«Գլուխ 2. Քննեք սուրբ գրությունները և զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ», Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)
«Քննեք սուրբ գրությունները և զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ», Քարոզիր Իմ Ավետարանը
Գլուխ 2
Քննեք սուրբ գրությունները և զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ
Քննեք սուրբ գրությունները
Հիսուս Քրիստոսը «աշխարհի լույսն ու կյանքն է: Ահա, նա է խոսքը ճշմարտության և արդարության» (Ալմա 38.9, տես նաև Հովհաննես 1)։ Սուրբ գրություններում Աստծո խոսքն ուսումնասիրելն առատություն կբերի ձեր կյանք (տես Հովհաննես 10.10): Նրա խոսքերը լույսով և ճշմարտությամբ կլցնեն ձեզ, և նրանց, ում ուսուցանում եք: Նրանք կօգնեն ձեզ, և նրանց, ում ուսուցանում եք, ապրել արդար և ստանալ աստվածային ուժ և պաշտպանություն: Նրանք կօգնեն ձեզ ճանաչել Նրան և ճաշակել Նրա սերը, որը բոլորից ամենաքաղցրն է: Նրա խոսքերը ձեր հոգին կլցնեն ուրախությամբ (1 Նեփի 8.11–12, տես հատվածներ 1–34):
Սուրբ գրությունները երկնային պարգև են: Ձեր միսիայի մեծ օրհնություններից մեկն այն է, որ դուք ամեն օր դրանք ուսումնասիրելու համար ծրագրված ժամանակ ունենաք։
Ավետարանի ուսումնասիրությունը հոգևոր աշխատանքի ամենաարժանավոր տեսակներից մեկն է, որը դուք կարող եք անել: Այն ոգեշնչող է՝ ինչպես մտովի, այնպես էլ հոգևորապես։ Ինչպես Ալման է ուսուցանել, երբ դուք «սերմանեք» Աստծո խոսքը ձեր սրտում, այն «կլուսավորի [ձեր] հասկացողությունը» և կդառնա սքանչելի ձեզ համար (Ալմա 32.28, տես նաև Ենովս 1.3–4): Երբ դուք շարունակեք ուսումնասիրել և կիրառել Աստծո խոսքը, այն «արմատ կգցի. և … կլինի դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ» (Ալմա 32.41, տես նաև հատվածներ 42–43): Ավետարանի մասին ձեր գիտելիքն ու վկայությունը կավելանան: Ավետարանով կիսվելու ձեր ցանկությունն ու կարողությունը նույնպես կավելանան:
Լավ ուսուցչից սովորելը կարևոր է, սակայն ձեզ համար կարևոր է նաև իմաստալից փորձառություններ ձեռք բերել սուրբ գրությունների ինքնուրույն ուսումնասիրությունից։ Սա ճշմարիտ է նաև այն մարդկանց համար, ում դուք ուսուցանում եք:
Սուրբ գրությունները հասկանալը սկզբում կարող է դժվար լինել: Այնուամենայնիվ, եթե դուք համբերատար և հետևողական լինեք Աստծո խոսքն ուսումնասիրելիս, ձեր հասկացողությունը կաճի: Դուք կարժեքավորեք սուրբ գրություններում անցկացրած ձեր ժամանակը: Դուք անհամբեր կսպասեք այն ամենին, թե ինչ կսովորեք և ինչ կզգաք:
Սուրբ գրությունները ճանաչելն ու սիրելը կարող է մեծ օրհնություն լինել ձեր միսիոներական ծառայության համար: Զգալով սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնությունները ձեր միսիայի ընթացքում, դուք կցանկանաք շարունակել այն ձեր ողջ կյանքում:
«Բոլոր սուրբ գրությունների կենտրոնական նպատակն է` լցնել մեր հոգիները հավատքով առ Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հավատք, որ Նրանք գոյություն ունեն, հավատք մեր անմահության և հավերժական կյանքի համար Հոր ծրագրի հանդեպ, հավատք Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության հանդեպ, որը կենդանացնում է երջանկության այս ծրագիրը, հավատք՝ դարձնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ուղին և հավատք ճանաչելու «[միակ] ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ում [Նա] ուղարկեց» (Հովհաննես 17.3)» (Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Սուրբ գրությունների օրհնությունը», Լիահոնա, մայիս 2010, 34):
Փնտրել Հոգին
Ավետարանը սովորելը շատ ավելին է, քան տեղեկություն ստանալը: Այն նաև Սուրբ Հոգու առաջնորդությամբ հավերժական ճշմարտությունը կիրառելու հոգևոր գործընթաց է (տես Հակոբ 4.8, Վարդապետություն և Ուխտեր 50.19–25): Փնտրեք և վստահեք Հոգուն, որպեսզի նա ուսուցանի ձեզ սուրբ գրություններն ուսումնասիրելիս: Դա տեղի կունենա այնքանով, որքանով դուք կհամադրեք սուրբ գրությունները ձեզ՝ անկեղծ միտումով գործելով ձեր սովորածին համապատասխան (տես Նեփի 19.23, Մորոնի 10.4, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.18):
Սուրբ գրություններն աղոթքով ուսումնասիրելը հայտնության պատուհան կբացի Հոգու համար, Ով կխոսի ձեր մտքի և սրտի հետ: Նա կօրհնի ձեզ առաջնորդությամբ, ոգեշնչմամբ և ձեր հարցերի պատասխաններով: Սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության միջոցով Սուրբ Հոգին կզորացնի և կմխիթարի ձեզ: Նա կտա ձեզ գիտելիք և համոզմունք, որը կօրհնի ձեր կյանքը և հնարավորություն կտա ձեզ հավերժ օրհնել ուրիշներին:
Փնտրեք հարցերի պատասխանները
Որպես միսիոներ, դուք շատ հարցեր կլսեք: Դուք նաև կարող եք ունենալ ձեր անձնական հարցերը։ Այս հարցերի պատասխանները սուրբ գրություններում և այլ հաստատված աղբյուրներում փնտրելն ուսումնասիրության հզոր եղանակ է: Ձեր ուսումնասիրության օրագրում գրի առեք հարցերը և այն, ինչ սովորում և զգում եք:
Ձեր ուսումնասիրության ընթացքում օգտագործեք ճշգրիտ, վստահելի աղբյուրներ՝ հիմնականում սուրբ գրությունները, ապրող մարգարեների խոսքերը և Քարոզիր Իմ ավետարանը։ Օգտագործեք Gospel Library հավելվածի աղբյուրները, ինչպիսիք են Սուրբ գրությունների ուղեցույցը, Bible Dictionary-ն, Եռամիասնության ցանկը, Gospel Topics-ը և Ավետարանական թեմաների ակնարկները։ Իմացեք, թե որ աղբյուրներն են հասանելի այն մարդկանց լեզուներով, ում ուսուցանում եք:
«Մի բան, որ ես սովորել եմ կյանքում, այն է, թե որքան հաճախ է Տերը պատասխանում մեր հարցերին և խորհուրդ տալիս մեզ սուրբ գրությունների միջոցով: … Եվ ուրեմն եկեք աղոթքով դառնանք դեպի Տերը՝ խնդրելով օգնություն կամ պատասխաններ. և այդ պատասխանները կգան, երբ մենք բացենք սուրբ գրությունները և սկսենք ուսումնասիրել դրանք: Երբեմն թվում է, թե հարյուրավոր կամ հազարավոր տարիների մի հատված հատուկ թելադրված է մեր հարցին պատասխանելու համար» (Մ. Ռասսել Բալլարդ «Տիրոջ մեջ ուժեղ եղեք և զորացեք Նրա ուժով» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, մարտի 3, 2002], 5, speeches.byu.edu)։
Ապրեք ըստ ձեր սովորածի
Երբ զգաք այն ուրախությունը, որը գալիս է ավետարանը հասկանալու ձեր աճից, դուք կկամենաք կիրառել այն, ինչ սովորում եք: Ձգտեք ապրել ներդաշնակության մեջ ձեր սովորածի հետ: Այդպես վարվելով, կզորացնեք ձեր հավատքը, գիտելիքը և վկայությունը։ Գործելով ձեր սովորածի համաձայն, դուք մշտապես խորացող հասկացողություն ձեռք կբերեք (տես Հովհաննես 7․17)։
«Ճշմարիտ վարդապետությունը, երբ ընկալվում է, փոխում է վերաբերմունքը և վարքը: Ավետարանի [վարդապետության] ուսումնասիրությունն ավելի արագ կբարելավի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը կփոխի վարքը» (Boyd K. Packer, «Little Children», Ensign, Nov. 1986, 17)։
Օգտագործեք Gospel Library
Gospel Library-ն առցանց աղբյուր է, որը կարող է մեծապես բարելավել ձեր ուսումնասիրությունն ու ուսուցումը: Ծանոթացեք դրա բազմաթիվ գործառույթներին: Gospel Library-ն որպես ձեր ուսումնասիրության և ուսուցման մաս օգտագործելու որոշ առավելություններ ներկայացված են ստորև:
-
Այն հասանելի է դարձնում սուրբ գրությունները, ապրող մարգարեների խոսքերը և Եկեղեցու այլ բովանդակությունները բազմաթիվ լեզուներով՝ տեքստային, աուդիո և վիդեո ձևաչափերով:
-
Եթե Gospel Library-ում գրանցեք ձեր ստացած տպավորությունները և այն, ինչ սովորել եք, կարող եք շարունակել օգտվել այդ տեղեկություններից և ամրապնդվել դրանցով անգամ ձեր միսիայից հետո:
-
Այն թույլ է տալիս հեշտությամբ կիսվել սուրբ գրություններով, կենդանի մարգարեների մեջբերումներով և տեսանյութերով նրանց հետ, ում ուսուցանում եք:
-
Մարդկանց մեծ մասը, ում դուք ուսուցանում և մկրտում եք, Gospel Library-ի միջոցով մուտք կգործեն Եկեղեցու աղբյուրներ։ Ծանոթացեք Gospel Library-ի գործառույթներին, որպեսզի կարողանաք սովորեցնել նրանց օգտագործել այն:
Ճիշտ օգտագործեք տեխնոլոգիաները
Տերը և Նրա մարգարեները ձեզ վստահել են տեխնոլոգիաներ, որպեսզի օգնեն իրականացնել Նրա աշխատանքը: Տեխնոլոգիաները կարող են բարելավել սուրբ գրությունների և Քարոզիր Իմ ավետարանի ձեր ուսումնասիրությունը։ Թվային նյութերը կարող են նաև օգնել ձեզ ծրագրեր կազմելիս։ Նրանք կարող են օգնել ձեր ուսուցման ժամանակ և ուսուցանելու համար մարդկանց գտնելու ձեր ջանքերում:
Տեխնոլոգիաների խելամիտ և ճիշտ օգտագործումը կարող է օգնել ձեզ իրականացնել ձեր միսիոներական նպատակը և արդյունավետ օգտագործել ժամանակը: Այն կարող է նաև օգնել ձեզ խուսափել ոչ պատշաճ նյութերից:
Հետևեք Հոգուն՝ իմանալու համար, թե երբ և ինչպիսի եղանակով օգտագործել տեխնոլոգիաները, որպեսզի նրանք օգնեն ձեզ ամրացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր և նրանց հավատքը, ում ծառայում և ուսուցանում եք:
Հետևեք տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության կանոններին
Ստորև ներկայացված չորս անվտանգության կանոնները կօգնեն ձեզ ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները: Այս անվտանգության կանոններին հետևելը կարևոր միջոց է ձեզ համար՝ «Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվելու, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել» (Եփեսացիս 6.11):
Համահունչ եղեք հոգևոր հուշումներին
Նեփին խոստացել է. «Քանզի ահա, ես կրկին ասում եմ ձեզ, որ եթե դուք մտնեք այդ ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.5): Ձեր Երկնային Հայրը ձեզ օգնելու համար տվել է երկու զորեղ պարգև՝ բարոյական ազատ կամք և Սուրբ Հոգու պարգև: Դուք Սուրբ Հոգու առաջնորդությանը հետևելու զորություն ունեք: Նրա առաջնորդությունը մեծապես կօգնի ձեզ բարիք գործել տեխնոլոգիաներն օգտագործելիս: Այն նաև օգնում է ձեզ պաշտպանվել չարից:
Կենտրոնացեք ձեր միսիոներական նպատակի վրա
Տերն ասաց․ «Եվ եթե ձեր աչքն ուղղված լինի միայն իմ փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, և ձեր մեջ չի լինի խավար. և այն մարմինը, որը լցված է լույսով, ըմբռնում է բոլոր բաները» (Վարդապետություն և Ուխտեր 88.67): Ձեր աչքն աստծո փառքին ուղղելը, նշանակում է ամբողջությամբ կենտրոնանալ Աստծո նպատակի վրա, որը նաև ձեր նպատակն է որպես միսիոներ:
Ձեր կողմից տեխնոլոգիաների օգտագործումը պետք է կենտրոնացած լինի ձեր նպատակի վրա: Միացրեք ձեր սարքը միայն այն բանից հետո, երբ բացահայտեք այն օգտագործելու ձեր միսիոներական նպատակը: Այնուհետև անջատեք այն, երբ այդ նպատակն իրականանա:
Առավել հավանական է, որ համացանցում ոչ պատշաճ բովանդակության հանդիպեք, այնտեղ աննպատակ մի կայքից մյուսն անցնելիս։
Եղեք կարգապահ
Մորմոնը գրել է. «Ես Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու աշակերտն եմ։ Ես կանչվել եմ նրա կողմից՝ հայտարարելու նրա խոսքն իր ժողովրդի մեջ, որ նրանք կարողանան հավիտենական կյանք ունենալ»։ (3 Նեփի 5․13)։ Ինչպես և Մորմոնը, դուք ևս Հիսուս Քրիստոսի աշակերտն եք: Որպես լիաժամկետ միսիոներ ծառայությունը հատուկ հնարավորություն է տալիս կատարելագործել աշակերտ լինելու ձեր կոչումը:
Աշակերտ և կարգապահություն բառերն [անգլերենում] առաջանում են նույն արմատից, որը նշանակում է «սովորող» կամ «աշակերտ»։ Քրիստոսի աշակերտ լինելը նշանակում է ձգտել հետևել Նրան և պահել Նրա պատվիրանները: Դա նշանակում է, որ դուք հետևողականորեն սովորում և ուսուցանում եք Քրիստոսի մասին:
Եղեք կարգապահ և տեխնոլոգիաներն օգտագործելիս կատարեք ճիշտ ընտրություններ: Ընտրեք հետևել անվտանգության կանոններին: Մարդկանց հետ դեմ առ դեմ խոսելիս մի ստուգեք հաղորդագրությունները և մի պատասխանեք զանգերին: Վերահսկեք ձեր կողմից այս սարքերի օգտագործումը: Թույլ մի տվեք, որ դրանք վերահսկեն ձեզ:
Տերը հայտարարել է. «Ով որ ստանում է իմ օրենքն ու կատարում է այն, նա իմ աշակերտն է. իսկ ով ասում է, որ ստացել է այն և չի կատարում, նա իմ աշակերտը չէ» (Վարդապետություն և Ուխտեր 41.5)։ Թեև ոչ ոք կատարյալ չէ, Տերն ակնկալում է հետևողական, համբերատար ջանքեր՝ Իրեն հետևելու համար:
Ավետարանի հմայքն այն է, որ մենք կարող ենք ներվել, երբ մենք ապաշխարում ենք, և Տերը ցանկանում է, որ մենք ապաշխարենք առանց ուշացման (տես Վարդապետություն և Ուխտեր 109.21): Եթե սխալ եք գործում, ներառյալ տեխնոլոգիաների ոչ պատշաճ օգտագործումը, ապաշխարեք այդ պահին և շարունակեք փորձել ապրել Նրա օրենքով: Սա Քրիստոսի աշակերտ լինելու մի մասն է:
Եղեք մեկ
Տերն ասել է․ «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք» (Վարդապետություն և Ուխտեր 38․27)։ Օգնեք ձեր միսիոներներին զարգացնել միասնության, վստահության, պատասխանատվության և կարեկցանքի մշակույթ, որպեսզի կարողանաք զորացնել և աջակցել միմյանց:
Բոլոր միսիոներները պետք է անկաշկանդ զգան՝ անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրելիս: Հոգով ամուր միսիոները կարող է օգնել նրան, ով տկար է (տես Վարդապետություն և Ուխտեր 84.106): Եթե գայթակղվում եք, օգնություն խնդրեք ձեր զուգընկերոջից կամ միսիայի ղեկավարից:
Համացանցի կամ պոռնոգրաֆիայի հետ առնչվող գրեթե բոլոր մարտահրավերները տեղի են ունենում մեկուսացման մեջ: Օգտագործեք սարքերը միայն այն դեպքում, երբ դուք կարող եք տեսնել միմյանց էկրանները: Քաջություն ունեցեք և հաշվետու եղեք միմյանց։
Տերը վստահում է իր կողմից կանչված յուրաքանչյուր միսիոների, ներառյալ ձեզ: Նա տրամադրել է զուգընկերներ և ղեկավարներ, որոնք կօգնեն ձեզ պաշտպանվել և աջակցություն ստանալ: Ճիշտ այնպես, ինչպես Ալման աջակցեց իր ընկերակից Ամուղեկին, ձգտեք զորացնել միմյանց (տես Ալմա 15.18):
Ի՞նչ պետք է անեք, եթե զգայուն եք կամ ձեզ խոցելի եք զգում:
Որպեսզի սովորեք անվտանգության այս չորս կանոններին հետևել, անհրաժեշտ են ջանքեր, կարգապահություն և գործնական կիրառում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ անվտանգության կանոնները կդառնան ձեր մտածելակերպի և գործողությունների բնական մասը, դուք կունենաք պահեր, երբ դուք կարող եք զգայուն լինել կամ ձեզ խոցելի զգալ: Հավանաբար, ձեր միսիայից առաջ տեխնոլոգիաների հետ կապված դուք ունեցել եք որոշ վատ սովորություններ, որոնք դժվար է եղել հաղթահարել: Որոշ միսիոներներ իրենց կանչից առաջ պայքարում էին պոռնոգրաֆիայի դեմ և կարող են կրկին գայթակղվել, նմանօրինակ նախկին վարքագիծ դրսևորելով։
Ստորև բերված սկզբունքները կօգնեն ձեզ ապրել անվտանգության կանոններով և ամրանալ գայթակղության դեմ պաշտպանվելու համար.
-
Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին, զգացմունքներին և վարքագծին: Հասկացեք, թե ինչպես կարող են դրանք ձեզ ավելի խոցելի դարձնել տեխնոլոգիաների օգտագործումը չարաշահելիս։
-
Գործելու որոշում կայացրեք։ Արդար և արդյունավետ արձագանքեք այն ամենին, ինչ զգում եք:
-
Սովորեք, ապաշխարեք և բարելավվեք: Օգտագործեք ձեր փորձառությունները, որպեսզի շարունակեք սովորել և կատարելագործվել:
Պարտադիր չէ ինքնուրույն հաղթահարել մարտահրավերները։ Ապավինեք ուժին, որը գալիս է Փրկչի Քավության և Նրա հետ կապած ուխտերի միջոցով: Տերը տեղյակ է այն մարտահրավերներին, որոնց դուք բախվում եք, և Նա կօգնի ձեզ այս մեծ գործում:
Փրկչին միշտ հիշելը կարող է օգնել ձեզ ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները: Հավատարիմ եղեք այն վստահությանը, որը Նա տվել է ձեզ: Որոշեք «քայլել ուղիղ նրա առաջ» (Ալմա 53.21, տես նաև հատված 20): Երախտագիտության զգացողությունն առ այն, ինչ Նա և Հայրն արել են ձեզ համար, կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել թվային աղբյուրների օգտագործման վերաբերյալ:
Ձեր միսիան հիանալի հնարավորություն է տալիս սովորել տեխնոլոգիաները խելամտորեն օգտագործելը: Պարտավորությունը և լավ սովորությունները, որոնք դուք զարգացնում եք ձեր միսիայի ընթացքում, ձեզ օգուտ կբերեն ձեր ողջ կյանքում:
Զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ
Գայթակղությանը դիմակայելու ձեր կարողությունը կավելանա, երբ ուսումնասիրեք և կիրառեք սուրբ գրությունները, ապրող մարգարեների խոսքերը, Քարոզիր իմ ավետարանը ուղեցույցը, Հիսուս Քրիստոսի աշակերտների համար նախատեսված միսիոներական չափանիշները և այս գլխում նկարագրված անվտանգության կանոնները:
Զգեստավորվելով «Աստծո ամբողջ սպառազինությամբ»՝ դուք կկարողանաք տարբերել ճիշտը սխալից։ Ձեր ոտքերը «խաղաղության ավետարանով» կպատվեն: «Արդարության զրահը» հագնելը կպաշտպանի ձեզ։ «Հավատի վահանով» դուք կկարողանաք հանգցնել հակառակորդի կրակոտ նետերը։ Դուք կվերցնեք «[Նրա] Հոգու սուրը»՝ զորությամբ և իշխանությունով ճշմարտությունն ուսուցանելու համար: Դուք կամրանաք աշխարհիկ ազդեցությունների դեմ, որոնք հակառակ դեպքում կարող են տանել ձեզ դեպի շեղում, մեկուսացում և նույնիսկ օտարացում (տես Եփեսացիս 6.10–18, տես նաև 1 Նեփի 8.20, 30, 15.24–25, Հելաման 3.29–30, Վարդապետություն և Ուխտեր 27.15–18, Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1.37, Բ Տիմոթեոս 3.15–17):
Գաղափարներ ուսումնասիրության և կիրառման համար
Անհատական ուսումնասիրություն
-
Փորձեք հետևյալ առաջարկներից մի քանիսը` ձեր ուսումնասիրությունը բարելավելու համար.
-
Կարդացեք սուրբ գրությունները՝ մտքում ունենալով հարցեր և մտահոգություններ:
-
Կիսվեք ձեր սովորածով ուրիշ միսիոներների և նրանց հետ, ում ուսուցանում եք: Վարդապետության կամ սկզբունքի բացատրությունը կօգնի ձեզ հիշել այն և հստակություն կմցնի:
-
Ուսումնասիրել ըստ թեմաների։ Կենտրոնացեք թեմաների վրա, որոնք կօգնեն ձեզ և այն մարդկանց, ում ուսուցանում եք:
-
Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ է ասում հեղինակը: Ո՞րն է հիմնական ուղերձը: Ինչպե՞ս է դա վերաբերում ինձ։ Ինչպե՞ս կարող է դա օգնել մեկին, ում ուսուցանում եք»:
-
Պատկերացրեք կամ նկարեք այն, ինչ ուսումնասիրում եք: Օրինակ, պատկերացրեք, թե ինչ էր նշանակում Ամմոնի համար կանգնել Լամանացի թագավորի առջև:
-
Հատվածի հիմնական գաղափարը գրի առեք նախադասության կամ կարճ պարբերության տեսքով:
-
Անգիր սովորեք սուրբ գրությունները, որոնք բացատրում են և աջակցում ձեր ուսուցանած սկզբունքներին:
-
-
Գնահատեք ինքներդ ձեզ հետևյալ կերպով (1=երբեք, 3=երբեմն և 5=գրեթե միշտ):
-
Ես աճում եմ իմ հավատքի մեջ և ավելի լավ եմ ճանաչում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Սովորելիս մտածում եմ այն մարդկանց մասին, ում ուսուցանում եմ:
-
Ամբողջ օրվա ընթացքում մտածում եմ այն մասին, թե ինչ եմ սովորել առավոտյան։
-
Ուսումնասիրության ժամանակ մտքումս առաջանում են գաղափարներ, որոնք անցյալում չեմ ունեցել:
-
Հոգևոր տպավորություններն ու գաղափարները գրանցում եմ համապատասխան բաժնում։
-
Ես արթուն եմ մնում, երբ սովորում եմ:
-
Անհամբեր սպասում եմ անհատական ուսումնասիրությանը:
-
Անհամբեր սպասում եմ զուգընկերոջ հետ ուսումնասիրությանը:
Վերանայեք ձեր պատասխանները։ Ի՞նչն եք ավելի լավ անում։ Ինչպե՞ս կարող եք բարելավել: Մեկ կամ երկու նպատակ դրեք՝ ձեր ուսումնասիրության որակը բարելավելու համար:
-
Ուսումնասիրություն զուգընկերոջ հետ և զուգընկերների փոխանակում
-
Միասին կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը: Քննարկեք օրհնությունները, որոնք գալիս են Աստծո խոսքն ուսումնասիրելիս: Ո՞ր հատվածները լավագույնս կօգնեն նրանց, ում ուսուցանում եք:
Շրջանի խորհուրդ, գոտու համաժողովներ և միսիայի ղեկավարների խորհուրդ
-
Խնդրեք միսիոներներին գլուխ 3-ի դասից գրել մեկ կամ երկու հարց ավետարանի մասին։ Այս հարցերը կարող են լինել անձնական կամ այն մարդկանցից, ում նրանք ուսուցանում են: Առաջարկեք միսիոներներին խմբի հետ կիսվել իրենց հարցերով: Յուրաքանչյուր հարցի համար քննարկեք հետևյալը․
-
Ինչպե՞ս կարող է այս հարցին պատասխանելն օրհնել միսիոների կյանքը:
-
Ինչպե՞ս կարող է այն օրհնել այն մարդկանց կյանքը, ում նա ուսուցանում է:
-
Ինչպե՞ս կարող է միսիոները գտնել պատասխանը:
-
-
Բաժանեք միսիոներներին խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք ուսումնասիրել չորս անվտանգության կանոններից մեկը և ուղեկցող սուրբ գրությունները: Առաջարկեք միսիոներներին կիսվել, թե ինչ են սովորել և ինչպես են անվտանգության կանոններն օգնել իրենց:
Միսիայի ղեկավարներ և միսիայի խորհրդականներ
-
Ժամանակ առ ժամանակ միացեք միսիոներներին իրենց զուգընկերության ուսումնասիրության ընթացքում։
-
Հարցազրույցների կամ զրույցների ժամանակ տվեք հետևյալ հարցերից մի քանիսը.
-
Ի՞նչ տպավորություններ եք ունեցել վերջերս սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության ժամանակ:
-
Քարոզիր Իմ ավետարանը գրքի ո՞ր գլուխը կամ բաժինն է ձեզ ամենաշատն օգնել վերջին երկու շաբաթների ընթացքում: Ինչպե՞ս է այն օգնել ձեզ:
-
Ի՞նչ եք անում ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում, որն օգնում է ձեզ սովորել:
-
-
Հարցազրույցների ժամանակ վերանայեք տեխնոլոգիաներն օգտագործելու անվտանգության կանոնները և միսիոներներին հարցրեք, թե ինչ են նրանք սովորում դրանք կիրառելիս:
-
Կիսվեք ձեր անհատական ուսումնասիրությունից առաջացած գաղափարներով։ Կիսվեք ձեր ուսումնասիրության օրագրում տեղ գտած գրառումներով և ավետարանի ուսումնասիրության կարևորության մասին ձեր վկայությամբ։