Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Ծննդոց 14


ՋՍԹ, Ծննդոց 14.25–40 (համեմատի՛ր Ծննդոց ԺԴ)

(Նշվում է Մելքիսեդեկի մեծ ծառայությունը. Նկարագրվում է Մելքիսեդեկյան Քահանայության զորությունն ու օրհնությունները):

25 Եվ Մելքիսեդեկը բարձրացրեց իր ձայնը և օրհնեց Աբրամին:

26 Արդ, Մելքիսեդեկը հավատքի մարդ էր, որն արդարություն էր գործում. և երեխա ժամանակ նա վախենում էր Աստծուց և փակում էր առյուծների բերանը, և զսպում էր կրակի կատաղությունը:

27 Եվ այդպես, հաստատված լինելով Աստծո կողմից, նա քահանայապետ էր կարգվել՝ ըստ այն ուխտի կարգի, որն Աստված կապել էր Ենովքի հետ,

28 Այն լինելով ըստ Աստծո Որդու սուրբ կարգի. կարգ, որը չէր եկել մարդու կողմից, ոչ էլ մարդու կամքով. ո՛չ հորից, ո՛չ էլ մորից. ո՛չ օրերի սկզբից, ո՛չ էլ տարիների վերջից. այլ Աստծուց.

29 Եվ այն հանձնվել էր մարդկանց՝ իր իսկ ձայնի կանչով, իր իսկ կամքի համաձայն, բոլոր նրանց, ովքեր հավատացին նրա անվանը:

30 Քանզի Աստված, երդում անելով Ենովքին և նրա սերնդին, իրենով երդվելով. որ ամեն ոք, ով կարգվում է այս կարգին ու կոչմանը, զորություն կունենա, հավատքով, սարերը փշրելու, ծովերը բաժանելու, ջրերը ցամաքեցնելու, դրանց հոսանքը փոխելու.

31 Ազգերի բանակներին դեմ կանգնելու, երկիրը բաժանելու, ամեն կապ արձակելու, Աստծո ներկայության մեջ կանգնելու. ամեն ինչ անելու՝ համաձայն նրա կամքի, համաձայն նրա հրամանի, իշխանություններն ու զորությունները հնազանդեցնելու. և դա՝ Աստծո Որդու կամքով, որը կար աշխարհի հիմնադրումից առաջ:

32 Եվ մարդիկ, ունենալով այդ հավատքը, հասնելով Աստծո այդ կարգին, փոխակերպվում էին և վերցվում երկինք:

33 Արդ, Մելքիսեդեկն այս կարգի քահանա էր. ուստի, նա խաղաղություն գտավ Սաղեմում և կոչվեց խաղաղության Իշխան:

34 Եվ նրա ժողովուրդն արդարություն գործեց, և հասավ երկինք, և փնտրեց Ենովքի քաղաքը, որն Աստված վերցրել էր մինչ այդ, այն առանձնացնելով երկրից, պահպանելով վերջին օրերի, կամ աշխարհի վերջի համար.

35 Եվ ասել է, և երդումով երդվել, որ երկինքներն ու երկիրը պիտի միանան, և Աստծո որդիները պիտի փորձվեն այնպես, ինչպես թե կրակով:

36 Եվ այս Մելքիսեդեկը, այսպես արդարություն հաստատելով, իր ժողովրդի կողմից կոչվել էր երկնքի թագավոր, կամ, այլ խոսքով, խաղաղության Թագավոր:

37 Եվ նա բարձրացրեց իր ձայնը և օրհնեց Աբրամին՝ լինելով քահանայապետը և Աստծո շտեմարանի պահապանը.

38 Նա, ում Աստված նշանակել էր, որ տասանորդներ ստանա աղքատների համար:

39 Ուստի, Աբրամը նրան տասանորդ վճարեց այն ամենից, ինչ ուներ, բոլոր հարստություններից, որ նա տնօրինում էր, որից Աստված տվել էր ավելի շատ, քան նա կարիք ուներ:

40 Եվ եղավ այնպես, որ Աստված օրհնեց Աբրամին, և տվեց նրան հարստություններ և պատիվ և հողեր՝ հավիտենական տիրապետության համար. այն ուխտի համաձայն, որը նա արել էր, և այն օրհնության համաձայն, որով Մելքիսեդեկը նրան օրհնել էր: