իրենց արձագանքն են գտնում մեր աստվածային բնույթի մեջ և մեզ ուժ են տալիս հետևելու դրանց։
Ամեն շաբաթ հաղորդություն ընդունելը հույս է ներշնչում մեր աստվածայնությանը և մենք հիշում ենք մեր Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին։
Ես խոստանում եմ, որ եթե դուք ձգտեք բացահայտել ձեր մեջ եղած աստվածային բնույթի խորությունը, դուք կսկսեք ավելի շատ զարգացնել ձեր թանկագին պարգևը։ Թող որ այն առաջնորդի ձեզ դառնալու Նրա դուստրը, ով քայլում է Նրա մոտ վերադառնալու արահետով, որտեղ մենք պիտի «վերականգնվենք այն Աստծո մոտ, որը [մեզ] շունչ է տվել»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։