Նոր Amigos (ընկերները)
Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ)։
Բրիգիտը չգիտեր իսպաներեն: Ուրեմն նա ինչպե՞ս կարող էր ծանոթանալ ինչ-որ մեկի հետ:
«Օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք» (Մատթեոս 25.35):
Բրիգիտը զարմացած հայացքով նայում էր մեքենայի պատուհանից, մինչ նրա ընտանիքն անցնում էր Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի նեղլիկ փողոցներով: Այնտեղ կային վառ գույներով ներկված տներ և մեծ կանաչ լեռներ: Դա մի գեղեցիկ վայր էր: Մայրիկն ու հայրիկը ասացին, որ այստեղ ապրելը մի նոր արկած է լինելու:
Սակայն Բրիգիտը, միևնույն է, իրեն անհանգիստ էր զգում: Այսօր առաջին անգամն էր, երբ նրանք պետք է եկեղեցի գնային իրենց նոր երկրում:
Մայրիկը շրջվեց Բրիգիտի կողմը: «Ամեն ինչ կարգի՞ն է, անուշի՛կս», - հարցրեց նա: «Կարծես թե, դու այնքան էլ լավ չես զգում քեզ»:
Բրիգիտը ոլորեց ձերքերը: «Ես վախենում եմ: Ես չեմ խոսում իսպաներեն: Ուրեմն, ինչպե՞ս ես կարող եմ ընկերներ գտնել»:
Մայրիկը բռնեց Բրիգիտի ձեռքը: «Ես գիտեմ, որ դու անհանգստացած ես: Բայց ամեն բան լավ կլինի: Խորը շունչ քաշիր»:
Բրիգիտը նայեց իր ձեռքերին: Դրանք սառն էին, չնայած դրսում շոգ էր: Նրա սիրտը սկսեց արագ խփել և սրտխառնոց զգաց, երբ մեքենան մտավ եկեղեցու կայանատեղը: Ինչպիսի՞ն կլինի եկեղեցին: Արդյո՞ք նա որևէ բան կհասկանա:
Հավաքատուն մտնելիս Բրիգիտը իրեն օտար զգաց: Նա նայեց մնացած ընտանիքներին, որոնք միայն իսպաներեն էին խոսում: Ապա նա երկու աղջկա տեսավ, ովքեր մոտավորապես իր տարիքին էին:
Երբ աղջիկները տեսան Բրիգիտին, վազեցին նրա մոտ: Նրանք արագ խոսում էին ուրախ ձայներով և լայն ժպտում էին:
Սակայն Բրիգիտը ոչինչ չէր հասկանում: Տեսնես նրանք կհեռանա՞ն, երբ հասկանան, որ ես չեմ խոսում իսպաներեն, - մտածեց նա:
Բրիգիտը խորը շունչ քաշեց: «No hablo español», - նա ասաց՝ գլուխը թափահարելով: «Ես չեմ խոսում իսպաներեն»: Նրա աչքերը լցվեցին արցունքներով:
Աղջիկները ուղղակի թոթվեցին ուսերը և ավելի լայն ժպտացին: Աղջիկներից մեկը` ինքն իրեն մատնանշելով, ասաց. «Դայանա»: Ապա նա մատն ուղղեց դեպի մյուս աղջիկը և ասաց. «Անդրեա»:
Բրիգիտի անհանգստությունն անցավ: Նա ժպտաց աղջիկներին և մատնանշեց ինքն իրեն: «Բրիգիտ»:
Դայանան և Անդրեան նստեցին Բրիգիտի կողքին: Նրանք սովորեցրեցին Բրիգիտին, թե իսպաներեն ինչպես ասել «սուրբ գրություններ» և մի քանի այլ բառեր: Երբ հաղորդության ժողովը սկսվեց, Բրիգիտի սիրտը ջերմությամբ և խաղաղությամբ լցվեց:
Երեխաների միության ժողովից հետո Բրիգիտն ու նրա նոր ընկերները դուրս եկան Եկեղեցուց և նստեցին խոտերի վրա, մինչ նրանց ծնողները զրուցում էին: Դայանան և Անդրեան Բրիգիտին մի քանի այլ իսպաներեն բառեր սովորեցրին: Ապա Դայանան մատով մի ծառ ցույց տվեց և հարցրեց. “¿Inglés?”
Բրիգիտը ժպտաց և նույնպես ցույց տվեց: «Ծառ»,- ասաց նա։ Նա ուրախությունից փայլեց և սկսեց ցույց տալ այլ իրեր՝ անգլերեն բառեր ասելով: Դայանան և Անդրեան կրկնում էին անգլերեն բառերը: Ապա նրանք Բրիգիտին սովորեցրին, թե ինչպես էին դրանց ասում իսպաներեն: Բրիգիտը սովորեց տարբեր տեսակի օգտակար բառեր, օրինակ՝ libro (գիրք) casa (տուն) coche (մեքենա): Եվ ամենակարևորը, նրանք Բրիգիտին սովորեցրին՝ ինչպես ասել amigos (ընկերներ):
Շուտով տուն գնալու ժամանակը եկավ: Բրիգիտը հրաժեշտ տվեց Դայանային և Անդրեային:
«Ինչպե՞ս անցավ քո առաջին օրը Վենեսուելայի եկեղեցում», - հարցրեց հայրիկը:
Բրիգիտը ժպտաց։ «Հիանալի: Ես ընկերներ ձեռք բերեցի: Եվ նրանք ինձ իսպաներեն են սովորեցնում»:
«Հրաշալի է: Ես այնքան ուրախ եմ, որ դու լավ օր անցկացրիր»:
Բրիգիտը մտածեց այն մասին, թե ինչպես Դայանան և Անդրեան ընդունեցին իրեն: Նա այլևս իրեն օտար չէր զգում։ Նա գիտեր, որ Երկնային Հայրն օգնում էր իրեն նոր ընկերներ ձեռք բերել: Եվ նա անհամբեր սպասում էր, թե իրեն ինչ կբերեն մնացած օրերը Կարակասում: