Աստծո հաճելի խոսքը
Աստծո հաճելի խոսքը ցույց է տալիս մեզ շարունակական ապաշխարության կարիքը մեր կյանքում, որպեսզի մենք կարողանանք պահել Սուրբ Հոգու ազդեցությունը:
Մեզանից շատերը, ովքեր մասնակցում են այս համաժողովին, եկել են լսելու «Աստծո հաճելի խոսքը, այո, խոսքը, որն ամոքում է վիրավոր հոգին» (Հակոբ 2.8): Այդ բառը կարելի է գտնել սուրբ գրություններում և մեր ղեկավարների ուղերձներում, այն հույս և մխիթարություն է պարգևում մեզ նեղությունների խավարում:
Մեր կյանքի փորձից մենք սովորում ենք, որ ուրախությունը այս աշխարհում լիակատար չէ, այլ միայն Հիսուս Քրիստոսում է մեր ուրախությունը լիարժեք (տես ՎևՈւ 101.36): Նա մեզ ուժ կտա, որպեսզի մենք չտանենք ոչ մի ձևի չարչարանքներ, այլ, որ նրանք կուլ գնան Նրա ուրախության մեջ (տես Ալմա 31.38):
Մեր սրտերը կարող են լցված լինել ցավով, երբ մենք տեսնում ենք մեր սիրելի մարդու տառապանքը սաստիկ հիվանդության ցավերից:
Մեր հարազատի մահը կարող է դատարկ տեղ թողնել մեր հոգում:
Երբ մեր երեխաներից ոմանք շեղվում են ավետարանի ուղուց, մենք կարող ենք ունենալ մեղքի և անորոշության զգացում նրանց հավերժական ճակատագրի հետ կապված:
Այս կյանքում սելեստիալ ամուսնություն կապելու և ընտանիք կազմելու հույսըկարող է ժամանակի հետ թուլանալ:
Բռնությունը նրանց կողմից, ովքեր պետք է սիրեն մեզ, կարող է խորը և ցավալի սպիեր թողնել մեր հոգում:
Ամուսնու կամ կնոջ անհավատարմությունը կարող է կործանել հարաբերությունները, որոնք մենք հույս ունեինք, որ հավերժական էին:
Այս և շատ ուրիշ դժվարություններ, որոնք հատուկ են այս փորձնական վիճակին, երբեմն ստիպում են, որ ինքներս մեզ տանք նույն հարցը, որը տվեց մարգարե Ջոզեֆ Սմիթը. «Ով Աստված, որտե՞ղ ես դու» (ՎևՈւ 121.1):
Մեր կյանքի այդ դժվար պահերին Աստծո հաճելի խոսքը, որը բուժում է խոցված հոգին, տալիս է մեր սրտին և մտքին մխիթարության հետևյալ ուղերձը.
«Խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.
Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին» (ՎևՈւ 121.7–8):
Աստծո հաճելի խոսքը մեզ լցնում է հույսով, որովհետև մենք գիտենք, որ նրանք, ովքեր իրենց դժվարությունների մեջ հավատարիմ են մնում, կունենան ավելի մեծ վարձատրություն երկնային արքայությունում և որ «շատ նեղություններից հետո գալիս են օրհնությունները» (տես ՎևՈւ 58.3–4):
Աստծո հաճելի խոսքը, որն ասվում է մարգարեների միջոցով, տալիս է մեզ վստահություն, որ մեր հավերժական կնքումը, ամրապնդվելով աստվածային խոստումներին մեր հավատարմությամբ, որոնք տվել ենք ճշմարտության գործին նվիրված քաջարի ծառայության ընթացքում, կօրհնի մեզ և մեր սերունդները (տես Orson F. Whitney, in Conference Report, Apr. 1929, 110):
Այն նաև տալիս է մեզ երաշխիք, որ հավատքով լի կյանք ապրելուց հետո մենք չենք կորցնի ոչ մի օրհնություն, եթե չենք արել որոշ բաներ, որոնք անելու հնարավորություն մեզ չի տրվել: Եթե մենք հավատքով ապրենք մինչև մեր մահը, մենք «կունենանք բոլոր օրհնությունները, վեհացումը և փառքը, որ որևէ տղամարդ կամ կին [ով ունեցել է այդ հնարավորությունը] երբևէ կունենա» (տես The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams [1984], 138):
Այժմ, կարևոր է հասկանալ, որ տառապանքը և դժվարությունները նույնպես կարող են մտնել մեր կյանք, եթե մենք թերանանք անկեղծ ապաշխարել մեր մեղքերը: Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին ուսուցանել է. «Այս երկրի վրա մարդկանց տառապանքների և դժվարությունների մեծ մասը չապաշխարած և թողություն չստացած մեղքերի արդյունքն է: … Ինչպես տառապանքը և վիշտն են այցելում մեղքին, այնպես էլ երջանկությունը և ուրախությունը այցելում են մեղքերի թողությանը» (in Conference Report, Apr. 1959, 11):
Ինչո՞ւ է ապաշխարության պակասը տառապանք և ցավ բերում:
Հնարավոր պատասխաններից մեկն այն է, որ «պատիժ [է] սահմանված, և մի արդար օրենք տրված, որը մարդկանց բերում էր խղճի խայթ» (Ալմա 42.18; տես նաև հատված 16): Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ մենք ինքներս ենք դատապարտում մեզ, և որ մեր մտքում ունեցած հուսահատության ցավն է, որ դարձնում է այդ տառապանքը այնքան ուժգին, ինչպես կրակի և ծծմբի այրվող լիճը (տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 224):
Եթե մենք փորձենք հանգստացնել մեր խիղճը, աշխատելով «արդարացնել [ինքներս մեզ] նվազագույն իսկ չափով, [մեր] մեղքերի համար» (Ալմա 42.30) կամ փորձելով թաքցնել դրանք, կհասնենք միայն Հոգուն վիրավորելուն (տես ՎևՈւ 121.37) և մեր ապաշխարությունը հետաձգելուն: Այս տեսակի հանգստությունը, բացի նրանից, որ ժամանակավոր կլինի, ի վերջո, կբերի ավելի մեծ ցավ և վիշտ մեր կյանք և կնվազեցնի մեր մեղքերի թողությունը ստանալու մեր հնարավորությունը:
Այս տեսակի տառապանքի համար Աստծո հաճելի խոսքը բերում է նաև սփոփանք և հույս, այն ասում է մեզ, որ կա ազատում ցավից, որի պատճառը մեղքն է: Այդ ազատումը գալիս է Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության շնորհիվ և ազդեցություն է գործում, եթե մենք հավատք ենք գործադրում առ Նա, ապաշխարում ենք և հնազանդվում Նրա պատվիրաններին:
Կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեղքերի թողության նման, ապաշխարությունը գործընթաց է, և ոչ թե մի բան, որը տեղի է ունենում մի ակնթարթում: Այն պահանջում է հետևողականություն իր բոլոր քայլերում:
Օրինակ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք ցույց ենք տալիս Տիրոջը, որ պատրաստվում ենք միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Դա մեր անկեղծ մտադրության դրսևորումն է:
Այն պահից, երբ մենք սկսում ենք հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները ամեն օր, և ոչ միայն Հանգստության օրը, սկսում է աստիճանաբար գործել մեր մեղքերի թողությունը և Նրա Հոգին մեզ հետ ունենալու Նրա խոստումը սկսում է իրականանալ:
Առանց պատշաճ հնազանդության, որը պետք է ուղեկցի մեր մտադրությունը, թողության ազդեցությունը կարող է արագ մարել, իսկ Հոգու ընկերակցությունը՝ հեռանալ: Մենք կկանգնենք մեր շուրթերով Նրան պատվելու, սակայն մեր սրտերը Նրանից հեռացնելու վտանգի առաջ (տես 2 Նեփի 27.25):
Բացի սփոփանքից Աստծո հաճելի խոսքը նախազգուշացնում է մեզ, որ մեր մեղքերի թողությունը ստանալու այդ գործընթացը կարող է ընդհատվել, եթե մենք ներքաշվենք «աշխարհի ունայնությունների մեջ», և այն կարող է վերսկսվել հավատքի միջոցով, եթե մենք անկեղծ ապաշխարենք և խոնարհեցնենք մեզ (տես ՎևՈւ 20.5–6):
Ի՞նչ ունայնություններ կարող են խանգարել մեր մեղքերի թողությունը ստանալու այդ գործընթացին, որոնք կապված են Հանգստության օրը սուրբ պահելու հետ:
Որպես օրինակ բերենք առանց լուրջ պատճառի հաղորդության ժողովին ուշանալը, առանց իքներս մեզ նախապես քննելու ժամանելը, անարժանիորեն հացը և ջուրը ճաշակելը (տես Ա Կորնթացիս 11.28); և մասնակցելն առանց մեր մեղքերը նախապես խոստովանելը և Աստծուց դրանց համար ներում խնդրելը:
Այլ օրինակներ. լինել ոչ ակնածալից, փոխանակելով հաղորդագրություններ էլեկտրոնային սարքերով, հեռանալ ժողովից հաղորդությունը ճաշակելուց անմիջապես հետո և մեր տներում այնպիսի միջոցառումների մասնակցել, որոնք պատշաճ չեն այդ սուրբ օրվան:
Ի՞նչն է պատճառը, որմենք, իմանալով այդ ամենը, հաճախ չենք կարողանում սուրբ պահել Հանգստության օրը:
Եսայիայի գրքում մենք կարող ենք գտնել մի պատասխան, որը, թեև վերաբերում է Հանգստյան օրվան, կիրառելի է նաև այլ պատվիրանների դեպքում, որոնք մենք պետք է պահենք. «Ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը» (Եսայիա 58.13):
Կարևոր բառերն են՝ «բաղձանքդ չկատարես», կամ, այլ կերպ ասված, Աստծո կամքը չանելը: Հաճախ մեր կամքը՝ որը ձևավորվում է բնական մարդու ցանկությունների, ախորժակների և կրքերի արդյունքում, հակասում է Աստծո կամքին: Բրիգամ Յանգ մարգարեն ուսուցանել է, որ երբ անձի կամքը, ցանկությունները և կրքերը կատարելապես ենթարկվում են Աստծուն և Նրա պահանջներին, այդ անձը մաքրագործվում է, քանզի նրա կամքը կուլ է գնում Աստծո կամքին, ինչը տանում է դեպի ամենայն բարիք և պսակում մեզ անմահությամբ և հավերժական կյանքով (Deseret News, Sept. 7, 1854, 1):
Աստծո հաճելի խոսքը հրավիրում է մեզ օգտագործել Քրիստոսի Քավության զորությունը, որպեսզի կիրառենք այդ խոսքը մեր կյանքում և հաշտվենք Նրա կամքի՝ ոչ թե դևի և մարմնի կամքի հետ, որպեսզի Նրա շնորհով մենք փրկվենք (տես 2 Նեփի 10.24–25):
Աստծո հաճելի խոսքը, որով մենք կիսվում ենք այսօր, ցույց է տալիս մեզ շարունակական ապաշխարության կարիքը մեր կյանքում, որպեսզի մենք կարողանանք պահել Սուրբ Հոգու ազդեցությունը որքան հնարավոր է երկար:
Ունենալով Հոգու ընկերակցությունը, մենք կլինենք ավելի լավ մարդիկ: Այն «կշշնջա խաղաղություն և ուրախություն [մեր] հոգիներին, … այն կհանի նենգությունը, ատելությունը, նախանձը, վիճաբանությունը և ողջ չարիքը [մեր] սրտերից, և [մեր] ողջ ցանկությունը կլինի բարին գործելը, առաջ տանելը արդարությունը և Աստծո արքայությունը կառուցելը» (տես Teachings: Joseph Smith, 98):
Սուրբ Հոգու ազդեցության օգնությամբ մենք չենք վիրավորվի, ոչ էլ կվիրավորենք ուրիշներին, մենք մեզ ավելի երջանիկ կզգանք, և մեր մտքերը կլինեն ավելի մաքուր: Ուրիշների հանդեպ մեր սերը կաճի: Մենք ավելի մեծ պատրաստակամությամբ կներենք և երջանկություն կսփռենք մեր շուրջը:
Մենք երախտապարտ կլինենք, տեսնելով, թե ինչպես են մյուսները առաջադիմում, և մենք բարին կփնտրենք մյուսների մեջ:
Իմ աղոթքն է, որ մենք զգանք այն ուրախությունը, որը գալիս է արդարակեցության մեջ ապրելուց, և որ մենք պահենք մեր կյանքում Սուրբ Հոգու ընկերակցությունը անկեղծ և շարունակական ապաշխարության միջոցով: Մենք կդառնանք ավելի լավ մարդիկ, և մեր ընտանիքները կօրհնվեն: Այս սկզբունքների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: