2022
Լյուդովիկի դաշնամուրը
Մարտ/Ապրիլ 2022


Ռահվիրաներ ամեն երկրում

Լյուդովիկի դաշնամուրը

Լյուդովիկն ուրախ էր ծառայելու Երկնային Հորը։

Նկար
boy in Togo playing electric piano at church

Լյուդովիկը վերցրեց մի քանի ծալովի աթոռներ և անցավ ճանապարհը։ Կիրակի էր, և շուտով սկսվելու էր եկեղեցին։ Տունը, որտեղ նրանք անցկացնում էին եկեղեցու ժողովները Տոգոյում, չուներ բավարար աթոռներ։ Ուստի, Լյուդովիկը միշտ աթոռներ էր բերում իր պապիկի տանից։

«Ինչո՞ւ ես թողնում մի գեղեցիկ եկեղեցի՝ փոքր տնակ գնալու համար»,- մեկը կանչեց նրա հետևից։ «Քո եկեղեցին նույնիսկ նստարաններ չունի»,- ասաց մեկ ուրիշը ծիծաղելով։

Լյուդովիկը ձևացրեց, թե չէր լսում։ Ես պարզապես պետք է շարունակեմ անել այն, ինչը ճիշտ է, մտածեց նա։

Լյուդովիկն առաջին անգամ իմացել էր Եկեղեցու մասին, երբ 10 տարեկան էր։ Հիմա նա 12 տարեկան էր։ Նա և նրա ընտանիքը վերջերս էին մկրտվել։ Նա քահանայություն էր կրում և օգնում էր բաժանել հաղորդությունը։ Նա նույնիսկ խնայում էր իր ուտելիքի գումարից, որպեսզի ամեն կիրակի հաղորդության համար հաց գներ։ Լյուդովիկն ուրախ էր ծառայելու Երկնային Հորը։

Երբ գալիս էր ժողովը սկսելու ժամը, փոքրիկ սենյակը լիքն էր լինում։ Որոշ մարդիկ նստում էին Լյուդովիկի բերած աթոռներին։ Ոմանք էլ կանգնում էին։

Ժողովը սկսվում էր երգով։ «Իսրայել, Իսրայել, Աստված կանչում է», - երգում էր Լյուդովիկը։ Նա սիրում էր երգել եկեղեցում։

Ժողովներից հետո Լյուդովիկը քթի տակ երգում էր, մինչ հավաքում էր աթոռները։ Նա երգում էր նաև դեպի տուն քայլելիս։ Ապա նրա մոտ մի միտք ծագեց: Նա գտավ իր խաղալիք ստեղնաշարը։ Գուցե նա կարողանար կռահել, թե ինչպես նվագել «Իսրայել, Իսրայել, Աստված կանչում է» օրհներգը։

Լյուդովիկը երգում էր նոտաները և սեղմում տարբեր ստեղնաշարեր, մինչև հնչում էր ճիշտ նոտան։ Շուտով նա ինքնուրույն սովորեց նվագել ամբողջ երգը։

Ապա նա հիշեց, որ իր ընտանիքն ուներ Եկեղեցու օրհներգերի ձայնագրություններ։ Նա լսեց դրանք և սովորեց նվագել նաև այլ երգեր։ Լյուդովիկը պարապում ու պարապում էր։

«Գուցե դու նվագե՞ս եկեղեցում, մինչ մենք երգում ենք», - մի օր հարցրեց Լյուդովիկի հայրը։

Լյուդովիկը մի փոքր անհանգստացավ։ «Ես շատ եմ ամաչում», - ասաց նա։ «Իսկ եթե սխալվե՞մ»։

«Ապա դու կշարունակես», - ասաց հայրիկը։ «Դու ավելի լավ դաշնակահար ես, քան կարծում ես»։

Հաջորդ կիրակի Լյուդովիկը տանում էր ոչ միայն աթոռներ։ Նա եկեղեցի էր տանում նաև իր խաղալիք ստեղնաշարը։ Երբ եկավ բացման օրհներգի ժամանակը, նա անհանգստացած մատները դրեց ստեղնաշարին։ Ապա նա սկսեց նվագել։ Բոլորը սկսեցին երգել։ Սենյակը լցվեց հրաշալի հնչյուններով։

Դրանից հետո ամեն կիրակի Լյուդովիկը նվագում էր եկեղեցում։ Երբեմն սխալվում էր։ Բայց կանգ չէր առնում։ Երբ երգը բավականին դժվար էր նվագելու համար, նրանք երգում էին առանց դաշնամուրի, բայց Լյուդովիկը խմբավարում էր։

Լյուդովիկը ժպտում էր։ Նրա համար նշանակություն չուներ, որ նրանց եկեղեցին ինչ-որ մեկի տունն էր։ Նույնիսկ կարևոր չէր, որ մարդիկ ծաղրում էին իրեն։ Կարևորն այն էր, որ Լյուդովիկն օգտագործում էր իր տաղանդներն Աստծուն ծառայելու համար։

Տոգոն մի փոքրիկ երկիր է արևմտյան Աֆրիկայում։

Այսօր այնտեղ կա 21 ծուխ և ճյուղ։

Տոգոյի պաշտոնական լեզուն ֆրանսերենն է։

Մի միսիոներ սովորեցրեց Լյուդովիկին կարդալ նոտաները, որպեսզի նա կարողանար ավելի լավ նվագել դաշնամուր։

Այժմ Լյուդովիկը մեծացել է։ Նա և նրա կինը՝ Բենեդիկտը, սիրում են երաժշտություն։

Լյուդովիկը տանն ունի իսկական դաշնամուր, իսկ եկեղեցում երգեհոն է նվագում։

Նկար
Page from the March 2022 Friend Magazine.

Նկարները` Կարոլին Գարսիայի

Տպել