Երեկույթի խնդիրը
Հեղինակն ապրում է Կորիենտեսում (Արգենտինա):
Հոգու խորքում Լուզն ուզում էր գնալ երեկույթի: Սակայն միևնույն ժամանակ, նա իրեն մի տեսակ անհանգիստ էր զգում:
«Դու պետք է քննես այն քո մտքում. հետո … հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է» (Վարդապետություն և Ուխտեր 9.8):Այս պատմությունը տեղի է ունենում Կորիենտեսում (Արգենտինա):
Լուզն իրեն երջանիկ էր զգում: Ուսումնական տարին ավարտվում էր, և այնքան ոգևորիչ բաներ էին տեղի ունենում: Շուտով նա ավարտելու էր վեցերորդ դասարանը: Հաջորդ տարի նա արդեն կլիներ միջնակարգ դպրոցում:
Զարմանում էր, թե որքան էր մեծացել: Նա հասակ էր առել և այլևս փոքր երեխա չէր: Այդ փոփոխությունները ոգևորիչ էին, բայց նա մի փոքր անհանգիստ էր:
Նա որոշեց դրա մասին խոսել իր ծնողների հետ:
«Սա հրաշալի ժամանակ է քո կյանքում, Լուզ», - ասաց հայրիկը: «Ժամանակն է, որ դու սովորես, անես հնարավոր ամեն բան և հասնես այն նպատակներին, որոնք քեզ կօգնեն դառնալ այնպիսին, ինչպիսին Աստված գիտի, որ դու կարող ես լինել»:
«Բայց կյանքը գալիս է ամեն օրվա հետ», - ասաց մայրիկը: «Յուրաքանչյուր փոքր, բայց ճիշտ կայացրած ընտրությունը քեզ կօգնի աճել և դառնալ այդ մարդը»:
Դա Լուզին հանգստացրեց: Նա ուրախ էր, որ պարտավոր չէ միանգամից մեծանալ:
Մի օր դպրոցում Լուզի ընկերները ասացին նրան, որ պատրաստվում են գնալ ավարտական երեկույթի: Նրանք չափազանց ոգևորված էին: Այնտեղ լինելու էր ընթրիք, երաժշտություն, լույսեր և նույնիսկ՝ պար:
Բայց լսելով, թե ընկերներն ինչպես են խոսում երեկույթի մասին, Լուզն անհարմարություն զգաց: Դա այն երեկույթներից չէր, որտեղ նա կարող էր զգալ Սուրբ Հոգին:
«Դու գալու ես, չէ՞, Լուզ», - հարցրեց ընկերներից մեկը:
«Դու պե՛ տք է գաս, - ասաց մյուսը։ «Ես կասեմ ծնողներիս, որ նրանք քո ծնողների հետ խոսեն։ Եվ նրանք քեզ թույլ կտան գալ»:
«Միգուցե»: Լուզի սիրտն անհանգստությունից սկսեց թրթռալ: «Ես… Ես ձեզ տեղյակ կպահեմ»:
Հանգստյան օրերին Լուզը մտածում էր միայն երեկույթի մասին։ Նա մտածում էր դրա մասին դաշնամուր նվագելիս: Նա մտածում էր դրա մասին իր նորածին եղբոր հետ խաղալիս: Ինչ էլ նա աներ, մտածում էր երեկույթի մասին:
Հոգու խորքում նա ուզում էր գնալ այդ երեկույթին: Սակայն միևնույն ժամանակ, նա իրեն մի տեսակ անհանգիստ էր զգում: Այդ անհանգստության զգացումը ներսում չէր անցնում:
«Քեզ հետ ամեն ինչ լա՞վ է hija», - հարցրեց մայրիկը կիրակի ցերեկը: Նա իր մատներով սանրում էր Լուզի երկար, մուգ վարսերը:
«Դե … », - ասաց Լուզը:
«Դու դեռևս մտածում ես երեկույթի մասի՞ն»:
«Ես չգիտեմ, թե ինչ անել», - ասաց Լուզը։ «Ես ուզում եմ գնալ։ Սակայն ես գիտեմ, որ ինձ այնտեղ լավ չեմ զգալու»:
Մայրիկը ժպտաց: «Ես գիտեմ, որ դու ճիշտ ընտրություն կկատարես», - ասաց նա: «Մտածիր դրա մասին, կատարիր քո ընտրությունը և ասա Երկնային Հորը, թե ինչ ես որոշել: Նա կօգնի քեզ հասկանալ՝ արդյոք քո որոշումը ճի՞շտ է, թե ոչ: Դու դա կզգաս քո սրտում»։
Լուզը գլխով արեց։ Նա խորը շունչ քաշեց և գնաց իր սենյակ աղոթելու:
«Երկնային Հայր», - շշնջաց Լուզը։ «Իմ ընկերները հրավիրել են ինձ երեկույթի, բայց ես ինձ երջանիկ չեմ զգում: Ես պատրաստվում եմ նրանց ասել, որ չեմ կարող գալ։ Դա ճի՞շտ կլինի»:
Մի տաք ալիք անցավ Լուզի միջով: Նա այլևս շփոթված չէր։ Նա կարծես լույսով լցված լիներ: Նա գիտեր, որ ճիշտ ընտրություն էր կատարում:
Երբ Լուզը դուրս եկավ իր սենյակից, նա ամուր գրկեց մայրիկին:
«Ես որոշեցի չգնալ», - ասաց նա:
«Ես հպարտանում եմ քեզանով», - ասաց մայրիկը:
Հայրիկը նույնպես գրկեց Լուզին: «Ես մի միտք ունեմ»,- ասաց նա: «Եկեք կազմակերպենք մեր սեփական ավարտական երեկույթը: Մենք կարող ենք պաղպաղակ ուտել և նշել ընտանիքով»:
Լուզը ժպտաց։ Նա սիրում էր պաղպաղակ: Եվ նրան դուր եկավ այդ զգացումը, երբ կարող էր ճիշտ բան անել, նույնիսկ, երբ դժվար էր: Յուրաքանչյուր փոքր, բայց ճիշտ կայացրած ընտրությունը նրան կօգներ աճել և դառնալ այնպիսին, ինչպիսին Աստված գիտեր, որ նա կարող էր դառնալ: ●