Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները
Տիրոջ կողմից ստեղծված արգելքները մեզ համար ապահով հանգրվան են դառնում չարի ու կործանարար ազդեցությունների դեմ:
Մի անգամ Ավստրալիա այցելության ժամանակ, ես եղա գեղեցիկ մի պայտաձև ծովախորշում, որը հայտնի էր իր սերֆինգով։ Լողափի երկայնքով քայլելիս ես հիացած էի ծովախորշից ոչ շատ հեռու բախվող մեծ ալիքների և դեպի ափ գլորվող ավելի փոքր ալիքների շքեղությամբ։
Երբ շարունակեցի զբոսանքս, հանդիպեցի մի խումբ ամերիկացի սերֆերների։ Ակնհայտ էր, որ նրանք ինչ-որ բանից ջղայնացած էին, բարձրաձայն խոսում էին և ցույց տալիս ծովը։ Երբ հարցրեցի, թե ինչ էր պատահել, նրանք ցույց տվեցին ծովախորշից այն կողմ, որտեղ հուժկու ալիքները բախվում էին իրար։
Նրանցից մեկը զայրացած մատնացույց արեց. «Նայեք այնտեղ, դուք տեսնո՞ւմ եք արգելքը»։ Ավելի ուշադիր նայելով ես իսկապես տեսա արգելք, որը ձգված էր ծովախորշի ողջ երկայնքով, որտեղ իրար էին բախվում հուժկու և գայթակղիչ ալիքները։ Կարծես թե արգելքը պատրաստված էր ծանր ցանցից, որը ջրում լողացող սարքավորումներով պահվում էր ջրի երեսին։ Սերֆերներն ասացին, որ այդ արգելքը ձգվում էր մինչև օվկիանոսի հատակը։
Ամերիկացի սերֆերը շարունակեց. «Կյանքում հազվադեպ է պատահում, որ մենք հնարավորություն ենք ունենում սահել այսպիսի մեծ ալիքների վրա։ Մենք կարող ենք սահել փոքր ալիքների վրա , որոնք ծովախորշի ներսում են, սակայն արգելքի պատճառով մենք չենք կարող սահել մեծ ալիքների վրայով։ Մենք գաղափար անգամ չունենք, թե ինչու է այդտեղ արգելք դրված։ Մի բան պարզ է մեզ համար՝ որ դա մեր ամբողջ ճամփորդությունը փչացրեց»։
Երբ ամերիկացի սերֆերներն էլ ավելի զայրացան, իմ ուշադրությունը գրավեց մոտիկ գտնվող մեկ այլ սերֆեր՝ մի տարեց մարդ, ով անկասկած տեղացի էր: Կարծես թե գնալով նա ավելի էր անհամբեր դառնում, երբ լսում էր, թե ինչպես էին բարձր ձայներով բողոքում արգելքից։
Ի վերջո, նա ոտքի ելավ ու մոտեցավ խմբին։ Առանց որևէ բան ասելու նա իր ուսապարկից հանեց հեռադիտակը և տվեց սերֆերներից մեկին՝ մատնացույց անելով արգելքի կողմը։ Բոլոր սերֆերները նայեցին հեռադիտակով։ Երբ իմ հերթը հասավ հեռադիտակի օգնությամբ ես կարողացա տեսնել մի բան, որը մինչ այդ չէի կարող տեսնել. մեջքի լողակներ՝ մեծ շնաձկներ, որոնք արգելքի մյուս կողմում, ստորջրյա ժայռերի մոտ սնվում էին։
Խումբն անմիջապես հանգստացավ։ Ծեր սերֆերը հետ վերցրեց իր հեռադիտակը, շրջվեց ու քայլեց մի կողմ։ Այդ ժամանակ նա մի բան ասաց, որը ես երբեք չեմ մոռանա. «Չափազանց քննադատորեն մի մոտեցեք արգելքին»,-ասաց նա։ «Դա միակ բանն է, որը ձեզ հեռու է պահում խժռվելուց»։
Գեղեցիկ լողափին կանգնած մեր հեռանկարը հանկարծ փոխվեց։ Արգելքը, որը կոպիտ ու սահմանափակող էր թվում, որը կարծես թե խանգարում էր մեծ ալիքների վրայով սահելու զվարճանքին ու ուրախությանը, դարձավ լրիվ ուրիշ բան։ Նորովի ընկալելով վտանգը, որը թաքնված էր մակերեսից մի փոքր ցած, այժմ արգելքը պաշտպանություն, ապահովություն և խաղաղությունն էր ներշնչում։
Երբ մենք քայլենք կյանքի ուղիներով և հետամուտ լինենք մեր երազանքներին, Աստծո պատվիրաններն ու չափանիշները, արգելքի նման, երբեմն կարող են դժվար ըմբռնելի լինել։ Նրանք կարող են կոպիտ ու անզիջում թվալ, որ սահմանափակում են ուրախ ու զվարճալի թվացող այն ուղին, որին շատերն են հետևում: Ինչպես Պողոս առաքյալն է նկարագրել. «Որովհետև հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում», մի այնպիսի սահմանափակ տեսանկյունից, որ մենք հաճախ չենք կարող ըմբռնել այն մեծ վտանգը, որը թաքնված է մակերեսից անմիջապես ցած։
Բայց նա, ով «ըմբռնում է բոլոր բաները» հստակ գիտի, թե որտեղ են թաքնված այդ վտանգները։ Նա Իր պատվիրանների և սիրող առաջնորդության շնորհիվ մեզ տալիս է աստվածային առաջնորդություն, որպեսզի մենք խուսափենք այդ վտանգներից, որպեսզի մեր կյանքի ընթացքն այնպես դասավորենք, որ պաշտպանված լինի հոգևոր գիշատիչներից և մեղքի ճանկերից։
Մենք ցույց ենք տալիս Աստծուն մեր սերը և Նրա հանդեպ մեր հավատքը, երբ ամեն օր լավագույնս ջանում ենք հետևել այն ուղուն, որը Նա սահմանել է մեզ համար և պահել այն պատվիրանները, որոնք Նա տվել է մեզ։ Հատկապես՝ մենք այդ հավատքն ու սերը ի ցույց ենք դնում այն իրավիճակներում, երբ լիովին չենք հասկանում Աստծո պատվիրանների պատճառը կամ այն հատուկ ուղին, որը Նա մեզ թելադրում է։ Համեմատաբար հեշտ է հետևել արգելքի ներսում մնալու ընթացքին, երբ մենք գիտենք, որ ատամները սրած գիշատիչներ են լողում անմիջապես դրանից այն կողմ։ Ավելի դժվար է հետևել արգելքի ներսի մեր ընթացքին, երբ միայն կարող ենք տեսնել մյուս կողմի հիանալի ու գրավիչ ալիքները։ Բայց այդ պահերին է՝ երբ մենք գործադրում ենք մեր հավատքը, մեր վստահությունը դնում Աստծո վրա և Նրան ցույց տալիս մեր սերը, այդ ժմանակ է, որ մենք առավելագույնս աճում ու զարգանում ենք։
Նոր Կտակարանի մեջ Անանիան չէր կարողանում հասկանալ Տիրոջ պատվիրանն այն մասին, որ գտնի և օրհնի Սողոսին՝ մի մարդու, ով թույլտվություն ուներ բանտարկելու Քրիստոսի հավատացյալներին։ Սակայն, քանի որ նա հնազանդվեց Աստծո պատվիրանին, Անանիան կարևոր դեր ունեցավ Պողոս առաքյալի հոգևոր վերածննդի մեջ։
Երբ մենք վստահում ենք Տիրոջը, գործադրում հավատք, հնազանդվում Նրա պատվիրաններին և հետևում այն ուղուն, որը Նա գծել է մեզ համար, մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին Տերն է ցանկանում մեզ տեսնել։ Այդ «դառնալը»՝ սրտի այդ դարձի գալն է, որ ամենակարևորն է։ Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է մեզ. «Բավարար չէ միայն հոսանքին ընդառաջ շարժվելը։ Պատվիրանները, ավետարանի արարողություններն ու ուխտերն այն ներդրումների ցուցակը չեն, որոնք պետք է մուտքագրենք երկնային հաշվեհամարին։ Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս, թե ինչպես դառնալ այն մարդը, որին ցանկանում է տեսնել մեր Երկնային Հայրը»։
Հետևաբար, իսկական հնազանդությունը մեր կամքն ամբողջովին Նրան տրամադրելը և թույլատրելն է, որ Նա գծի մեր ուղին թե խաղաղ թե անհանգիստ ժամանակներում և հասկանալ, որ Նա մեզանից կարող է ավելին կերտել, քան ինքներս կարող ենք դա անել։
Երբ մենք հնազանդվում ենք Նրա կամքին, մեր խաղաղությունն ու երջանկությունը մեծանում են։ Բենիամին թագավորն ուսուցանել է, որ նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները «օրհնված են բոլոր բաներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր»։ Աստված ցանկանում է, որ մենք ուրախություն ունենանք։ Նա ցանկանում է, որ մենք խաղաղություն ունենանք։ Նա ցանկանում է, որ մենք հաջողենք։ Նա ցանկանում է, որ մենք ապահով և պաշտպանված լինենք մեզ շրջապատող աշխարհիկ ազդեցություններից։
Այլ կերպ ասած, Տիրոջ պատվիրանները ստորջրյա լաբիրինթոսի խոչընդոտների նման մի շարք դժվարին սահմանափակումներ չեն, որոնց մենք պետք է մեր կամքից անկախ դիմանանք այս կյանքում, որպեսզի վեհացվենք մյուս կյանքում։ Փոխարենը՝ Տիրոջ կողմից ստեղծված արգելքները մեզ համար ապահով հանգրվան են դառնում չարի ու կործանարար ազդեցությունների դեմ, որոնք հակառակ դեպքում մեզ կքաշեն հուսահատության խորքերը։ Տիրոջ պատվիրանները տրված են սիրով և հոգատարությամբ։ Ինչպես դրանք այս կյանքում մեր ուրախության համար են, այնպես էլ դրանք հաջորդ կյանքում ուրախության և վեհացման համար են։ Դրանք ընդգծում ենք այն ուղին, որը մենք պետք է անցնենք և որ ամենակարևորն է, դրանք օգնում են մեզ հասկանալ, թե ով պետք է դառնանք։
Բարի և ճշմարիտ բոլոր բաներում Հիսուս Քրիստոսը լավագույն օրինակն է։ Ողջ հավերժության մեջ հնազանդության ամենամեծ արարքն այն էր, երբ Որդին Իրեն հնազանդեցրեց Հոր կամքին։ Ողջ խոնարհությամբ խնդրելով, որ բաժակը հեռացվի իրենից, որ կարողանա ընթանալ մեկ այլ ուղով, քան այն, որն Իր համար գծվել էր՝ Քրիստոսն իրեն հնազանդեցրեց այն ուղուն, որը Նրա Հայրը ընտրել էր Իր համար։ Դա մի ուղի էր, որն անցնում էր Գեթսեմանի այգու և Գողգոթայի միջով, որտեղ Նա աներևակայելի հոգեվարք ու տառապանք կրեց և որտեղ Նա վերջնականապես լքված էր, երբ Իր Հոր Հոգին հեռացավ։ Սակայն երրորդ օրը այդ նույն ուղին իր գագաթնակետին հասավ դատարկ գերեզմանում, երբ բացականչեցին. «Նա հարություն առավ», և դա զորեղ կերպով լսեցին և զգացին Նրան սիրողները։ Այն իր մեջ ներառում էր այն աներևակայելի ուրախությունը և մխիթարությունը, որը կենտրոնացած էր ողջ հավերժության համար Աստծո բոլոր զավակների հանդեպ Նրա Քավության մեջ։ Թույլ տալով, որ Իր կամքը կուլ գնա Հոր կամքին Քրիստոսը մեզ մատուցեց հավերժական խաղաղության, հավերժական ուրախության և հավերժական կյանքի հեռանկարը։
Ես վկայում եմ, որ մենք սիրող Աստծո զավակներն ենք։ Ես վկայում եմ, որ Նա ցանկանում է, որ մենք երջանիկ, ապահով և օրհնված լինենք։ Դրա համար է Նա մեզ համար ուղի գծել, որը տանում է հետ՝ դեպի Նա, և Նա արգելքներ է սահմանել, որպեսզի ճանապարհին մեզ պաշտպանի։ Եթե մենք ամեն ինչ անենք այդ ուղուն հետևելու համար, մենք կգտնենք իսկական ապահովություն, երջանկություն և խաղաղություն։ Եվ եթե հնազանդվենք Նրա կամքին, մենք կդառնանք այն մարդը, որին Նա ցանկանում է տեսնել։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։