Գլուխ 3
(1830թ. հունիս – հոկտեմբեր)
Աստված արարեց բոլոր բաները հոգեղեն, նախքան դրանք բնականորեն երկրի վրա էին – Նա արարեց մարդուն, առաջին մարմինը երկրի վրա – Կինը լավ օգնական է մարդու համար:
1 Այսպես ավարտվեցին երկինքն ու երկիրը, և նրանց բոլոր զորքերը:
2 Եվ յոթերորդ օրը, ես՝ Աստվածս, վերջացրեցի իմ գործը, և բոլոր բաները, որոնք ես արարել էի. և յոթերորդ օրը ես հանգստացա իմ բոլոր գործերից, և բոլոր բաները, որոնք ես արարել էի, ավարտվել էին, և ես՝ Աստվածս, տեսա, որ դրանք բարի էին.
3 Եվ ես՝ Աստվածս, օրհնեցի յոթերորդ օրը, և սրբացրեցի այն. որովհետև այդ օրը ես հանգստացա իմ բոլոր գործերից, որոնք ես՝ Աստվածս, ստեղծեցի և արարեցի:
4 Եվ այժմ, ահա, ես ասում եմ քեզ, որ սրանք են երկնքի և երկրի սերունդները, երբ դրանք ստեղծվեցին, այն օրը, երբ ես՝ Տեր Աստվածս, արարեցի երկինքն ու երկիրը,
5 Եվ դաշտի ամեն մի բույս, նախքան երկրի վրա լինելը, և դաշտի ամեն մի խոտ, նախքան իր աճելը: Քանզի ես՝ Տեր Աստվածս, հոգեղեն ստեղծեցի բոլոր բաները, որոնց մասին ասացի, նախքան դրանք բնական տեսքով երկրի երեսին էին: Քանզի ես՝ Տեր Աստվածս, անձրև չէի բերել երկրի երեսին: Եվ ես՝ Տեր Աստվածս, ստեղծել էի բոլոր մարդկանց զավակներին. բայց դեռ ոչ մարդուն, որ մշակի հողը. քանզի երկնքում էի ես ստեղծել նրանց. և դեռ մարմին չկար ոչ երկրի վրա, ոչ ջրի մեջ, ոչ էլ օդում.
6 Սակայն, ես՝ Տեր Աստվածս, խոսեցի, և գոլորշի բարձրացավ երկրից, և ջրեց ամբողջ հողի երեսը:
7 Եվ ես՝ Տեր Աստվածս, հողի փոշուց կազմավորեցի մարդուն, և նրա ռնգերում շնչեցի կյանքի շունչը. և մարդը դարձավ կենդանի հոգի, առաջին մարմինը երկրի վրա, նաև առաջին մարդը. չնայած, բոլոր բաները մինչ այդ ստեղծվել էին, բայց հոգեղեն էին նրանք ստեղծվել ու արարվել՝ համաձայն իմ խոսքի:
8 Եվ ես՝ Տեր Աստվածս, մի պարտեզ տնկեցի արևելքի կողմը՝ Եդեմում, և այնտեղ դրեցի մարդուն, որին կազմավորել էի:
9 Եվ հողից, ես՝ Տեր Աստվածս, աճեցրի բոլոր ծառերը, բնական տեսքով, որոնք հաճելի են մարդու աչքին. և մարդը կարողանում էր տեսնել այն: Եվ այն նույնպես դարձավ կենդանի հոգի: Քանզի այն հոգեղեն էր այն օրը, երբ ես ստեղծեցի այն. քանզի այն մնում է այն ոլորտում, որում ես՝ Աստվածս, ստեղծեցի այն, այո, նույնիսկ բոլոր բաները, որոնք ես պատրաստել էի մարդու օգտագործման համար. և մարդը տեսավ, որ այն լավ էր, որպես սնունդ: Եվ ես՝ Տեր Աստվածս, տնկեցի նաև կյանքի ծառը պարտեզի մեջտեղում, և նաև բարին և չարը գիտենալու ծառը:
10 Եվ ես՝ Տեր Աստվածս, մի գետ դուրս բերեցի Եդեմից՝ պարտեզը ջրելու համար. և այդտեղից այն բաժանվեց և դարձավ չորս գետի ակունք:
11 Եվ ես՝ Տեր Աստվածս, առաջինի անունը դրեցի Փիսոն, և այն պտտվում է Եվիլայի ողջ երկրով, որտեղ ես՝ Տեր Աստվածս, շատ ոսկի ստեղծեցի.
12 Եվ այդ երկրի ոսկին լավն էր, և այնտեղ կային սուտակ և գահանակ ակնաքարեր:
13 Եվ երկրորդ գետի անունը կոչվեց Գեհոն. դա այն նույնն է, որը շրջանցում է ողջ Եթովպայի երկիրը:
14 Եվ երրորդ գետի անունը Տիգրիս էր. այն, որը հոսում է Ասորեստանի արևելքով: Եվ չորրորդ գետը Եփրատն էր:
15 Եվ ես՝ Տեր Աստվածս, վերցրեցի մարդուն, և դրեցի նրան Եդեմի պարտեզում, որ մշակի այն, և պահի այն:
16 Եվ ես՝ Տեր Աստվածս, պատվիրեցի մարդուն՝ ասելով. Պարտեզի բոլոր ծառերից ազատ կարող ես ուտել,
17 Բայց բարու և չարի գիտության ծառից՝ դու չպետք է ուտես դրանից, այնուամենայնիվ, դու կարող ես ընտրել քեզ համար, քանզի դա տրված է քեզ. սակայն, հիշիր, որ ես արգելում եմ դա, քանզի այն օրը, երբ դու ուտես դրանից, դու անկասկած կմեռնես:
18 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի իմ Միածնին, որ լավ չէ, որ մարդը մենակ լինի. ուստի, ես մի լավ օգնական կարարեմ նրա համար:
19 Եվ ես՝ Տեր Աստվածս, հողից կազմավորեցի դաշտի ամեն գազան, և երկնքի ամեն թռչուն. և պատվիրեցի, որ նրանք գան Ադամի մոտ, որ տեսնեմ, թե ինչպես կկոչի նրանց. և նրանք նույնպես կենդանի հոգիներ էին. քանզի ես՝ Աստվածս, նրանց մեջ շնչեցի կյանքի շունչը, և պատվիրեցի, որ ինչ որ Ադամը կոչեց ամեն կենդանի արարածի, դա պիտի լինի նրա անունը:
20 Եվ Ադամն անուններ տվեց բոլոր անասուններին, և երկնքի թռչուններին, և դաշտի բոլոր գազաններին. իսկ ինչ վերաբերում է Ադամին՝ նրա համար լավ օգնական չգտնվեց:
21 Եվ ես՝ Տեր Աստվածս, խորը քուն բերեցի Ադամի վրա. և նա քնեց, և ես վերցրեցի նրա կողերից մեկը և տեղը մսով ծածկեցի.
22 Եվ այդ կողից, որ ես՝ Տեր Աստվածս, վերցրել էի մարդուց, ես արարեցի կնոջը, և բերեցի նրան մարդու մոտ:
23 Եվ Ադամն ասաց. Սա հիմա ես գիտեմ՝ ոսկր է իմ ոսկրից, և մարմին է իմ մարմնից. նրան կկոչեն Կին, որովհետև նա վերցվել է մարդուց:
24 Դրա համար՝ մարդը կթողնի իր հորը և իր մորը, և կհարի իր կնոջը. և նրանք կլինեն մեկ մարմին:
25 Եվ նրանք երկուսն էլ մերկ էին՝ մարդը և նրա կինը, և չէին ամաչում: