Հիշենք, թե ում ենք ապավինել
Հոր հետ կրկին ապրելու մեր հույսը կախված է Հիսուս Քրիստոսի Քավությունից։
Երբ ես ինը տարեկան էի, իմ ալեհեր, 1.5մ հասակ ունեցող տատիկը, այցելեց մեզ մի քանի շաբաթով։ Մի օր, մինչ նա այնտեղ էր, ես և իմ երկու ավագ եղբայրները որոշեցինք փոս փորել այգում, որը գտնվում էր մեր տան դիմացի փողոցից այն կողմ։ Չգիտեմ, թե ինչու մենք արեցինք դա․ տղաները, երբեմն, փոսեր են փորում։ Մենք մի քիչ փոշոտվեցինք, սակայն դա չէր կարող լուրջ խնդիր առաջ բերել։ Մեր հարևանությամբ ապրող տղաները տեսան, թե որքան զվարճալի էր փոս փորելը և սկսեցին օգնել։ Ապա մենք բոլորս էլ ավելի ու ավելի փոշոտվեցինք։ Հողաշերտը կարծր էր, ուստի մենք բերեցինք այգու ջրի խողովակը և մի քիչ ջուր լցրեցինք փոսի մեջ, որպեսզի հողը փափկեր։ Մենք մի քիչ ցեխոտվեցինք, սակայն փոսը գնալով խորացավ։
Մեր խմբից մեկը որոշեց, որ պետք է մեր փոսը դարձնենք լողավազան, ուստի մենք լցրեցինք այն ջրով։ Լինելով ամենակրտսերը և ցանկանալով փորձել փոսի մեծությունը, ինձ համոզեցին ներս ցատկել ու փորձել այն։ Այժմ ես իրոք ցեխոտ էի։ Սկզբում ես չէի պլանավորել ծածկվել ցեխով, սակայն վերջում ես հայտնվեցի այդ իրավիճակում։
Երբ սկսեց ցրտել, ես անցա փողոցը՝ փորձելով տուն մտնել։ Տատիկս տեսավ ինձ մուտքի դռան մոտ և արգելեց ինձ տուն մտնել։ Նա ասաց, որ եթե ինձ ներս թողներ, ես կցեխոտեի տունը, իսկ նա նոր էր այն մաքրել։ Ուստի, ես արեցի այն, ինչ կաներ յուրաքանչյուր իննամյա տղա տվյալ իրավիճակում և վազեցի դեպի տան հետևի դուռը, սակայն նա ավելի արագաշարժ գտնվեց, քան ես կարծում էի։ Ես զայրացա, ոտքս հարվածեցի գետնին և պահանջեցի, որ ներս մտնեմ, սակայն դուռը փակ մնաց։
Ես թաց էի, ցեխոտ, մրսում էի և, ըստ իմ մանկական պատկերացման կարող էի մեռնել իմ տան ետևի բակում։ Ի վերջո, ես հարցրի նրան, թե ինչ պետք է անեի, որ տուն մտնեի։ Հենց այդ պահին տատիկս ինձ վրա պահեց ջրի խողովակը։ Այդ պահն ինձ հավերժություն թվաց, որից հետո տատիկս գտավ, որ ես մաքուր էի և թույլ տվեց, որ տուն մտնեմ։ Տանը տաք էր և ես կարողացա չոր, մաքուր հագուստներ հագնել։
Այդ իրական առակը մտապահելով՝ խնդրում եմ խորհել Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերի շուրջ․ «Եվ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել նրա արքայությունը․ ուստի, ոչինչ չի մտնում նրա հանգիստը, բացի նրանցից, ովքեր լվացել են իրենց հանդերձներն իմ արյունով՝ իրենց հավատքի, և բոլոր իրենց մեղքերից ապաշխարության, և մինչև վերջ իրենց հավատարմության շնորհիվ»։
Տանից իմ դուրս գտնվելը և տատիկիս կողմից ջրվելը տհաճ էր և անհարմար։ Մեղքի ցեխոտ փոսում մնալու կամ կեղտոտվելու ընտրության պատճառով՝ վերադառնալու և մեր Երկնային Հոր հետ լինելու հնարավորությունից զրկվելը անվերջանալի ողբերգություն կլինի։ Մենք չպիտի շեղվենք այն ճանապարհից, որն օգնում է մեզ վերադառնալ և մնալ մեր Երկնային Հոր ներկայության մեջ։ Մենք պետք է մաքուր լինենք։
Նախքան այս աշխարհ գալը որպես Աստծո հոգեղեն որդիներ և դուստրեր մենք մասնակցել ենք մեծ խորհրդին։ Մեզանից յուրաքանչյուրն ուշադիր լսել է, և ոչ ոք չի քնել։ Այդ խորհրդում մեր Երկային Հայրը ներկայացրել է մի ծրագիր։ Քանի որ ըստ ծրագրի պահպանվում էր մեր ազատ ընտրության իրավունքը և պահանջվում էր, որ մենք սովորեինք մեր իսկ փորձառություններից, և ոչ միայն Նրա փորձառություններից՝ Նա գիտեր, որ մենք մեղք կգործեինք։ Նա նաև գիտեր, որ մեղքի պատճառով մենք անմաքուր կլինեինք և անկարող կլինեինք վերադառնալ Նրա ներկայություն, քանի որ այն վայրը, որտեղ Նա է ապրում, ավելի մաքուր է, քան տունը, որ մաքրել էր տատիկս։
Քանի որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ և Նրա նպատակն է «իրականացնել [մեր] անմահությունն ու հավերժական կյանքը», Նրա ծրագիրն ընդգրկում է Փրկիչի դերը, մեկի, ով կկարողանար օգնել մեզ մաքրվել, անկախ այն բանից, թե որքան անմաքուր կլինեինք մենք։ Երբ մեր Երկնային Հայրը հայտարարեց, որ կար Փրկիչի կարիք, իմ կարծիքով մենք բոլորս շրջվեցինք և նայեցինք Հիսուս Քրիստոսին՝ Հոգում Առաջնածինին, մեկին, ով զարգացել էր մինչև Հորը նման լինելու աստիճան։ Կարծում եմ, որ բոլորս էլ գիտեինք, որ դա պետք է Նա լիներ, որ մեզանից ուրիշ ոչ մեկը չէր կարող դա անել, բայց Նա կարող էր և Նա կաներ։
Գեթսեմանի Պարտեզում և Գողգոթայում խաչի վրա Հիսուս Քրիստոսը տառապեց և մարմնով և հոգով, ցավից դողաց, արյունահոսեց ամեն ծակոտիից, աղերսեց Իր Հորը, որ հեռացնի Իրենից դառը բաժակը, սակայն Նա, այնուամենայնիվ, ճաշակեց այն։ Ինչո՞ւ Նա արեց դա։ Ինչպես Նա է ասել, Նա ցանկացավ փառավորել Իր Հորը և ավարտել Իր «նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»։ Նա ուզում էր պահել Իր ուխտը և հնարավոր դարձնել մեր վերադարձը տուն։ Ի՞նչ է Նա խնդրում մեզ ի պատասխան։ Նա պարզապես խնդրում է մեզ խոստովանել մեր մեղքերը և ապաշխարել, որպեսզի մենք ստիպված չլինենք տառապելու այնպես, ինչպես Ինքը տառապեց։ Նա հրավիրում է մեզ մաքրվել, որպեսզի դուրս չմնանք մեր Երկնային Հոր տանից։
Չնայած, որ մեղքից խուսափելը կյանքում նախընտրելի օրինաչափություն է, ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի Քավության զորությանը, կարևոր չէ, թե ինչ մեղքեր ենք մենք գործել կամ որքան խորն ենք մենք թաղվել այդ հանրահայտ փոսում։ Կարևոր չէ, որ մենք ամաչում կամ անհարմար ենք զգում մեղքերի պատճառով, որոնք, ինչպես ասել է Նեփի մարգարեն, «այնքան հեշտությամբ նեղում են» մեզ։ Կարևոր չէ, որ մի անգամ մենք մեր անդրանիկությունը վաճառել ենք ենք մի աման ապուրի հետ։
Կարևոր է այն, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, տարավ «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի», որպեսզի «նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին»։ Կարևոր է այն, որ Նա հոժար էր բարեհաճ լինել, գալու այս աշխարհ և վայր իջնելու «բոլոր բաներից ցած» և տանելու «ավելի զորեղ հակասություններ, քան որևէ այլ մարդ» երբևէ կարող էր։ Կարևոր է այն, որ Քրիստոսը խնդրում է Հորը մեր համար, «ասելով․ Հայր, տես տառապանքներն ու մահը նրա, ով չմեղանչեց, որին դու հավանել ես, … ուստի, Հայր, խնայիր իմ այս եղբայրներին, որ հավատարիմ են իմ անվանը, որ նրանք կարողանան գալ ինձ մոտ և ունենալ հավիտենական կյանք»։ Դա է իրականում կարևորը և դա պետք է բոլորիս նորացված հույս և վճռականություն ներշնչի՝ ևս մեկ անգամ փորձելու համար, քանի որ Նա մեզ չի մոռացել։
Ես վկայում եմ, որ Փրկիչը երբեք երես չի դարձնի մեզանից, երբ մենք խոնարհաբար փնտրենք Նրան ապաշխարելու համար, երբեք չի կորցնի հույսը, որ մի օր մենք կփոխվենք, երբեք չի ասի․ «Օհ, նորից դու», երբեք մեզ չի մերժի այն պատճառով, որ չի հասկանա, թե որքան դժվար է խուսափել մեղքից։ Նա ամեն բան շատ լավ հասկանում է, ներառյալ զղջումը, ամոթը և հուսախաբությունը, որը մեղքի անխուսափելի հետևանքն է։
Ապաշխարությունն իրական է և այն գործում է։ Այն կեղծ փորձառություն կամ «մոլագար մտքի» արդյունք չէ։ Այն զորություն ունի բարձրացնելու բեռները և փոխարինելու դրանք հույսով։ Այն կարող է առաջ բերել սրտի զորեղ փոփոխություն, որը արդյունքն է այն բանի, որ «մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»։ Անհրաժեշտությունից ելնելով՝ ապաշխարելը հեշտ չէ։ Հավերժական նշանակություն ունեցող բաները հազվադեպ են հեշտ լինում։ Սակայն արդյունքն արժե դրան։ Ինչպես վկայել է Նախագահ Բոյդ Ք. Փաքերը Եկեղեցու Յոթանասունականներին ուղղված իր վերջին խոսքում, «Միտքը սա է․ Քավությունը չի թողնում ոչ մի հետք, ոչ մի բիծ։ Այն ինչ ուղղվում է, ուղղվում է։ … Քավությունը չի թողնում ոչ մի հետք, ոչ մի բիծ։ Այն պարզապես բուժում է և այն ինչ բուժում է՝ մնում է բուժված»։
Նմանապես, Հոր հետ կրկին ապրելու հույսը կախված է Հիսուս Քրիստոսի Քավությունից՝, այն միակ անմեղ Արարածի հոժար լինելուց, ով չնայած նրան, որ արդարադատությունը պահանջ չուներ Նրա վրա, Իր վրա վերցրեց ողջ մարդկության բոլոր օրինազանցությունները՝ ներառելով այն մեղքերը, որոնք Աստծո որոշ որդիներ և դուստեր անհարկի ընտրում են իրենց իսկ կամքով։
Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ Փրկիչի Քավությունը մենք համարում ենք ավելի զորեղ, քան մյուսները, քանի որ մենք գիտենք, որ եթե ուխտեր կապենք, մշտապես ապաշխարենք և համբերենք մինչև վերջ, Նա մեզ կդարձնի Իր հետ ժառանգակիցներ և Նրա նման մենք էլ կստանանք այն ամենը, ինչ Հայրն ունի։ Սա աշխարհը ցնցող վարդապետություն է, բայց այնուամենայնիվ, այն ճշմարիտ է։ Հիսուս Քրիստոսի Քավությունը՝ ի տարբերություն հուսալքող անհասանելիության, կատարելապես հնարավոր է դարձնում՝ «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» Փրկիչի հրավերը։
Սուրբ գրություններն ուսուցանում են, որ ամեն անհատ պետք է «դատվի ըստ Աստծո սուրբ դատաստանի»։ Այդ օրը հնարավորություն չի լինի բազմության մեջ թաքնվելով կամ ուրիշներին մատնացույց անելով արդարացնել մեր անմաքուր վիճակը։։ Երախտապարտ ենք, որ սուրբ գրությունները նաև ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսը՝ Նա, ով տառապեց մեր մեղքերի համար, ով մեր Բարեխոսն է Հոր մոտ, ով կոչում է մեզ Իր ընկերներ, ով անվերջ սիրում է մեզ, Նա՝ ի վերջո կլինի մեր դատավորը։ Հիսուս Քրիստոսի Քավության հաճախ անտեսված օրհնություններից մեկն այն է, որ «Հայրը … ամեն դատաստանը տուաւ Որդուն»։
Եղբայրներ և քույրեր, եթե դուք հուսալքված եք կամ մտածում եք, թե արդյոք երբևէ կկարողանաք դուրս գալ հոգևոր փոսից, որը դուք եք փորել, խնդրում եմ հիշեք, թե, ով է կանգնած «[մեր] և արդարադատության միջև», «լցված լինելով կարեկցանքով մարդկանց զավակների հանդեպ» և ով Իր վրա է վերցրել մեր անօրինություններն ու օրինազանցությունները և «բավարարած լինելով արդարադատության պահանջները»։ Այլ կերպ ասած, ինչպես Նեփին արեց հուսալքության պահին, պարզապես հիշեք, թե «ում եք ապավինել», հենց Հիսուս Քրիստոսին, ապա ապաշխարեք և ևս մեկ անգամ ճաշակեք «հույսի կատարյալ պայծառություն»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։