2010–2019 թթ․
Աստծո աչքերով
Հոկտեմբեր 2015


7:0

Աստծո աչքերով

Ուրիշներին արդյունավետ ծառայելու համար, մենք պետք է նրանց նայենք ծնողների աչքերով՝ Երկնային Հոր աչքերով։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, շնորհակալ եմ ձեզ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ ինձ հաստատելու համար։ Դժվար է նկարագրել, թե որքան մեծ արժեք ունի դա ինձ համար։ Հատկապես երախտապարտ եմ իմ կյանքում երկու յուրահատուկ կանանց հաստատող քվեների համար. իմ կնոջ՝ Ռութի և մեր շատ սիրելի դստեր՝ Էշլիի։

Այն փաստը, որ ինձ վստահվել է այս կոչումը, մեծապես ապացուցում է այս տնտեսության մեջ ավելի վաղ տրված Տիրոջ հետևյալ հայտարարության ճշմարտացիությունը՝ «Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ»։ Ես այդ թույլ ու պարզամիտներից մեկն եմ։ Երբ տասնամյակներ առաջ Միացյալ Նահանգների արևելյան մասում կանչվեցի ծխի եպիսկոպոս, իմ եղբայրը, ով ավելի մեծ էր ինձանից տարիքով և անհամեմատ խելացի էր, զանգահարեց ինձ։ Նա ասաց. «Դու պետք է իմանաս, որ Տերը քեզ չի կանչել քո կատարած գործերի պատճառով։ Քո դեպքում, հավանաբար, Նա արել է դա ի հեճուկս քո կատարած գործերի։ Տերը կանչել է քեզ այն պատճառով, որ Նա գործեր ունի անելու քո միջոցով և դա կիրականացվի այն դեպքում միայն, եթե դու գործես ըստ Նրա կամքի»։ Ես գիտակցեցի, որ մեծ եղբորս տված այդ իմաստուն միտքը կիրառելի է նաև այսօր։

Մի հրաշալի բան է տեղի ունենում միսիոներական ծառայության ժամանակ, երբ միսիոները հասկանում է, որ կոչումն իրեն չի վերաբերում, այլ՝ Տիրոջը, Նրա գործին և Երկնային Հոր զավակներին։ Կարծում եմ դա նույնն է նաև Առաքյալի դեպքում։ Այս կոչումն ինձ չի վերաբերում։ Դա վերաբերում է Տիրոջը, Նրա գործին և Երկնային Հոր զավակներին։ Անկախ նրանից, թե Եկեղեցում ինչ հանձնարարություն կամ կոչում ունենք, որպեսզի կարողանանք ծառայել այդկոչման մեջ, մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր մարդ, ում ծառայում ենք, «հոգևոր սիրելի որդին կամ դուստրն է երկնային ծնողների և որպես այդպիսին … ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։

Ես նախկինում եղել եմ սրտաբան և մասնագիտացած եմ եղել սրտի անբավարարության և փոխպատվաստման մեջ՝ ունենալով բազմաթիվ ծանր հիվանդներ։ Կինս կատակով ասում էր, որ վատ նախանշան կար, որ ես իմ հիվանդներից մեկը կդառնամ։ Կատակը մի կողմ, ես բազմաթիվ մահերի եմ ականատես եղել և իմ մեջ զարգացրել հիվանդներից էմոցիոնալ կերպով ինձ հեռու պահելու սովորույթը, երբ վիճակը նրանց մոտ ծանրանում էր։ Այդ դեպքում տխրության և հիասթափության զգացմունքներն ավելի տանելի էին լինում։

1986թ-ին Չադ անունով մի երիտասարդ տղայի մոտ առաջացավ սրտի անբավարարություն և սրտի փոխպատվաստում արվեց։ Նա տասնհինգ տարի շարունակ լավ կյանքով ապրեց։ Չադն ամեն ինչ անում էր, որպեսզի հնարավորինս առողջ ու լավ կյանքով ապրի։ Նա ծառայեց միսիայում, աշխատանք գտավ և նվիրված որդի դարձավ իր ծնողների համար։ Սակայն, նրա կյանքի վերջին մի քանի տարիները դժվար էին և նա հաճախակի էր հիվանդանոցի օգնությանը դիմում։

Մի երեկո, նրան վերակենդանացման բաժանմունք բերեցին, երբ սիրտը լիովին կանգ էր առել։ Իմ գործընկերների հետ երկար փորձեցինք վերականգնել նրա արյան շրջանառությունը։ Ի վերջո պարզ դարձավ, որ Չադին հնարավոր չէր փրկել։ Մենք դադարեցրինք մեր ապարդյուն ջանքերը և ես հայտարարեցի, որ Չադը մահացել է։ Չնայած տխուր և հիասթափված էի, ես պահպանեցի մասնագիտական տրամադրությունս։ Ես մտովի խորհում էի. «Չադի մասին լավ խնամք է տարվել։ Նա ավելի երկար է ապրել, քան կապրեր առանց միջամտության»։ Այդ էմոցիոնալ վերահսկողությունը շուտով վերացավ, երբ նրա ծնողները մտան վերակենդանացման բաժին և իրենց վախճանված որդուն տեսան վիրահատական սեղանի վրա։ Այդ պահին ես Չադին նայեցի նրա մոր և հոր աչքերով։ Ես նրա հանդեպ մեծ հույս և ակնկալիքներ տեսա նրանց աչքերում՝ ցանկություն, որ նա մի քիչ ավելի երկար ապրեր, մի քիչ ավելի լավ ապրեր։ Այդ գիտակցությամբ ես սկսեցի արտասվել։ Չադի ծնողները սկսեցին սփոփել ինձ, դերերը զավեշտալի կերպով փոխվեցին՝ բարության մի դրսևորմամբ, որը երբեք չեմ մոռանա։

Ես այժմ հասկանում եմ, որ Եկեղեցում ուրիշներին արդյունավետ ծառայելու համար, մենք պետք է նրանց նայենք ծնողների աչքերով՝ Երկնային Հոր աչքերով։ Միայն այդ ժամանակ, մենք կհասկանանք հոգու իրական արժեքը։ Միայն այդ ժամանակ մենք կսկսենք նշմարել այն սերը, որ Երկնային Հայրն ունի Իր բոլոր զավակների հանդեպ։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք զգալ նրանց հանդեպ Փրկչի հոգատար մտահոգությունը։ Մենք չենք կարող լիովին իրականացնել մեր ուխտյալ պարտականությունը՝ սգալու սգացողների հետ և սփոփելու նրանց, ովքեր սփոփանքի կարիք ունեն, եթե մենք նրանց չնայենք Աստծո աչքերով։ Այդ ընդլայնված հեռանկարը մեզ զգայուն կդարձնի ուրիշների հիասթափությունների, մտավախությունների և վշտերի նկատմամբ։ Սակայն, Երկնային Հայրը կօգնի և կսփոփի մեզ այնպես, ինչպես Չադի ծնողները տարիներ առաջ սփոփեցին ինձ։ Մենք պետք է ունենանք տեսնող աչքեր և լսող ականջներ, և սրտեր, որոնք կզգան և կհասկանան, երբ անհրաժեշտ լինի փրկել, ինչն այդքան հաճախ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հորդորում է մեզ անել։

Միայն այն ժամանակ, երբ մենք նայում ենք Երկնային Հոր աչքերով, մենք կարող ենք լցվել «Քրիստոսի մաքուր սիրով»։ Ամեն օր մենք պետք է աղոթենք, որ Նա մեզ շնորհի այդ սերը։ Մորմոնը հորդորում է. «Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են»։

Իմ ողջ սրտով, ես ցանկանում եմ լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդը։ Ես սիրում եմ Նրան։ Ես հիանում եմ Նրանով։ Ես վկայում եմ, որ Նա իսկապես ապրում է։ Ես վկայում եմ, որ Նա Քավիչն է, Մեսիան։ Ես Նրա անսահման ողորմության, կարեկցանքի և սիրո վկան եմ։ Ես իմ վկայությունն եմ ավելացնում 2000 թվականին գրված այն Առաքյալների վկայություններին, ովքեր նշել են «Հիսուսը կենդանի Քրիստոսն է, Աստծո անմահ Որդին։ … Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը»։

Ես վկայում եմ, որ 1820 թվականին Նյու Յորքի հյուսիսում գտնվող մի պուրակում, հարություն առած Տերը Աստծո՝ մեր Երկնային Հոր հետ հայտնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին այնպես, ինչպես Ջոզեֆ Սմիթն է նկարագրել։ Քահանայության բանալիներն այսօր երկրի վրա են, որոնք հնարավոր են դարձնում փրկող և վեհացնող արարողությունները։ Ես գիտեմ, որ դրանք ճշմարիտ են։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 1.23

  2. “The Family: A Proclamation to the World,” Liahona, Nov. 2010, 129; read by President Gordon B. Hinckley as part of his message at the general Relief Society meeting held on September 23, 1995, in Salt Lake City, Utah.

  3. Տես Մոսիա 18.8–10

  4. Օրինակի համար տես՝ Թոմաս Ս. Մոնսոն, «Դեպի օգնության» Լիահոնա, հուլիս 2001, 57–60; «Փրկելու մեր պատասխանատվությունը» Լիահոնա, հոկ. 2013, 4–5։ Նախագահ Մոնսոնն այդ հասկացողությունները վերահաստատեց 2015թ-ի սեպտեմբերի 30-ին Բարձրագույն Իշխանություններին ուղված իր ուղերձում՝ հիշեցնելով և ընդգծելով հավաքվածներին այն ուղերձը, որը նա տվել էր Բարձրագույն Իշխանավորներին և Տարածքային Յոթանասունականներին՝ 2009թ. ապրիլյան գերագույն համաժողովի վերապատրաստման ժողովներին։

  5. Մորոնի 7.47

  6. Մորոնի 7.48

  7. Տես Վարդապետություն և Ուխտեր 18.27–28

    «Եվ Տասներկուսը կլինեն իմ աշակերտները, և նրանք իրենց վրա կվերցնեն իմ անունը. և Տասներկուսը նրանք են, ովքեր, սրտի ողջ նվիրվածությամբ, կփափագեն իրենց վրա վերցնել իմ անունը։

    Եվ եթե նրանք սրտի ողջ նվիրվածությամբ փափագեն իրենց վրա վերցնել իմ անունը, նրանք կանչված են գնալու աշխարհը բոլոր՝ քարոզելու իմ ավետարանն ամեն արարածի»։

  8. “The Living Christ: The Testimony of the Apostles,” Liahona, Apr. 2000, 3. Վկայակոչելով դա, ես փոխաբերական իմաստով իմ ստորագրությունն եմ ավելացնում այդ փաստաթղթին՝ բերելով այդ Առաքյալների կողմից ասված նույն վկայությունը։