2022
Արկածներ հեծանիվով
Մարտ/Ապրիլ 2022


Արկածներ հեծանիվով

Նրա ընկերներն ասացին, որ դա զվարճալի կլինի։ Սակայն դա նրան ճիշտ չէր թվում։

Նկար
three boys sitting by bikes at a park

Սամը իր ողջ ուժով հեծանիվով սլանում էր բլուրն ի վեր։ Նա առաջ էր թեքվել։ Օդը սուրում էր նրա մազերի միջով։ Նրա ընկեր Լիամը սլանում էր նրա կողքով։

«Սկսում ես հոգնե՞լ», - ասաց Լիամը։

«Չի կարող պատահել», - ասաց Սամը։

Նրանց ընկեր Էրիկն արդեն բլրի գագաթին գտնվող այգում էր։

«Komm schon! Եկե՛ք», - բղավում էր նա։

Սամը և Լիամը հասան բլրի գագաթին։ Տղաներն իջան հեծանիվներից և նստեցին ծառի տակ։

Լիամն ընտրեց մի քար և նետեց այն։ «Ես ձանձրանում եմ»։ Շվեյցարիայի իրենց փոքրիկ գյուղում շատ տեղ չկար գնալու։

«Ես նույնպես»,- ասաց Էրիկը։ Նա փայտով փորում էր հողը։

«Մենք կարող ենք շարունակել հեծանիվ վարել»,- ասաց Սամը։

Լիամը ծամածռեց դեմքը։ «Դա միակ բանն է, որ մենք երբևէ անում ենք»։

«Եկեք մի զվարճալի բան անենք», - ասաց Էրիկը։ Նա վեր թռավ և մոտեցավ բազմաթիվ կայանված հեծանիվներին։ Սամը և Լիամը հետևեցին նրան։

Սամը շատ անհանգիստ էր։ Երբեմն Էրիկի և Լիամի համար զվարճալի թվացող բաները զվարճալի չէին իր համար։ Էրիկը և Լիամը սիրում էին ծաղրել ուրիշ երեխաներին և կոպիտ բաներ ասել դասարանում։ Բայց սա գուցե ուրիշ դեպք լիներ։

Բացի այդ՝ Սամի դասարանում շատ տղաներ չկային։ Եթե նա ընկերություն չաներ Էրիկի և Լիամի հետ, ապա ո՞ւմ հետ ընկերություն աներ։

«Եկեք բոլոր անվադողերից հանենք փականի կափարիչները»,- շշնջաց Էրիկը։ «Մենք կարող ենք թաքցնել դրանք ծառի մոտ»։ Նա ծնկի իջավ փայլուն կարմիր հեծանիվի մոտ և անվադողերից մեկի վրայից պտտացնելով հանեց փոքրիկ պլաստմասե կափարիչը։

Լիամը ծիծաղեց։ «Այո՜: Դա շատ զվարճալի կլինի»։

Սամը հոգոց հանեց։ Ոչ։ Սա ուրիշ դեպք չէր։ «Չգիտեմ», - ասաց նա։ «Գուցե մենք պարզապես պետք է գնանք»։

Էրիկը քաշեց Սամի թևից։ «Օ՜, արի՛», - ասաց նա։ «Ոչ ոք նույնիսկ չի նայում»։

«Դրանք պարզապես փոքր մասեր են», - ասաց Լիամը։ «Ոչ ոք չի էլ նկատի, որ դրանք տեղում չեն»։

Սամը փորձեց անտեսել իր անհանգստությունը։ Փականի կափարիչները հանելը չի փչացնի հեծանիվները։ Նա թոթվեց ուսերը և գլխով արեց։

Երեք տղաները արագ հանեցին հեծանիվների անվադողերի բոլոր փականների կափարիչները և հետ վազեցին դեպի ծառը։ Նրանք բոլոր կափարիչները թաքցրին քարի տակ և նստած նայում էին հեծանիվներին։ Լիամն ու Էրիկը քրքջում էին։

Շուտով մի մարդ քայլելով բարձրացավ, արձակեց հեծանիվի կողպեքը և սկսեց վարել այն։

«Տեսնո՞ւմ եք։ Նա նույնիսկ չնկատեց»,- ասաց Լիամը։

Բայց ես նկատեցի, - մտածեց Սամը։

Ամբողջ օրը Սամը շարունակ մտածում էր փականների կափարիչների մասին։ Նա երազում էր դրանք հետ վերադարձնելու մասին, սակայն նչէր կարող գտնել հեծանիվների տերերին։ Նա ծնկի իջավ և ասաց այդ մասին Երկնային Հորը։

«Ես ինձ շատ վատ եմ զգում»,- ասաց Սամը։ «Որքան կուզեի երբեք դա արած չլինեի։ Խնդրում եմ, ներիր ինձ, Երկնային Հայր»։

Հաջորդ օրը Սամը և իր ընկերները կրկին հեծանիվներով գնացին այգի։

Էրիկը կրկին ասաց․ «Եկեք հանենք փականների կափարիչները»։

Լիամը կրկին համաձայնեց։

Սամը հիշեց իր աղոթքը։ Եվ այս անգամ նա մի փոքր ավելի համարձակ զգաց իրեն։

«Չեմ կարծում, որ մենք պետք է նման բան անենք», - ասաց նա։

«Ինչո՞ւ ոչ», - ասաց Լիամը խոժոռադեմ։ «Երեկ ոչ ոք նույնիսկ չնկատեց»։

«Չէի ցանկանա, որ մեկը նման կերպ վարվեր իմ հեծանիվի հետ», - ասաց Սամը։ Նախքան տղաներից մեկը կհասցներ պատասխանել, նա ցատկեց իր հեծանիվի վրա։ «Եկեք մրցենք մինչև հացաբուլկեղենի խանութը», - բղավեց նա։ Ապա սկսեց վարել հեծանիվը որքան կարող էր արագ։

Էրիկը և Լիամը հետևեցին նրան։

«Արդար չէ։ Դու մեզանից շուտ սկսեցիր վարել», - գոչեց Լիամը։

Սամը քմծիծաղ տվեց, երբ ընկերները սկսեցին հետևել իրեն։ Նա շնորհակալական խոսքեր շշնջաց Երկնային Հորը։ Նա իրեն շատ ավելի լավ զգաց։

Նկարը՝ Շեյն Քլեստերի

Տպել