2021
Ջեչանի առաջին օրը
Հունվար 2021 թ․


Ջեչանի առաջին օրը

Արդյոք դա ճի՞շտ ճանապարհն էր: Ջեչանը լրիվ շփոթված էր:

«Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ» (Սաղմոս 34.4):Այս պատմությունը տեղի է ունենում Գյոնգի-դոյում (Հարավային Կորեա):

boy walking into classroom

Դպրոցի մարզասրահում հնչում էր ուրախ երաժշտություն, երբ Ջեչանը և իր մայրիկը վեր կացան իրենց տեղերից: Վառվռուն փուչիկների փնջերը սավառնում էին պատերի երկայնքով, մինչ մյուս երեխաները և նրանց ծնողները ոգևորված խոսում էին:

Վաղը դպրոցական տարվա առաջին օրն էր, և Հարավային Կորեայում նոր աշակերտները միշտ մասնակցում էին դասերի սկիզբը նշելու հատուկ ծրագրի: Երգերը և ելույթ ունեցողներին լսելիս Ջեչանը ոգևորություն ապրեց: Նա անհամբեր սպասում էր դասերի սկզբին:

Ծրագրից հետո Ջեչանն ու մայրիկը քայլեցին դպրոցի միջանցքներով: Երբ նրանք հասան Ջեչանի դասասենյակ, տղան ծանոթացավ իր ուսուցչի հետ: Նա շատ հաճելի թվաց:

Երբ ավելի ուշ Ջեչանն ու մայրիկը դուրս եկան դպրոցից, դրսում գարնանային արևոտ օր էր: Կարծես, նույնիսկ արևն ու երկինքն էին երջանիկ, որ սկսվում էին դասերը:

Հաջորդ օրը մայրիկը Ջեչանին ուղեկցեց մինչև դպրոցի դարպասը: Մայրիկը նրան ամուր գրկեց: «Ես քեզ սիրում եմ», - ասաց նա։ «Վայելիր քո առաջին օրը»:

«Անպայման», - ասաց Ջեչանը: «Ես նույնպես սիրում եմ քեզ»: Նա ձեռքով ցտեսություն ասաց մայրիկին և շրջվելով գնաց դեպի իր դասասենյակն այնպես, ինչպես նրանք մինչ այդ էին արել:

Միջանցքով անցնելիս Ջեչանը սկսեց անհանգստանալ: Արդյոք սա ճի՞շտ ճանապարհն է: Ջեչանը կանգ առավ և նայեց իր շուրջը: Նա շրջվեց և գնաց մի ուրիշ միջանցքով: Շուտով նա վերջնականապես շփոթվեց:

Ջեչանը խորը շունչ քաշեց: Նա գիտեր, որ եղել էր այդ միջանցքում նախորդ օրը: Նա շարունակում էր քայլել և անցավ բազմաթիվ դռների միջով:

Սակայն Ջեչանը չէր գտնում իր դասասենյակը՝ նստարաններով, ընկերներով և հաճելի ուսուցչով: Նա տեսավ մարզադահլիճը: Այժմ այնտեղ ո՛չ մարդիկ կային, ո՛չ էլ փուչիկներ: Դա ուղղակի մեծ դատարկ սենյակ էր:

Ջեչանի աչքերն արցունքով լցվեցին: Նա փորձում էր խուճապի չմատնվել, բայց վախեցած էր: Նա չգիտեր, թե ինչպես գտնի իր դասասենյակը։ Նա ծնկի իջավ՝ աղոթելու համար: «Երկնային Հայր: Ես կորել եմ: Խնդրում եմ օգնիր մայրիկիս, որ նա գա, գտնի ինձ և օգնի ինձ գտնել իմ դասարանը»:

Ջեչանը ոտքի կանգնեց: Նա ևս մի քանի խորը շունչ քաշեց: Հետո նա սպասեց:

Մի քանի րոպե անց մայրիկը դուրս եկավ մոտակա անկյունից: «Ջեչա՜ն»: Նա վազեց դեպի Ջեչանը և գրկեց նրան: «Ի՞նչ պատահեց»:

Ջեչանը սկսեց լացել: Նա այնպիսի թեթևություն զգաց իր մայրիկին տեսնելիս: «Ես չէի կարողանում դասարանս գտնել», - ասաց նա։ «Ուստի ես աղոթեցի, որ դու գաս և գտնես ինձ»:

Մայրիկը սրբեց արցունքները նրա այտերից: «Ես ուրախ եմ, որ դու աղոթեցիր», - ասաց նա: «Ես արդեն տուն էի գնում: Եվ հանկարծ զգացի, որ պետք է հետ դառնամ և համոզվեմ, որ դու գտել ես դասասենյակդ: Երբ ես տեսա, որ դու այնտեղ չես, սկսեցի քեզ ամենուր փնտրել: Եվ գտա»:

Ջեչանը բռնեց մայրիկի ձեռքը և նրանք քայլեցին ճիշտ միջանցքով: Ջեչանն այլևս չէր լացում: Նա գիտեր, որ Երկնային Հայրը պատասխանել էր իր աղոթքին, և ամեն ինչ լավ էր: Երբ նրանք մտան դասարան, նա լսեց, թե ինչպես էին մյուս երեխաները ծիծաղում և ուրախանում:

«Ջեչան: Մենք այնքան երջանիկ ենք տեսնել քեզ», - ասաց Ջեչանի ուսուցիչը, երբ նա ներս մտավ:

«Շնորհակալ եմ», - ասաց Ջեչանը՝ թեթև գլուխ տալով: Նա մեկ անգամ ևս ամուր գրկեց մայրիկին: Ամեն դեպքում, նրան լավ առաջին օր էր սպասվում դպրոցում:

Friend Magazine, 2021/01-02 Jan/Feb

Նկարները՝ Շեյն Քլեստերի